Հոկտեմբեր 29, 2026
«Անկլավներ»-ի թեմայով քննարկումները շարունակվում են, բայց այս խոսույթում հաճախ անտեսվում է ամենակարևոր փաստարկը՝ Ադրբեջանը չունի որևէ իրավական հիմնավորում կամ միջազգայնորեն ճանաչված իրավական փաստաթուղթ, որով կհաստատվի Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների օրինական գոյությունը։ Պատմական ու քարտեզագրական վերլուծությունները ցույց են տալիս՝ 1920-30-ական թվականներին այդպիսի տարածքներ պարզապես գոյություն չեն ունեցել։
Չնայած այս հիմնավոր փաստարկին, որը պետք է լիներ հայկական կողմի գլխավոր կռվանը, պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ նկատվում է բոլորովին այլ միտում․ առաջ են քաշվում «տարածքները տեղաշարժելու», «անկլավների փոխանակման» կամ սահմանազատման հանձնաժողովների շրջանակում հարցը լուծելու պատրաստակամության մասին դիտարկումներ։
168․am-ն այս ամենի վրա լույս սփռելու համար ևս մեկ անգամ հրապարակում է բացառիկ հարցազրույց՝ 1980-ականներին սահմանազատման գործընթացներին մասնակցած հողաշինարար-ինժեներ Զավեն Գրիգորյանի հետ։
Զավեն Գրիգորյանը դետալային ճշգրտությամբ ևս մեկ անգամ մանրամասնում է ադրբեջանական կեղծ թեզերին դիմակայող բոլոր փաստերը, որոնք, ի դեպ, ժամանակին ստորագրվել են նաև ադրբեջանցի պաշտոնյաների կողմից։
Հարցազրույցի ընթացքում Զավեն Գրիգորյանի հնչեցրած մի շարք թեզերը՝ մեկ դիպաշարով․
- Նախորդ դարասկզբին ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրված՝ (այդպիսի ստոր քաղաքականություն են վարել) Հայաստանում ստեղծել են «հենակետեր»․ տեսեք՝ Բարխուդարլու, Սոֆլու, Քյարքի․․․ նման գյուղեր մինչև 1935 թիվը գոյություն չեն ունեցել, քարտեզներում չի եղել։ Իրենք հիմքը ընդունում են 1974-1975 թվականների քարտեզները, բայց մինչև 1975 թիվը արդյո՞ք Հայաստանը քարտեզ չի ունեցել, սահման չի՞ ունեցել։
- Քարտեզները եղել են 1925 թվականից սկսած․ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանը Սովետական Միության կազմում են եղել, և 1925թ․ կատարվել է սահմանազատում և սահմանագծում։ Դա կատարվել է «կավբյուրո»-ի կողմից, որի ղեկավարությունը նստում էր Թբիլիսիում․ այնտեղ կար և՛ Հայաստանի ներկայացուցիչը, և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի: Սահմանազատումը սկսել են հենց հայկական Դովեղ գյուղից, հիմա Բերդավան է կոչվում։
- 2 կողմի փոխադարձ համաձայնությամբ՝ հիմնականում բլուրներով, լեռնաշղթաներով, գետերով, ձորերով, որպեսզի բնական սահմաններ լինի, իրենք բնորոշ կետեր են դրել, արդեն ընդհանուր հայտարարի են եկել, սահմանասյուներ են դրել, նույն ձևով սահմանազատել են Նախիջևանի սահմանը։ Վերջում կազմվել է պայմանագիր, որի տակ ստորագրել են կողմերը։ Ի դեպ, արխիվներում մինչև այսօր պահպանվում է։
- 1984թ․ 2 կողմից ստեղծվեց միջկառավարական հանձնաժողով, և այդ հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին՝ Հայաստանի կողմից՝ Ագրոպրոմի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Շամիլ Ռասիզադեն։ Ու երբ նրանք սկսեցին սահմանազատումը, նախօրոք քարտեզները գրասենյակային պայմաններում ճշգրտեցին կորդինատները՝ ո՞վ՝ ի՞նչ հիմք ունի։ Մեզ մոտ այդ արխիվից հանվել են այդ գծագրերը։
