Հոկտեմբեր 4, 2026
«Դասեր» հաղորդաշարի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
● Օրեր առաջ Սյունիքում՝ Շաքի բնակավայրում, ադրբեջանցի զինծառայողի ներխուժման մասին: Երբ նույնիսկ գաղութից որևէ ռեցիդիվիստ է փախչում, և եթե մոտավոր տարածքը գիտեն՝ որտեղ, այդ հատվածի բնակչության հետ աշխատանք է տարվում, որպեսզի մարդիկ զգոն լինեն: Բայց Ադրբեջանից սեպտեմբերի 26-ից զինված զինվոր է փախչում, գալիս Հայաստան, ու բոլոր պետական իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ից, սկսած, ցուցաբերում են հանցավոր անգործություն: Եվ միայն լրագրողների, քաղաքացիների բարձրացրած աղմուկից հետո է ԱԱԾ-ն ձայն հանում: ԱԱԾ-ի համար քանի՞ րոպե կտևեր մի ընդդիմադիրի թևերը ոլորել, տանելը, բայց Սիսիանի բնակչության հետ ոչ մի աշխատանք չի տարվել: Թող սահմանի ժողովուրդն իմանա՝ իրենց հետ ինչպես են վարվում: Չկա պետական ոչ մի աշխատող ինստիտուտ, երկրի պաշտպանությունը մնացել է աշխարհազորի հույսին: Ժողովուրդը տոտալ անպաշտպան է:
● Սիսիանի Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանի պես կանայք են կերտում պատմությունը, կին, որ կարող է իր մատները կորցնելու, արյունաքամ լինելու գնով պաշտպանել իր երեխաներին զինված ադրբեջանցուց… Երկիրը թշնամու ասպատակության առաջ բաց տարածք է դարձել: Այդ կինը հերոսական կին է:
● Պաշտոնական մակարդակով գնում է հայ կնոջը մեղադրելու ու ադրբեջանցուն արդարացնելու քաղաքականություն: Բթացնում են մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդները, որ հեշտ դարձնեն գալիք աղետալի սպանդը…
● Այս դեպքը Սյունիքում ցասում պետք է առաջացներ: Բա ո՞ւր են սյունեցի էն կռված համայնքապետերը, որ հիմա ծվարել են Փաշինյանի շվաքում:
● Այսօր հարցը լինել-չլինելու, քո տեսակի, հայի գոյության մասին է, և այստեղ կոնֆորմիստական կամ պսևդոինտելեկտուալ մոտեցումները տեղ չունեն:
● Ինձ համար անընդունելի է իմ կողմից ընդունելի հոգևորականների դիրքորոշումը, ովքեր փորձում են մեր եկեղեցին իր հազարամյակների կերպից շեղելու, բողոքական դարձնելու քայլերի վերաբերյալ չեզոք դիրքորոշում հայտնել կամ ընդհանուրից տարբերվող հայտարարություն անել՝ համ այս կողմի հետ լավ լինել, համ իշխանության: Դա զզվելի է: Եկեղեցին հայտարարություն է արել, և դա պետք է լինի միակ ընդունելի հայտարարությունը:
● Էս երկիրը ներսից գրավված է թշնամու գործակալների կողմից, և այս իրավիճակից դուրս գալու ճարը պետք է տեսնենք: Երբ Գանձասարը ներկայացվում է աղվանական, և այստեղից ոչ մի ձայն չի լսվում, պաշտոնապես պատասխան չի տրվում հաջիևներին, ես չգիտեմ՝ ինչ ասեմ… Ես ուղղակի վերջին օրերին նախանձով կարդում էի վրաց պատրիարքության հայտարարություններն այն բանի շուրջ, որ Ադրբեջանի տարածքում մնացած վրաց եկեղեցում պեղումներ էին կատարվել առանց վրաց մասնագետների: Իսկ ադրբեջանցիները պղծում են մեր մշակութային ժառանգությունը, և այստեղ լռություն է: Մենք մեր կադաստրի թղթից հրաժարվում ենք, որը փաստում է, որ այդ տարածքները մերն են, իսկ Ադրբեջանն առաջ է գալիս մեր երկրի տարածքներում…
