Նոյեմբեր 10, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Պատահական չէ, որ այս իշխանությանն անվանում են մահաբեր իշխանություն: Ինչպես Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի, այնպես էլ մյուս հետապնդումները միայն կոնկրետ անձերով չեն սահմանափակվում. Հետապնդվում են նաև նրանց հարազատներն ու մտերիմները, ովքեր կարող են դրանց պատրաստ չլինել: Այս իշխանությունը քաղաքական գործընթացներից արդեն դուրս է եկել ու գործընթացները վերածել ողբերգության: Դատարանում Արմեն Գրիգորյանի մահվան դեպքը, հղի կնոջ սպանությունը, պատերազմի հազարավոր զոհերը դրա օրինակներն են: Այս իշխանությունը միայն մահ է սփռում:
- Սա ահաբեկչություն է սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանական պահանջներին գլուխը կախ ենթարկվող իշխանությունն ահաբեկչություն է իրականացնում սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Իշխանությունը փորձում է նաև քաղաքականապես չեզոք անձանց բերել իրենց դաշտ, դրա համար մտնում են ընտանիքներ: Որքան էլ ակտիվ հանրային դեմքերն ասեն՝ իրենց ընտանիքների համար հետապնդվելը սովորական է դարձել, դա այդպես չէ: Փորձում են հարազատների, ընտանիքների միջոցով ազդեցություն ունենալ քաղաքական գործիչների վրա:
- Առանձնահատուկ ագրեսիվություն են ցուցաբերում հատկապես կին գործիչների նկատմամբ: Երեք կանանց՝ Տաթևիկ Վիրաբյան, Լիդյա Մանթաշյան և Արեգնազ Մանուկյան, ոչ միայն ազատազրկել էին, այլև պահում էին խիստ սահմանափակումների ներքո: Այս իշխանությունների համար որևէ կարմիր գիծ գոյություն չունի:
- Արսեն Գևորգյանի, նրա հարազատների, շտաբի նկատմամբ ինչ ասես՝ չարեցին: Դա չի կարող ազդեցություն չունենալ մարդկանց վրա: Էն մարդիկ, ովքեր քաղաքական հետապնդումներից հետո հիմա դրսում են, չի նշանակում, որ առողջ են: Հիմա Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը թեև արդարացված չեն, բայց դրսում են, սակայն դա չի նշանակում, որ ամեն բան կարգին է նրանց մոտ, շատ էլ, թե այդ մարդիկ ձայն չեն հանում:
- Գագիկ Ծառուկյանը, 2-րդ նախագահը, Սամվել Կարապետյանը նստած են, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, արդեն հաշվել հնարավոր չէ՝ որերորդ քրեական գործն է հարուցվում, շատերը տնային կալանքում են, բայց կալանավորված են, չէ՞, սահմանափակված է նրանց ազատությունը ամիսներով, տարիներով: Ամբողջությամբ ապրում ենք կալանավորված Հայաստանի պայմաններում, և դա ոչ միայն կոնկրետ մարդկանց վրա է ազդեցություն թողնում, այլև հասարակության: Իշխող ռեժիմի համար թշնամանքը դարձել է կառավարելու գործիք, մարդիկ ագրեսիվ են դարձել, անընդհատ կռիվներ են հրահրվում, հանցագործություններ են կատարվում: Եվ սա հատուկ, նպատակային ձևով է արվում. Հասարակության մեջ անընդհատ բաժանարար գծեր են քաշվում, թշնամանքը մտցրել են կենցաղ, որ մարդիկ արժեքների մասին չմտածեն, դրանց շուրջ չմիավորվեն, որովհետև հակառակ դեպքում այս իշխանությունը մի ամիս էլ չի մնա:
- Արցախի կորուստը ողբերգություն է հասարակության այն հատվածի համար, ովքեր գիտակցում են՝ ինչ է տեղի ունեցել, որովհետև ՔՊ-ի համար Արցախը թոկ էր: Նրանց համար Նոյեմբերի 9-ը ոչ թե ողբերգություն է, այլ հաղթանակ:
