Ռուսաստանի էներգետիկ առաջարկն ու ՀՀ իշխանությունների «դիվերսիֆիկացիան». Ի՞նչ

Հոկտեմբեր 1, 2026

Մինչ Հայաստանի էներգետիկ ապագայի շուրջ գլոբալ մրցակցությունն ու այլընտրանքային նախագծերը սկսում են նոր թափ հավաքել, Երևան ժամանեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առանցքային քննարկումներից անմիջապես հետո։ Այս այցը ոչ միայն սովորական աշխատանքային ստուգայց էր, այլև ռուսական կողմի հայտը՝ հայաստանյան ատոմային և արդյունաբերական շուկայում իր դիրքերը երկարաժամկետ հեռանկարում ամրապնդելու համար։

Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե «Ռոսատոմը» շարունակում է նաև Հայկական ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքները՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։ Նա նաև նշել էր, թե «Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» նախագծի շուրջ։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծով, հույս ունեմ՝ կկարողանանք նաև օգնություն ցուցաբերել»,- ասել էր Պուտինին Լիխաչովը։ Նա նաև հայտնել էր, որ «Ռոսատոմը» շարունակում է աշխատանքները Հայկական ԱԷԿ-ում՝ դրա շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։ «Չի կարելի դուրս թողնել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Այդ ժամանակ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնա, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- նշել էր Լիխաչովը։

Փաշինյան-Լիխաչով հանդիպմանը քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։

Երևանում Նիկոլ Փաշինյանի և ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումներից հետո տված ճեպազրույցում Լիխաչովը շեշտել է, որ ռուսական կողմը լիովին պատրաստ է ապահովել Հայկական ատոմային էլեկտրակայանի (Մեծամորի ԱԷԿ) շահագործման ժամկետի երկարաձգումը մինչև 2036 թվականը՝ հիմնվելով անվտանգության և տեխնիկական ամենաբարձր չափանիշների վրա։ Միևնույն ժամանակ, «Ռոսատոմի» ղեկավարը հայտարարել է Հայաստանում լիովին նոր՝ ժամանակակից հզորության միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորության մասին։ Անդրադառնալով շուկայում հնարավոր մրցակցային միջավայրին և նոր ենթակառուցվածքների նախագծմանը՝ Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է.

Կարդացեք նաև

  • Մոսկվայի կոշտ ազդանշանները և Երևանի լռությունը. Արդյո՞ք գազային արտոնությունները պահպանելու շանսեր դեռ կան
  • Հենց հիմա Ադրբեջանին են տալիս Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու իրավունքը. մեզ իրավազուրկ պետություն են դարձնում. Հակոբ Բադալյան
  • Կո՛չ եմ անում. արցախցիները պետք է դիմեն միջազգային տրիբունալներ. Բաքուն վախենում է քաղաքական սանկցիաներից. Արա Ղազարյան

««Ռոսատոմն» առաջարկում է նոր, 1000 մեգավատտ հզորությամբ միջուկային էներգաբլոկի նախագիծ Հայաստանում, քանի որ միջուկային էներգետիկան հստակ ապագա ունի այս երկրում գալիք տասնամյակների համար։ Մենք բաց ենք առողջ մրցակցության համար, քանի որ որքան շատ են այլընտրանքներն ու մրցակիցները, այնքան բարձր է որակը, և այստեղ վախենալու կամ հանգստանալու որևէ տեղ չկա»։ Այցի օրակարգում են եղել նաև արդյունաբերական ժառանգությանը վերաբերող բարդ հարցեր, այդ թվում՝ «Նաիրիտ» գործարանի տարածքի բնապահպանական ու արդյունաբերական մաքրման հնարավոր նախագծերը։ Այսպիսով, Լիխաչովի այցը ցույց տվեց, որ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը Հայաստանի էներգետիկ և արդյունաբերական սեկտորում՝ չնայած տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին։