● Ամերիկյան կրոնական կազմակերպություններից մեկի ղեկավար, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փաուլա Ուայթի (Paula White-Cain) պահվածքը դասական խարիզմատիկ բողոքական եկեղեցիների պահվածքն է: Նման բան շամաններն են անում՝ կարող են ընկնել էքստազի մեջ, թպրտալ, ճիչեր արձակել… դա մեր հայկական իրականության հետ՝ սկսած հեթանոսական շրջանից, կապ չունի: Քրիստոնեության մեջ ամենակարևոր առաքինություններից մեկը ողջախոհությունն է: Կրոնական էքստազը՝ հիվանդ, մոլագարության հասնող, որևէ աղերս չունի քրիստոնեության հետ: Թրամփի քաղաքականության մեջ էլ նույն այս շիզոֆրենիան է ընկած, և պատահական չէ, որ այս խելապակասը նշանակվել է Թրամփի՝ կրոնի հարցերով գրասենյակի ղեկավար:
Հիշեցնենք, որ Փաուլա Ուայթի գործունեությունը ԱՄՆ-ում հաճախ հակասական գնահատականների է արժանանում, կրոնագիտական կամ սոցիոլոգիական որոշ շրջանակներում բնութագրվում է որպես ոչ ավանդական կրոնական ուղղություն, նեոպենտեկոստալիզմ (նորհոգեգալուստականություն) կամ «բարգավաճման ավետարանի» (Prosperity Gospel) կրող։
Փաուլա Ուայթը ներկայացնում է ամերիկյան խարիզմատիկ բողոքականությունը, որն առանձնանում է զգացմունքային պաշտամունքով, «հրաշքների», բուժումների և մարգարեությունների հավակնություններով։
Շատերն այն անվանում են մեկ անձի վրա հիմնված բիզնես-նախագիծ: Այս տիկնոջն ԱՄՆ-ում շատերը «վհուկ» են անվանում և սուր քննադատության ենթարկում նաև այն բանի համար, որ Թրամփի կառավարման այս ընթացքում ազդեցություն է գործում քաղաքական և այլ որոշումների վրա: Հայ ավետարանական եկեղեցին (ինչպես և աշխարհի բոլոր ավանդական ավետարանական, բողոքական, ինչպես նաև ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցիները) չի ընդունում Փաուլա Ուայթի նման քարոզիչներին և նրանց ներկայացրած «բարգավաճման ավետարանը» մի քանի հիմնարար աստվածաբանական և վարդապետական պատճառներով։ Ավանդական ավետարանական աստվածաբանության հիմքում ընկած է Քրիստոսի զոհաբերությունը, մեղքերի թողությունը և հոգևոր փրկությունը։ Մինչդեռ «բարգավաճման ավետարանը» պնդում է, թե Աստված պարտավոր է մարդուն տալ առողջություն և հարստություն, եթե նա բավարար հավատք ունի կամ գումար է նվիրաբերում։ Ավետարանական եկեղեցիները սա համարում են Աստծո խոսքի աղավաղում և մանիպուլյացիա։
Նման շարժումներում հաճախ խրախուսվում է մեծ գումարներ նվիրաբերելը եկեղեցուն (կամ անձամբ քարոզչին)՝ խոստանալով, որ Աստված դա բազմապատկված կվերադարձնի։ Ավետարանական եկեղեցիներում նվիրատվությունները (տասանորդները) կամավոր են և ուղղված են բարեգործությանն ու եկեղեցու պահպանմանը, այլ ոչ թե «հարստություն գնելուն»։
