Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ:
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն, հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ, յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/22/%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b7%d5%a1%d5%bc%d6%84%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%be-%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-14-%d5%a1/