ՀԻՋԱԲ… Այն, որ Ալիևը դասական մահմեդական գործչի կերպար չունի, Ադրբեջանում արդե

Հոկտեմբեր 25, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ նաև թուրք-ադրբեջանական հիջաբային հակամարտությանը:

«Հիջաբը՝ կանացի իսլամական գլխաշորը, ունի ոչ միայն իսլամական կրոնից բխող որոշակի արմատներ։ Ըստ այդ կրոնական պատկերացումների՝ կինը, իսկ ավելի կոնկրետ՝ 12 տարեկանից բարձր աղջիկը, պետք է սկսի կրել այդ գլխաշորը՝ դրա տարբեր ձևերով։ Սակայն հիջաբը վաղուց վերածվել է նաև քաղաքական իսլամի խորհրդանիշի։ Այսինքն՝ գլխաշորը պարզապես սովորական հագուստի ատրիբուտ չէ։ Դա քաղաքական իսլամի խորհրդանիշն է, և այդ խորհրդանիշի նկատմամբ ցանկացած քայլ կարող է շատ լուրջ զարգացումների հանգեցնել։ Թուրքիայի պարագայում պետք է հաշվի առնել, որ այսօրվա Թուրքիայում իշխող ուժը՝ Էրդողանի գլխավորությամբ, իշխանության է 2002 թվականից։ Նրա քաղաքական պայքարը, կարելի է ասել, հենց սկզբից ընթացել է այս քաղաքական խորհրդանիշների պաշտպանության լոզունգներով։ Այսինքն՝ այսօրվա Թուրքիայի իշխող ուժը քաղաքական իսլամին հարող և իսլամը կրող ուժ է։ Հիջաբը կամ կանացի գլխաշորը՝ որպես խորհրդանիշ, նրանց համար շատ կարևոր նշանակություն ունի։ Էրդողանը և նրանից առաջ եղած իսլամամետ քաղաքական ուժերը տարբեր տարիներին անընդհատ հանդես են եկել կանացի գլխաշորի պաշտպանության դիրքերից։ Նույն Էրդողանի կինը գլխաշոր է կրում, նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը նույնպես գլխաշոր էր կրում։ Այստեղ հարցը շատ ավելի հայեցակարգային պայքարի մասին է՝ աշխարհիկության և իսլամականության»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Վերջինս նշեց՝ Թուրքիայի հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայում արգելել էր կանացի գլխաշոր կրել՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա Իլհամ Ալիևն է արգելում այն կրել Ադրբեջանում։ 

«Թուրքիայի՝ 20-րդ դարի սկզբին՝ հանրապետության ձևավորումից հետո, 1920-ական թվականներին ընդունված օրենքների համաձայն՝ պետական հաստատություններում, այդ թվում՝ կրթական հաստատություններում և դպրոցներում, իրավունք չկար գլխաշոր կրելու։ Ավելին՝ աշակերտներին անգամ թույլ չէին տալիս մտնել դպրոց, եթե գլխաշոր էին կրում։ Այս թեման տեղ է գտել նաև թուրքական գրականության մեջ։ Նույնիսկ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի վեպերում է դրա մասին խոսվում։ Փաստորեն, Էրդողանը պայքարում էր այս ամենի դեմ և հանդես էր գալիս Աթաթուրքի սկզբունքների դեմ։ Հետևաբար, սա նրանց քաղաքական իմիջի կարևոր տարրերից մեկն է։ Անհնար էր, որ Թուրքիան չարձագանքեր Ադրբեջանում, թեկուզև եղբայրական Ադրբեջանում, այս հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև, ինչպես արդեն նշեցի, իրենք իրենց դիրքավորում են՝ որպես գլխաշորի և այդ քաղաքական խորհրդանիշի պաշտպաններ»,- ասաց թուրքագետը:

Կարդացեք նաև

  • Փաշինյանի մեջ մի կենդանի բջիջ գտել եմ… սպառնաց՝ հանելու է, բայց ես իմ կոշիկն իրեն չեմ տա. Էդգար Ղազարյան
  • Սյունիքն Արցախից հետո գլխավոր աշխարհաքաղաքական բանալին է դարձել. ի՞նչ կանի Իրանը. Աբրահամ Գասպարյան
  • Իրան, ԱՄՆ և Պարսից ծոց. ինչո՞ւ ռազմական էսկալացիան չի երաշխավորում քաղաքական հաղթանակ

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ երկրորդ հանգամանքը վերաբերում է Իրանին, որտեղ նույն խնդիրը կա, բայց մի փոքր այլ տեսանկյունից։ Իրանում նախորդ՝ շահական ռեժիմը, որը տապալվեց 1979 թվականին, արգելում էր կրոնական գլխաշոր կրելը։ Իսկ արդեն 1979թ. հետո՝ Իրանի Իսլամական Հանրապետության ձևավորումից հետո, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. կանացի գլխաշորը դարձավ պարտադիր։ Հիմա էլ Իրանում, ինչպես կհիշեք վերջին ցույցերի ժամանակ, այդ հարցն էր քննարկվում՝ կանանց ազատության և այլնի համատեքստում։ Խոսքը գլխաշորը հանելու թույլտվության կամ հանրային վայրերում դրա կրելու կանոնները որոշակիորեն մեղմացնելու մասին էր, որպեսզի կանայք կարողանան գլխաշորի այլ տարրեր կամ այլ ոճեր կրել, այլ ոչ թե պարտադիր կերպով ամբողջությամբ ծածկող գլխաշոր։ Փաստորեն, տեսնում ենք, որ թե՛ Թուրքիայում, թե՛ Իրանում այդ գլխաշորը քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկն է։ Հիմա նույն հարցը ծագում է Ադրբեջանում, որտեղ պատկերը մի փոքր խառն է։

«Ադրբեջանն աշխարհիկ պետություն է։ Միևնույն ժամանակ, հատկապես Ղարաբաղյան հարցի համատեքստում, Ադրբեջանն իրեն դիրքավորում էր՝ հղում անելով իսլամական համերաշխության սկզբունքներին։ Փորձում էր համոզել, որ իսլամադավան երկրները պետք է արտահայտվեն ընդդեմ Արցախի հայկական լինելու, և այլն։ Այսինքն՝ փորձում էր խնդիրը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն՝ հայերի և ադրբեջանցիների միջև քրիստոնեության ու իսլամի պայքար։ Ադրբեջանական կողմը նաև պնդումներ էր ներկայացնում, թե Արցախում մզկիթներ են քանդվել, պղծվել և այլն։ Հիմա, փաստորեն, Իլհամ Ալիևը բախվում է մի երևույթի, երբ իր հասարակության մեջ կրոնական տրամադրությունները որոշակիորեն աճել են։ Այդ աճը հասել է այն մակարդակին, որ հասարակության տարբեր շերտեր կանացի գլխաշորի նկատմամբ ունեն շատ սկզբունքային վերաբերմունք։ Այդ շերտերի մեջ են աշակերտները, ուսանողները, ուսուցիչները և այլք։

Ադրբեջանը շիա բնակչությամբ երկիր է, այսինքն՝ բնակչության մեծամասնությունը շիա դավանանքի հետևորդ է։ Շիայականությունը նաև Իրանում իսլամի ամենատարածված ուղղությունն է։ Այդ պատճառով Ադրբեջանում մեղադրանքներ են հնչում, թե այս հարցում Իրանը որոշակի քաղաքական և հոգևոր ազդեցություն ունի։ Այսինքն՝ երբ Ալիևն ասում է, որ արտաքին ազդեցություն կա, դա առաջին հերթին Իրանին է ուղղված, ոչ թե միայն Թուրքիային։ Իրանի և Ադրբեջանի բնակչության մեծամասնության դավանանքային ուղղությունը նույնն է՝ շիայականությունը։ Թուրքիայի պարագայում, ընդհակառակը, Թուրքիան հիմնականում սուննի մահմեդական երկիր է, բայց գլխաշորի նկատմամբ այնտեղ նույնպես հատուկ վերաբերմունք կա։ Ուստի Թուրքիան ևս անդրադառնում է այս խնդրին։ Սա հարցի կրոնական և պատմական ասպեկտն է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ Իրանը շիայական պետություն է, Թուրքիան՝ սուննիական, և Ադրբեջանը հայտնվել է նրանց արանքում:

«Ալիևն աշխարհիկ գործիչ է, իսկ շիայական ավանդական աշխարհայացք ունեցող քաղաքացիների համար այն, որ Ալիևը դասական մահմեդական գործչի կերպար չունի, արդեն խնդիր է: Ինչքան Ադրբեջանում աճեն իսլամական պահպանողական հայացքներով շերտերը, այնքան Ալիևի իշխանության դիրքերը կթուլանան: Ալիևի քայլերն ուղղված են նաև իշխանության պահպանությանն ու հնարավոր փոխանցմանը:

Ադրբեջանում կա հետևյալ խոսույթը՝ Արցախում այդքան մուսուլման շեհիդներ նահատակվեցին, որ այսօր Ադրբեջանում հնարավոր չլինի՞ հիջաբ կրել: Բայց սրա հիմքերն էլ է Ալիևը դրել, որովհետև կրկնեմ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը հենց այդպես էր դիրքավորվում, որ սա հավատի համար պատերազմ է»,- ասաց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանը նաև նշեց՝ հիմա ևս մեկ անգամ պետք է հետհայացք նետենք «ֆուտբոլային դիվանագիտությանն» անկողմնակալ, առանց որևէ էմոցիայի, և կտեսնենք՝ ինչ նուրբ խաղ էր այն ժամանակ գծել նախագահ Սերժ Սարգսյանը, որ այդ քայլով լարվածություն առաջացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chmshkian Vicken. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/25/%d5%b0%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a2-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b8%d6%80-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a5%d5%a4%d5%a1%d5%af/

Leave a Reply