168: Քաջ Նազարին դրել են «վիլկայի» առաջ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ. Լևոն Զ

Նոյեմբեր 25, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև

  • Նիկոլ Փաշինյանի կողմից Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելուց հետո Ժուռնալիստների միության հայտարարությունն ու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դրան արձագանքը ու դրան հետևած իրադարձությունները հավասարակշռությունից հանեցին մեր առաջին դիկտատորին՝ Նիկոլ Փաշինյանին:
  • Ես ուղղակի ապշած էի: Այն բնութագրումից հետո, որ ես իրեն տվեցի, իր արձագանքը նրան հունից հանեց այն պատճառով, կարծում եմ, որ այդ գրառումս վիրուսային դարձավ: Ժամանակն էր, որ հիշեցնեինք՝ ով է Նիկոլ Փաշինյանը: Ես Թումանյանի հանճարին պետք է դիֆերամբ գրեմ, որովհետև միայն հանճարը կարող էր կանխատեսել, թե ոնց է 120 տարի հետո Քաջ Նազարի նման մարդը դառնում թագավոր: Մարդը տեսել է, որ հայ ժողովրդի միջից Քաջ Նազար է ծնվելու: 2018-ին տարբեր ուժեր օգտագործեցին նրան՝ թուլացնելու համար 3-րդ նախագահին՝ հույսով, որ իրենք կգան իշխանության, և այդպես նա դարձավ երկրի ղեկավար: Նրա քաջնազարությունն արտահայտվեց բազմաթիվ դրվագներում… Թաքցրեց 2019թ. փաստաթուղթը, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը հասցրեց մի ֆորմատի, որ Ադրբեջանը հարձակվեց, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նախ ասաց՝ չշշկռվեք, ես եմ գերագույն գլխավոր հրամանատարը, հետո պարզվեց՝ ընդամենը մոդերատոր է: Հիմա ինքն ընկել է իր բուն վիճակի մեջ: Հիմա ամբողջ աշխարհը, Ալիևը և մեր ժողովուրդը գիտեն, որ գործ ունեն Քաջ Նազարի հետ: Ալիևը գիտի, որ ինքը վախից է դողում, ոչ թե քաջությունից:

Կարդացեք նաև

  • Ալիևը հավերժացնում է Փաշինյանի իշխանությունը. նոր Սահմանադրության իրական նպատակը
  • Ովքե՞ր են մեր իրական դաշնակիցները
  • Բուխարեստյան հռչակագիրը և տնտեսական իրականությունը․ ինչո՞վ է Հայաստանը կապվելու Ռումինիայի հետ
  • Նիկոլ Փաշինյանը ժողովրդին շարունակ ասում է՝ ժողովուրդ ջան, եկեք ամեն ինչ զիջենք, որ չծեծվենք՝ Մինսկի խումբ լուծարենք, Արցախը հանձնենք, Զանգեզուրի միջանցք, Տավուշի գյուղեր… ինչ կա՝ հանձնենք… 
  • Ստեղծվել է Ալիև-Փաշինյան սիմբիոզ. Ալիևը պահում է Նիկոլին իշխանության, նա էլ նրա արածներն անում է, որ «պատերազմ չլինի», ու կապ չունի, որ էդ պատերազմը չի լինում: Հիշում եք՝ հունիսին ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարում էր, թե եթե ինքը չընտրվի, ՔՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի… Մինչև հիմա ասում էին՝ խաղաղությունն արդեն հաստատվել է, հիմա պարզվում է, որ չէ, պետք է Սահմանադրությունը փոխվի, որ խաղաղություն հաստատվի: Այսինքն՝ զիջումներն անվերջ են: Արցախի կորստով հակամարտությունը չի ավարտվել. Փաշինյանը միշտ ներկայացնելու է, որ կոնֆլիկտը չի ավարտվել, ավարտելու համար պետք է սա զիջել, հետո նա զիջել, և այդպես շարունակ: Շատ լավ կոմբինացիա են մտածել: Հակաազգային լուրջ ծրագրի իրականացման համար պետք է Հայաստանում հաստատել բռնապետություն, ու այդտեղ գալիս է Սահմանադրության փոփոխությունը: Ինքը հիմա ուզում է գերսուպերվարչապետական համակարգ:
  • Ներկայացված Սահմանադրության նախագծի տեքստով Դատական իշխանությունը ոչնչանում է: Պատահական չէ, որ այսօր արդեն Դատավորների միությունն է ապստամբել: Սա աննախադեպ բան է: Սրան թվում էր, թե քանի որ ինքը կատարում է Ալիևի պահանջները, ուրեմն իրեն թույլ կտան դիկտատուրա ստեղծել: Նոր տեքստով ինքը կարող է նաև մարդուն քաղաքացիությունից զրկել: Պարզվում է՝ Փաշինյանի համար քաղաքացին լավ էլ աղբանոց գցելու մատերիալ է…
  • Փաշինյանն Արևմուտքին պետք է որպես գործիք՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար, հետևաբար՝ այդ գործիքին կարելի է ներել ամեն ինչ: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ սահմաններ կան: Երբ դու լրագրողների հետ շփումներում բոլոր չափերն անցնում ես, դրան ռեակցիա չտալը կպչում է հենց Արևմուտքի ժողովրդավարական համայնքի ռեպուտացիային: Բացի դրանից, աշխարհաքաղաքական գործոնն այստեղ էլ է քննարկվում:

  • Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի հետ «մեծ ռազբիրատը» նշանակված է դեկտեմբերի 3-ին: Իրականում դրված է Հայաստանի կողմնորոշման խնդիրը, և Ռուսաստանը հարցը սրում է: Հայաստանի առաջ վերջնագիր են դրել՝ կա՛մ չեղարկել ԵՄ-ի օրենքը, կա՛մ հանրաքվե անել: Թե չէ հարցը ո՛չ գազի գինն է, ո՛չ ԵԱՏՄ-ն: Առաջին անգամ Նիկոլին դրել են «վիլկայի» առաջ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ: Որպեսզի սա իրականացվի, գրել են զեկույց, թե ինչ տեղի կունենա, եթե Նիկոլն ընտրի եվրոպական ուղղությունը՝ կխարխլվի տնտեսությունը, գազը կթանկանա, կսահմանափակվեն տրանսֆերտները, աշխատանքային միգրացիան: Սա կբերի Հայաստանի ՀՆԱ-ի 14%-անոց անկմանը, ինչը նշանակում է կոլապս, որը Փաշինյանը չի կարող մարսել: Պատահական չէ, որ Արմեն Գրիգորյանը, որն արևմտյան կողմնորոշման գլխավոր ճարտարապետներից է, այսօր անցել է հասարակական կարծիքը վերափոխելու գործին: Փաշինյանն ուսումնասիրում է շրջադարձի հնարավորությունը:
  • Քանի դեռ ժողովրդի համար սոցիալական իրավիճակը տանելի է, իշխանությունն ունի մանևրի հնարավորություն:
  • Ես վստահ եմ, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի, բայց Փաշինյանն էլ, Արմեն Գրիգորյանն էլ, ողջ արևմտամետ թևն էլ՝ իրենց սպոնսորներով, կանգնած են հետևյալ խնդրի առաջ՝ ո՞նց դիմադրել Պուտինի խաղին: Նիկոլի իշխանությունը կանգնել է փակուղու առաջ, և դրանից պետք է ելք գտնեն: Ելք կլիներ, եթե ԵՄ-ն ագրեսիվ ներդրում աներ Հայաստանի տնտեսության մեջ, որը կչեզոքացներ ԵԱՏՄ-ից դուրս գալու կորուստները: Բայց հաշվարկները ցույց են տալիս, որ հազիվ 14%-անոց ՀՆԱ-ի կորստի 3%-ը կոմպենսացնեն: Եվրոպան այսօր պատրաստ չէ դառնալ Հայաստանի տնտեսական կայունության երաշխավորը, որովհետև ինքը շատ ծանր վիճակի մեջ է գտնվում: Ֆրանսիայում 10 միլիարդ փող չեն կարողանում գտնել, որ թուլացնեն ուսանողական հուզումները: Եվրոպական հասարակություններն ապստամբում են, գտնում են, որ Եվրոպան Ուկրաինայի պատերազմի մեջ չափազանց շատ միջոցներ է ներդրել, բայց էֆեկտը չի երևում: Էս վիճակում Նիկոլն ի՞նչ պիտի անի… Արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է դիմանալ քաղցին ու ցուրտ ձմեռներին՝ հանուն Փաշինյանի եվրոպական կողմնորոշման:
  • Ես շատ կասկածում եմ, որ այս ֆոնի վրա Նիկոլը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների: Իրենք դեռ չեն կողմնորոշվել՝ մի սցենարը на пролом գնալ Եվրոպական միություն, մյուսը՝ շրջադարձ անելը:
  • Ֆորպոստից բաստիոն մեկ քայլ է, որովհետև Նիկոլի վարած քաղաքականությունը հենց այդպես կարելի է բնութագրել: Բայց ինքը չի հասկանում, որ դրանց միջև տարբերություն չկա: Ինքը չի հասկանում, որ բաստիոնի քաղաքականությունը Հայաստանը դարձնելու է ավտոնոմ Հանրապետություն Ադրբեջանի կազմում: Բայց իր համար դա պրոբլեմ չէ, որովհետև ինքը, բացի իր քաջնազարական անձնական իշխանությունից, այլ բան չի փնտրում: 

  • Տարածքի փոփոխության հարցերը պետք է կապել TRIPP-ի հետ: Այդ փաստաթղթում հստակ սահմանված է TRIPP-ի տարածք հասկացությունը: Ընդ որում, նշված չէ՝ որ տարածքի մասին է խոսքը: Լինելու է պետություն՝ պետության մեջ: Այս հարցերը տարել են գաղտնիության զոնա: Ոչ ոք չգիտի՝ որտեղ է լինելու այդ TRIPP տարածքը, ովքեր են այն գծում: Ասում են՝ էդ տարածքի մեջ մտնելու է Մեղրիի միջանցքը՝ 4 կմ լայնությամբ: Հիմա սա ճի՞շտ է, թե՞ սխալ: Հայ ժողովրդի թիկունքում ինչ-որ օպերացիա է գնում, որի դետալների մասին մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Սա նշանակում է, որ մեր ինքնիշխանությունը խախտված է: 
  • Իրանում իշխանությունը գտնվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ու հոգևոր առաջնորդի ձեռքում: Դրա համար է Պուտինի հետ հանդիպման Ռեզային գնում, ոչ Փեզեշքիանը: Իրանից ասում են՝ TRIPP-ը դառնալու է Հորմուզ, խելքներդ գլուխներդ հավաքեք, իսկ սրանք լուրջ չեն ընդունում: Իրենց համար կարևորը Փեզեշքիանի, Արաղչու հայտարարություններն են: Արա, դուք որտե՞ղ եք սովորել վաբշե… Այսօր Իրանը լիակատար ազդեցություն ունի Հորմուզի նեղուցում: Նայե՛ք՝ օրական քանի՞ տանկեր է պայթում: ԱՄՆ-ի հույսն Իրանի շրջափակումն է, որ Իրանի ժողովուրդը չի դիմանա, կապստամբի, բայց չկա նման բան: 
  • Ժիրայր Լիպարիտյանը Նիկոլին պետք չի. նա առանց այդ էլ Ալիևի հետ ուղիղ կապ ունի:
  • Ալիևը պահանջելու է փոխել Հայաստանի օրենսդրությունն ամբողջությամբ, պահանջելու է ջրային ռեսուրսները, 300 000 ադրբեջանցիների՝ Հայաստան գալը: 
  • Մեր ժամանակ պահանջներ Ադրբեջանը չի ներկայացրել: Ոչ ոք չի ասել՝ ձեր սահմանադրությունը պետք է փոխեք: 
  • Մեր Քըլըչը՝ Ռուբինյանը, այսօր մի տեսանյութ է տեղադրել, որում ստելով ասում է՝ 1995թ. Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է դեմ եղել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագիրը ներառել: Սա կատարյալ սուտ է: Լևոն Տեր-Պետրոսյանի և այն ժամանակվա իշխանության ողջ ջանքերն ուղղված են եղել այն բանին, որ Անկախության հռչակագրի շուրջ ձևավորվի համազգային կոնսենսուս: Ինչը և տեղի ունեցավ:
  • Առնվազն 29 երկիր կա, որոնց Սահմանադրության մեջ իրենց Անկախության հռչակագրին հղում կա: Այն պետությունները, ովքեր անկախության համար մղված պայքարով են հասնում իրենց անկախության հռչակմանը, միշտ իրենց Սահմանադրությունների մեջ հղում են տալիս իրենց Անկախության հռչակագրերին:
  • Ընդդիմության համախմբման խորհրդում քննարկում ենք բոլոր հնարավոր սցենարները: Ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ մի բանի առաջ չի կանգնելու ընդդիմադիր պատգամավորներից 6 մանդատը ստանալու համար: Իրենք ճնշման նախապատրաստվում են, թեև գիտեն, որ Սահմանադրություն են խախտում: Հա՛մ կեղծել են ընտրությունները, հա՛մ չեն ընդունում իրենց իսկ կեղծած ընտրությունների արդյունքները, և ուզում են հեռացնել ընդդիմությանը: Փաշինյանը փառավոր կերպով տապալել է Սահմանադրության իր նոր նախագծի պրեզենտացիան, որովհետև էնքան փնթի տեքստ են բերել, որ կարելի է ասել՝ հասարակությունն ինչ-որ իմաստով ապստամբեց: Անգամ չկարողացան մարդկանց ներքաշել Սահմանադրության իրենց տեքստի քննարկման մեջ: Ինքը պրիմիտիվ տղա է, ուզում է ալիևյան սահմանադրությունն անցկացնել՝ բռնաճնշումների վրա հիմնվելով:


  • Որոշեցին հրաժարվել Սահմանադրության բարեփոխումների խորհրդից էլ, հանձնաժողովից էլ, կանոնադրությունից էլ, ու այս թուղթը բերել՝ որպես Սրբուհի Գալյանի սահմանադրություն: Սա խայտառակություն է:
  • Խորհրդարանում գիծն «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններն են պահում: Բոլորը պետք է գան, կպնեն էս գործին: Այսպիսի համախմբում երբևէ չի եղել: Համատեղ ճակատով պիտի չարիքի դեմն առնենք:
  • Պետք է ստեղծենք պայմաններ, որ Փաշինյանին չհաջողվի գնալ արտահերթ ընտրությունների: Բայց եթե դա նրան հաջողվի, կարծում եմ՝ շատ քաղաքական ուժեր դասեր են քաղել անցած ընտրություններից ու պատրաստ են ավելի մեծ համախմբման: Սակայն այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի շուրջ, նրան թույլ չի տալու գնալ արտահերթ ընտրությունների: Բացի դրանից, մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ ինքը ցանկություն չունենա արտահերթ ընտրությունների գնալու:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jalatian Sonya. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/26/168-%d6%84%d5%a1%d5%bb-%d5%b6%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%be%d5%ab%d5%ac%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%9d-%d5%af/

Leave a Reply