Հոկտեմբեր 25, 2026
«Եթե դու TRIPP-ը 49 տարով տվել ես ԱՄՆ-ին՝ եկամուտների 74% շահույթով, քաղաքական միամտություն է կարծել, որ այն բացառապես տնտեսական նախագիծ է: Հայաստանի համար հասույթը չի գերազանցելու 70-80 միլիոն դոլարը, որը կարելի էր որպես միջազգային վարկ ներգրավել, ոչ թե երկրիդ ռազմավարական կարևոր նշանակության տարածքը հանել աճուրդի: Ստացվում է, որ Սյունիքն Արցախից հետո գլխավոր աշխարհաքաղաքական բանալին է, և եթե դու աշխարհաքաղաքական ինքնուրույնությունը կորցնում ես, քեզ հաշվի չեն առնում որոշումներ կայացնելիս, որովհետև դու ընդամենը տրանզիտ տարածք ես»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն Սյունիքը չէ։ Սյունիքը նպատակ է։
«Եվ եթե մենք աշխարհաքաղաքական ինքնուրույնությունը և այդ խաղաքարտով խաղալու հնարավորությունը մեր ձեռքից բաց ենք թողել կամ, այսքան կոպիտ ասեմ, էժան ենք վաճառել՝ հանելով աճուրդի, նշանակում է, որ մենք որևէ դերակատար չենք։ Վերջին 10 օրվա ընթացքում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների հետ ՄԱԿ-ի շրջանակում հանդիպումներ են ունեցել, քննարկել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, իսկ Հայաստանը չկա այդտեղ։ Այսինքն՝ քեզ հաշվի չեն առնում։
Ամերիկացիները հիմա «միջանցք» բառի փոխարեն՝ գործածում են «քոնեքթիվիթի» (connectivity) բառը, որպեսզի այստեղ հավելյալ կրքեր չբորբոքեն և, մեծ հաշվով, ներքին դիմադրության չհանդիպեն։ Ասում են՝ դե, կապում են ուղիները, դուք էլ եք օգտվելու, իրենք էլ են օգտվելու։ Բայց երբ խնդիրը վերաբերում է Իրանի սահմանին, այստեղ հաշվարկները մի փոքր փոխվել են»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:
Վերջինս առաջարկեց վերլուծել, թե վերջին 2 տարվա ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել 3 գլխավոր մակարդակներում՝ նարատիվային, պրոցեդուրալ և ինստիտուցիոնալ։
«Իրանը կտրուկ դեմ էր TRIPP-ին, ընդհուպ սպառնում էր ռազմական գործողություններով, եթե իր հյուսիսային սահմանում հատվեին իր կարմիր գծերը։ Հետո, եթե նկատեցիք, ինչ-որ փուլում այդ հռետորաբանությունը փոխվեց, տոնայնությունը նվազեց։ Ինտենսիվացան Հայաստանի և Իրանի պաշտոնյաների հանդիպումներն ու շփումները, համենայնդեպս՝ վերջին 6 ամսվա ընթացքում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Իրանի և Իսրայելի վերջին պատերազմից հետո, բնականաբար, յուրաքանչյուր պատերազմից հետո յուրաքանչյուր պետություն վերանայում է իր քաղաքականությունը, սխալներն ու ռազմավարությունը։ Հիմա իրենց երկրի դոկտրինն են վերանայում, ճիշտ այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում են վերանայել անվտանգային դոկտրինը։
Ի՞նչ են անում իրանցիներն այժմ, և ինչո՞ւ են հաճախակիացել Իրանի հետ շփումները՝ պաշտոնյաների մակարդակով հանդիպումները։ Գլխավոր հարցադրումը ճանապարհը չէ, այլ այն, թե ով է վերահսկելու այդ ճանապարհը, երբ դու ունես ընդամենը 26% ինքնիշխանություն: TRIPP-ի փաստաթղթի 13 էջի մեջ չեք գտնի որևէ կետ, որ Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում պատրաստ են ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հետևաբար՝ պարսիկները բանակցում են ճանապարհի վերահսկողության համար, որովհետև եթե ԱՄՆ-ը պետք է այն վերահսկի, ապա դա Իրանի համար խնդիր է»,- նշեց Աբրահամ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/25/%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%84%d5%b6-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%b8-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/