Սերգեյ Լավրովի այցն Իրան և մերձավորարևելյան փասիանսները

Հոկտեմբեր 29, 2026

Մոսկվան կարող է կառուցողական դեր ունենալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում

Քանի որ Թեհրանն ուղիներ է փնտրում հակամարտության նոր փուլից դուրս գալու համար, ռուսական կողմը հաջողությամբ հանդես է գալիս որպես դիվանագիտական գործընկեր՝ նպաստելով ավելի վաղ ձեռք բերված, բայց տարբեր պատճառներով հետաձգված տնտեսական պայմանավորվածությունների իրագործմանը:

Այսպես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հանդիպումները Թեհրանում ցույց տվեցին, թե ինչպես են Մոսկվան և Թեհրանը արդյունավետորեն փոխգործակցում «Էփշտեյնի կոալիցիայի» չհրահրված ագրեսիայի պայմաններում, որն այս կամ այն կերպ (թեև տարբեր չափով) առնչվում է երկու երկրների շահերին։

Իրանի պաշտոնյաները ողջունել են Ռուսաստանի աջակցությունը և քննարկել Վաշինգտոնի հետ դիվանագիտական շփումների վերսկսման հնարավորությունը, մինչդեռ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել առաջընթացի հասնել էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում համաձայնագրերի իրականացման հարցում:

Կարդացեք նաև

  • Վազելու ես Մոսկվա՝ ասես՝ սխալվել եմ, ղալաթ եմ արել, ընկել եմ ուրիշների խելքի՞ն. էս ծեծկռտուքը սարքեցիր՝ փակե՞ս TRIPP-ի վտանգը. դու էլ որոշող չե՛ս. Արտակ Զաքարյան
  • Վազգեն Սարգսյանը երբեք Մեղրին հանձնելուն կողմ չի եղել. Իրանի դեմ օգտագործվելու պրիզը՝ Սյունիքը՝ Ալիևին, միլիոնները՝ Թրամփի ընտանիքին, մեր առաջ էլ մի ոսկոր կնետեն. Լևոն Զուրաբյան  
  • Իվան չլինի, Ռաշիդ լինի…Մարզպետին հարցրե՛ք…Մեր թիմից ոչ ոք Ռուսաստանի ու ռուս ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունք չունի. Սարիկ Մինասյան

Ռուսաստանը ձգտում է պահպանել ռազմավարական գործընկերոջը, պաշտպանել իր տարածաշրջանային ներդրումները և հաստատել իր կարգավիճակը որպես տերություն, որն ի վիճակի է ազդել Մերձավոր Արևելքում իրադարձությունների ընթացքի վրա: 

Ռազմական և տնտեսական աննախադեպ ճնշումների բախվող Իրանը դիվանագիտական հնարավորությունների և շոշափելի աջակցության կարիք ունի: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լավրովի այցն անվանել է «ժամանակին»՝ սոցցանցերում ընդգծելով. «Մեր պատմության մեջ երբեք Իրանն ու Ռուսաստանն այդքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա»։ 

Լավրովն իր հերթին՝ հայտարարել է դիվանագիտական կարգավորմանը նպաստելու Մոսկվայի պատրաստակամության մասին, իսկ Արաղչին հաստատել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ամերիկա-իրանական երկխոսության հարցը: Սմոլենսկից հայտնել են, որ Լավրովն իրանական կողմին տեղեկացրել է  Բահրեյնում արաբական երկրների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների մասին:

Իրադարձությունների նման ընթացքը կարող է Մոսկվային հնարավորություն ընձեռել հանդես գալ որպես միջնորդ Թեհրանի և տարածաշրջանի այն երկրների մայրաքաղաքների միջև, որոնք մտահոգված են անվտանգության խնդիրներով և Պարսից ծոցում նավագնացության խափանումներով: 

Շատ բան, իհարկե, դեռ պետք է պարզվի։ Այսպես, իրանական ռեֆորմիստական «Էթեմաադ» օրաթերթը, վկայակոչելով մեկնաբաններին, ենթադրում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են համատեղ հանդես գալ որպես միջնորդներ՝ հունիսին ստորագրված, բայց արդեն շատ շուտով (ավելի վաղ գրել էինք) հաջողությամբ ձախողված ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի վերականգնման ջանքերում:

Մեկ այլ ռեֆորմիստական թերթ՝ «Արման-է Մելլին», հարց է տալիս, թե արդյո՞ք Լավրովը «խաղաղության, թե պատերազմի ուղերձ» է բերում, և ենթադրել է, որ հոկտեմբերի 20-ին Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը Թեհրան կարող էր լրացնել ռուսական նախաձեռնությունը (միաժամանակ Իրանում էր գտնվում նաև Քաթարից ժամանած պատվիրակությունը):

Ավելի վաղ Իսլամաբադի միջնորդությամբ ձեռք բերված 14 կետից բաղկացած համաձայնագիրը հիմք էր առաջարկել ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելու և կայուն կարգավորման հասնելու համար, սակայն Հորմուզի նեղուցում ապագա պայմանավորվածությունների ու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անորոշությունը, ինչպես նաև պատժամիջոցների վերացման հետ կապված շարունակվող հարցերը նպաստել են դրա ձախողմանը: Ռազմական գործողությունների վերսկսումն ու փոխադարձ մեղադրանքներն էլ ավելի են խաթարել փոխադարձ վստահության հնարավորությունը։

Մոսկվան կարող է նպաստել կապի ուղիների վերականգնմանը, սակայն նրա համար հեշտ չի լինի կարգավորել բուն առարկայական տարաձայնությունները՝ Թեհրանի հետ իր կապերի առանձնահատկությունների պատճառով։ Մոսկվայի դերը կարող է ավելի արդյունավետ լինել՝ որպես շփումներին նպաստող միջնորդ, քան որպես որևէ պայմանավորվածության երաշխավոր։ Հայտնի է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ 

Ռուսաստանը պատճառներ ունի ձգտելու, որպեսզի հակամարտությունն էլ ավելի չսրվի։ Երկարատև պատերազմը կարող է վտանգել Իրանում ռուսական ընկերությունների լայնածավալ ներդրումային ծրագրերը, անհանգստացնել տարածաշրջանային գործընկերներին, ինչպես նաև ռիսկեր ստեղծել այն տրանսպորտային և էներգետիկ նախաձեռնությունների համար, որոնք Մոսկվան առաջ է քաշում՝ որպես այլընտրանք Արևմուտքի կողմից վերահսկվող համակարգերին: 

Բացի այդ, դիվանագիտական առաջխաղացումը թույլ կտար հաստատել այն թեզը, որ Ռուսաստանը մնում է ազդեցիկ խաղացող միջազգային ասպարեզում՝ Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կարևոր միջազգային համաժողովների նախաշեմին։

Մերձավոր Արևելքում մրցակիցների դիրքերը թուլացնող հակամարտությունը կարող է համապատասխանել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, թեև անվերահսկելի էսկալացիան սպառնալիք է ստեղծում ռուսական նախագծերի և կապուղիների համար: 

Վերջին տարիներին Ռուսաստանի և Իրանի ռազմատեխնիկական փոխգործակցությունը դուրս է եկել սպառազինությունների մատակարարման շրջանակներից՝ ներառելով դիվանագիտական համակարգումը, տնտեսական ինտեգրումը և անդրսահմանային տրանսպորտային նախագծերը, ինչը, սակայն, դեռ չի նշանակում լիարժեք դաշնակցություն ավանդական իմաստով:

Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից 2025 թվականի հունվարին և ուժի մեջ է մտել նույն թվականի հոկտեմբերին, ամրապնդել է համագործակցությունն անվտանգության, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Ընդ որում, փաստաթուղթը կողմերից ոչ մեկին չի պարտավորեցնում ռազմական օգնություն ցուցաբերել մյուսի վրա հարձակման դեպքում։ 

Իրանցի պաշտոնյաները հրապարակայնորեն շնորհակալություն են հայտնել Մոսկվային հակամարտության ընթացքում ցուցաբերած աջակցության համար, սակայն չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչում է այն կայացել:

Լավրովի այցի արդյունքներով չի հայտարարվել նոր համաձայնագրերի կնքման կամ Ռուսաստանի կողմից անվտանգության որևէ երաշխիքի տրամադրման մասին: Գոնե առայժմ։ Ուստի, նշում են դիտորդները, միջնորդի դերում հանդես գալու Մոսկվայի պատրաստակամությունը չպետք է ընկալել որպես ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանին ուղղակիորեն պաշտպանելու խոստում: 

