Հոկտեմբեր 4, 2026
«Նախկինում՝ մինչև սրանց իշխանության գալը, Հայաստանը ՀԱՊԿ-ում երբեք խնդիր չի ունեցել: Կարևոր հիշեցում. ՀԱՊԿ-ը 2022թ. նախագահել է Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Սաղ գիշեր «չքնեց» Փաշինյանը, երբ Ղազախստանը խնդիրներ ուներ: Ղազախստանը դիմեց, ՀԱՊԿ-ը միջամտեց, Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով «շատ արդյունավետ» խնդիրը լուծեց… բոլորը գոհ են, այդ թվում՝ Ղազախստանը:
2022թ. սեպտեմբերի 13… Փաշինյանը Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին թողել է մի կողմ, գնացել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ է վարել, Ադրբեջանը հարձակվել է, պատերազմ է սկսվել, հետո գալիս է ու դիմում է ՀԱՊԿ-ին, ասում է՝ ԵՄ-ի հետ բանակցել եմ, պատերազմ է սկսվել, եկեք, օգնեք: Ընդ որում, Հայաստանն առաջին անգամ էր դիմում ՀԱՊԿ օգնությանը, և նախագահողն ինքը՝ Փաշինյանն էր: Այսինքն՝ ինքը դիմել է իրեն»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ «հակամարտությանը»:
Վերջինս նաև մի կարևոր դրվագի վրա ուշադրություն հրավիրեց:
«Եթե քո երկրի վրա ռազմական հարձակում է տեղի ունենում, կառավարությունը պարտավոր է ռազմական դրություն հայտարարել: Հայաստանի կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն: Եթե չես հայտարարում, նշանակում է՝ չես ընդունում, որ ռազմական հարձակում է եղել քեզ վրա: Ի դեպ, Հայաստանի պատմության ընթացքում միայն մի անգամ է ռազմական դրություն հայտարարվել՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ, ժամը 10:00-ին արդեն ռազմական դրություն էիր հայտարարել… Ինչո՞ւ, եթե պայմանավորված չէր դա Ալիևի հետ: Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն»,- ասաց նա:
Էդգար Ղազարյանի խոսքով՝ Ջերմուկյան հարձակման ժամանակ Հայաստան եկան ՀԱՊԿ պաշտոնյաներ, հետո եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որ օգնության փաթեթ մշակի, սակայն ոչ ոք նրան չընդունեց, բացի ԳՇ պետից ու Ջերմուկի քաղաքապետից:
«Փաշինյանն այստեղ Զասին չի ընդունել, փոխարենը՝ գնացել է ՄԱԿ, հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Եթե սա արկածախնդրություն չէ, ի՞նչ է:
Հետո, այնուամենայնիվ, Զասն եկավ, փաստաթուղթ մշակեցին, բայց քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, որոշում չընդունվեց… Կռահեք՝ ինչո՞ւ. որովհետև Նիկոլ Փաշինյանը դեմ քվեարկեց…
Հետո էլի բանակցեցին, և էլի Նիկոլ Փաշինյանն իր իջևանյան ռուսերենով ասաց՝ կներեք, բայց ես չեմ կարող ստորագրել, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները: Սենց հիմարություն հնարավոր չի պատկերացնել: Քո երկրի սահմանները դու պիտի ասես, ՀԱՊԿ-ը չպիտի ասի՝ ո՞րն է:
Բա հիշեք՝ իշխանության գալուց հետո ի՜նչ կոնֆլիկտներ ստեղծեց ՀԱՊԿ-ի համար: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում ձերբակալեց առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղյակ պահելու, և այլն, և այլն»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Basmajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/05/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%be%d6%80%d5%a1-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d6%80%d5%b8%d6%82/