Փաուլա Ուայթի նման խարիզմատիկ առաջնորդների քարոզները հաճախ հիմնված են ոչ թե Աստվածաշնչի համատեքստային մեկնության, այլ անձնական «հայտնությունների», հրաշքների խոստումների և զգացմունքային ազդեցության վրա:
● «Աղոթքի նախաճաշը» ո՞րն է, հայ հոգևորականությունն ինչի՞ է մասնակցում դրան, դա ի՞նչ է տալու մեզ: Երբ դու մտնում ես այդ իրականություն, որը քոնը չի դառնալու, այն քեզ է այլասերում: Դա մի բան է, որին եթե կպչես, կեղտոտվելու ես, ինչի՞ ես կպչում: Քեզ հերթական անգամ քաշելու են, մտցնեն իրենց օրակարգ, ու դու ստիպված ես լինելու խաղալ իրենց խաղը:
● Հայ եկեղեցու դեմ պայքարը, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ավելի մեծ ու համաշխարհային պատերազմի հայկական ճակատն է:
● Այս նույն պատերազմը կա և՛ ուղղափառ, և՛ կաթոլիկ եկեղեցիների դեմ: Քրիստոնեությունը երբեք մարդ-Աստված հարաբերության անկյունաքարը ֆինանսական բարեկեցությունը չի դրել: Հիմա ամեն ինչ դրան է ուղղված: Քարոզներ են անում: Ամեն ինչ աղավաղվել է: Միջնադարում ամեն մեկը քարոզ չէր կարող անել, սովորում էին, վարդապետ դառնում, նոր իրավունք ունենում քարոզ անելու: Հիմա լավ ապրելու քարոզ են անում: Սա ներքին պատերազմ է: Հոգևորականին հոգևորական սև շորը չի դարձնում բնավ: Եթե կանոնական քահանայի սև հագուստը հանես, միևնույն է, նա հոգևորական է, իսկ դրսից մեկին որ բերես, կաթողիկոսական զգեստներ էլ հագցնես կամ կաթողիկոսական գահին նստեցնես, չեղավ կաթողիկոս: Կաթողիկոսը որտեղ նստի, նստած տեղը կաթողիկոսական գահ է, իսկ եթե անգամ էշին կաթողիկոսական գահին նստեցնես, այն կդառնա իշաոտնուկ:
● Նիկոլ Փաշինյան, բա բունկերից նոյեմբերի 9-ին դուրս գայիր, Արարատ Միրզոյանի փոխարեն դու գնայիր ժողովրդի մոտ, արցախցի մարդուն հիստերիկացած տոնով ասում էիր՝ ինչի՞ չես զոհվել պատերազմում, բա դու գնայիր զոհվելու… Հուսանք՝ մի օր Արարատ Միրզոյանը կհասկանա ու կասի՝ ինչ եղավ, ու ինչու իրեն զոհեցին այդ օրը:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության «Աղոթքի երկրորդ նախաճաշի» շրջանակներում, որոշ անգրագետ հայտարարություններ է արել: ««Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, ավետյաց երկիրն է, որն Աստված տվել է մեզ», «Քրիստոնեությունից առաջ էլ է գործել ժողովրդավարությունը: Բայց ժողովրդավարության ժամանակակից տեսակը բխում է Քրիստոսից: …Ժամանակակից քաղաքականությունը բաժանում է մարդկանց: Մենք բոլորս ունենք համերաշխության կարիք: Եթե տարբեր քաղաքական ուժեր հավաքվեն և խոսեն տնտեսության մասին, դա համերաշխություն չի բերի, որովհետև կլինեն ծայրահեղ տարբեր տեսակետներ: Նույնը կլինի, եթե խոսք գնա քաղաքական գաղափարների, օրենսդրության և տարբեր կարգավորումների մասին: Միակ տեղը և ձևը, որ կարող է, այդ թվում, քաղաքական գործիչների միջև լինել համերաշխություն, դա խոսակցությունն է Աստծո և հավատի մասին, ընդ որում՝ ոչ դավանաբանական խնդիրների շուրջ, այլ՝ ամեն մարդ ազատ է խոսել Աստծո և իր հարաբերությունների մասին: …Աստված իրականում կա ամեն մարդու մեջ, բայց Աստված ժողովրդի մեջ է, որովհետև ժողովուրդն է այն մեծությունը, որը կարող է ընդգրկել Աստծուն: …Արդար կլինի այն դատավորը, որը հավատում է Աստծուն»,- հայտարարել է 8 տարի շարունակ ատելություն քարոզող, աղետ, պատերազմ բերած, հասարակությանը պառակտած, դատավորներին հրահանգ տվող Նիկոլ Փաշինյանը, որի ողջ կառավարությունը բացառապես հայտնի է կորուստներով, կոռուպցիայով, թշնամուն զիջումներով:
● Քրիստոսով Ավետյաց երկիրն այս երկրի վրա չէ, երկրագնդի վրա չէ. դա Տիրոջ թագավորությունն է: Ցանկացած եկեղեցի այդ Ավետյաց երկրի դեսպանատունն է երկրագնդի վրա: Ինչպե՞ս կարելի է Ավետյաց երկրի գաղափարը դնել քաղաքական հարթության մեջ… Բառ չեմ գտնում ասելու… Աշխարհում ամենա ոչ կայուն բանը որևէ երկրի քաղաքական սահմանն է: Նայեք՝ վերջին 100 տարվա ընթացքում երկրագնդի վրա քաղաքական սահմանները ինչպես են փոխվել…
● Ավետյաց՝ այդ հոգևոր կատեգորիան պրոյեկտել քաղաքական, ֆիզիկական ինչ-որ քարտեզների մեջ ու ասել, որ միջազգայնորեն ճանաչված տարածք է… Հարց եմ տալիս այդ բառերն ասող Փաշինյանին՝ ո՞ր միջազգայնորեն՝ Պակիստանի՞ ճանաչած: Իմ Ավետյաց երկիրը Պակիստանի՞ կամ Ամերիկայի՞ ճանաչած երկիրն է: Իմ Ավետյաց երկիրը Մշո Սուրբ Առաքելոց վանքից մինչև Ամարաս է՝ Նարեկացու գերեզմանով: «Աղոթքի նախաճաշ» կոչվող այդ միջոցառման ելույթում նա խոսում էր միայն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի ու Խոր Վիրապի մասին: Բա՛ Սուրբ Գրիգորիսի գերեզմանը, բա՛ Դադի գերեզմանը, բա՛ Նարեկացու գերեզմանը… Պակա՞ս սրբեր են մեր ամենակարևոր սրբավայրերը, բա Աղթամա՞րը…
● Այսինքն՝ ո՞նց, հայի համար իր Ավետյաց երկիրը Փաշինյանի կրծքի վրայի բրոշկա քարտե՞զն է: Ավետյաց երկիրը հոգևոր կատեգորիա է, որևէ ֆիզիկական ու քաղաքական սահմաններ չճանաչող ու մարդու հոգևոր աճի հետ մշտապես ընդարձակման ենթակա հասկացություն է:
● Սա ի՞նչ խեղկատակություն է… Այ, որ անգրագետները դառնում են քարոզիչ՝ քրիստոնեությունից անտեղյակները, որոնք պարզապես սաղմոս են ընթերցում՝ առանց դրա բովանդակությունը հասկանալու, այսպես է լինում…
● Աստված միշտ խոսում է սրբերի բերանով. ժողովուրդը՝ որպես երևույթ, երբեք Աստծո խոսափողը չի եղել: Աստված խոսել է մարգարեների՝ հատուկ մարդկանց բերանով, և այդ խոսելը հաճախ եղել է ժողովրդի դեմ: Ժողովրդի սպասումները երբեք չեն արդարացել այդ մարդկանց ասածներից. մարդիկ սպասել են այլ բան, և այդ մարգարեները միշտ էլ ժողովրդի դիմաց դրել են անհամեմատ ավելի անսպասելի ու դժվար բաներ, որտեղ Աստծո ուզածը սրբությունն է և մարդն՝ իր տեսակով։
