Անկարայի խաղը՝ գլոբալ ճգնաժամերում. Ինչո՞ւ է Թուրքիան ստեղծում R4+E3 նոր հարթ

Հոկտեմբեր 23, 2026

Թուրքիայի նախաձեռնությամբ Ստամբուլում հոկտեմբերի 23-ին մեկնարկում է յոթ երկրների արտգործնախարարների հանդիպումը R4+E3 ձևաչափով։ Բարձր մակարդակի այս բանակցությունները միավորում են եվրոպական, մերձավորարևելյան և ասիական պետությունների դիվանագիտական ղեկավարներին՝ նպատակ ունենալով քննարկել տարածաշրջանային լարվածությունն ու միջազգային նավագնացային ուղիների խափանումները:

Ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները, հավաքին մասնակցում են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Եգիպտոսի արտգործնախարարները։

Le Monde և AFP պարբերականները, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին, մանրամասնում են, որ այս ձևաչափով Անկարան ձգտում է օգտագործել Կիևի և Մոսկվայի հետ իր դիվանագիտական կապերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու և Սև ծովում մարտական գործողությունների տարածումը կանխելու ուղղությամբ։

DPA գերմանական գործակալությունն էլ, հղում անելով Գերմանիայի կառավարական շրջանակներին,  հայտնում է, որ հանդիպման համատեղ նախաձեռնողներն են Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Գերմանական կողմի փոխանցմամբ՝ բանակցությունները միտված են նոր լիցք հաղորդելու առկա հակամարտությունների կարգավորման ջանքերին։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի, եթե ի հայտ գան «Մուսուլման եղբայրները»»․ Ալեքսանդր Իսկանդարյան
  • TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞ք սահմանափակումների ազդեցությունը հավասարազոր է
  • Փաշինյանը գնում է ԵՄ-ից փող բերելու. եթե տան, ուղիղ սրացման կգնա ռուսների հետ, եթե չտան… «Калинка-малинка» կերգի. Արման Աբովյան

Anadolu թուրքական գործակալությունը նշում է, որ բացի ուկրաինական ճգնաժամից և Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգությունից, որոնք էական նշանակություն ունեն պարենային անվտանգության համար, Հաքան Ֆիդանը բարձրացնելու է Գազայի իրավիճակի, Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման և վերաբնակիչների գործողությունների հարցը՝ ակնկալելով միջազգային առավել կոշտ արձագանք ու ճնշում Իսրայելի նկատմամբ։

Ըստ ԶԼՄ-ների, բանակցությունների սեղանին են անվտանգային մարտահրավերները. Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու  իրադրությունը Հորմուզի նեղուցում, Եմենում շարունակվող հակամարտությունը, հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա և դրանց ազդեցությունը ծովային առևտրի վրա, Սիրիայում կայունության ամրապնդման հեռանկարները:

Հանդիպումը տեղի է ունենում միջազգային մատակարարման շղթաների խափանումների, էներգակիրների գների տատանումների և Սևծովյան ու մերձավորարևելյան անկայունության ֆոնին, որոնք տնտեսական ճնշում են գործադրում Եվրոպայի և այլ տարածաշրջանների վրա։ Անկարան այս ձևաչափի միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերը եվրոպական տերությունների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ ընթացող քննարկումներում։

Տևական ժամանակ տարբեր տարածաշրջանային ճգնաժամերում ու պատերազմներում միջնորդական տարատեսակ և հաճախ ապարդյուն փորձերից հետո Թուրքիան փորձում է հաստատել միանգամայն նոր դիվանագիտական ձևաչափ, որում առանցքային դերակատարը բացառապես ինքն է, և ոչ թե ավանդական աշխարհաքաղաքական այլ կենտրոններ, ինչպիսին են ԱՄՆ-ը, Ռուսաստանը կամ Իրանը։ Այս մոտեցումը վկայում է Անկարայի արտաքին քաղաքականության որակական փոփոխության մասին, որտեղ  նա ձգտում է դուրս գալ սոսկ տեղային միջնորդի կարգավիճակից՝ հավակնելով  ստանձնել գլոբալ անվտանգային ճարտարապետության համահեղինակի դեր։

