«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։
«Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։
Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով` օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի դարավոր հիմնասյուներից է և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի լիիրավ անդամ։ Հետևաբար, Եկեղեցի–պետություն հարաբերություններում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել պետության սահմանադրական լիազորությունները եկեղեցու ինքնավար ներքին կյանքից։
«ՀԱՅԱՔՎԵ»-ն հատկապես մտահոգված է, որ իշխանության կողմից շարունակվող հետապնդումը խորացնում է հասարակության պառակտումը և վնասում ազգային համերաշխությանն ու հաշտեցման հնարավորություններին։
Ըստ այդմ, «ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կոչ անելով.
▪️հետևել Հայաստանում կրոնական ազատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումներին,
▪️ վերահաստատել եկեղեցական ներքին կյանքի՝ քաղաքական անհարկի միջամտությունից զերծ մնալու սկզբունքը,
▪️ խրախուսել պետության կողմից Եկեղեցու հանդեպ հարգանքը,
▪️ նպաստել հոգևորականության և կրոնական հաստատությունների վերաբերյալ հանրային խոսքի զսպվածությանը,
▪️ և իր էկումենիկ առաքելության շրջանակում` աջակցել կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության, արժանապատվության և հասարակական խաղաղության պահպանմանը Հայաստանում։
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Khoyetsian Rose. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/01/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d6%84%d5%be%d5%a5-%d5%b6-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b7/