Ուստի մինչ «Ռոսատոմը» Երևանում փորձում է ամեն կերպ պահպանել իր վերահսկողությունն ու առաջարկել 1000 մեգավատտ հզորությամբ նոր բլոկի նախագիծը, ՀՀ իշխանությունների իրական օրակարգն այս ոլորտում շատ ավելի խորն է և ուղղված է ռուսական մենաշնորհի հետևողական թուլացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, խոսելով «բացառապես տնտեսական բնույթի» և «բաց մրցակցության» մասին, խնդիրն աշխարհաքաղաքականից փորձում է տեղափոխել զուտ տնտեսական, էներգետիկ հաշվարկների դաշտ՝  իրականում փորձելով դիտարկել արևմտյան այլընտրանքային առաջարկները։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Մեծամորի ԱԷԿ-ի ժամկետի երկարաձգումը դիտարկվում է միայն որպես ժամանակավոր անհրաժեշտություն, մինչդեռ ռազմավարական հեռանկարում Երևանը նպատակ ունի լիովին զրկել Մոսկվային հայկական միջուկային էներգետիկայի վրա միանձնյա վերահսկողությունից։

Չնայած Լիխաչովի բացահայտ հայտարարություններին և Մոսկվայում Պուտինի հետ կայացած բանակցություններին, որոնցով Կրեմլը փորձում է կապել նաև այնպիսի հին արդյունաբերական նախագծեր, ինչպիսին «Նաիրիտն» է, հայկական կողմը պահպանում է որոշակի զսպվածություն:

ՀՀ կառավարության վերջին ամիսների դիրքորոշումը հետևյալն է՝ Կառավարությունը շարունակում է քննարկումները տարբեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ արևմտյան այլընտրանքային ընկերությունների հետ՝ հասկանալու համար բոլոր հնարավորությունները:

Այս գործընթացի տրամաբանությունը հուշում է, որ ռուսական կողմի առաջարկը վերջնարդյունքում կարող է չբավարարվել կամ ձգձգվել այնքան ժամանակ, մինչև ՀՀ իշխանությունները հնարավորություն ստանան ամբողջությամբ դիվերսիֆիկացնել ոլորտը։ ՀՀ իշխանություններն, ինչպես մնացած ոլորտներում,  այնպես էլ էներգետիկայում, Մոսկվայի մենաշնորհի պահպանմանը դեմ են, քանի որ դա դիտարկում են՝ որպես Մոսկվայից աշխարհաքաղաքական կախվածության շարունակություն, ինչպես նաև միտված են խորացնել այս ոլորտում համագործակցությունն Արևմուտքի հետ: Ահա թե ինչու ռուսական ատոմային հսկայի հետ ընթացող բանակցությունները ավելի շատ հիշեցնում են զսպման և ժամանակ շահելու մարտավարության:

Արդյունքում, Ալեքսեյ Լիխաչովի այցն ու հնչեցրած հայտարարությունները բացահայտեցին Մոսկվայի մտահոգությունը. Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը փորձում է  դուրս գալ էներգետիկ ուղեծրից։ Թեև ռուսական կողմը փորձում է բանակցությունների սեղանին դնել նոր տեխնոլոգիական և արդյունաբերական փաթեթներ, դրանք հանդիպում են Երևանի լուռ, բայց հետևողական դիմադրությանը, որի նպատակն է ապագա էներգետիկ համակարգում բացել դռներն արևմտյան այլընտրանքների և փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների առջև։

Նշենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև փոքր մոդուլային ռեակտորների (SMR) և քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության թեման  թափ է ստացել  դեռևս 2022 թվականի մայիսին ստորագրված հայ-ամերիկյան ըմբռնման հուշագրով, որին հաջորդել էին փորձագիտական խորհրդատվություններն ու նախնական ուսումնասիրությունները։ Ներկայումս այս գաղափարը դուրս է եկել զուտ տեսական շրջանակներից և սկսել է գործնական քննարկումների փուլ թևակոխել:

Այնուամենայնիվ, մասնագիտական շրջանակներում այս նախաձեռնությունը մեծ հարցականների տակ է դրվում, քանի որ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները դեռևս չունեն արդյունաբերական գործարկման երկարաժամկետ փորձառություն նույնիսկ հենց ԱՄՆ-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար նման համակարգերի ներդրումը լինելու է բացառապես փորձնական բնույթի, ինչը պարունակում է բարձր տեխնիկական, ֆինանսական և անվտանգային անորոշություններ։ Չնայած այս լուրջ ռիսկերին, հայկական իշխանությունները պատրաստ են գնալ այս ճանապարհով՝ նպատակ ունենալով ապագա էներգետիկ համակարգում դռները բացել Արևմուտքի առջև:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Tadevosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/02/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b0%d5%b0-%d5%ab/

Leave a Reply