Հոկտեմբեր 19, 2026
ՀՀ քրեական օրենսգրքում հոդվածներ կան, որոնք զարմանալիորեն չեն կիրառվում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամների, նրանց համակիրների նկատմամբ: Բոլոր դեպքերում դրանք դիտվում են կամ քաղաքական գնահատական, կամ չեն էլ դիտարկվում ընդհանրապես, կարծես ոչինչ չի էլ եղել:
Օրինակ, քրեական օրենսգրքում իրար հետևող հոդվածներ կան` 196-րդը և 196.1-րդը:
ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածը վերնագրված է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, իսկ 196.1 հոդվածն արդեն պատասխանատվություն է սահմանում հետամտելու համար, որի սահմանումը տրված է հենց նույն հոդվածի 1-ին մասում:
Ըստ օրենսդրի` հետամտում է համարվում անձին հետևելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել:
Օրենսդիրն առանձնացրել է նաև այն դեպքը, երբ այդ արարքը պետք է ավելի խիստ պատժվի, օր. երբ դա կատարվել է` անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ:
Համանման մոտեցում կա նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանցակազմի հետ կապված, որը ստացել է հետևյալ ձևակերպումը` ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով:
Չենք կարող անտեսել, որ քրեական օրենսգիրքը որևէ ձևով չի տարբերակել, թե այդ արարքը քաղաքական գործի՞չ է կատարել, թե՞ այլ գործունեությամբ զբաղվող (օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը պետական պաշտոնյա է, բայց պարզ չէ, թե արդյո՞ք նաև քաղաքական գործիչ է.- Ա.Վ.) անձ: Մենք նույնիսկ չգիտենք, թե օրենքի իմաստով ով է համարվում քաղաքական գործունությամբ զբաղվող և ով է պետական գործիչ:
Օրինակ՝ մեր երկրում «մեծարգո» դիմելաձևը յուրացրած պաշտոնյան երբ ուզում է իր ընտրազանգվածին դուր գալ, սկսում է իր ընդդիմախոսներին վիրավորել ու սպառնալ, դա գնահատում է՝ որպես քաղաքական խոսույթ, իսկ երբ իրեն են նույն կերպ պատասխանում, ապա կամ դիմում է դատարան գումարի պահանջով, կամ էլ իրավապահներն անվերապահորեն համարում են, որ «մեծարգոյի» նկատմամբ կա՛մ ատելության խոսք կա, կա՛մ թշնամանք, կա՛մ էլ բռնության կոչ, կա՛մ նման անհեթեթ մի բան:
Ազատ խոսքի և քաղաքական բանավեճի քրեականացումն իրականացվեց եվրոպական արժեքներ քարոզող քաղաքական իշխող ուժին սպասարկող իրավապահ համակարգի կողմից` եվրոպական համայնքի լուռ համաձայնությամբ, որոնց բարոյական արժեքները կարծես թե սովորական արժույթի նման ունեն տվյալ պահին համապատասխան կուրս` երբեմն բարձրանում են, երբեմն՝ իջնում:
Հիմա՝ հարց այս երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. ի վերջո, քրեական իրավունքում մասնագիտացված մարդ է…
- Եթե ինչ-որ մեկը փողոցում պատահական մարդու հարցուփորձ անի վերջինիս ծնողների մասին, արդյո՞ք դա կարող է դիտվել հետամտում կամ հոգեկան տառապանք, եթե այդ հետաքրքրասերը «մեծարգոն» չէ կամ ՔՊ կուսակցության մի ուրիշ անդամ, իսկ հետաքրքրության օբյեկտը՝ իրենց հիվանդ երևակայության արգասիք հարձակումը՝ Հայ Առաքելական եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ:
- «Գնացեք այդ մարդուն հարցրեք՝ Դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ». Հայաստանի քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի այս հորդորը հետամտո՞ւմ է, թե՞ չէ:
- Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ «մեծարգոյից» կամ նրա ընտանիքի անդամներից հետաքրքրվեն, թե ով ում հետ ինչ արյունակցական կապ ունի:
Բոլոր դեպքերում ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական օրենքով արգելված արարք կատարելու համար պատասխանատվության համար չի նախատեսել բացառություն որևէ մեկի համար՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը սկզբից հայտարարի, թե դա քաղաքական հայտարարությո՞ւն է, թե՞ բռնության ու ատելության կոչ:
Հարցն ինքնանպատակ չի, քանի որ երկու տարի առաջ այս երևույթների նախանշանները կային՝ ինչպես իշխող կուսակցության ձևավորած ենթամշակույթից, այնպես էլ՝ քրեական օրենսգրքի միջոցով իրենց արժանապատվությունը փրկել փորձող իրավապահպանների վարքագծից:
Հ.Գ. Իսկ ընդհանուր առմամբ կա ոսկե կանոն մարդկային հարաբերությունների համար` մի՛ վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանա, որ քեզ հետ վարվեն:
—