Լիպարիտյանի՝ «հանցագործության մասին հաղորդումը»՝ ՀՀ նախկին նախագահների դեմ

Նոյեմբեր 23, 2026

Նոյեմբերի 20-ին CivilNet-ի հետ հարցազրույցում Հայաստանի առաջին նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական, պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքն ավելի շատ կախված է Ադրբեջանից, քան Հայաստանից:

«ՀՀ իշխանությունը պատրաստ է ստորագրել, սակայն Ալիևը պատրաստ չէ: Հարց է՝ ինչո՞ւ: Այդ պայմանագիրը պատրաստ էր մոտավորապես 1.5 տարի առաջ, անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրությունը եղավ: Ալիևն այդ նախաստորագրությունը «ծախեց» Սպիտակ տան կողմից ընդունվելու համար՝ քաղաքականապես լեգիտիմացվելու համար»,- շեշտել է նա՝ հիշեցնելով, որ Ալիևը Բայդենի վարչակազմի կողմից քննադատվում էր, իսկ հիմա խիստ քննադատությունները դադարեցված են:

Այնուհետև Լիպարիտյանը շարունակել է, թե դրանից հետո Ալիևը փորձել է ժամանակ շահել՝ տեսնելու, թե հայկական կողմն ինչ է խոսում և ինչպես է գործում:

«Մենք երբեմն մոռանում ենք, որ այն դիրքորոշումները, այն խոսույթները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան են ներկայացնում, մասամբ կախված են այն բանից, թե մենք ինչ ենք ասում և անում: Օրինակ, 1990-ականներին՝ պատերազմի ժամանակ, մենք մոտ 600.000 ազերի բնակչություն ենք տեղահան արել, որը չենք ուզում հիշել: Դրա հետևանքն Ադրբեջանի ժողովրդի և ղեկավարության վրա հսկայական էր: Արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ, դա երկրորդ հարցն է: Բայց մենք արեցինք դա: Գիտեք, դա շատ-շատ մեծ ազդեցություն ունի մինչև հիմա: Մենք 25 տարի նվաստացրել ենք այդ ժողովրդին: Ինչեր ասեցինք նրանց մասին, ինչ արեցինք այդ տարածքներում: Որքան մենք մեր տրամաբանությունն ունենք, այնքան էլ՝ իրենք: Իսկ իրենց տրամաբանությունը մեր արածներից է կախված, ինչպես իրենց արածները մեր տրամաբանության մեջ գործ ունեն: Բայց, եթե լուրջ ենք ուզում քննարկել, պիտի նայենք, թե ինչ պատճառներ կարող են ունենալ Ալիևի ներկա խոսույթը և դանդաղ շարժվելը»,- պնդել է Հայաստանի Առաջին նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական աշխատած Լիպարիտյանը:

Կարդացեք նաև

  • Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան
  • ԹՐԻՓՓ-ի գործնական մեկնարկն ու Թեհրանի անհանգստությունը. նոր մարտահրավեր հայ-իրանական հարաբերություններում
  • Ժիրայր Լիպարիտյանի ընկեր, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի գրառումը

Պատմաբան և դիվանագետ ներկայացող այս անձը մոռանում է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, մոռանում է մինչև Արցախի հայաթափումը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, ՀՀ ինքնիշխան տարածքում 2022 թ. սեպտեմբերյան մարտերի ժամանակ, երբ առնվազն Ապրիլյան պատերազմին առնչվող համապատասխան արձանագրում կա ՄԻԵԴ-ից: Սա՝ առաջին:

Երկրորդ, Ժիրայր Լիպարիտյանը, ըստ էության, կրկնում է Ալիևի վերջին տարիների թեզը, թե առաջին պատերազմի տարիներին հայկական կողմի պատճառով մոտ 1 միլիոն ադրբեջանցի փախստական են ունեցել՝ ներառյալ Հայաստանից գնացածները: Բայց նույն Լիպարիտյանը չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ է Ալիևին հաջողվել 3-6 տարվա ընթացքում վերաբնակեցնել մոտ 90.000 մարդու: Իսկ գուցե, ըստ Լիպարիտյանի՝ այս դեպքո՞ւմ էլ է Հայաստանը մեղավոր:

