ENIGMA-ի լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը համերգ կտա Երևանում

Արամ Խաչատրյան համերգասրահում, նոյեմբերի 21-ին ելույթ կունենա Էնդրյու Դոնալդսը՝ ENIGMA-ի «ոսկե ձայնը»։ Արտիստը, լարային նվագախմբի և մանկական երգչախմբի ուղեկցությամբ, կներկայացնի ENIGMA-ի պաշտամունքային հիթերն ու իր մենակատարային ստեղծագործությունները։

Գերմանացի երաժիշտ և պրոդյուսեր Միխայել Կրետուի ստեղծած նախագիծը միավորել է էլեկտրոնային երաժշտությունը, էթնիկ մոտիվները, երգչախմբային հատվածներն ու մթնոլորտային հնչողությունը՝ ձևավորելով սեփական, ճանաչելի երաժշտական լեզուն։

Նախագծի հնչողության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Էնդրյու Դոնալդսի ձայնը։ Ճամայկացի երգիչն իր մենակատարային կարիերան սկսել է 1990-ականներին, իսկ 1998-ին միացել է ENIGMA-ին՝ սկսելով համագործակցել Միխայել Կրետուի հետ։ Նրա վոկալը հնչել է նախագծի մի շարք առանցքային ալբոմներում և դարձել դրանց երաժշտական մթնոլորտի անբաժանելի մասը։

Գոյության տարիներին ENIGMA-ն վաճառել է ավելի քան 70 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում և արժանացել բազմաթիվ «պլատինե» ու «ոսկե» մրցանակների։ Նրանց Sadeness (Part I), Return to Innocence, Beyond the Invisible և Modern Crusaders երգերը համաշխարհային երաժշտության պատմության մաս են դարձել։

Զուգահեռաբար Դոնալդսը շարունակել է իր երաժշտական ուղին , որպես մենակատար։ Նրան միջազգային ճանաչում են բերել Mishale, All Out of Love, Save Me Now և այլ հայտնի երգեր։ Նրա երաժշտությունը հնչել է ֆիլմերում ու հեռուստանախագծերում։

Երևանում սպասվող համերգը հնարավորություն կտա ENIGMA-ի սիրված ստեղծագործությունները լսել կենդանի՝ նոր ձևաչափով։ Ծանոթ էլեկտրոնային հնչողությանը կմիանան կենդանի լարային նվագախումբն ու մանկական երգչախումբը՝ ստեղծելով տպավորիչ և հուզառատ բեմական ծրագիր։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Basmajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/enigma-%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a3%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%ab-%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a7%d5%b6%d5%a4%d6%80%d5%b5%d5%b8%d6%82-%d5%a4%d5%b8/

Leave a Reply