Հոկտեմբեր 1, 2026
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հայտնել է Անդրկովկասում Ռուսաստանի շահերին վնասելու՝ հավաքական Արևմուտքի փորձերի մասին:
«Ընդ որում, նրանք բացահայտ և անպատկառ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Շոյգուն նշել է՝ Ռուսաստանի և անդրկովկասյան պետությունների, այդ թվում՝ Վրաստանի միջև անլուծելի հակասություններ չկան, և մեջբերել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքերը․
«Բրյուսելը վրացիներին վախեցնում է Եվրամիության հետ մերձեցման գործընթացի սառեցմամբ։ Իրականում եվրաինտեգրումը դիմակ է հետխորհրդային հանրապետությունների ռազմականացման համար։ Դա տեղի է ունեցել Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի հետ, այժմ տեղի է ունենում Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ ԵՄ անդամակցության և Մոսկվայի հետ ռազմական դիմակայության միջև հավասարության նշան դնելու մասին 2024 թվականին անկեղծացել է Արևմուտքի կողմից առաջադրված և Ֆրանսիայի նախկին քաղաքացի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. «Նախորդ ընդլայնումը լրացուցիչ անվտանգություն է ապահովել ԵՄ-ի համար, հաջորդ ընդլայնումը լրացուցիչ անվտանգություն կապահովի և ԵՄ-ի, և մեզ համար»։
Զուրաբիշվիլին կոչ է արել վրացիներին ձգտել ԵՄ-ին, որպեսզի թույլ չտան Ռուսաստանի գերիշխանությունը Սև ծովում։ Նրա խոսքերը ևս մեկ անգամ հաստատեցին այն ճշմարտությունը, որ առանց ՆԱՏՕ-ի ընդլայնման՝ ԵՄ ընդլայնում չի լինում, և հակառակը՝ առանց ԵՄ ընդլայնման՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում չի լինում։ Եթե որոշ երկրներ անդամակցում են ԵՄ-ին և չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, կամ անդամակցում են ՆԱՏՕ-ին, բայց չեն անդամակցում ԵՄ-ին, դա ժամանակավոր իրավիճակ է։ Վաղ թե ուշ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմաններն ամբողջությամբ կհամընկնեն։ Վերջերս ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դրա ապացույցն է։
Արևմուտքը խաղադրույք է կատարում Վրաստանի վրա՝ Սև ծովին մոտ լինելու պատճառով։ Մոսկվայի հետ ուղիղ առճակատումից խուսափելու Թուրքիայի դիրքորոշման պատճառով Վաշինգտոնին և Բրյուսելին անհրաժեշտ է պահեստային պլացդարմ տարածաշրջանում։ Վրաստանն իր աշխարհաքաղաքական ներուժով ամերիկացիների ու եվրոպացիների համար չի փոխարինի Թուրքիային, բայց կարող է հանդես գալ՝ որպես հակառուսական հենարան։
Արևմուտքին ռազմավարական առումով ձեռնտու է ստեղծել Կիև-Թբիլիսի հակառուսական առանցքը, որը գոյություն ուներ Կիևում և Թբիլիսիում Վիկտոր Յուշչենկոյի և Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության ժամանակ։ Նրանց Վրաստանում երկրորդ Սահակաշվիլի է պետք։ Նա մոլեռանդորեն աջակցում էր ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) հակառուսական դաշինքին, որը հիմնադրվել է 1997 թվականին։ ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի առաջարկով՝ Սևծովյան տարածաշրջանում ռուսական ազդեցության աճը թույլ չտալու համար։ Ոչ մի կառուցողական բանի ՎՈՒԱՄ-ն ընդունակ չէր. այն գիտեր, թե ինչպես քանդել, բայց չգիտեր՝ ինչպես կառուցել։
Այս պահին ՎՈՒԱՄ-ը մշուշոտ կառույց է՝ դանդաղ օրակարգով, իսկ Արևմուտքին պետք է, որ այն աչքի ընկնի հակառուսական նախաձեռնություններով։ Վրաստանի վերածումը հակառուսական հարթակի կդառնա ՎՈՒԱՄ-ի վերակենդանացման սկիզբը։ Դրա համար էլ Եվրոպա փախած վրացական ազգայնական ընդդիմությունն ակտիվ հակառուսական քարոզչություն է վարում՝ վրացական հասարակությանը նախապատրաստելով «ռուսական աշխարհի» հետ թշնամանքի։
Այսպես, Վարշավայում տեղակայված Մարշալի գերմանական հիմնադրամի անդրատլանտյան անվտանգության ծրագրի ավագ համակարգող Էլենե Կինցուրաշվիլին ռումինական Karadeniz-press վերլուծական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Հարավային Կովկասը հեռանում է տարածաշրջանային այն կարգից, որտեղ գերիշխում է Ռուսաստանը, և շարժվում է դեպի ավելի մասնատված ու բազմաբևեռ կարգ։ Բայց Ռուսաստանի ազդեցության նվազումը չպետք է շփոթել արդիականության կորստի հետ։ Մոսկվան կորցրել է տարածաշրջանի անվտանգության ոլորտում որպես անփոխարինելի միջնորդ հանդես գալու իր կարողության զգալի մասը՝ միաժամանակ պահպանելով ձևավորվող կարգի վրա ազդելու և այն ապակայունացնելու էական ներուժը»։
