Փաշինյանը պատասխանել է Մեդվեդևին

Լուսանկարը` artsakh.news

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արձագանքել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի սպառնալիքներին՝ շեշտելով, որ Հայաստանն ընթանում է բացառապես ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով։


Հոկտեմբերի 8-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նա անդրադարձել է ինչպես հայ-ռուսական հարաբերությունների հռետորաբանությանը, այնպես էլ Թուրքմենստանում սպասվող բարձրաստիճան շփումներին։


Անդրադառնալով Մեդվեդևի այն հայտարարությանը, թե ամենասարսափելին Հայաստանի վերածումն է «նոր Ուկրաինայի», Փաշինյանը հիշեցրել է, որ երկիրն արդեն իսկ բախվել է լրջագույն վտանգի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը հրաժարվեց կատարել իր դաշնակցային պարտավորությունները պետության հանդեպ։


«Նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում: Դա լավ ժանր չէ», – ընդգծել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը հավելել է. «Հայաստանը Հայաստան է և ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու: Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության: Սա՛ է մեր ճանապարհը»։


Խոսելով Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի մասին՝ վարչապետը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, սակայն ոչ ֆորմալ երկխոսությունն անխուսափելի է։


«Այսօր և վաղը միասին նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Եթե հանկարծ ընթացս պարզվի, որ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն կա, մենք տեղում կպայմանավորվենք և կխոսենք», – եզրափակել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դիվանագիտական նման պրակտիկա գործել է նաև նախկինում։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Hovik Karapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%a4%d5%be%d5%a5%d5%a4%d6%87%d5%ab%d5%b6/

Leave a Reply