Չէ՞ որ Ալիևը վերաբնակեցման դանդաղ տեմպերի պատասխանատվությունը դնում է հայկական կողմի վրա՝ հիշեցնելով ականապատ տարածքների, «ոչնչացված» գյուղերի, քաղաքների, ենթակառուցվածքների, անտառների և մզկիթների մասին: Իսկ միգուցե Ժիրայր Լիպարիտյանը միանա նաև ալիևյան «արևմտյան Ադրբեջան» պետական քաղաքական պահանջագրի՞ն, որով տարածքային պահանջներ կան ՀՀ-ի նկատմամբ: Չի բացառվում:

Հատկապես, երբ նա, ըստ էության, միանում է Ալիևի՝ ադրբեջանցի ժողովրդից ներողություն խնդրելու պահանջին, երբ շեշտում է, թե՝ «մենք 25 տարի նվաստացրել ենք այդ ժողովրդին»:

Իսկ երբ նշում է, թե 25 տարի «ինչեր ասեցինք նրանց մասին, և ինչ արեցինք այդ տարածքներում», սրանով էլ Ժիրայր Լիպարիտյանն իր համաձայնությունն է տալիս Ալիևի այն պնդմանը, որ Հայաստանը մոտ 30 տարի ոչ միայն ոչնչացրել է «Ադրբեջանի տարածքում» գտնվող գյուղերը, ենթակառուցվածքները, մզկիթներն ու անտառները, այլև՝ անօրինական կերպով օգտվել է նրանց հանքարդյունաբերական բարիքներից, ինչը կոնկրետ պատասխանատվություն է ենթադրում, փոխհատուցման պահանջ:

Այս համատեքստում հիշեցնենք, որ վերջերս Ալիևը և նրա օգնական Հիքմեթ Հաջիևն էին հայտարարել, թե մոտ երեք տասնամյակ Հայաստանը նվաստացրել է ադրբեջանցի ժողովրդին, ուստի պետք է ներողություն խնդրի:

«Յուրաքանչյուր ադրբեջանցի, հատկապես նա, ով վտարվել է իր հողից, 30 տարի ապրել է որպես փախստական կամ հարկադիր տեղահանված, ենթարկվել էթնիկ զտման, հայկական կողմից ներողություն է ակնկալում:- մասնավորապես, մոտ 2 ամիս առաջ հայտարարել էր Հաջիևը և հավելել,- Դա պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման և խաղաղաշինության ավելի լայն գործընթացի մաս»:

Այսինքն, Հայաստանի Առաջին նախագահի արտաքին հարցերով գլխավոր խորհրդական աշխատած Լիպարիտյանը միանգամայն լեգիտիմ է համարում Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջը՝ ուղղված ՀՀ նախկին երեք նախագահներին, որ նրանք «ռազմական հանցագործ» են, «ցեղասպան», և պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Այստեղ հարկ է հավելել, որ մի քանի տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հղում անելով 1993 թվականին «Երկրապահ» կամավորականների միության առաջին համագումարում նրա ելույթին՝ փորձելով ցույց տալ, թե ՀՀ նախկին իշխանությունները վարել են «օկուպացիոն քաղաքականություն» և խորքային ատելություն են ունեցել ադրբեջանցիների հանդեպ, այսինքն՝ տառապել են «ռասիզմով»:

Հատկապես ադրբեջանական կողմը նկատի ունի ելույթի այն հատվածը, որտեղ Տեր-Պետրոսյանն ասում է, որ իրենց քաղաքական շարժման և դրա ռազմական թևի շնորհիվ «Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը լուծեցին մի խնդիր, որը 600 տարի հայ ժողովուրդը չէր կարողացել լուծել, Հայաստանն ու Արցախը լիովին մաքրվեցին այլազգիներից», այնուհետև Տեր-Պետրոսյանը շարունակում է՝ «եթե այսօր ՀՀ-ում 170.000 այլազգի ապրեր, մենք պետություն չէինք ունենա»:

Այսինքն, ՀՀ առաջին նախագահը խոսում է այն իրական ռիսկերի մասին, որին կարող ենք բախվել արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եթե Հայաստան վերադառնա 300.000 ադրբեջանցի:

Բայց խնդիրն այն է, որ վերջին շրջանում մի քանի անգամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի վրա է բարդել 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը, որի համատեքստում Հայաստանը մեղադրվում է նաև «Գյանջայի դեպքերի» և «Բարդայի դեպքերի» համար, որտեղ իբր ՀՀ տարածքից հրթիռային հարվածներ են հասցվել խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ:

