Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արագածոտնի թեմի կարգալույծ հռչակված քահանաներ Տեր Արամի և Տեր Թադեի հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ գործերը քննվել են դատավորներ Սիմա Աբովյանի և Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։
Նախկին քահանաները պահանջել էին անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։
«Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանները հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»,– գրել է Զոհրաբյանը։
Նրա տեղեկացմամբ՝ երկու որոշումներով էլ նախատեսվել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը։ Դրանցով Մայր Աթոռը պարտավորեցվել էր ապահովել քահանաների պաշտոնավարումը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Kanayan Tamar. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/23/%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b3%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%ae-%d6%84%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6/