Այս նոր ձևաչափի ներդրման առաջին և հիմնական պատճառը Թուրքիայի ցանկությունն է՝ շրջանցել այնպիսի գերտերությունների մենաշնորհը, ինչպիսիք են Վաշինգտոնն ու Մոսկվան, որոնց մրցակցությունը կամ համագործակցությունն ունի թելադրող նշանակություն համաշխարհային զարգացումներում: Միավորելով «R4»-ի (Թուրքիա, Եգիպտոս, Պակիստան, Սաուդյան Արաբիա) միջտարածաշրջանային ծանրքաշայիններին եվրոպական «E3»-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ՝ Անկարան ստեղծում է այլընտրանքային, ինքնուրույն բանակցային հարթակ։ Այս հարթակում արևմտյան որոշումների կենտրոնները ստիպված են հաշվի նստել ոչ թե միայնակ Եվրոպայի, այլ Մերձավոր Արևելքի ու Ասիայի առանցքային խաղացողների կոնսոլիդացված դիրքորոշման հետ, որի առանցքում հենց Թուրքիան է։

Երկրորդ շարժառիթն, ըստ մի շարք մասնագետների, կապված է Թուրքիայի ներքին և տարածաշրջանային տնտեսական շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ։ Սևծովյան նավագնացության խափանումները, հացահատիկի  փոխադրումների անկայունությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում և Եմենում տեղի ունեցող գործողությունները  հարվածում են Թուրքիայի տնտեսությանը, էներգետիկ անվտանգությանը և լոգիստիկ հնարավորություններին։ Եթե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի առաջնահերթությունները թելադրված են  գլոբալ առճակատմամբ,  Անկարային անհրաժեշտ են արագ լուծումներ՝ սեփական առևտրային ուղիները պաշտպանելու համար։

Երրորդ գործոնն առնչվում է Իրանի և արաբական միջտարածաշրջանային ուժերի միջև հավասարակշռության փոփոխությանը։ Թուրքիան, հանդես գալով որպես այս ձևաչափի հիմնական ուժ, փորձում է թուլացնել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանային ճգնաժամերի վրա՝ ձևավորելով դաշինք եվրոպացիների հետ։ Սա թույլ է տալիս Անկարային վերահսկել Իրանի գործողությունները՝ միաժամանակ ավելացնելով ազդեցությունն արաբական աշխարհում:

R4+E3 ձևաչափը կենսունակ գործելու դեպքում կարող է  Թուրքիայի համար դառնալ երկարաժամկետ ազդեցության ապահովման միջոց։ Ցույց տալով, որ  ունակ է մեկ սեղանի շուրջ նստեցնել թե՛ եվրոպական տերություններին, թե՛ Մերձավոր Արևելքի ու Ասիայի խոշոր պետություններին՝ Անկարան փորձում է ամրապնդել իր՝ որպես անփոխարինելի խաղացողի կարգավիճակը։ Այսպիսով, այս նախաձեռնությունը ոչ թե պարզապես հերթական հանդիպում է, այլ Թուրքիայի կողմից միջազգային հարաբերությունների բազմաբևեռ համակարգում իր սեփական ազդեցության գոտին ինստիտուցիոնալացնելու հաշվարկված քայլ։

Հայաստանի և Հարավային Կովկասի համար այս զարգացումներն ունեն մարտավարական նշանակություն և ցույց են տալիս Անկարայի տարածաշրջանային առաջնահերթությունների իրական պատկերը։ Ուշագրավ է, որ մինչ Թուրքիան ջանք չի խնայում գլոբալ և միջտարածաշրջանային մասշտաբի նոր ձևաչափեր  նախաձեռնելու համար՝ սեփական կենտրոնական դերն ամրապնդելու նպատակով, միաժամանակ դրսևորում է ակնհայտ պասիվություն մեր տարածաշրջանին առնչվող «3+3» հարթակի ուղղությամբ։ Այս երկակի մոտեցումը պայմանավորված է նրանով, որ Կովկասում Անկարան չի ցանկանում կիսել իր ազդեցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, մինչդեռ եվրոպական ու արաբական ուժերի ներգրավմամբ հարթակներում ձգտում է բացառիկ վերահսկողություն ստանալ՝ սահմանափակելով Մոսկվայի և Թեհրանի լծակները և Հարավային Կովկասը դիտարկելով ավելի լայն աշխարհաքաղաքական  զարգացումների համատեքստում:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Albert Nalbandian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/24/%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a8%d5%9d-%d5%a3%d5%ac%d5%b8%d5%a2%d5%a1%d5%ac-%d5%b3%d5%a3%d5%b6%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab/

Leave a Reply