ԱԱԾ-ի «պադվալում» ամիսներ մնալով՝ Սամվել Կարապետյանն իշխանությունների հետ համ

Նոյեմբեր 9, 2026

«Նոյեմբերի 9-ի հետ կապված, ոչ միայն նոյեմբերի 9-ի, առհասարակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբից մինչև 2023 թվականի Արցախի կորուստը, մենք անընդհատ պետք է խոսենք ու հիշենք։ Հաճախ ենք մենք լսում, թե «դա պոպուլիզմ է», թե «ում ենք մենք նորից ցավ հիշեցնում», և այլն, բայց այդպես արտահայտվում են ընդամենն այն մարդիկ, ովքեր փորձում են մոռացության մատնել մեր պատմությունը, իսկ քանի դեռ մենք հիշում ենք, խոսում այդ մասին, ոչ մի էջ չի կարող փակվել։

Տաղավար եմ եկել Եռաբլուրից. այնտեղ ինձ մոտ միշտ մի միտք է լինում՝ դա իմ պայքարի աղբյուրն է։ Ես այնտեղ ոչ թե ուզում եմ, որ մարդիկ կոտրվեն, հանձնվեն, այլ ընդհակառակը՝ պայքարելու ուժ ստանան, որովհետև մենք ունենք կիսատ գործեր և պարտք ունենք այդ տղաների առջև, և մեր բոլոր քայլերը, մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն դրան»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ խոսելով նոյեմբերի 9-ի, դրան հաջորդած Արցախի կորստի և դրա քաղաքական պատասխանատուների մասին։

Նրա բնորոշմամբ՝ Արցախը եղել է այն վահանը, որը պաշտպանում էր Հայաստանի ամբողջ տարածքը, և հենց այդ վահանի կորստից հետո սկսվեցին զիջումները, կորուստների շղթան, որը մինչ օրս չի հաջողվում կանգնեցնել, քանի որ իշխանության են մարդիկ, ովքեր կարծում են, թե միայն զիջումներով կարող են երկիրը պահել։ Իսկ այս զիջումների շղթան, ըստ ընդդիմադիր պատգամավորի, կարող է կանգնեցվել, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն։

Կարդացեք նաև

  • Այս իշխանություններն ուղղակի պիտի հեռանան, որովհետև իրենք մահաբեր են․ Նինա Կարապետյանց
  • «Որտեղ հաց, այնտեղ կաց» («Ubi bene ibi patria») արտահայտությունը հայկական ժողովրդական ասույթ չէ, ինչպես փորձում են մտցնել մեր ուղեղը. Միքայել Մալխասյան
  • ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է. ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ

«Միայն իշխանափոխությունը կարող է դադարեցնել միակողմանի զիջումների շղթան։ Եվ այսօրվա իշխանությունները, երբ անընդհատ սպառնում են ժողովրդին պատերազմով, շատ սյուրռեալիստական իրավիճակ է ստացվում, որովհետև հենց նրանց օրոք է, որ հայ ժողովուրդը տեսել է պատերազմներ, անդադար կորուստներ, հազարավոր կորուստներ, և հիմա նրանք փաստացի սպառնում են իրենց իսկ ժողովրդին պատերազմով։

Իշխանափոխությունը չի կարող լինել միայն խորհրդարանով ու փողոցով. տարբեր ուղղությունների, տարբեր հատվածների համատեղ աշխատանքի արդյունքում պետք է լինի։ Խորհրդարանում արդեն խոսվում է արտահերթ ընտրությունների հավանականության մասին, խոսվում է, որ եթե հանրաքվե լինի, և ժողովուրդը նոր Սահմանադրությանը «ոչ» ասի, ինչպես Արարատ Միրզոյանն է հայտարարել, կհեռանան իշխանությունից։ Այսինքն՝ հիմա շատ տուրբուլենտ փուլ ենք մենք մտնել, և տարբեր սցենարներ են քննարկվում, և բոլոր դիրքերն այսօր պետք է ամրացնել»,- հավելեց Արեգա Հովսեփյանը։

Խոսելով նոր Սահմանադրության մասին, մեր զրուցակիցն ասաց․ ««Ալիևյան Սահմանադրությունը», որն այս իշխանություններն առաջարկում են, տեղ չունի Հայաստանում, և հենց սրա մասին են այսօր փորձում բացատրել ժողովրդին՝ իրազեկման ակցիաներ անելով»։

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ կազմը թույլ է տալիս հենց խորհրդարանում կասեցնել նոր Սահմանադրության ընդունումը, և սա այն կարևորագույն գործիքն է, որի մասին «Ուժեղ Հայաստանը» բազմիցս հայտարարել է. հենց դրա համար է մտել խորհրդարան, հատկապես, երբ քննարկվում էր մանդատ վերցնելու կամ չվերցնելու խնդիրը։

«Բայց ամեն դեպքում՝ մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, և այսօր էլ ժողովրդի հետ շփումները, ակցիաները հենց այն նախերգանքն են, որ ժողովրդի հետ անմիջական շփումներ են պետք, և ժողովուրդը պետք է իր կարծիքն օբյեկտիվորեն կարողանա կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նախաստորագրված պայմանագրում չկա կետ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, հետևաբար, եթե չկա նման կետ, ապա խաղաղությանը խոչընդոտող որևէ պահանջ այսօր չպիտի լինի։ Ոզում ենք օր առաջ կանգնեցնել այն գահավիժումը, որն այս իշխանությունների օրոք տեղի է ունենում Հայաստանում»,- հավելեց նա։

Հենց այս համատեքստում է պատգամավորը դիտարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ շեշտելով․ «Սամվել Կարապետյանին փորձում են այսպես նեյտրալիզացնել, անազատության մեջ պահել, որպեսզի կարողանան իրագործել «ալիևյան Սահմանադրության» ընդունումը»։ Սակայն վստահ է՝ «Ուժեղ Հայաստանը» երբեք կողմ չի լինելու «ալիևյան Սահմանադրությանը»։

«Չգիտեմ՝ պատմության մեջ քանի դեպքեր են այդպես եղել, որ մի քանի ամսվա կուսակցությունը կարողանում է այսպիսի հաջողության հասնել, կարելի է ասել՝ այսպիսի թվերի, տոկոսայնության հասնել ընտրությունների ժամանակ։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մենք հենց այն այլընտրանքն ենք, որին ժողովուրդը երկար ժամանակ սպասում է։ Սամվել Կարապետյանը դա ցույց է տվել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Երկար ամիսներ մնալով անազատության մեջ՝ ԱԱԾ-ի «պադվալում», նա համագործակցության չի գնացել այս իշխանությունների հետ և շարունակել է այն սկզբունքային դիրքորոշումը, որը որդեգրել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու ժամանակ»,- նշեց Արեգա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր 13 ուժերի համախմբմանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ վերջին 6 տարիների ընթացքում՝ առնվազն 2020 թվից այս կողմ, նման համախմբման փորձերի շատ են ականատես եղել։ Բազմիցս ֆորսմաժորային իրավիճակներում նման համախմբում է տեղի ունեցել՝ երբեմն արդյունավետ, երբեմն՝ ոչ այդքան արդյունավետ։ Հետևաբար՝ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր գործիքը, որի միջոցով նա կարողանում է հայկական քաղաքականությունն առաջ տանել, պառակտումն է, որի միջոցով էլ նա կարողանում է պահել իր իշխանությունը։

«Համախմբման ցանկացած քայլ միայն ձեռնտու է հայ ժողովրդին, և հետևաբար՝ ես համոզված եմ, որ համախմբումը միայն ի օգուտ է լինելու։ Եվ մենք, ճիշտ գործիքակազմ կիրառելով ու նախորդ փորձերից դասեր քաղելով (սա շատ կարևոր է՝ դասեր քաղելով), կհասնենք հաջողության», -ընդգծեց Արեգա Հովսեփյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Maghakian Mike. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/10/%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%a4%d5%be%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b4%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d5%be%d5%9d-%d5%bd%d5%a1%d5%b4/

Leave a Reply