Բազմավեկտոր շահեր և կուլիսային դիվանագիտություն. Ինչո՞ւ է ուշագրավ ԱՊՀ հոբելյ

Հոկտեմբեր 8, 2026

Հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում (Թուրքմենբաշի քաղաքի մոտ) մեկնարկում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի 27-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որը նվիրված է կազմակերպության 35-ամյակին։

Միջոցառմանը մասնակցելու են ԱՊՀ 9 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները: Այս տարվա գագաթնաժողովն առանձնահատուկ է նաև նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ընդլայնված կազմով նիստին որպես հյուր հրավիրվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ գործարկելով «ԱՊՀ+» ձևաչափը։

Բացի այդ, նախատեսված են մի շարք առանցքային երկկողմ հանդիպումներ. հոկտեմբերի 8-ին Վլադիմիր Պուտինն առանձնազրույց է անցկացրել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, իսկ հոկտեմբերի 9-ին նախատեսված է նրա հանդիպումն Իրանի նախագահի հետ:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ առանձին պաշտոնական հանդիպումներ, ըստ անդրադարձերի, չի ունենա,  սակայն  բացառել աշխատանքային շփումները գագաթնաժողովի կուլիսներում հնարավոր չէ։

Կարդացեք նաև

  • Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
  • Մերձավոր Արևելք. կօգտվի՞ արդյոք Իրանն Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման հետևանքներից
  • Թուրքմենստանից մինչև Մոսկվա. ինչո՞ւ Փաշինյան-Պուտին հանդիպում չի նախատեսվում Թուրքմենստանում, և ի՞նչ է նախապատրաստում Կրեմլը

Տարիներ շարունակ ԱՊՀ-ն հաճախ որակվել է՝ որպես պարզապես խորհրդանշական կառույց՝ հետխորհրդային տարածքում ինստիտուցիոնալ թույլ կշռի և անդամ երկրների միջև առկա խոր հակասությունների պատճառով: Թվում էր, թե ինտեգրման առավել գործուն մեխանիզմների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կամ երկկողմ այլ դաշինքների ձևավորմամբ ԱՊՀ-ն սպառել է իրեն: Սակայն գլոբալ տուրբուլենտության, Արևմուտքի և Ռուսաստանի միջև անդունդի խորացման և նոր աշխարհակարգի ձևավորման ներկա փուլում այսպիսի բազմակողմ հարթակները  կարծես նոր շունչ ու նշանակություն են ստանում:

Չնայած անդամ երկրների արտաքին քաղաքական ուղեգծերի արմատական տարբերություններին ու բազմավեկտոր ձգտումներին՝ ԱՊՀ-ն շարունակում է մնալ այն եզակի լայն ինստիտուցիոնալ հարթակը, որը ձևական կամ բովանդակային մակարդակով միավորում է հետխորհրդային պետություններին: Այս համատեքստում չափազանց ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությունը, որով նա ժամանակակից աշխարհում որպես միակ գերտերություններ ճանաչեց միայն Միացյալ Նահանգներին և Չինաստանին՝ ընդգծելով, որ իր երկիրը ռազմավարական գործընկերություն ունի հենց այս երկուսի հետ: Այդուամենայնիվ, Ադրբեջանի մասնակցությունն ԱՊՀ աշխատանքներին ցույց է տալիս իրերի իրական դրությունը. անգամ մեծացող հավակնությունների և աշխարհաքաղաքական նոր ուղղությունների պայմաններում տարածաշրջանային նման հարթակներում ներկա գտնվելու անհրաժեշտությունը շարունակում է  մնալ արդիական:

Ռուսաստանի համար ԱՊՀ-ն, անկախ իր բյուրոկրատական կամ գործառութային սահմանափակումներից, շարունակում է մնալ հիմնական հեգեմոն և ռազմավարական տարածքային հովանոցներից մեկը, որտեղ Մոսկվան կարող է պահպանել իր ազդեցության լծակները: Ավազայի գագաթնաժողովը, որտեղ ներկա են հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր առանցքային դերակատարները, Ռուսաստանի համար հնարավորություն է ցույց տալու, որ չնայած ճնշումներին և Արևմուտքի ջանքերին, Մոսկվան շարունակում է մնալ համատեղ անվտանգային, տնտեսական և լոգիստիկ երկխոսությունների առանցքը:

Հայաստանի համար այս գագաթնաժողովը նաև կարևոր նախապատրաստական հարթակ է Մոսկվայում սպասվող առաջիկա բարձր մակարդակի ճակատագրական հայ-ռուսական շփումներին ընդառաջ․ Ավազայի կուլիսային շփումները և ոչ պաշտոնական զրույցները հնարավորություն են ստեղծում հող նախապատրաստելու և մթնոլորտ ձևավորելու հայ-ռուսական երկկողմ օրակարգի հետագա բանակցությունների համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունը՝ որպես հյուր, նշանավորում է ԱՊՀ ձևաչափի որակական փոփոխության հնարավոր միտումը: Սա վկայում է այն մասին, որ կառույցը փորձում է դուրս գալ զուտ «հետխորհրդային» նեղ շրջանակից և կապվել ավելի լայն՝ Եվրասիական Հյուսիս-Հարավ առանցքի հետ (հատկապես հաշվի առնելով Ռուսաստան-Իրան-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ու էներգետիկ համագործակցությունը): Նման քայլերը ցույց են տալիս, որ փոփոխվող աշխարհակարգում նման հարթակները կարող են վերածվել այլընտրանքային գլոբալ խաղացողների միջև կապերի խորացման կամրջի:

ԱՊՀ-ն այսօր վաղուց արդեն ինտեգրման խորը գործիք չէ, այլ ավելի շուտ՝ քաղաքական խորհրդակցությունների հարթակ։ Անդամ երկրների արտաքին քաղաքական վեկտորների արմատական տարբերությունները՝ Հայաստանի եվրոպական ուղեգծից մինչև Կենտրոնական Ասիայի բազմավեկտոր խաղը և Բելառուսի ու Ռուսաստանի սերտ դաշնակցությունը, սահմանափակում են կառույցի վերափոխումն ուժեղ գեոպոլիտիկ բլոկի։

Այդուամենայնիվ, Թուրքմենստանում կայացող այս գագաթնաժողովը ցույց է տալիս, որ փոփոխվող աշխարհակարգում նման ձևաչափերը պահանջված են՝ որպես տարածաշրջանային անվտանգության, լոգիստիկ մարտահրավերների քննարկման և Ռուսաստանի համար ազդեցության ոլորտների ֆիքսման հարթակ:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/09/%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%a5%d5%af%d5%bf%d5%b8%d6%80-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a5%d6%80-%d6%87-%d5%af%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6/

Leave a Reply