Մերձավոր Արևելք. կօգտվի՞ արդյոք Իրանն Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման հետ

Հոկտեմբեր 8, 2026

Սեպտեմբերի 30-ին Իրաքից ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումը 12 տարի տևած «Անսասան վճռականություն» գործողությունից հետո դրական էմոցիաներ է առաջացրել ոչ միայն Բաղդադում, այլև Թեհրանում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանին զորքերի դուրսբերումն անվանել է «նվաստացուցիչ վտարում»՝ հայտարարելով, որ հենց իրաքյան զինված կազմավորումներն են ստիպել Վաշինգտոնին հեռանալ։

Հոկտեմբերի 1-ին Թեհրանում ելույթ ունենալով լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման զոհված առաջնորդ Հասան Նասրալլայի հիշատակին նվիրված միջոցառմանը՝ Քաանին ընդգծել է, որ մնացած ամերիկյան ներկայությունը ևս կվերանա:

«Ամերիկային անհրաժեշտ է վտարել Իրաքից՝ ինչպես նրա երկրից, այնպես էլ՝ նրա երկնքից»,- նրա խոսքը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը:

Կառավարամետ Iran թերթը զորքերի դուրսբերումն անվանել է «տարածաշրջանում ամերիկյան ներկայության ավարտի սկիզբ», իսկ խիստ պահպանողական ուղղվածության Vatan-e Emrooz թերթն այն ներկայացրել է որպես «Բաղդադի գողի վտարում»՝ հասցեագրելով «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի կերպարին: Իրաքի իրավիճակը համեմատելով Եմենի և Պարսից ծոցի հետ՝ Քաանին արաբական պետություններին կոչ է արել հրաժարվել Վաշինգտոնից ունեցած կախվածությունից։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
  • Բազմավեկտոր շահեր և կուլիսային դիվանագիտություն. Ինչո՞ւ է ուշագրավ ԱՊՀ հոբելյանական հավաքը Փաշինյանի, Պուտինի, Ալիևի, Տոկաևի և այլոց մասնակցությամբ
  • Դամասկոսը կշռադատում է զորք ուղարկել Եմեն՝ հուսիների դեմ

Թեհրանն ամերիկյան ռազմական առաքելության ավարտը դիտարկում է ոչ միայն՝ որպես հարևան երկրի ինքնիշխանության հարց, այլ ավելի խոր տարածաշրջանային դիմակայության մաս, որի ընթացքում Միացյալ Նահանգները մշտական ճնշման էր ենթարկվում Իրանի և նրա դաշնակից զինված խմբավորումների կողմից, գրում է Al-Monitor-ը:

«Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր իսրայելցիներն ու ամերիկացիները հատկապես ակտիվ ջանքեր են գործադրում՝ ձգտելով ջախջախել իրանամետ «դիմադրության առանցքը», և այս համատեքստում Իրաքը հատուկ նշանակություն է ստանում. Թեհրանի ազդեցությունն այստեղ նախկինի պես խորապես արմատավորված է՝ նույնիսկ այն դեպքում, երբ նրա տարածաշրջանային ռազմավարության մյուս բաղադրիչներին աջակցելը գնալով դժվարանում է։

Այնուամենայնիվ, զինվորականների իրական հեռացումը պարտադիր չէ, որ նշանակի ամերիկյան ազդեցության անհետացում, կարծում է արևմտյան պարբերականը։ Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել են վերափոխել հարաբերությունները ռազմական ոլորտում։ Բացի այդ, Սպիտակ տունը պահպանում է ազդեցության զգալի տնտեսական լծակներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցով:

Բաղդադում կառավարության նավթային եկամուտները դեռևս կապված են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկում բացված հաշվի հետ, ինչը Վաշինգտոնին էական ազդեցություն է տալիս դոլարի հասանելիության և միջազգային հաշվարկների իրականացման վրա: Նավթին բաժին է ընկնում Իրաքի պետական բյուջեի եկամուտների մոտ 90 տոկոսը։ Հենց այդ պատճառով էլ Քաանիի պահանջը՝ հեռացնել Ամերիկան իրաքյան «հողից և երկնքից», դրա իրագործման դեպքում անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն զուտ ռազմական բնույթի հարցերի շրջանակի վրա։