Գաղտնիք չէ նաև այն, որ Մոսկվան հավասարակշռում է Իրանի հետ հարաբերությունները և Պարսից ծոցի արաբական պետությունների հետ կապերը։ Բահրեյնում Լավրովի բանակցությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը երկխոսություն է վարում տարածաշրջանի երկրների կառավարությունների հետ, որոնք մտահոգված են հակամարտության զարգացմամբ, մասնավորապես, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցերով: Արաբական միապետությունները կարող են ողջունել Ռուսաստանի դիվանագիտական մասնակցությունը, բայց միևնույն ժամանակ զգուշությամբ կվերաբերվեն ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի Իրանի վերահսկողությունն այդ ջրային ուղու նկատմամբ։

Մոսկվայի համար բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումների պահպանումն առավելություն է։ Իսկ Թեհրանի համար հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանն իր ազդեցությունը կօգտագործի Իրանի համար ընդունելի պայմանների հասնելու համար, թե՞ առաջնահերթություն կտա տարածաշրջանային այնպիսի կարգավորմանը, որը համապատասխանում է ռուսական շահերին, նույնիսկ, եթե հանուն դրա Թեհրանը ստիպված լինի զիջումների գնալ։ 

Իրանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Փեզեշքիանը կոչ է արել արագացնել երկկողմ համաձայնագրերի իրականացումը՝ պաշտոնյաներից պահանջելով համագործակցության հստակ ժամկետներ սահմանել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, էլեկտրաէներգետիկան, տրանսպորտը և առևտուրը: Սա տեղի է ունենում նրա՝ Մոսկվա սպասվող այցի նախապատրաստման համապատկերին։ 

Երկու պետություններն էլ ընդհանուր շահեր ունեն տրանսպորտային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում, որը Ռուսաստանը կապում է Իրանի հետ՝ դեպի հնդկական և այլ շուկաներ ելքով: Ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնում և առևտրի դյուրացման մեխանիզմների ստեղծում: Սակայն, դատելով բաց աղբյուրներում առկա տվյալներից, մեկ տարի անց այդ պաշտոնական պարտավորություններն այդպես էլ չեն հանգեցրել դրանց օպերատիվ իրագործմանը։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս երկկողմ գործընկերությունը դիրքավորել են որպես արևմտյան շուկաներից կախվածությունը և պատժամիջոցային ճնշումը նվազեցնելու միջոց: Բացի այդ, որպես առևտրի և տարածաշրջանային կապերի զարգացման գործիքներ՝ առաջ են մղվում բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են BRICS-ը (ԲՐԻԿՍ), Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ): Բացի այդ, վերջերս Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Իրանի նախագահը նախաձեռնել է «ԱՊՀ+1» ձևաչափի ստեղծումը: 

Լավրովի այցն արտացոլում է մի գործընկերություն, որը սերտ է, բայց ոչ անվերապահ։ Մոսկվան կարող է ապահովել դիվանագիտական հասանելիություն, սատարել Իրանի դիրքերը միջազգային հարթակներում և զարգացնել առևտրային համագործակցությունը։ Սակայն շատ ավելի քիչ ակնհայտ է, թե արդյո՞ք նրան կհաջողվի Վաշինգտոնին դրդել փոխզիջման, կամ համոզել Թեհրանին՝ ընդունել երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ պայմանները։ 

Այս այցի հաջողության գլխավոր չափանիշը կլինեն ոչ թե ռազմավարական համերաշխության մասին հայտարարությունները, այլ իրական քայլերը՝ բանակցությունների վերսկսումը, նավարկության ազատության վերականգնման հուսալի մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև այն պայմանավորվածությունների իրագործման առաջընթացը, որոնք մինչ այժմ մնացել են միայն բարի ցանկություններ։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Antranik Varosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/%d5%bd%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%b5-%d5%ac%d5%a1%d5%be%d6%80%d5%b8%d5%be%d5%ab-%d5%a1%d5%b5%d6%81%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d6%80/

Leave a Reply