Հոկտեմբեր 6, 2026
Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը նահանջել է։ Եթե 7 ամսում կազմել էր 7.7 տոկոս, 8 ամսում դարձել է 7.3 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճն օգոստոսին 0.4 տոկոսային կետով նվազել է։
Դրա վրա էական ազդեցություն է թողել հատկապես արդյունաբերությունը։
Նախորդ տարվա համեմատ, օգոստոսին արդյունաբերության մեջ անկում է արձանագրվել։ Ու սա՝ այն պարագայում, երբ ընդերքը «քանդել-ծախսելու» օպերացիան ակտիվորեն շարունակվում է։ Ընդերքի շահագործման հաշվին այս տարի բարձր աճեր են գրանցվում հանքարդյունաբերության մեջ։ Չնայած դրան, օգոստոսին արդյունաբերության արտադրանքի ծավալը 4.3 տոկոսով զիջել է նախորդ տարվա մակարդակը։
Եթե հանքարդյունաբերության բարձր աճերի պայմաններում է այսպես, պատկերացրեք, թե ի՞նչ է տեղի ունենում արդյունաբերության մյուս ճյուղերում։
Այն, որ 8 ամիսների տվյալներով՝ արդյունաբերության մեջ դեռ աճ է գրանցվում, առաջին հերթին ընդերքի շահագործման ծավալների ավելացման արդյունք է։ Այնինչ մշակող արդյունաբերության բազմաթիվ ճյուղերում տեղի է ունենում արտադրության ծավալների նվազում։ Այդ անկումների հետևանքով էլ արդյունաբերության աճի տեմպերը գնալով նվազում են։
Մի պահ կուտակային աճը հասել էր ընդհուպ 14-15 տոկոսի։ Մի քանի ամսում գրեթե կրկնակի կրճատվեց։ Վերջին տվյալներով, 7.4 տոկոս է։ Օգոստոսի արդյունքներով կտրուկ նահանջել է՝ գրեթե 2.1 տոկոսային կետով։
Առաջին հայացքից գուցե 7.4 տոկոսն էլ կարող է բարձր աճ թվալ արդյունաբերության համար։ Բայց պետք է հիշել, որ դա տեղի է ունեցել անցած տարվա 7.8 տոկոս նվազումից հետո։
Անցած տարի այս նույն ժամանակահատվածում արդյունաբերության անկումն ավելի մեծ էր, քան այս տարվա աճը։ Աճն էլ հիմնականում հանքարդյունաբերության հաշվին է։ Չնայած այն արդյունաբերության զարգացումների հետ իրական առնչություններ չունի։
Հանքարդյունաբերությունն է դարձել ոչ միայն արդյունաբերության, այլև արտաքին առևտրի առանցքային հատվածը։ Վերջին տարիներին հումքային ապրանքների արտահանումը Հայաստանից զիջել էր առաջատարի իր դիրքերը՝ պայմանավորված հատկապես մեծածավալ վերաարտահանումներով։ Բայց այս տարի իրավիճակը կրկին փոխվել է. 8 ամսում հումքային ապրանքների արտահանումը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 1.3 մլրդ դոլարի։
Հայաստանից արտահանումների 27-28 տոկոսը բաժին է ընկել հենց այդ ապրանքներին։
Ու սա՝ դեռ վերաարտահանումները ներառած։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ֆեյք» արտահանումները պակասել են, դրանք դեռ շարունակում են բավական մեծ կշիռ ունենալ Հայաստանի արտաքին առևտրի, այդ թվում՝ արտահանման ծավալներում։ Եթե դա էլ հանենք՝ հումքային ապրանքների կշիռը զուտ հայկական ծագման ապրանքների արտահանման մեջ շատ ավելի մեծ մասնաբաժին կունենա. Կարող է հասնել ընդհուպ 40 տոկոսի։ Սա խոսում է տնտեսության մեկ ճյուղից արտահանման չափազանց բարձր կախվածության ու ռիսկայնության մասին։
Բայց անգամ հանքահումքային ապրանքների արտահանման կրկնապատկման պայմաններում Հայաստանից ընդհանուր արտահանումը շարունակել է կրճատվել։ 6.5 տոկոսով ավելի քիչ արտահանումներ են իրականացվել։ Այն էլ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի գրեթե կիսով չափ կրճատումից հետո։
Արտահանման կրճատումն ու ներմուծման ավելացումը հանգեցրել է արտաքին առևտրի վատացման. բացասական հաշվեկշիռը տարվա առաջին 8 ամիսներին անցել է 4 միլիարդ դոլարից։ Այսինքն՝ այդքանով ավելի շատ ապրանք ենք ներմուծել, քան արտահանել։ Ներմուծումը գրեթե կրկնակի գերազանցել է արտահանմանը, ինչի հետևանքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 1.1 մլրդ դոլարով խորացել է։
Անցած տարի 2.9 միլիարդ էր, այս տարի արդեն անցել է 4 միլիարդից։
Զավեշտն այն է, որ այսքանից հետո էկոնոմիկայի նախարարն իրեն իրավունք է վերապահում հրապարակումներ անել որոշ երկրներ արտահանումների «անհավանական» աճերի վերաբերյալ։ Վերջին անգամ գրել էր, թե Եվրամիության երկրներ հայկական արտադրանքի արտահանումը հունվար-օգոստոսին աճել է 69 տոկոսով, Չինաստան՝ 78 տոկոսով, Հնդկաստան՝ 2.1 անգամով, ԱՄԷ՝ 48 տոկոսով։
Այսպիսի հրապարակումներից առաջին տպավորությունն այն է, որ աշխարհի խոշորագույն շուկաներ հայկական ապրանքների արտահանումն արագորեն ընդլայնվում է։ Բայց էկոնոմիկայի նախարարն, ինչպես միշտ, թաքցնում է, թե դա ինչի՞ հաշվին է տեղի ունեցել։
Արտահանումը ԵՄ երկրներ ու Չինաստան այդպիսի բարձր տեմպերով աճել է զուտ նրա հաշվին, որ այս տարի ավելի շատ պղինձ ու մոլիբդեն են արտահանել այդ երկրներ։ Կտրուկ թանկացել են նաև այդ ապրանքները՝ գումարային արտահայտությամբ ավելացնելով արտահանման ցուցանիշները։
Եվրամիություն ու Չինաստան այս աճերը մեծամասամբ մետաղների, ապա Հնդկաստան և ԱՄԷ՝ ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման հաշվին են։ Ռուսաստանից կամ այլ երկրներից ներմուծված թանկարժեք մետաղներն ու քարերը Հայաստանում որոշակի կոսմետիկ մշակում անցկացնելուց հետո, հայկականի անվան տակ վերաարտահանվում են Հնդկաստան ու ԱՄԷ։ Այս արտահանումների մեջ հայկական մասնակցությունը շատ չնչին է, բայց այն շեշտակի ազդեցություն է թողնում այդ երկրներ արտահանման ցուցանիշների կամ վիճակագրության վրա։
Այդ վիճակագրությամբ է հպարտանում էկոնոմիկայի նախարարը։ Բայց չի ասում, որ, օրինակ՝ ԵՄ կամ Չինաստան արտահանման աճերի գործում էական դեր է ունեցել ընդերքը քանդել-ծախսելը։ Այն ընդերքը, որի մասին խոսելիս՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մեծ բան չէ ընդերքը քանդել-ծախսելն ու դրա հաշվին արտահանման աճեր գրանցելը։
«Մեծ բան չէ», բայց պարզվում է՝ դա էլ փրկություն չէ իշխանությունների համար։ Անգամ այդ պայմաններում ունենք արտահանման անկում. 8 ամսում՝ 6.5 տոկոսի չափով։
Զրոյին մոտ է ներքին առևտրի աճը։ Վերջին ամիսներին այստեղ երբեմն-երբեմն նույնիսկ անկումներ են գրանցվում։
Ինչ մնում է արձանագրվող տնտեսական ակտիվությանը, ապա այն մնացել է շինարարության ու ծառայությունների վրա։ Այդ աճերի տակ էլ իշխանությունները փորձում են քողարկել տնտեսության խնդիրները։ Այն պարագայում, որ երկուսի դեպքում էլ լուրջ ռիսկեր են կուտակվել ու այդ ռիսկերն առարկայանալու մեծ պոտենցիալ ունեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Karabekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/06/168-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%a8-%d5%be%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%84%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%bc%d6%87%d5%bf%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%81/