Սեպտեմբեր 29, 2026
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, որտեղ մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»։
Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների»։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց»,- նշված է զեկույցում։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ, առանց ԵԽԽՎ զեկույցի էլ, ՀՀ օրվա իշխանությունները շատ լավ գիտեն, թե ընտրություններում ինչեր են արել, այդ պատճառով էլ զեկույցը ԵԽԽՎ-ի կողմից այլ նպատակով է հրապարակվել այս պահին։
«Այս զեկույցը հրապարակվում է այն ժամանակ, երբ սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպում։ Հետևաբար, այս զեկույցը մենք պետք է դիտարկենք ոչ թե այն համատեքստում, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է, թե Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է, ընտրական գործընթացում տեղի են ունեցել խախտումներ և այլն, այլ դրանով ԵԽԽՎ-ն մեսիջ է ուղարկում Նիկոլ Փաշինյանին Պուտինի հետ հանդիպումից առաջ։
ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին այս զեկույցով հստակ հասկացնում է՝ նայիր, մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, եթե Պուտինի հետ հանդիպմանը զիջումների գնացիր, ապա այդ զեկույցները լինելու են շատ ու խիստ։ Տեսեք, այդ զեկույցի վերջում նշված է, թե՝ չնայած խախտումներին, ժողովրդավարությունն ընտրվեց, բայց հաջորդ զեկույցն այդպես կարող է չավարտվել ու ավելի խիստ լինել։
Կրկնում եմ՝ ԵԽԽՎ զեկույցը մեսիջ է Փաշինյանին, որ Պուտինի հետ հանդիպմանը զիջումների չգնա, հակառակ դեպքում ավելի բարդ զեկույցներ կլինեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան շատ լավ գիտի, թե Հայաստանում ընտրություններն ինչպես են անցել, նաև հասկանում է, որ Հայաստանի վիճակն այս պահին շատ թույլ է և ՌԴ նախագահի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը կարող է որոշ հարցերում գնալ զիջումների։
Մանրամասնելով, թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել, քաղտեխնոլոգն ասաց, որ ՌԴ նախագահը Հայաստանի ղեկավարին ոչ թե առաջարկելու է, այլ պահանջելու է չեղյալ հայտարարել ԵՄ-ի հետ ինտեգրման օրենքը։ Այնուհետև, ըստ նրա՝ պահանջելու է Հայաստան-ԵՄ 44 կետանոց հռչակագիրը, որն այս տարի մայիսի 4-ին ՀՀ-ԵՄ առաջին համաժողովի ժամանակ ընդունվեց՝ չեղյալ հայտարարվի։ Հնարավոր է պահանջ ներկայացվի նաև ՀՀ-ից դուրս բերել ԵՄ դիտորդներին։
«Կարծում եմ՝ հայտարարություն կլինի նաև, որ 102-րդ ռազմաբազայի ու երկաթգծի հարցը չի քննարկվելու, երկաթգիծը մնալու է կոնցեսիոն, ինչպես հիմա կա։ Իսկ ռազմաբազայի հարցում էլ որևէ բան չի փոփոխվելու, մնալու է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը։ Հակառակ դեպքում կսպառնան Հայաստանին՝ ուժեղացնել տնտեսական սահմանափակումները։
Հետաքրքիր է, որ սեպտեմբերի 27-ին, հայ ազգի համար այդքան ցավալի օրը ՀԷՑ-ում տեղի է ունենում հրդեհ և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ակնարկներ է անում , որ դա կարող է պատահական չլինել։ Ինչևէ, հիմա Հայաստանի համար բավականին բարդ շրջան է»,- շեշտեց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մինչև ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկարողանա գտել 2 մլրդ դոլար, որպեսզի Պուտինի հետ կարողանա «դու»-ով խոսել, քանի որ ՌԴ-ի կողմից իրականացվող և իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը ՀՀ բյուջեի վրա բավականին թանկ է նստում։
«ՌԴ-ն կարող է գազի գինը բարձրացնել, որի մասին արդեն ակնարկել են, երեկ սրա մասին խոսեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, որը Շոյգուի թիմակիցն է։
ՌԴ-ն առհասարակ շատ լուրջ է տրամադրված, ինչը, ցավոք, ՀՀ իշխանությունը չի հասկանում, սա է ամենամեծ խնդիրը։ Եթե ՀՀ-ն կարող է ՌԴ-ի հետ այդ խնդիրները շրջանցել այնպես, որ երկիրը որևէ վնաս չկրի, սա այլ հարց է, բայց այս պահին նման նախադրյալ չկա, իսկ ՌԴ-ն էլ չի նահանջում, ընդունակ է ամեն ինչ անելու»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by George Mamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/29/%d5%a5%d5%ad%d5%ad%d5%be-%d5%a6%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d6%81%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%bd%d5%ab%d5%bb-%d5%a7-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%b8%d6%82/