● Մարդն ավելի մեղավոր երևույթ է, և իրեն այդ վիճակից հանելը շատ պրոբլեմատիկ բան է: Չի կարելի ժողովրդին ներկայացնել իբրև բացարձակ մի ճշմարտություն խոսող երևույթ… Ինչպե՞ս կարող էր ճիշտ լինել, օրինակ, 2018 թվին Փաշինյանին իշխանության բերող ժողովուրդը… Ժողովուրդը հեղհեղուկ երևույթ է. ժողովրդից ամբոխ դառնալը վայրկյանի հարց է: Ես միշտ ասում եմ՝ շաբաթ օրը գոռում էին. «Օվսաննա, օրհնյալն է, որ գալիս է Տիրոջ անունով», իրենց զգեստները հանում էին, փռում այն մարդու ոտքերի տակ, որի վրա նստած Քրիստոս էր գալիս, իսկ հինգշաբթի օրը գոռում էին՝ «Խաչի՛ր նրան»:
● Առաջնորդներն ամենաբարդ գործի վրա են, դրա համար պիտի ընտրես՝ ո՞ւմ ես քեզ առաջնորդ կարգում, ո՞վ է, ինչպիսի՞ն է, ի՞նչ «բագաժ» ունի: Ժողովուրդը միշտ սխալվում է, ժողովուրդը միշտ սխալական է… Եվ երբ որ ստեղծվում են այդպիսի ինստիտուցիաներ, որոնք բերում են ժողովրդին ի հակակշիռ, դա արվում է հենց դրա համար: Ժողովուրդը միշտ սխալական է:
● Գնում ես Եռաբլուր, միանգամից տեսնում ես՝ 2018 թվականի հետևանքը ինչ եղավ… Հետո պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա՝ ասելով՝ դու ես ինձ ընտրել, հետո էլ էդ նույն ժողովրդին ասում է՝ ինչո՞ւ չես զոհվել…
● Սա այնքան մեծ ողբերգություն է, ես չգիտեմ՝ քանի հարյուր տարի հետո, ինչ ժամանակային ինտերվալ է պետք հետադարձ հայացքով նայելու և հասկանալու համար, թե ինչ կարգի ողբերգություն է տեղի ունենում այսօր մեր ժողովրդի հետ: Այսպիսի խոսք կա՝ «Երբ Աստված ուզում է մեկին պատժել, ուղեղը վերցնում է»… Մեր ժողովրդին Աստված պատժել է, ուղեղը վերցրել են… Մեզ էնքան բանի համար կարելի է պատժել: Մեր ժողովուրդն այնքան մեծ հանցանքներ է գործել, որոնց համար իրեն հասնում է պատիժը: Մենք մեր որևէ աղետի համար երբեք չենք տեսել մեր մեղավորությունը, երբեք չենք անդրադարձել, չենք ապաշխարել դրա համար:
● Ում լսում ես՝ բոլորն Անդրանիկի զինվորն են եղել, բոլորի պապերն Անդրանիկի զինվորն են եղել: Այդ դեպքում ասեք՝ ո՞վ է գրել էդ անանուն նամակները («анонимка») 30-ականներին, ովքե՞ր էին քահանաներին Սաղմոսավանքի ձորում սպանում, Սարդարապատի հերոսամարտին գյուղերից ժողովրդին պատերազմի տանող այդ հերոս քահանաներին ո՞վ էր սպանում, անունները չգիտենք… դե ասեք՝ ովքե՞ր էին կաթողիկոս խեղդամահ անում, ովքե՞ր էին բռնագանձում եկեղեցու ամեն ինչը՝ կարողությունը, և էսօր լկտիաբար խոսում եկեղեցին հարկային դաշտ մտցնելու մասին… Դուք դեռ եկեղեցուն վերադարձրեք էն ամեն ինչը, ինչը եկեղեցունն է՝ Մատենադարանից սկսած, ու տեսեք՝ դուք քանի տարվա, քանի հարյուրամյակ եք պարտք մնում մեր եկեղեցուն… Այդ ամենը պահպանվել է եկեղեցու շնորհիվ, իսկ դուք այդ ամենը բռնագանձել եք, ավերել եք:
● Մեր ժողովուրդը պետք է ապաշխարի, յուրաքանչյուր անձ պետք է առերեսվի իր ընտանիքի իրական պատմությանը: Մարդը պիտի իմանա, որ, այո՛, իր պապը ոչ թե Անդրանիկի զինվորն է եղել, ինչպես նա ներկայացնում է, այլ իրականում հենց իր պապն է եղել այն դանոս գրողը, այն անանուն նամակ գրողը… պետք է ապաշխարել՝ առերեսվելով ճշմարտությանը:
