ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է վերլուծական գործիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պայքարը ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու դեպքերի բացահայտման ուղղությամբ։
Այսպես, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Կարգո» բեռնային համալիրում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ՀՀ տեղափոխված միջազգային սուրհանդակային առաքանին, որում առկա սեղանի փաթեթավորման տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր 819 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց։
Պարզվել է, որ առաքանին Հայաստանում պետք է ստանա Ուկրաինայի քաղաքացի Մ․Տ․-ն, ով նույն օրը ժամանել էր ՀՀ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մ․Տ․-ն ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Բացի այդ, մաքսային զննման է ենթարկվել նաև ՀՀ տեղափոխված միջազգային սուրհանդակային առաքանին, որում առկա բարձրախոսի կազմաքանդման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 250 գրամ ՄԴՄԲ-022 տեսակի սինթետիկ թմրամիջոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, հիշյալ թմրամիջոցի մաքսանենգություն կատարող անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա․Պ․-ն: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Թմրամիջոցների տեղափոխման տվյալ դեպքերի հայտնաբերումը կատարվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխակիցների վերլուծության, ճշգրիտ թիրախավորման և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Այս բացահայտումներից բացի, վերջին մեկ ամսվա ընթացքում միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջոցով ՀՀ փոխադրված առաքանիներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մաքսանենգ ճանապարհով, հնարամիտ եղանակով տարբեր առարկաների մեջ թաքցված տարբեր տեսակի թմրամիջոցներ: Մասնավորապե, հայտնաբերվել են շուրջ 1800 գրամ մարիխուանա, 210 գրամ կոկաին, 285 գրամ մետամֆետամին, 58 գրամ ՄԴՄԱ և 114 գրամ հաշիշի յուղ տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև կարֆենտանիլ տեսակի թմրամիջոց, որը շուրջ 100 անգամ ավելի հզոր թմրամիջոց է քան ֆենտանիլը։
Այս դեպքերին առնչվող նախապատրաստված նյութերը համապատասխան հաղորդմամբ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքար վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցանք կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Karakhanian Suren. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/01/%d5%ba%d5%a5%d5%af-%d5%a8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%b5%d6%84%d5%ab-%d6%87-%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bb/