X
    Categories: News

Հայ-իրանական երկխոսությունը՝ խաչմերուկում. ինտենսիվ շփումներ՝ նոր մարտահրավեր

Հոկտեմբեր 19, 2026

Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները վերջին շրջանում թևակոխել են աննախադեպ ինտենսիվության մի փուլ, որը, մյուս կողմից, ընթանում է աշխարհաքաղաքական հսկայական խմորումների և դաշնակցային լուրջ վերադասավորությունների կիզակետում:

Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև վերջին մեկ ամսվա կտրվածքով արձանագրված երեք հաջորդական հանդիպումները՝ սեպտեմբերին Նյու Յորքում (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում), հոկտեմբերի սկզբին Թուրքմենստանում և վերջերս էլ Երևանում՝ Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ, վկայում են երկկողմ կապերի օրակարգի գերծանրաբեռնվածության մասին: Այս հաճախակի շփումներն ուղղակիորեն արտացոլում են կողմերի մտահոգությունն ու ձգտումը՝ պահպանելու երկխոսության տեմպը փոփոխվող ռեգիոնալ միջավայրում:

Երևանյան վերջին հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Հատկապես ուշագրավ է ԻԻՀ նախագահի այն շեշտադրումը, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարական և երկարաժամկետ պլաններ հանքարդյունաբերության, առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակույթի և էներգետիկայի ոլորտներում: Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել է, որ Թեհրանի և Երևանի միջև էներգետիկայի բնագավառում համագործակցությունը հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանը ձգտում է առավել քան երբևէ խորացնել հարաբերություններն այդ ուղղությամբ:

Այս ամենով հանդերձ, ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը հեռու է միանշանակ լինելուց և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ռեգիոնալ դերակատարների համար։ Հայաստանի ակնհայտ արևմտամետ կողմնորոշումը, Վաշինգտոնի և Բրյուսելի հետ սերտացող կապերը և Արևմուտքի անվտանգային հովանու տակ մտնելու փորձերը խորը դժգոհություն են առաջացնում Թեհրանում և Մոսկվայում:

Կարդացեք նաև

  • Ձեզ թվում է՝ Նիկոլի հիմնական ուտեստը պերաշկին ու կուկուռո՞ւզն են. Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն են. Սուրեն Սուրենյանց
  • Ոչ միայն կենսաբազմազանություն․ ի՞նչ է թաքնված Երևանի և Թեհրանի հաճախակի դարձած հանդիպումների ետևում․ Մարկեդոնով
  • TRIPP-ը աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրա է նախ և առաջ Հայաստանի համար. Վահե Դավթյան

Իրանի համար անընդունելի և սպառնալիք պարունակող ենթատեքստ ունի Երևանի՝ Արևմուտքի հետ մերձեցումը, ինչը, ըստ էության, հակասում է տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և արտաքին ոչ տարածաշրջանային ուժերի միջամտությունը բացառելու իրանական սկզբունքներին:

Դիվանագիտական պրակտիկայում ակնհայտ է, որ պետությունների ղեկավարների մակարդակով ամիսը մեկ և ավելի հաճախականությամբ շարունակական հանդիպումներ տեղի չեն ունենում առանց խորքային, ճգնաժամային կամ բացառիկ ռազմավարական հարցերի առկայության: Նման սեղմ ժամկետում երեք անգամ դեմ առ դեմ շփվելը վկայում է այն մասին, որ կողմերի միջև կան չլուծված, հրատապ և կենսական նշանակության հարցեր, որոնք անհնար է կարգավորել միջին կամ նախարարական մակարդակով: Յուրաքանչյուր նման հանդիպում ոչ թե պարզապես արձանագրային արարողություն է, այլ կողմերի միջև առկա լարվածության հանգուցալուծման, փոխադարձ պահանջների հստակեցման և տարածաշրջանային անվտանգային նոր մարտահրավերներին արագ արձագանքելու անհրաժեշտություն:

Բանակցությունների այս ինտենսիվ դինամիկան ընթանում է չափազանց բարդ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ անվտանգային մարտահրավերները պահանջում են առավել սերտ փոխհամակարգում: Իրանի ղեկավարությունը փաստում է, որ երկիրը վճռական է տրամադրված ընդլայնելու հաղորդակցություններն ու կապերը բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ անկախ արտաքին ճնշումներից ու պատժամիջոցներից:

Մասուդ Փեզեշքիանը հստակեցրել է, որ Իրանը, հիմնվելով սեփական ժողովրդի և հարևանների հետ կոորդինացման վրա, շարունակելու է իր ինտեգրումն ու գործակցությունն աշխարհի հետ։

Այս համատեքստում չափազանց կարևոր էր նաև Հայաստան այցելած Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչու հնչեցրած միտքը, որն առանցքային նշանակություն ունի երկկողմ վստահության մթնոլորտի համար: Երևանում անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Աբբաս Արաղչին մասնավորապես նշել է․ «Մենք մեր հայ գործընկերների հետ սերտ կապի մեջ ենք և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք որևէ քայլ չեն անի Իրանի անվտանգության դեմ»,- ասել էր Արաղչին, զուգահեռաբար հայտարարելով, թե ԱՄՆ-ի ցանկացած ներկայություն Հայաստանի շուրջ մտահոգության առարկա է Իրանի Իսլամական Հանրապետության համար, նկատի ունենալով ՀՀ տարածքում ձևավորվելիք ԹՐԻՓՓ պրոյեկտը:

Այս գնահատականն ուղղակիորեն ցույց է տալիս, որ չնայած երկու երկրների միջև պահպանվում է զգայուն անվտանգային հարցերում հաշվետվողականության և փոխըմբռնման որոշակի մակարդակ, Հայաստանի արևմտյան վեկտորը ստիպում է Թեհրանին զգուշավորությամբ հետևել Երևանի քայլերին:

Միևնույն ժամանակ, փակ դռների հետևում և բարձր մակարդակի շփումներում իրանական կողմը Հայաստանի առջև գնալով ավելի հստակ պահանջներ է դնում՝ ակնկալելով ավելի խորը, ռազմավարական բնույթ կրող դաշնակցային փաստաթղթերի ստորագրում և իրավականորեն հիմնավորված երաշխիքներ առ այն, որ ՀՀ տարածքը չի կրի որևէ աշխարհաքաղաքական կամ լոգիստիկ փոփոխություն, որը կսպառնա Իրանի կենսական շահերին ու անվտանգությանը:

Թեհրանը չի բավարարվում միայն հավաստիացումներով և Երևանից սպասում է գործնական քայլերի՝ հստակորեն գծելու այն կարմիր գծերը, որոնք բացառում են տարածաշրջանում արևմտյան ազդեցության ուժեղացման հաշվին Իրանի շահերի վնասումը։

Ակնհայտ է դառնում, որ Նյու Յորքում, Թուրքմենստանում և Երևանում կայացած երեք հանդիպումները վկայում են ինտենսիվ, բայցև խորը հակասություններով լի երկխոսության մասին։ Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են մանևրել արևմտյան վեկտորի և ավանդական հարևանների միջև, իրանական կողմի կոշտ պահանջներն ու տարածքային անփոփոխության երաշխիքների անհրաժեշտությունը ստիպում են Երևանին կայացնել ճակատագրական ընտրություններ:

—

Hagop Kamalian:
Related Post