● Հայաստանի անկախությունն իսկապես պետք է սկսեր 1930-ականների լյուստրացիայով: Եկեղեցին Եվրոդատարանով անգամ պետք է հետ պահանջեր իր ողջ բռնագանձված գույքը, այ այդ ժամանակ տեսնեմ՝ ով կհամարձակվեր խոսել:
● Հայաստանի Հանրապետությունն իր գոյությամբ պարտական է եկեղեցուն: 16-18-րդ դարի հայ կաթողիկոսների շնորհիվ է, որ պահպանվեցին այն տարածքները, որոնց վրա կառուցվեց այս պետությունը: Բայց եկեղեցին հերթական անգամ ներեց իր վատ զավակին: Ու ստացվեց, որ մայրը, իր զավակին շատ սիրելով, նրա սխալները չշտկելով՝ նրան մղում է հանցավորության, ինքնասպանության… չի կարելի հանցանքները ներելով շարժվել, հանցանքներն ապաշխարությամբ, զղջմամբ, շտկելով պիտի առաջ քայլես… Ցանկացած հիվանդության բուժում սկսվում է այն ախտորոշելով: Մեր ժողովրդին պետք է ասել, որ նա հիվանդ է տարբեր ախտերով, ու սկսել բուժել…
● Այս ամենը, ինչ տեղի է ունենում, մեծ ֆարս է որի նպատակը ժողովրդի տեսակը փոխելն է: Դա ցեղասպանության ձևերից մեկն է: Եթե Աստծով ապագայում լինենք, հարյուրամյակների հեռվից կտեսնենք, թե այս օրերին ինչ մտագարության մեջ է եղել այս ժողովուրդը:
● Երբ ամեն մեկն իր արածի համար ապաշխարի ու կյանքի գնով քավի իր մեղքը, մենք փրկվելու շանս կունենանք: Մեր ժողովուրդը պետք է ապաշխարի:
● Մենք պետք է մի կարևոր բանի վրա կենտրոնանանք, որ ֆեյքերի գրած եկեղեցու մասին կեղծ այդ զեկույցը հակասահմանադրական է: Թե մեջն ինչ է գրած, ինձ հետաքրքիր չէ: Անգամ չեմ կարդացել: Այս զեկույցի դեմ իրավական պրոցես պետք է սկսվի, հասնի մինչև Եվրոդատարան:
● Ազգային ժողովն իրավասություն չունի քննիչ հանձնաժողով ստեղծել եկեղեցու հարցերով, որովհետև էս պետությունն այնպիսին է, որ դա չես կարող անել:
● Հայ Առաքելական եկեղեցին միայն հայաստանյան չէ: Կարող է՝ մեկին բերեն, դարձնեն իշաոտնուկով կաթողիկոս, բայց ո՞վ է դրան ընդունելու, քույր եկեղեցիներից ո՞ր մեկի առաջնորդն է նստելու հետը, վեր կենա: Կմտնեն Մայր Աթոռ, կգրավեն դիվանատունը, կաթողիկոսին կձերբակալեն, կկանգնեն կաթողիկոսների գերեզմանի վրա, կհարվածեն Մայր տաճարի դռներին… հո թուրք չի՞, որ չբռնեն կաթողիկոսին, ինչ ասես կանեն…
● Բայց այս ամենը՝ սրանց քայլերն ի՞նչ կապ ունի հայ եկեղեցու հետ: Այա Սոֆիան էլ են թուրքերը գրավել, դարձրել նամազ անելու տեղ, հետո՞…
● Ես չեմ պատկերացնում որևէ պատրիարք կամ կաթողիկոս, որը մաս կկազմի այս ֆարսին: Սա հիմարություն է, որը չի կարող լինել:
● Հայոց եկեղեցին հայոց պետականության մայրն է: Հայոց պետականությունը գրավված է օտար գործակալների կողմից, և այս եկեղեցին, լինելով ազգային եկեղեցի, այս ժողովրդին մինչև մեր օրեր հասցրած կառույց, բնական է, որ այս պայմաններում չի կարող լռել, պետք է խոսի:
● Պոլսի պատրիա՞րքն է Թուրքիայի գործակալը, թե՞ Երուսաղեմի պատրիարքը՝ Իսրայելի գործակալը… Սա ի՞նչ հիմարություն է: Բա ո՞նց եք ասում՝ Ռուսաստանի 3 միլիոն հայերի եպիսկոպոսը գործակալ է:
● Խնդիրը Գարեգին 2-րդ Հայրապետի մեջ չէ, այլ Հայրապետի առհասարակ: Այդ հարվածն անձամբ մեզ է ուղղված: Սա գիտակցել է պետք: Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոսին ճանաչի կամ չճանաչի լեգիտիմ: Հալածանքներից չպետք է վախենալ: Մեր սրբերի մեծ մասն այդպես են սրբեր դարձել:
● Էդ Նիկոլի շուրջ կանգնած տիրադավներն են լուսապսակով սրբե՞ր… Իրենք երեխաներ չունե՞ն: Իրենց պատճառով Կաթողիկոսն այնքան է քննադատվել…
● Երբեք, երբե՛ք չի կարող քննարկման նյութ դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծումը: Առավել ևս՝ օծումը, որին մասնակցել են հայ եկեղեցու բոլոր գահակալները. կատարվել է օծումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի կողմից և մասնակցությամբ, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքների մասնակցությամբ… Այսինքն՝ ներկա է եղել հայ եկեղեցու ամբողջությունը, և այդ օծումն աստվածային ակտ է՝ անվիճարկելի, անսակարկելի: ՎԵ՛ՐՋ:
● Հին Կտակարանում, անգամ երբ Սավուղը, որն Աստծո օծյալ թագավորն էր, և Աստծո բարեհաճությունը այլևս չուներ, Դավիթը թուր չբարձրացրեց Սավուղի վրա, որովհետև նա Աստծո օծյալն էր: Ամենայն Հայոց Հայրապետի օծումն անքննարկելի, անխախտելի, աստվածային ակտ է, վե՛րջ:
● Կրկնում եմ՝ դա անսակարկելի, անառարկելի ու անքննարկելի աստվածային ակտ է՝ անկախ նրանից՝ ձեզ դո՞ւր է գալիս էդ մարդը, թե՞ դուր չի գալիս:
● Եվ ամենակարևորը՝ եկեղեցաբանական առումով, այդ օծումը ցանկացած ընտրության հանգամանքի վրա ավելի գերակա է: …Սրանց նպատակը կաթողիկոսական սյունը կոտրելն է:
● Եթե պետության, իշխանությունների միջամտությունը չլիներ, ներկա կաթողիկոսը՝ Գարեգին Երկրորդը, կաթողիկոս կդառնար ոչ թե 1999թ., այլ 1995 թվականին: 1995թ. Գարեգին արքեպիսկոպոսը որոշ հանգամանքներից ելնելով զիջեց կաթողիկոսական գահը Գարեգին Առաջին կաթողիկոսին, այն դեպքում, երբ ինքն ամենաշատ թվով ձայներն էր հավաքել, և սա այն դեպքում, երբ իրենից ավագ եպիսկոպոսներ կային: Գարեգին արքեպիսկոպոսն այդ ժամանակ կաթողիկոսական գահը նվիրեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջինին: Լևոն Տեր-Պետրոսյանը միամտաբար կարծում էր, որ նրան Հայաստան հրավիրելով՝ երկու կաթողիկոսությունները կմիավորվեն… Քանի դեռ Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Սսում չէ, այդ կաթողիկոսության չգոյությունը միայն թուրքերին է ձեռնտու: Հայկական հարցի առաջին պահանջատերը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն է: Այդ գահը պետք է պահել ու փայփայել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/168-%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac%d5%b6-%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a7-%d5%b8%d6%80-%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b2%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a3%d5%b6%d5%b8/