Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվ

Հոկտեմբեր 8, 2026

«Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ, Գագիկ Խաչատրյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է այսօր՝ Կառավարության հերթական ճեպազրույցից հետո՝ խոսելով Շաքի գյուղում արձանագրված աղմկահարույց դրվագի մասին։

Իսկ նախօրեին Ազգային ժողովում Փաշինյանն էլ ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց՝ նկատելով, թե բնակչուհին ադրբեջանցուն իր տանը հայտնաբերելուց հետո պետք է ոչ թե դիմեր ինչ-որ գործողությունների, այլ ահազանգեր ու սպասեր իրավապահներին, նրանց պրոֆեսիոնալ գործողություններին:

Հիշեցնենք՝ խոսքը նույն ադրբեջանցի զինծառայողի մասին է, որը Սյունիքի Շաքի գյուղում ՀՀ քաղաքացու վրա է կրակել նրա երեխաների աչքի առաջ։

168․am-ը Փաշինյանի այս հայտարարությունների, զուգահեռների մասին հարցադրումներ ուղղեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցին։

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն կզբաղվի գերեզմանափորությամբ. նոր պահանջներ Բաքվից  
  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • «Լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, սրանք գյուղացու լեզուն չեն հասկանում. Այ մարդ, թող սիրեն իրար, գուրգուրեն, մենք չենք խանգարելու». Գևորգ Ավագյան

Ի պատասխան՝ նա նշեց․ «Նախ, ինձ մոտ տարակուսանք առաջացրեց «դասալիք» բառն օգտագործելը, որ սկզբից էլ օգտագործվեց իշխանության տարբեր հարթակներից․ նա «դասալիք» է Ադրբեջանի համար, իսկ մեզ համար՝ դասալիք չէ, այլ զինված անձ, որն ապօրինի հատել է սահմանը՝ հավելյալ մյուս հանցագործությունները, որ կատարել է։ Ու այս իմաստով ես դեռ սկզբից էլ կասկածներ ունեի՝ որքանով են ադեկվատ մեր իշխանությունների գնահատականները։ Այլ բան, անկեղծ ասած, չէր սպասվում։

Եվ հիմա, երբ փաստորեն հավասարության նշան է դրվել, սա նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը մեր ինքնիշխանության վերաբերյալ կասկածներ ունի, որովհետև, եթե սահմանից ապօրինի անցած զինված մարդը, ուրիշ երկրի զինվորը նույն հանցագործն է, ինչ երկրի ներսում որևէ մեկ անձ, ես բան չունեմ ասելու Նիկոլ Փաշինյանին։ Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Նիկոլ Փաշինյանի թիմի համար դասալիք է և հավասար է մնացած բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ գործողություններում են մեղադրվում»։

Նինա Կարապետյանցն անդրադարձավ նաև հիշատակված անձանց՝ առանց դատարանների վճիռների՝ Փաշինյանի կողմից հանցագործ «որակում»-ը տալու դրվագին՝ նկատելով, որ իշխանության թիվ մեկ խոսափողը վաղուց է այդ սահմանազանցումը կատարել։

«Նիկոլ Փաշինյանը գիտակցված և հետևողականորեն խախտում է Սահմանադրությունը, և եթե մենք ունենայինք Գլխավոր դատախազություն, շատ վաղուց, բազմաթիվ դեպքերով, իրադարձություններով, խոսույթներով քրեական գործեր հարուցված կլինեին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ սկսած եկեղեցու դեմ պայքարից, վերջացրած տարբեր մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու դրվագով։

Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա նորմալ է․ մարդ ասում է՝ կառավարությունը ես եմ, օրենքը ես եմ, որոշողը ես եմ»։

Ամեն դեպքում, իրավապաշտպանը նկատեց՝ ԵԽԽՎ վերջին զեկույցը շատ մարդկանց համար է խոսելու պատճառ դարձել, ու Փաշինյանի, նրա թիմի սխալները սկսել են անգամ նկատել նրանք, ովքեր երկար ժամանակ նախընտրել են լռել։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, հատել էր Հայաստանի հետ սահմանն ու մտել Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը: Տանտիրուհին իր երկու անչափահաս երեխաներին զինվորից պաշտպանելիս ոտքի ծանր հրազենային վիրավորում էր ստացել, կորցրել ձեռքի մատները, ադրբեջանցի զինվորը հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է:

Հոկտեմբերի 2-ին նա կալանավորվել է սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Փաշինյանն ավելի վաղ բացառել էր նաև դիվերսիայի հնարավորությունը՝ իբրև հիմնավորում նշելով, թե ադրբեջանցին ձերբակալվելիս չի դիմադրել, նրա ավտոմատի պահունակն էլ ամբողջական է եղել:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chakhmakhchian Vatche. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4%e2%80%a4-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/

Leave a Reply