- Սահմանները 1925թ․, երբ ճշգրտվել են, նշվել են աշխարհագրական կոորդինատները, մենք այդ ժամանակ դրանք փոխեցինք երկրաչափական կոորդինատների։ Ճշգրտվեց, ու այդ ընթացքում ես քանի անգամ սահմանասյուներ եմ տարել։ Սահմանասյուները դնում էինք, սահմանասյուների կողքերը ակոպկաներ էինք անում, որ եթե սահմանասյունը ջարդեն-տանեն, գոնե հետքը կերևա։
- Ոչ մի տեղ չկա նշված , թե անկլավներն օրինական են․ թուրքերը, կառավարության կողմից ծրագրված, Հայաստանի Հանրապետության ամենանշանավոր կարևոր կետերին իրենց մարդկանց համար տներ էին կառուցում ու բնակեցնում․ շատ չէ՝ 10-15 տուն։
- Սոֆլուն, օրինակ, Այգեհովիտ գյուղի տարածքից է։ Այդ գյուղի քարտեզագրումը ես եմ կատարել, չափագրումները։ Այդ գյուղի գյուղատնտեսին՝ Մայիլյան Երեմ Գրիգորիչին, ասացի, որ Սոֆուլուի տարածքը հին քարտեզով երևում է, որ Հայաստանինն է, բայց, մատիտով փոխված սահման կա։ Նա պատմեց, որ 1940-ական թվականներին Ղազախի շրջանից մի կին գալիս է Այգեհովիտի գյուղսովետ և խնդրում է՝ իմ երեխան, ինչ-որ չգիտեմ ինչ հիվանդություն ունի, ու, որ գալիս է Հայաստան, իրեն լավ է զգում, Ղազախում լավ չի զգում, ի՞նչ կլինի, թույլ տաք, որ ճանապարհի մոտերը մի տեղ տուն կառուցենք։ Գյուղսովետից ուղարկում են գործ շրջանային սովետ, գնում է Իջևանի շրջգործկոմ, շրջգործկոմը չի մերժում, ու այդ կինը գալիս է նույն Ղազախի շրջանի գրանցումով, գալիս է ապրում այդտեղ։ Այդ կնոջ անունը լինում է Սոֆլու։ Նույն կերպ արհեստական է Քյարքիի հատվածը․ քարտեզին էլ որ նայեք՝ երևում է։
- Ամբողջ Գորիս-Կապան ճանապարհը եղել է Հայաստանի Հանրապետության տարածքում, ի դեպ, 1962-1963թթ․ նոր ասֆալտվել է․ մինչ այդ գրունտային ճանապարհ էր։ Եվ միայն մի տեղ, դարձյալ այդ թուրքական խորամանկության պատճառով, Գորիս-Կապան ճանապարհից դեպի արևելյան կողմ՝ Ադրբեջանի կողմ, նրանք մի քանի տուն են բնակեցրել, անվանել Էյվազլի, ապա արոտավայր պահանջել իրենց տարածքի համար։ Այդ ճանապարհից դեպի արևմուտք այդ տարածքին հող են հատկացրել։ Իսկ ճանապարհի դեպի արևելք, ոչ ոք չի ասում, Հայաստանն ունի տարածքներ․ ուրեմն, դրանք էլ են մեր անկլավները։
Վերցրել են, բայց ճանապարհը երբեք իրենցը չի եղել․ ուղղակի, գիտե՞ք ինչ, դա դարի դավաճանություն էր, դա Հայաստանի գլխին աղետ է, աղետաբեր ճանապարհ։ Դա մեծ թուրանական մեծ ծրագիր է․ եթե այսօր ինչ-որ մարդիկ կարծում են, որ Ադրբեջանը խաղաղության է գնալու, խաղաղություն չկա։ Դա նարկոտիկ է հայ ազգին։
- Որ ասում են՝ սահմանազատում կանենք, կթողնեն դուրս կգան, մեծ սուտ է։ Գեղարքունիքի մարզն ամբողջովին սահմանակից է Ադրբեջանին, և այդ սահմանն անցնում է լեռնաշղթայով՝ Վարդենիսի լեռներն են։ Իրենք անցել են այդ սահմանները։ Հրաձգային զենքը՝ ավտոմատը, մաքսիմում 2 կմ է, ավել չի, բայց քանի անգամ արդեն տարբեր գյուղերի ուղղությամբ կրակում են, շենքերի ապակիները կոտրվում են ավտոմատով․ այսինքն՝ այնքան են մոտեցել։
- Արծվաշենը ես քարտեզագրել եմ 1984թ․, գնանք՝ ես մեկ առ մեկ սահմանասյուները ցույց տամ, թող իրանք գան ու 1 հատ սահմանասյուն ցույց տան Տիգրանաշենում, այսպես կոչված՝ Սոֆլուում, Բարխուդարլուում․ գոյություն չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Arpi Talalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/%d5%a4%d5%a1-%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%b3%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7%d6%80-%d5%a1%d5%b2%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80-%d5%b3%d5%a1/