Ավելին, Ալիևը հայտարարել է, որ «2020 թվականին Հայաստանը երկու ռազմական «սադրանք» է իրականացրել՝ հուլիսին և օգոստոսին, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել, և հենց այդտեղ ադրբեջանցի ժողովրդի համբերությունը հատեց և եկավ հատուցման ժամանակը»: Արդյո՞ք Ալիևն ինչ-որ պահի կոնկրետ պատասխանատվություն կպահանջի հենց Նիկոլ Փաշինյանի համար, իսկ գուցե նաև դրանո՞վ է վախեցրել այս տարիներին: Հնարավոր է:

Վերադառնալով Ժիրայր Լիպարիտյանին՝ հիշեցնենք, որ 6 տարի առաջ 168.am-ը բացառիկ փաստաթղթեր էր հրապարակել: ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի համաձայն՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:

Իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ Ժիրայր Լիպարիտյանը բանակի հետ կապված էր առաջարկներ արել: Մասնավորապես, 2021 թվականի հուլիսին թողարկվել էր «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները», որի հեղինակներն են Ռոբերտ Այդաբիրյանը (Փարիզ), Ժիրայր Լիպարիտյանը (Բոստոն) և Թալին Փափազյանը (Էքս ան Պրովանս):

2022 թվականի փետրվարին պրոֆեսիոնալ բանակի ստեղծման կամ կանոնավոր բանակի վերացման համատեքստում այս վերլուծության որոշ հատվածների անդրադարձել ենք։

«Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ 3 բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչև 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է և կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար»,- նշված է «Սպիտակ թղթում»:

Իսկ CivilNet-ի հետ հարցազրույցում պատմաբան Լիպարիտյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայոց ցեղասպանության հարցին:

«Մեր անկախության ընթացքում բոլոր վեճերը կապված էին Թուրքիայի հետ: Եվ խնդիրը միայն պատմական ցեղասպանությունը չէ, այլ՝ ինչպես օգտագործել ցեղասպանությունն անկախության դեմ: Սա էր հարցը: Մենք չենք կարող անկախանալ, որովհետև հաջորդ օրը պիտի գան և մեզ ջարդեն: Բառացի եմ ասում մտավախությունը: Բայց երբ սա բացատրել եմ թուրք դիվանագետներին, իրենք զարմացած էին՝ «մենք ի՞նչ գործ ունենք ՀՀ անկախության հետ»: Մարդիկ այսօր ասում են՝ ցեղասպանություն, որը կապվում է այսօր մեր անկախության, անվտանգության հետ, ես չեմ տեսել որևէ փաստ, փաստաթուղթ, գործընթաց, որ կարդարացնի նման մոտեցումը: Մարդիկ գնացել Թուրքիայի ռազմական ուժերի շտաբի մեջ փաստաթղթե՞ր են տեսել»,- ասել է նա:

Եթե ընդունենք, որ այսօր նման վտանգ չկա, բայց փաստ է 2020թ. 44-օրյա պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությունը՝ ռազմական օպերացիաների պլանավորումից մինչև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի կառավարում: Ժիրայր Լիպարիտյանը բաց ապացույցնե՞ր էլ չի տեսել այս մասին: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը Հայաստանը դեմ չի եղել, և անձամբ է նախաձեռնել՝ առանց նախապայմանների, Թուրքիան է, որ նախապայման է դրել և ձախողել գործընթացը: Դիվանագետ Լիպարիտյանը պետք է, որ այս մասին ևս տեղյակ լինի: Իհարկե, Թուրքիայի կողմից Բաքվին առնչվող նախապայմանի փաստը նա չի ժխտում, բայցև նշում է, որ եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապված բոլոր մտահոգություններին նայենք և լուծումներ չգտնենք, մի օր կմնանք մի փոքր տարածք և կհանձնվենք Ռուսաստանին:

Ստացվում է՝ Լիպարիտյանը Հայաստանի անվտանգությանն առնչվող ռիսկերը դիտարկում է հիմնականում այն տեսանկյունից, թե ինչպես չսրել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մինչդեռ այդ երկրների գործողություններից բխող սպառնալիքների, ռազմական ագրեսիայի և տարածքային հավակնությունների մասին խոսելիս ակնհայտորեն այլ չափանիշներ է կիրառում։ Իսկ եթե խաղաղության հասնելու ճանապարհին հայկական կողմը պետք է ոչ միայն հաշվի առնի, այլև ըստ էության ընդունի Բաքվի պատմաքաղաքական թեզերը, ապա հարց է առաջանում՝ այդ խաղաղությունն ի՞նչ գին է ունենալու Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետական շահերի համար։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Takmazian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/24/%d5%ac%d5%ab%d5%ba%d5%a1%d6%80%d5%ab%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Leave a Reply