Սեպտեմբեր 29, 2026
Սեպտեմբերի 1-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել էր, որ կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահի հետ կշարունակի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։
Նիկոլ Փաշինյանն ասել էր նաև, որ նոր միջավայրում և նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։
«Այդ վերաձևակերպման արդյունքում, համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- հայտնել էր նա։
Ի՞նչ օրակարգով կարող է տեղի ունենալ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումը, երկաթուղու, 102-րդ ռազմաբազայի, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումների սահմանափակման հարցերը կարո՞ղ են այդ օրակարգի առանցքային հարցերից լինել։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե այսպես պատկերավոր ասած՝ հայկական կողմն ինչ «տնային առաջադրանք» կկատարի Մոսկվա մեկնելուց առաջ։
«Որոշակի կնճռոտ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ԵՄ անդամակցության, Հանրաքվեի հետ կապված, հարցեր, որոնք Մոսկվան բարձրացրել է Բիշքեկում, այդ հարցերի հետ կապված՝ հայկական կողմից գործուն քայլեր չենք տեսնում։ Հետևաբար, ես մի փոքր թերահավատ եմ՝ արդյոք ՌԴ-ն հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները կհանի՞, թե՞ ոչ, կամ հայ-ռուսական հարաբերությունները որևէ կերպ կբարելավվե՞ն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։
Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազայի և երկաթուղու հարցերին, ըստ Գրիգոր Բալասանյանի, այս պահին գնդակը հայկական կողմի դաշտում է, մասնավորապես՝ երկաթուղու հետ կապված։
«102-րդ ռազմաբազայի հետ կապված՝ Ռուսաստանն ավելի առաջանցիկ խաղաց և ըստ էության փակեց բոլոր այն փորձագետների բերանը, որոնք փորձում էին 102-րդ ռազմաբազայի գոյությունն օգտագործել շանտաժի համար՝ Ռուսաստանին պահանջներ ներկայացնելու համար։ Մոսկվան անձամբ հայտարարեց, որ պատրաստ է հենց վաղն էլ հանել այդ ռազմաբազան։ Հայկական կողմն էլ արձագանքեց, որ «դա չի խանգարում, եթե ուզում են՝ կարող են թողնել, եթե չեն ուզում՝ կարող են հանել, և այլն»։
Այսինքն՝ այստեղ ցույց է տրվում, որ հայկական կողմի համար այս ամենն անսպասելի էր, քանի որ հանելը նշանակում է հայ-ռուսական հարբերությունների վերջնական խզում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Չհանելու հետ կապված էլ, այստեղի որոշակի շրջանակների մոտ է հարցեր առաջանալու, թե արդյո՞ք հայկական կողմն ազնիվ է իր հայտարարություններում, և արդյո՞ք այստեղ տեսականորեն որոշակի պայմանավորվածություն չկա»,- հավելեց Գրիգոր Բալասանյան։
Մեր զրուցակցի կարծիքով՝ 102-րդ ռազմաբազայի հարցը Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ չի քննարկվի, քանի որ Մոսկվան դրա հետ կապված ամեն ինչ ասել է, և հիմա գնդակը Հայաստանի դաշտում է, հետևաբար՝ որոշելիքը Երևանինն է։
«Երկաթգծի վերաբերյալ էլ ՌԴ նախագահը բավականին թափանցիկ ակնարկ է արել, նշելով, որ կլինի ճանապարհների ապաշրջափակում, ներդրումներ՝ կլինի երկաթգծի զարգացում, եթե այդքանը չլինի, ուրեմն՝ չի լինի։ Բայց ՌԴ-ն չի հրաժարվելու իր կոնցեսիոն իրավունքներից, որոնք, կարծեմ, մինչև 2036 թվականն են։ Անուղղակի կերպով Պուտինի այդ ակնարկը նշանակում էր հետևյալը՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված Մոսկվան կունենա հասանելիություն, սահմանների հետ կապված վերահսկողություն, երկաթգիծը կզարգանա, չի ունենա՝ երկաթգծի հարցը կմնա առկախված։ Երրորդ կողմին երկաթգիծը ՌԴ-ն չի զիջելու, սա միանշանակ է»,- շեշտեց միջազգայնագետը։
Խոսելով գազի գնի հնարավոր թանկացման խոսակցությունների մասին, Գրիգոր Բալասանյանը նշեց, որ ամեն ինչ կախված է այն հռետորաբանությունից, որն այսօր կա հայկական կողմում, թե որքանով են ՀՀ իշխանություններն օպերատիվ մարելու այդ խոսակցությունները։
«Այս հռետորաբանությունը մի շրջանում շատ մեծ էր, հիմա կարծես թե ստատիկ վիճակում է։ Մեր հայ փորձագետների կողմից արված եզրակացությունները՝ գազի հետ կապված, սառը ջուր էին որոշ մարդկանց համար։ Ըստ այդ եզրակացությունների, ադրբեջանական գազն առաջիկա 15 տարիներին վաճառված է Եվրոպային։ Իսկ Իրանը նման ծավալներով չի կարող Հայաստանին գազ տալ, քանի որ խողովակաշարը թույլ չի տալիս, խողովակաշարը ՌԴ-ի սեփականությունն է։
Բացի այդ, Իրանը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացման չի գնա՝ փորձելով գազ տալ Հայաստանին։ Ցանկացած միջին աշխարհաքաղաքական հաշվարկ ցույց է տալիս, որ դա հնարավոր չէ։ Հետևաբար՝ գազի հարցը կախված է բացառապես այն ներքին դիսկուրսից, որը կա Հայաստանում։ Եթե ՀՀ իշխանությունը կարողացավ փակել հակառուսականության պատուհանը, գազի հարցը չի քննարկվի, եթե չփակեց, ու գնացին հարաբերությունների սրման, դրա գինը վճարելու է հայ ժողովուրդը»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով Բիշքեկում Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին, հայտարարել էր, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ռուսական ռազմաբազայի հետ կապված քննարկում չի եղել: Մենք այս ընթացքում ոչ մի անգամ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հարցը չենք բարձրացրել: Բայց այնպես էլ չի, որ մենք համարում ենք, թե ՀՀ տարածքում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի: Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցերը չենք բարձրացրել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Մինչդեռ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
Ինչ վերաբերում է երկաթուղուն, Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ բարեկամական լուծում են ուզում։
«Մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների։ Բարեկամական լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ, օրինակ, այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը»,- նշել էր նա։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ani Kharatian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/29/%d5%bc%d5%a4-%d5%b6-%d5%a8%d5%bd%d5%bf-%d5%a7%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%83%d5%a1%d5%af%d5%a5%d6%81-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b5%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3/