Իրաքն ավանդաբար ծառայում է որպես «կամուրջ» Իրանի և արաբական աշխարհի միջև, ինչպես նաև Վաշինգտոնի հետ Իսլամական Հանրապետության մրցակցության առանցքային թատերաբեմ: Տիգրիսի և Եփրատի ափեր ամերիկյան ներխուժումից և «Անսասան վճռականություն» գործողության մեկնարկից հետո իրանամետ զինված խմբավորումները ձեռք բերեցին զգալի ռազմական, քաղաքական և տնտեսական ազդեցություն:

Առավել խոշոր կազմավորումների հնարավորությունները համադրելի են Բաղդադի կառավարության առանձին ուժային կառույցների հետ։ ԱՄՆ-ի հեռանալը վերացնում է առավել ակնհայտ ռազմական հակակշիռն այդ խմբավորումներին, ինչը հատկապես էական է շարունակվող դիմակայության համատեքստում։

Իրաքի վարչապետ, խոշոր գործարար Ալի ալ-Զաիդին փորձել է հասնել ազդեցիկ զինված կազմավորումների զինաթափմանը և նրանց՝ պետական վերահսկողության տակ անցնելուն։ Ի սկզբանե ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետը՝ սեպտեմբերի 30-ը, կապված էր այդ խմբերի զինաթափման ջանքերի հետ։

Օգոստոսի 17-ին հատուկ նշանակության ուժերը, որոնք ուղղակիորեն ենթարկվում են վարչապետին, ձերբակալել են Իրանի հետ կապված «Հարակաթ ան-Նուջաբա» խմբավորման հետախուզության պետին, որին ԱՄՆ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել՝ մեղադրելով ամերիկյան օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներին մասնակցության մեջ։ 48 ժամ տևած ձերբակալությունը հրահրել է խմբավորման կողմից վրեժխնդրության սպառնալիքներ և դրդել է միջամտել բարձրաստիճան շիա գործիչներին, որոնք փորձել են նվազեցնել լարվածությունը։ Մեկ շաբաթ անց Իրաքի հատուկջոկատայինները ձերբակալել են չորս աշխարհազորայինների, այդ թվում՝ տեղի հրամանատարին՝ հակաամերիկյան գործունեության մեղադրանքներով։

Իրենց հերթին՝ «Հարակաթ ան-Նուջաբա» խմբավորման և շիա համայնքի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ աշխարհազորայինների դեմ կոշտ միջոցները զինաթափումն անհնարին կդարձնեն և կարող են անկայունության հանգեցնել։ Նրանց խոսքով՝ խոսք չի կարող լինել զենքի հանձնման մասին այն ժամանակ, երբ իրենք աջակցում են Թեհրանին ԱՄՆ-ի դեմ պատերազմում։

Նույն ամսվա ընթացքում «Քաթայիբ Հըզբոլլահ»-ի՝ ամենաազդեցիկ աշխարհազորայինները հանդես եկան հայտարարությամբ, որում քննադատեցին Զաիդիին և պայմաններ առաջադրեցին երկխոսության համար՝ ներառյալ երաշխիքներ, որ ամերիկյան զորքերը երբեք չեն վերադառնա, ինչպես նաև միջոցներ, որոնք կփրկեն Իրաքն ԱՄՆ-ի ցանկացած ազդեցությունից քաղաքական և տնտեսական որոշումների կայացման վրա։

Վերոնշյալ և մի շարք այլ կազմավորումներ մտնում են «Իրաքում իսլամական դիմադրության» կազմի մեջ՝ հովանոցային խումբ, որը միավորում է մոտ 10 արմատական շիա զինված խմբավորումներ՝ մոտ 50 հազար մարտիկներով, որոնք ունեն մեծ հեռահարության հրթիռներ, անօդաչու սարքեր և զենիթային կայանքներ։ Ընդ որում, շիական կազմավորումները միասնական դաշինք չեն կազմում, կողմնորոշվում են տարբեր ուժերի վրա, և ոչ բոլորն են կապված Թեհրանի հետ։

