Հոկտեմբեր 29, 2026
Հոկտեմբերի 29-30-ին Անկարայում մեկնարկում է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտգործնախարարների հանդիպումն ու 13-րդ գագաթնաժողովը։ Ադրբեջանի նախագահությունից Թուրքիայի նախագահությանն անցումը տեղի է ունենում մի փուլում, երբ Անկարան փորձում է ոչ միայն ամրապնդել իր ազդեցությունը թյուրքական պետությունների շրջանակում, այլև կազմակերպությանը հաղորդել ավելի մեծ միջազգային կշիռ՝ այն վերածելով քաղաքական, տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության առավել գործուն հարթակի։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսելով Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի մասին, վստահություն էր հայտնել, որ թյուրքական աշխարհի երկրները կպահպանեն միասնությունը նրանց միջև եղբայրական կապերը հակառակ դրանք խաթարելու փորձերի:
Նա նաև նշել էր, որ Թուրքիան չի ձգտում առճակատման այլ երկրների հետ, այլ մտադիր է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը Արևելյան Միջերկրականի ծովային գոտիներում։
Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեռևս սեպտեմբերին հայտարարել էր, որ թյուրքական աշխարհի օրակարգում առաջիկա շրջանում կարևոր հարցեր կան՝ ընդգծելով հոկտեմբերի 29-ին՝ արտգործնախարարների հանդիպման, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովի նշանակությունը։ Նախատեսվում է, որ Թուրքիան կազմակերպության նախագահությունը կստանձնի Ադրբեջանից։
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ևս քննարկվել էին կազմակերպության միջազգային դերակատարության բարձրացման և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցերը։ Ուշագրավ է, որ գագաթնաժողովը տեղի է ունենում «Թյուրքական դարաշրջան. միասնություն լեզվով, մտքով և գործով» կարգախոսի ներքո:
Թուրքիայի համար ԹՊԿ-ն կարևոր է ոչ միայն լեզվական, մշակութային և պատմական ընդհանրությունների տեսանկյունից, այն նաև հնարավորություն է՝ ինստիտուցիոնալ հիմք ստեղծել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հարաբերությունների խորացման համար։ Անկարայի հավակնությունները չեն սահմանափակվում կազմակերպության անդամ պետությունների միջև երկկողմ հարաբերություններով։ Հաքան Ֆիդանը սեպտեմբերին Նյու Յորքում շեշտել էր թյուրքական պետությունների՝ տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին միասնական տեսլականով արձագանքելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի առաջադրած խնդիրներից է նաև կազմակերպության միջազգային տեսանելիության և ինստիտուցիոնալ կապերի ընդլայնումը։ Սա նշանակում է, որ նախագահության ընթացքում Անկարան կարող է փորձել ավելի գործնական բովանդակություն հաղորդել կազմակերպությանը՝ ընդլայնելով փոխկապակցվածությունը, համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Կարևոր է հաշվի առնել նաև առանցքային հանգամանքը, որ ԹՊԿ անդամ պետությունները չունեն բոլոր հարցերի շուրջ նույնական արտաքին քաղաքական դիրքորոշումներ՝ Կենտրոնական Ասիայի երկրները փորձում են վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ պահպանելով հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի և արևմտյան պետությունների հետ։ Անկարայի նպատակը կազմակերպության բոլոր անդամների միասնական քաղաքական գիծ ձևավորելու հեռանկարն է: Հայաստանի համար այս զարգացումն ունի առանձնահատուկ նշանակություն։
Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը վերջին տարիներին դարձել է Հարավային Կովկասի կարևոր գործոններից մեկը։ Եթե Ադրբեջանը նախագահության ընթացքում շեշտադրում էր տրանսպորտային կապերի, տարանցիկ ենթակառուցվածքների և թյուրքական աշխարհի միասնականության խորացումը, ապա Թուրքիայի նախագահության պայմաններում հարցն այն է, թե ինչպես են այդ առաջնահերթությունները համադրվելու Անկարայի ավելի լայն տարածաշրջանային ծրագրերի հետ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերին ԹՊԿ շրջանակում ընդգծել էր տրանսպորտային կապերի և տարանցիկ ենթակառուցվածքների ամրապնդման անհրաժեշտությունը՝ դրանք դիտարկելով առևտրի, էներգետիկ համագործակցության ընդլայնման համատեքստում։
Այս ուղղությունը կարևոր է նաև Թուրքիայի համար, որի տարածաշրջանային քաղաքականության մեջ հաղորդակցությունների զարգացումն ունի աշխարհաքաղաքական նշանակություն։ Հարավային Կովկասում վերջին տարիներին Թուրքիայի ազդեցության ընդլայնման ֆոնին Հայաստանի համար էական նշանակություն ունեն այս զարգացումները:
Հայաստանի համար զգայուն է հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ ձևավորվող օրակարգը։ Եթե հաղորդակցությունների հարցն առաջ է մղվում բացառապես թուրքական և ադրբեջանական ռազմավարական նպատակների իրականացման միջոցով, ապա Հայաստանի շահերը շարունակում են նսեմացվել մի շարք ուղղություններով:
Թուրքիայի ակտիվությունը թյուրքական պետությունների շրջանակում պետք է դիտարկել նաև ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։ Կենտրոնական Ասիան կարևոր է ինչպես՝ Չինաստանի և Ռուսաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի և արևմտյան դերակատարների համար՝ էներգետիկ ռեսուրսների, առևտրային ուղիների, ենթակառուցվածքների տեսանկյունից։ Անկարան փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ օգտագործելով պատմամշակութային կապերը և տնտեսական համագործակցության հնարավորությունները։
Այս համատեքստում հատկապես ուշագրավ է Արևմուտքի դիրքորոշումը, որը մեծ մասամբ կողմ է Թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի և ազդեցության ընդլայնմանը։ Արևմտյան մայրաքաղաքներում ԹՊԿ-ն դիտարկվում է որպես Կենտրոնական Ասիայի երկրների ինտեգրման և Ռուսաստանից ու Չինաստանից տնտեսական ու քաղաքական կախվածության նվազեցման այլընտրանքային ուղի։ Հատկապես էներգետիկ և տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացման տեսանկյունից Արևմուտքը շահագրգռված է, որ Անկարան ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում՝ որպես հավասարակշռող գործոն։ Արդյունքում, Թուրքիայի հավակնությունները և ԹՊԿ-ի ինստիտուցիոնալ հզորացումը ստանում են լուռ կամ բացահայտ աջակցություն արևմտյան գործընկերների կողմից։
Հայաստանի համար ստեղծված այս իրավիճակն ունի խիստ զգայուն և բազմաշերտ նշանակություն։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական նպատակները, որոնք միտված են տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային միջանցքների վերահսկմանը, անտեսում են հայկական կողմի շահերը։ Իսկ այս հարթակի ազդեցության ամրապնդումը միայն խորացնելու է աշխարհաքաղաքական այս միտումները:
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Թուրքիայի նախագահությամբ Թյուրքական պետությունների կազմակերպությունը թևակոխում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ, որտեղ միահյուսվում են Անկարայի պանթյուրքական հավակնությունները և Արևմուտքի աշխարհաքաղաքական հաշվարկները։
Այս բարդ ու փոփոխվող միջավայրում Հայաստանի համար ռիսկերը չափազանց շատ են։ Սեփական շահերի պաշտպանությունը տարածաշրջանային հաղորդակցություններում և միջազգային հարթակներում պահանջում է հստակ հակակշիռներ ստեղծելու կարողություն՝ թույլ չտալով, որ գլոբալ և տարածաշրջանային ուժերի շահերի բախումը հանգեցնի հայկական պետականության շահերի նսեմացման։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Edgar Tavakalian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/29/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%b8/