Նոյեմբեր 10, 2026
Այսօր տեղեկացանք՝ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։
Կուսակցությունն իր ցավակցագրում նշել է․ «Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են»։
Երբ սովորական ՏԻՄ ընտրությունը մարդու կյանք է արժենում
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 168․am-ի հետ զրույցում ցավով խոսեց ընդդիմադիր գործիչների հանդեպ իշխանությունների այս հետապնդումների ողբերգական դեպքերի մասին՝ չբացառելով նաև անհայտ դրվագները․ «Մենք մի մասի վերաբերյալ տեղեկություններ ուղղակի չունենք, որովհետև մարդիկ հանրային չեն։ Այդ ճնշումներից գուցե շատ ավելի մեծ թվով մարդիկ են, որ առողջական խնդիրներ կարող են ունենալ, և «ծանր դեպքեր» կարող են արձանագրվել, և սա, իհարկե, չի կարող անհետևանք մնալ։
Այսքան ճնշումը, ատելության խոսք տարածելը, հետապնդումները, իհարկե, իրենք մեծ ազդեցություն են ունենում ամբողջ հասարակության վրա»։
Ըստ նրա՝ այս դատապարտելի վարքագիծը շատ դեպքերում տեսանելի և շոշափելի է դառնում միայն այն ժամանակ, երբ արձանագրվում են մահվան դեպքեր, իսկ մնացած բոլոր դեպքերում հաճախ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում։
Դիտարկմանը, որ հակառակ այս դրվագների՝ իշխանությունները շարունակ խոսում են ժողովրդավարության մասին, Նինա Կարապետյանցն արձագանքեց․
«Սա ժողովրդավարության հետ աղերս չունեցող միջավայր է։ Ցանկացած մեկ այլ տեղ լիներ, նորմալ երկրում այսպիսի իրավիճակ լիներ, ուղղակի կստանար համապատասխան արձագանք։ Ավելին ասեմ՝ եթե նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունենար, պատկերացնում եմ, թե միջազգային գործընկերներն ինչ բում էին բարձրացնելու, բայց զուտ միայն այն բանի համար, որ նրանք այսօր սատարում են գործող իշխանություններին, ամեն ինչի վրա աչք են փակելու։ Հետևաբար, դիմադրելը մնում է միայն մեր ներքին ռեսուրսների վրա։
Այս իշխանություններն ուղղակի պիտի հեռանան, որովհետև իրենք մահաբեր են ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև իրենց հայտարարած «խաղաղություն» կոչվող պրոցեսի ժամանակ, ամենատրիվիալ իրավիճակներում, ընտրությունների հետ կապված»։
Իրավապաշտպանը հիշեցրեց նաև ընդամենն ամիսներ առաջ դարձյալ ընտրական պրոցեսի համատեքստում գրանցված մահվան դեպքի՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառը պոկելուց հետո ձերբակալված, ապա հոգեբուժարանում մահացած տղամարդու գործի մասին։
«Մենք իսկապես խնդիր ունենք․ մարդն այլևս բարձրագույն արժե՞ք է, թե՞ ոչ։ Սահմանադրությունը ոտնակոխ անող մարդկանց համար, պարզ է, որ՝ ո՛չ ժողովրդավարությունն է բարձրագույն արժեք, ո՛չ մարդը, ո՛չ օրենքը, իրավունքը․․․ ոչ մի բան։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամենօրյա ռեժիմով իրենց սատարող սազանդար- պրոպագանդիստների հետ ոչնչացնում են մեր տարիների ստեղծածը․ երկրում այն ժողովրդավարությունը, մարդու իրավունքների վերելքը՝ ինչով հիանում էին դրսից եկած բազմաթիվ մարդիկ, այդ ամեն ինչը ձեռք է բերվել ահավոր մեծ չարչարանքով, ահավոր մեծ պայքարի արդյունքում, ստեղծվել հատիկ-հատիկ։
Հիմա սրանք ավերելով այս ամեն ինչը՝ ուղղակի առաջ են գնում, և սրա լուծումը չի կարող լինել իրավիճակային․ ամեն առանձին դեպքի, իրադարձության հետ արձագանքելն ամենասխալ ճանապարհն է, որովհետև իրենք անսպառ են, իրենց ռեսուրսներն անսպառ են, իսկ մենք, մենք սպառվելու ենք։ Խնդիրը մեկ լուծում ունի՝ մենք ուղղակի պիտի հեռացնենք այս իշխանությանը և վերջապես նորմալ, ադեկվատ իշխանություն ունենանք»,- ամփոփեց Նինա Կարապետյանցը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։
Հիշեցնենք նաև՝ 2025 թվականի սեպտեմբերին սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, ով սպանությունից ամիսներ առաջ Փարաքարի արտահերթ ՏԻՄ ընտրություններում հաղթել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին՝ ստանալով քվեների ավելի քան 57%-ը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Kharatian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%af%d5%ab-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a5/