Նախկինում աշխարհազորայինները նույնպես հրաժարվում էին հանձնել զենքը՝ հայտարարելով, որ չեն կարող դա անել, քանի դեռ Իրաքում գտնվում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը: Սեպտեմբերի 21-ին ալ-Զաիդին զինաթափման ժամկետը երկարացրել է մինչև 2027 թվականի հունիսի վերջ, սակայն որևէ վստահություն չկա, որ այդ ժամկետն էլ չի հետաձգվի։ Գործընթացի ձգձգման կամ ձախողման դեպքում հավանական ռիսկերի մասին են վկայում նաև թուրք հեղինակները՝ ակնարկելով Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմակայանը Բաղդադի կառավարությանը հանձնելու գործընթացում առկա դժվարությունների մասին։

Տասնամյակներ շարունակ Իրանը փորձել է ամրապնդել իր ազդեցությունը հարևան երկրում՝ քաղաքական կուսակցությունների, կրոնական ցանցերի, առևտրի, էներգետիկ կապերի և զինված խմբավորումների միջոցով։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը պոտենցիալ կերպով ուժեղացնում է այս համակարգը, բայց միևնույն ժամանակ արդիականացնում է դրա ներքին հակասությունները։ Ազգայնական տրամադրված իրաքցիները ողջունում են ամերիկյան ռազմական ներկայության դադարեցումը՝ այն ընկալելով որպես ինքնիշխանության վերականգնում, ինչը չպետք է ավտոմատ կերպով հավասարեցվի իրանական ազդեցությանն աջակցելուն։

Թեհրանը ձգտում է բարեկամ կառավարություն և ուժեղ դաշնակիցներ ունենալ Բաղդադում, սակայն շահագրգռված է խուսափել Իրաքում անկայունությունից, որը կարող է երկիրը վերածել անվտանգության սպառնալիքների աղբյուրի կամ նոր արտաքին միջամտության առիթ ստեղծել։

Եվս մեկ բարդացնող գործոն է մնում արմատական ահաբեկչական խմբավորումների՝ այդ թվում՝ «Իսլամական պետության» գործունեությունը։ Եթե Բաղդադի իշխանությունները չկարողանան զսպել ահաբեկչական հարձակումներն առանց հետախուզական տվյալների, հսկողության միջոցների և այլ հնարավորությունների, որոնք նախկինում տրամադրում էր ԱՄՆ-ը, Թեհրանը կարող է բախվել իրաքյան պետության թուլացման հետ. դա կնշանակի պոտենցիալ անկայունություն, որը նրանք ստիպված կլինեն այս կամ այն կերպ հաղթահարել, այլ ոչ թե պարզապես օգտագործել իրենց օգտին։

ԱՄՆ-ի հեռանալը Թեհրանին ավելի մեծ հնարավորություններ է տալիս ընդլայնելու իր ներկայությունը, սակայն գործողությունների լիակատար ազատություն չի տալիս։ Վաշինգտոնը պահպանում է ֆինանսական և դիվանագիտական գործիքները, իսկ Պարսից ծոցի սուննի միապետությունները շարունակում են ակտիվորեն մասնակցել Իրաքի գործերին:

Եթե Իրանը կարողանա օգնել պահպանել իր բարեկամ քաղաքական կարգը հարևան երկրում, պահել իր զինված գործընկերներին քաղաքական, այլ ոչ թե ռազմական դիմակայության շրջանակներում՝ թույլ չտալով Իրաքի վերածումն ամերիկյան ռազմական ճնշումների վերսկսման հարթակի, ապա «Անսասան վճռականություն» գործողության ավարտը կարող է նշանակալից ռազմավարական ձեռքբերում լինել Թեհրանի համար պատերազմից հետո։

Միևնույն ժամանակ, եթե տեղական խմբավորումների միջև մրցակցությունն ուժեղանա, զինված խմբավորումների զինաթափումը կարող է առճակատում հրահրել ԱՄՆ-ի հեռանալուց հետո, և այդ ժամանակ նույն վակուումը կարող է Իրանի համար վերածվել խնդիրների լրացուցիչ աղբյուրի: Պետք է ենթադրել, որ հենց նման սցենարի կձգտեն Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության ընդդիմախոսները։

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a1%d6%80%d6%87%d5%a5%d5%ac%d6%84-%d5%af%d6%85%d5%a3%d5%bf%d5%be%d5%ab%d5%9e-%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%84-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%b6/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply