Նոյեմբեր 10, 2026
Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունը օգտագործելով՝ այն ներկայացրեց որպես Հայաստանի սոցիալ-հոգեբանության և պետական մտածողության վերաիմաստավորման գաղափար։
2024 թ. սեպտեմբերի 9-ին նա Facebook-ում գրել էր.
«Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։
Ավելին, դա նրա «Իրական Հայաստան» հակահայկական ծրագրի հիմական գաղափարախոսություններից մեկն է: Իսկ հոկտեմբերի 13-ին ՔՊ ժողովրդավարության դպրոցում նույնիսկ բանախոսություն էր ունեցել՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց». Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով։ Ավելին, ինչպես նա, այնպես էլ շատերը այդ արտահայտությունը համարում են հայկական ժողովրդական ասույթ:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այդ ասույթի ծագմանը, որը որևէ առնչություն չունի հայերիս հետ:
«Հին հույն կատակերգակ Արիստոֆանեսի «Պլուտոս» («Հարստություն», Ք.ա. 388թ.) կատակերգությունում հեգնանքով առաջ է քաշվել հետևյալ գաղափարը. «Մարդու հայրենիքը այնտեղ է, որտեղ նա իրեն լավ է զգում» (1151-րդ տուն)։
Հետագայում գաղափարն անցել է հռոմեական միջավայր, և հռոմեացի ողբերգակ Մարկոս Պակուվիոսը (Ք.ա. 220-130թթ.) գրել է` «Patria est ubicumque est bene» («Հայրենիքն այնտեղ է, որտեղ դու քեզ լավ ես զգում»), որը մեզ է հասել միջնորդավորված` հռոմեացի նշանավոր հռետոր և պետական գործիչ Մարկոս Տուլիոս Ցիցերոնի «Տուսկուլյան ճառեր» աշխատության մեջ («Patria est ubicumque est bene», այսինքն` «Հայրենիքն այնտեղ է, որտեղ մարդ իրեն լավ է զգում», V, 108, Ք.ա. 45թ.)։
Ուշ անտիկ շրջանում և վաղ միջնադարում արտահայտությունը ձևախեղվում է «Ubi bene ibi patria» («Որտեղ հաց, այնտեղ կաց») արտահայտության, որը կարելի էր փորագրված գտնել տարբեր վայրերում։
Գաղափարը վերստին արծարծվել է 18-րդ դարի ֆրանսիացի գործիչ Ժան-Ժակ Ռուսոյի տրակտատներում (օրինակ` 1782թ. «Դիտարկումներ Լեհաստանի կառավարման վերաբերյալ» էսսեում), իսկ «Ubi panis, ibi patria» («Որտեղ հաց կա, այնտեղ հայրենիքն է») ձևակերպմամբ արտահայտությունը նույն դարի վերջին դարձել է ԱՄՆ-ում եվրոպացի ներգաղթյալների կարգախոսը` տեղ գտնելով Միշել Գիյոմ Ժան դը Կրևկերի «Նամակներ ամերիկացի ֆերմերից» էսսեների ժողովածուում (նույնպես 1782 թ.), որն ամերիկյան հեղինակի առաջին բեսթսելլեր գիրքն էր Եվրոպայում։
Ինչպես տեսնում ենք, սա բարեբախտաբար հայկական ժողովրդական ասույթ չէ, ինչպես փորձում են մտցնել մեր ուղեղը։
#զուգահեռ_իրականություն»:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Parkev Tvankchian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/168-%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b0%d5%a1%d6%81-%d5%a1%d5%b5%d5%b6%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%af%d5%a1%d6%81-ubi-bene-ibi-patria-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5/