Ինչո՞ւ Ալիևը բոյկոտեց Էրդողանի հրավերը

Հոկտեմբեր 30, 2026

Տասնամյակներ շարունակ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով զարգացած ադրբեջանաթուրքական հարաբերություններում այս օրերին նկատվում է աննախադեպ լարվածություն, որը հարցականի տակ է դնում երկկողմ ռազմավարական դաշնակցության անխախտելիության միֆը։ Այն, ինչ մինչև վերջերս դժվար էր պատկերացնել անգամ երկու երկրների միջև առկա առանձին տարաձայնությունների համատեքստում, այժմ վերածվել է բացահայտ դիվանագիտական հակասության, որն արտահայտվում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև կոնկրետ քայլերով։

Լարվածության գագաթնակետը դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 30-ին Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի անձնական հրավերին։ Ադրբեջանի նախագահի փոխարեն՝ գագաթնաժողովին մասնակցեց արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Լարվածության անմիջական պատճառը դարձավ Ադրբեջանում սեպտեմբերին ընդունված որոշումը, որով հանրակրթական դպրոցներում սահմանափակվեցին աշակերտների՝ համազգեստից շեղվող հագուստ կրելու հնարավորությունները։

Նոր կանոնակարգը փաստացի հանգեցրել է դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիների՝ դասերին մասնակցելու սահմանափակումների։ Այս որոշումը կոշտ արձագանք առաջացրեց մի շարք երկրներում, այդ թվում՝ Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, հատկապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ ներկայացուցիչների շրջանում։ Թուրքական կողմի քննադատությունը, սակայն, Բաքվում ընկալվեց ոչ թե որպես կրոնական կամ կրթական քաղաքականության շուրջ կարծիքների բախում, այլ՝ որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։

Կարդացեք նաև

  • Կգնա Մոսկվա՝ կհանձնվի… իսկ եթե ոչ, ա՛յ ապոկալիպսիսն այդ ժամանակ կլինի. Դավիթ Անանյան
  • Ահաբեկումը թափ է առնում. երբ թույլատրում ես լինել ագրեսիվ, անել ինչ ցանկանում են՝ ջարդել, փշրել, հավաստիացնում ես՝ իրենք դրա համար չեն պատժվելու. Նալչաջյան
  • Հարբած ամուսին, մատանի… քաղաքական բռնարարների վերջին երեսպաշտությունը

Հակասությունը նոր մակարդակի բարձրացավ, երբ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հրապարակայնորեն քննադատեց Բաքվի որոշումը՝ այն դիտարկելով՝ որպես աշակերտների կրոնական իրավունքների սահմանափակում։

Սարալը հոկտեմբերի 12-ին սոցիալական ցանցերում գրեց, որ անընդունելի է աշակերտներին գլխաշոր կրելու պատճառով կրթության իրավունքից զրկելը։ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հակադարձեց՝ թուրքական իշխող կուսակցության ներկայացուցիչներին հորդորելով զերծ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին։

Հաջորդ քայլերն արդեն շատ ավելի կոշտ բնույթ ստացան։ Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ 31 Թուրքիայի քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ և հասարակական գործիչներ, ներառվել են անցանկալի անձանց ցուցակում և զրկվել Ադրբեջան մուտք գործելու հնարավորությունից։

Բաքուն այդ որոշումը հիմնավորեց Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հայտարարություններով, ինչպես նաև կրոնական թշնամանք հրահրելու և իշխանությունը բռնի ճանապարհով տապալելու կոչերով։ Զուգահեռաբար Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մի շարք թուրք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզման միջոցներ ձեռնարկեց։ Իսկ հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Օքթայ Սարալը հեռացել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Հարցազրույցում նա հաստատել էր, որ հրաժարականը տվել է նախագահի ցուցումով՝ նշելով. «Պարոն նախագահն ինձ նշանակել էր այդ պաշտոնում, և ես նրա ցուցումով հրաժարական տվեցի»։ Այսպիսով, Անկարան, ըստ էության, ստիպված եղավ քայլ կատարել Բաքվի դժգոհությունը մեղմելու ուղղությամբ, սակայն դա չհանգեցրեց հարաբերություններում բռնկված լարվածության մեղմմանը:

Դպրոցներում գլխաշորերի շուրջ ծագած վեճը, ամենայն հավանականությամբ, ընդամենը բացահայտեց ավելի խորքային տարաձայնություններ, որոնք կուտակվել էին թուրք-ադրբեջանական հարաբերություններում։ Դրանցից մեկը երկու երկրների Իսրայելի նկատմամբ տարբեր մոտեցումներն են։ Թուրքիան Գազայի պատերազմի համատեքստում Իսրայելի ամենակոշտ քննադատներից է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է պահպանել Թել Ավիվի հետ սերտ քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Բաքվի և Անկարայի շահերը միշտ չէ, որ համընկնում են նաև Հարավային Կովկասում ազդեցության հարցում։ Թեև Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հանդես գալ տարածաշրջանային գործընթացներում միմյանց աջակցելու դիրքերից, Բաքուն այս ռեգիոնում փորձում է առավելապես ադրբեջանական օրակարգն առաջ մղել՝ ձգտելով հասնել նրան, որ գործընթացները չշեղվեն իր ռազմավարական շահերից։

Հատկանշական է, որ լարվածության խորացմանը զուգահեռ՝ դիվանագիտական անհամաձայնությունների նոր դրսևորումներ ի հայտ եկան նաև միջազգային հարթակներում։ Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արաբական Միացյալ Էմիրությունների պետական նախարար Լանա Նուսեյբեի թեկնածության առաջադրումը։

Թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում այս հայտարարությունը մեկնաբանվեց նաև Անկարայի հնարավոր թեկնածուի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի նկատմամբ Բաքվի աջակցության բացակայության համատեքստում։ Թուրքիայի թեկնածությունը տվյալ պահին դեռ պաշտոնապես առաջադրված չէր, այնուամենայնիվ այս թեմայի շուրջ առաջացած արձագանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան զգայուն են երկու երկրների հարաբերությունները և որքան արագ են տարբեր հարցեր վերածվում փոխադարձ անվստահության առիթի։

Այս ամբողջ գործընթացի ամենախորհրդանշական դրվագը, սակայն, դարձավ Ալիևի՝ Անկարա չմեկնելու որոշումը։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 21-ին Էրդողանն անձամբ հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ, քննարկել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև հրավիրել նրան մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու առաջնորդներն ընդգծել էին եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։ Սակայն հոկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ալիևը չի մեկնի Թուրքիա՝ պատճառաբանելով նախապես ծրագրված միջոցառումներով և զբաղված աշխատանքային գրաֆիկով։

Չնայած պաշտոնական ինչ-ինչ բացատրություններին, Ալիևի բացակայությունը դժվար է դիտարկել որպես սովորական ժամանակացուցային որոշում մի իրավիճակում, երբ գագաթնաժողովը ոչ միայն Թյուրքական պետությունների կազմակերպության հերթական հանդիպումն է, այլև Ադրբեջանի նախագահությունից Թուրքիայի նախագահությանն անցնելու պահը։

Իր հերթին, Էրդողանը գագաթնաժողովի բացման ելույթում փորձեց ընդգծել թյուրքական աշխարհի միասնականության անհրաժեշտությունը՝ հայտարարելով. «Թյուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարում բաժանման, պառակտման կամ տարաձայնության տեղ չկա։ Մենք մեկ ենք, միասին ենք, և, Աստծո կամոք, հավերժ եղբայրներ ենք»։

Սակայն այս հայտարարությունը հնչում էր որպես քաղաքական ուղերձ՝ ուղղված Բաքվին: Ալիևի բացակայությունը, հատկապես Էրդողանի անձնական հրավերից և թուրքական կողմից լարվածությունը մեղմելու ուղղությամբ ձեռնարկված քայլերից հետո, կարող է դիտարկվել՝ որպես Բաքվի դժգոհության ցուցադրական արտահայտություն։

Այս ամենը դեռևս չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը կանգնած են ռազմավարական դաշինքի փլուզման կամ հարաբերությունների խզման շեմին։ Երկու երկրներին կապում են ոչ միայն քաղաքական հայտարարություններն ու պատմամշակութային ընդհանրությունները, այլև շատ կոնկրետ ռազմավարական շահեր՝ պաշտպանական համագործակցություն, էներգետիկ ենթակառուցվածքներ, տրանսպորտային միջանցքներ և տարածաշրջանային ազդեցության համատեղ ընդլայնում։

2021 թվականին ստորագրված Շուշիի հռչակագիրը նրանց հարաբերությունները բարձրացրել է դաշնակցային մակարդակի, իսկ այդ համագործակցության վերանայումը լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի համար։ Միևնույն ժամանակ, ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը չի վերացնում շահերի բախման հնարավորությունը։ Ավելին, Բաքուն ակնհայտորեն  ցույց է տալիս, որ չի ընդունում, որ եղբայրական հարաբերությունների գաղափարը վերածվի քաղաքական ենթակայության մեխանիզմի։

Հայաստանի համար այս զարգացումները հատկապես կարևոր են ոչ միայն թուրք-ադրբեջանական դաշինքի հնարավոր ճգնաժամի, այլև տարածաշրջանային ուժային հարաբերակցությունների տեսանկյունից։ Եթե տարաձայնությունները շարունակեն խորանալ, կարող են առաջանալ որոշակի հակասություններ նաև Հարավային Կովկասում Անկարայի և Բաքվի հետագա քայլերի, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Սակայն այս փուլում վաղաժամ կլինի ենթադրել, թե երկու երկրների միջև լարվածությունը կարող է հանգեցնել նրանց ռազմավարական շահերի էական վերանայման կամ Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխության։

Առավել հավանական է, որ կողմերը կհարթեն ստեղծված իրավիճակը և կվերանայեն իրենց որոշ մոտեցումներ: Ալիևի՝ Անկարա չմեկնելու որոշումը դեռևս խզում չէ, բայց բավական խոսուն ազդակ է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում եղբայրության մասին քաղաքական հռետորաբանության տակ առկա են շահերի լուրջ հակասություններ, որոնք այլևս հնարավոր չէ ամբողջությամբ թաքցնել։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Karapet Navasardian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/31/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-%d5%a2%d5%b8%d5%b5%d5%af%d5%b8%d5%bf%d5%a5%d6%81-%d5%a7%d6%80%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a1%d5%be%d5%a5/

Leave a Reply