- Ինձ համար առաջին ամենամեծ տագնապը 2020թ. հոկտեմբերի 1-ին էր՝ Ստեփանակերտում, երբ ես քաղաքում տեսա մարդկանց, ովքեր պետք է ոչ թե Ստեփանակերտում լինեին, այլ ճակատում: Խառնաշփոթը, ոչ կառավարելի իրավիճակն այդ օրերից էր հստակ: Հաջորդ վտանգավոր ազդանշանը հոկտեմբերի 7-8-9-ին էր, երբ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր ուղղություններից արդեն մտել էին Հադրութ, բայց այս իշխանությունը քարոզչություն էր տանում, որ Հադրութը մերն է: Մարդկանց այլ իրականություն էր ներկայացվում:
- Իշխանության գործողությունները զորքերին բարոյալքության էին տանում: Ռազմաճակատում ամեն ինչ անում էին՝ զորքին բարոյազրկելու համար՝ սկսած համալրումից: Շատ տեղերում ճեղքումները հենց դրա արդյունքն էին: Ջաբրայիլում ինչի՞ տեղի ունեցավ ճեղքում… Որովհետև համալրում չեղավ, թիկունքը բացվեց, թե չէ առաջին շաբաթվա ընթացքում իրենց ուժերով թշնամուն բավականին մեծ կորուստներ էին պատճառել: Ու համալրման բացակայությունը թույլ տվեց, որ ադրբեջանցիները գան ու հասնեն Շուշի: Իշխանությունն արդեն գիտեր, որ Շուշին տալու են: Շուշիի մարտերը մենք պարտվել ենք ոչ թե նոյեմբերի 5-6-7-8-ին, այլ դրա խնդիրն ունեցել ենք հոկտեմբերի 2-րդ կեսին, երբ ադրբեջանական զորքին հնարավորություն է տրվել տարբեր ուղղություններով գալ-հասնել Կարմիր շուկայի այդ կետին, Թաղավարդի հատված, և անտառներով, Ասկերանի ենթաշրջանով, Քարին տակով ու այլ ուղղություններով դուրս գալ դեպի Շուշի գնացող մատույցներ: Այսինքն՝ այնտեղ կա 20 օրվա տարբերություն. Շուշիի անկումը սկսվել էր 20 օր առաջ: Ադրբեջանցիների մուտքն այդտեղ պետք է փակվեր: Վերջին արարը վերջնականն էր, բայց մինչ այդ է Շուշիի հարցը լուծված եղել: Ադրբեջանցիները Շուշիի հարցը լուծել էին 20-25 օր առաջ:
- Նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթից հետո արյունահեղությունը չի կանգնել: Դրանից հետո մենք շուրջ 1000 զոհ էլ ունեցել ենք: Ի դեպ, այդ ժամանակ էլ էր Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղության դարաշրջանի մասին:
- Չպետք է մոռանալ, որ մեր Հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդիկ 2023թ. ցեղասպանության են ենթարկվել: Արցախցիների հասցեին վայրահաչողները մի շաբաթ կարո՞ղ էին ապրել արցախցիների կյանքով, երբ ծնողները հաց չէին ուտում, որ երեխաներին տան: Եթե մարդը չի զոհվել, նշանակում է՝ նա ցեղասպանության չի՞ ենթարկվել: Մարդն իր հայրենիքից է զրկվել: Արցախցիները Հայաստան էին գալիս 20-25 կգ նիհարած: Ու էսօր Փաշինյանն ասում է՝ մեզ ասում են դավաճան, ես էլ ասում եմ՝ փախած:
- Այն մարդը, ով կարդացել է վերջին 2 օրվա Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այնտեղ Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է տեսել, թե՞ թշնամություն, ատելություն, սպառնալիք: Ադրբեջանը կոնկրետ իրավական կառույցների հետ աշխատում է, փորձում են Հայաստանը ներկայացնել՝ որպես հանցագործ երկիր: Վաղը Նիկոլ Փաշինյանն ու նրա արբանյակները չեն լինելու, բայց այս քեյսերը մշտապես կախված են լինելու Հայաստանի գլխին:
- Փաշինյանն իր վաղվա զիջումների հիմնավորումն այսօր է անում: Վաղը որ էլի մի բան հանձնի, ասեն՝ ինչի՞ ես հանձնել, ասի՝ դե բա սահմանազատված չէ, ո՞նց իմանայինք՝ մերն է: Իրեն թվում է՝ իրենք շուստրիություն են անում: Չեն էլ ամաչում, քարտեզը դոշներին կպցրած՝ գնում են երկրից երկիր, խայտառակ են անում մեզ, բոլորը ծիծաղում են վրաները: Ինքը երևի անձնական որոնումների խնդիր ունի՝ իր հայրենիքը Թուրքիա՞ն է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը… Թող գնա, կողմնորոշվի, բայց մեր ժողովրդին թող չներքաշեն դրա մեջ: Անգամ մի քանի սերունդ արտասահմանում ծնված հայերի համար է Հայաստանը հայրենիք:
- Քանի որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բավականին հավակնոտ է դարձել, սրանց անգամ դեմքը փրկելու հնարավորություն չի տալիս: Ըստ երևույթին Սահմանադրություն փոխելու պայմանավորվածություններն ավելի շուտ են եղել, հիմա դեդլայնը մոտեցել է, էլ ժամանակ չեն տալիս մանևրելու:
- Համաձայն եմ, որ շեյմինգի ընդհանրական գործընթաց չի իրականացվում: Բնականաբար, տարբեր պաշտոնյաներ՝ յուրաքանչյուրն իր մասով, ներգրավված է այդ իշխանության հանցավոր սխեմաների մեջ և հետագայում իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի: Այո՛, այս թեման մշտապես պետք է լիներ հավաքական ընդդիմության ուշադրության կենտրոնում, որ ցանկացած պաշտոնյա իմանար՝ իր ցանկացած գործողություն հետագայում իրավական հետևանքներ է ունենալու: Իրենք գիտեն՝ ինչի մեջ են մտել:
- Ընդդիմության միավորման գործընթացին արդեն 16 ուժ միացել է, որքան էլ իշխանությունը փորձեց չեզոքացնել Սամվել Կարապետյանի գործոնը: Նիկոլ Փաշինյանի հանցավոր շղթան կոտրելու համար համախմբում է պետք, որովհետև դա 1-2 ուժի կարողությունների դաշտում չէ: Այս առումով ես կարևոր եմ համարում գործընթացը: Մենք հերթով բերում ենք առաջնահերթություններ, փորձում մեր մոտեցումները համադրել ու առաջ գնալ: Պրոցեսը մեկնարկել է, այո՛, բայց ոչ պակաս կարևոր է՝ գործընթացն ավարտին հասցնել: Սա չպետք է սահմանափակվի միայն ալիևյան սահմանադրության չեզոքացմամբ:
- Մարդիկ ինքնուրույն քաղաքական պրոցեսներ չեն կարող նախաձեռնել: Դա ընդդիմությունը պետք է անի: Երբ դու մարդկանց ճանապարհը ցույց ես տալիս, նրանք դառնում են ոչ անտարբեր: Եթե չկա ուղղորդող ուժ ու ծրագիր, ոչ ոք չի ակտիվանալու: Պետք չէ մարդկանց թերագնահատել: Մեկ բան է՝ մարդկանց տրամադրել, փողոց հանել, մեկ այլ բան՝ իմանալ, թե ոնց ես դու դա առաջնորդելու, ինչ ճանապարհով ես տանելու, որ մարդկանց նոր հիասթափությունների չբերես:
- Եթե այս իշխանությունն իրեն օրենքի դաշտից դուրս է դնում, ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանական ընտրությո՞ւն է կեղծում, թե՞ նախագահական: Այսինքն՝ Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը հարյուրներով ընդդիմադիր է կալանավորում: Եթե բոլորս մի թիրախի ուղղությամբ չենք աշխատում, չենք կարող ակնկալել, որ գործընթացը հաջողություն կունենա: Կրկնում եմ՝ առաջնահերթությունները դրված են, և բոլորը պետք է մոբիլիզացվեն այդ թիրախները խոցելու ճանապարհով: Պայքարի հիմնական առանցքը կա, իշխանությունն էլ ամեն ինչ անելու է՝ մեզ շեղելու համար. մեր խնդիրն է՝ որևէ կերպ չմտնել իր օրակարգի մեջ: Այո՛, լինելու են բռնաճնշումներ, բայց շատ բան կախված է նրանից, թե հավաքական ընդդիմությունը՝ որպես ընդհանուր խնդիր լուծող միավոր, ինչ ուղղությամբ է շարժվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Kajoyan Gevork. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/168-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a8-2020%d5%a9-%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80/