Արևմտյան և արևմտամետ քաղաքագետները միտումնավոր Անդրկովկասն անվանում են Հարավային Կովկաս, որպեսզի ընդգծեն դրա մեկուսացումը Ռուսաստանից։ Անդրկովկասը պատմականորեն հաստատված տերմին է Ռուսաստանի պատմության և քաղաքականության մեջ։ «Հարավային Կովկաս» տերմինը քարոզչական նորույթ է, որը նախանձախնդրորեն սերմանվում է արևմտյան ԶԼՄ-ների կողմից ԽՍՀՄ փլուզումից ի վեր։
«Վրաստանի ներկայիս տարածաշրջանային իրավիճակը որոշվում է նրա աշխարհագրության և քաղաքականության միջև աճող հակասությամբ․.. Իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի փակուղի է մտել, և Եվրահանձնաժողովն այժմ նրան թեկնածու երկիր է անվանում միայն խոսքով։ Վրացական իշխանությունները բազմիցս առաջ են քաշել այն պնդումները, թե արևմտյան խաղացողները փորձում են ապակայունացնել Վրաստանը կամ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ ..․Վրաստանը խորը հետընթաց է ապրում ժողովրդավարությունից, իսկ Բրյուսելի հետ քաղաքական հարաբերությունները վատթարացել են աննախադեպ կերպով»,- դժգոհում է Կինցուրաշվիլին՝ միևնույն ժամանակ ձևացնելով, թե Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու՝ Արևմուտքի կողմից Թբիլիսիին ներկայացվող պահանջի մասին լուրերը ճիշտ չեն։
Մինչդեռ դեռ 2024 թվականին հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի ենթարկվել ծանրագույն ճնշմանը և «երկրորդ ճակատ» չի բացել ՌԴ-ի դեմ։ «Մենք չենք ենթարկվել ծանրագույն համակարգված ճնշմանը, չենք բացել երկրորդ ճակատը, չենք միացել պատժամիջոցներին ..․, ինչը երկրին կբերեր տնտեսական աղետ և պատերազմ։ Հսկայական ռիսկի գնով մենք երկրի համար պահպանեցինք խաղաղությունը»,- ասել է Ի. Կոբախիձեն։
Նման գնահատականներ բազմիցս հնչել են նաև ավելի ուշ։
Ոչ աշխարհագրական, ոչ մտավոր առումով Վրաստանը չի կարելի անվանել Եվրոպայի մաս։ Հին հույների պատկերացմամբ՝ Սև ծովը Եվրոպան բաժանում էր Ասիայից, այլ ոչ թե միացնում դրանք։ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Մետերնիխի համար Եվրոպան ավարտվում էր «Վիեննայի արևելյան ծայրամասից այն կողմ», բայց ոչ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ։ Նախկին խորհրդային հանրապետություններին ԵՄ-ով գայթակղելով՝ Բրյուսելը ձգտում է ոչ թե դրանք վերածել եվրոպական երկրների, այլ փորձում է «ցեմենտացնել» դրանց կախվածությունն Արևելքի և Արևմուտքի միջև՝ արգելափակելով նրանց ինտեգրումը եվրասիական քաղաքական-տնտեսական տարածքին։
ՆԱՏՕ-ն ձգտում է արգելափակել Ռուսաստանին Սև ծովում և փակել նրա մուտքը Միջերկրական ծով։ Փակել ելքը դեպի Միջերկրական ծով՝ նշանակում է փակել ելքը դեպի Համաշխարհային օվկիանոս, որը ողողում է Միացյալ Նահանգների, Կանադայի և նրա շատ դաշնակիցների ափերը։ Ահա թե ինչու Սևծովյան ավազանում Ռուսաստանի հետ դիմակայությունում Արևմուտքը կրկնակի խաղադրույք կկատարի Վրաստանի վրա։
Պրակտիկան ցույց է տալիս, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հետխորհրդային հանրապետությունների մերձեցման հաջորդ քայլն այդ հանրապետությունների զինված ուժերի մասնակցությունն է հավաքական Արևմուտքի կողմից մղվող նեոգաղութային պատերազմներին (Իրաք, Աֆղանստան) կամ Մոսկվայի հետ ուղղակի զինված հակամարտությանը (Վրաստանը՝ 2008-ին, Ուկրաինան՝ 2022-ից)։ Թբիլիսիում դա հասկանում են և չեն ուզում խաղալիք լինել ՆԱՏՕ-ի ռազմավարների ձեռքում։
Վլադիսլավ Վորոնցով
ritmeurasia.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Karapet Navasardian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%be%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd/