168: 7.4 մլն դոլար՝ իշխանության որոշումները պաշտպանելու համար. որքան են արժեն

Սեպտեմբեր 28, 2026

Միջազգային դատարաններում և այլ ատյաններում, իշխանությունների կամայական որոշումներն արդարացնելուն ուղղված, ինչպես նաև այդ կառույցների կողմից կայացված վճիռներով կատարված ծախսերն այս տարի կտրուկ ավելացել են։ Դրանք փակելու համար տարվա առաջին կեսին կառավարությունը պետական բյուջեից աննախադեպ՝ շուրջ 7.4 մլն դոլար է հատկացրել։

Նախորդ տարվա համեմատ այս ծախսերն աճել են գրեթե 42 տոկոսով։

Հասկանալի է, որ հատկացված գումարներն աճել են՝ առաջին հերթին քաղաքական հաշվեհարդարներով պայմանավորված։ Անտեսելով օրենքն ու իրավունքը՝ խլում են մարդկանց սեփական գույքն ու բիզնեսը, իրականացնում են ունեցվածքի վերաբաշխում։ Ունեզրկման այս արշավն այսօր էլ ծանր է նստում պետական բյուջեի վրա։ Բայց այդ ծանրությունը քաղաքացին ու բյուջեն հետո են զգալու, երբ գա դրանց դիմաց փոխհատուցում տալու ժամանակը։

Գործարարների ու քաղաքական գործիչների նկատմամբ իշխանության բռնաճնշումները սկսվեցին ՀԷՑ-ի բռնագրավումով։ Կառավարությունն այն հայտարարեց գերակա շահ ու հիմա, որպես պետական սեփականություն, պատրաստվում է հանձնել կառավարման։ Այդ հսկայական ակտիվի դիմաց ծիծաղելի փոխհատուցում առաջարկեցին սեփականատիրոջը։ Եվ քանի որ համաձայնություն, ինչպես և սպասվում էր, չեղավ, հիմա գործը գտնվում է միջազգային արբիտրաժում։

Կարդացեք նաև

  • Խփեցին քնած տղերքին… չարթնացան… հրաման կար, չթողեցին դպրոցներ. արթո՛ւն եղեք, ջնջում են հային
  • Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել, փակագծերը չեմ կարող բացել. Գեղամ Մանուկյան
  • Բթացնում են մարդկանց բարոյական ապրումները՝ նոր կորուստներ նախապատրաստելու համար. հոգեբան

Սովորաբար միջազգային դատարաններում նման գործերի վերաբերյալ վերջնական վճիռների կայացումը երբեմն տարիներ է տևում։ Տարիներ հետո, ուզած թե չուզած, Հայաստանը կանգնելու է խոշոր փոխհատուցում տալու խնդրի առաջ։

Իսկ մինչ այդ պետությունը ստիպված է բավական մեծ գումարներ վճարել՝ միջազգային ատյաններում իշխանությունների կամայական որոշումների հետևանքով առաջացած, առայժմ միայն արբիտրաժային ծախսերը փակելու համար։ Այդ ծախսերն առաջիկայում հաստատապես ավելի են մեծանալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանից հետո իշխանությունները նոր արշավ են սկսել այլ հակառակորդների դեմ։

Հաջորդ թիրախը Գագիկ Ծառուկյանն էր, ում տասնյակ սեփականություններ, տարբեր պատճառաբանություններով, խլելու գործընթաց է սկսվել։ Կառավարությունն արդեն ստանձնել է նրան պատկանող 2 ամենախոշոր ընկերությունների՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» և «Արարատցեմենտի» կառավարումը։ Նշանակել է իր մարդկանց ու ուզած ձևով տնօրինում է ուրիշի սեփականությունը։ Նրանք էլ, թե ինչպես են կառավարում, տեսնում ենք։ Կառավարության կառավարման տակ հայտնվելուց կարճ ժամանակ հետո ցեմենտն արդեն հասցրել են 20-25 տոկոսով թանկացնել։ Նախկինում տոննան 40 հազար էր, հասել է 48-50 հազարի։

Այսպիսի թանկացումից հետո, վաղն էլ կասեն՝ տեսեք, թե ինչ լավ ենք կառավարում՝ ընկերության վճարած հարկերն ավելացել են, շահույթները՝ աճել։ Էլ չեն ասի, որ դրանք դուրս են գալիս քաղաքացու ու սպառողի գրպանից։

Դեռ չենք ասում, որ ցեմենտի թանկացումն ուղղակիորեն ազդում է շինարարության ու անշարժ գույքի գների վրա, որոնք էլի մնում են ժողովրդի վրա։

Ապօրինության գագաթնակետն է, երբ Երևանի քաղաքապետարանը ոչ միայն ժամանակից տասնյակ տարիներ շուտ միակողմանի խզում է սեփականատիրոջը պատկանող ընկերության հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը, այլև՝ առանց համաձայնության շահագործում է նրա անձնական գույքը։

«Պետականացման» գործընթաց է գնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս գույքերի ու ունեցվածքի նկատմամբ։  Տարիներ առաջվա վարձակալական ու սեփականության իրավունքով կնքված պայմանագրերն են չեղարկում։ Իշխանության լծակներն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել ու ունեզրկել Գագիկ Ծառուկյանին։ Իբր դրա համար ժողովուրդն իրեն մանդատ է տվել։

Այն, ինչ նա անում է, հասարակության ինչ-որ հատվածին, անշուշտ, դուր է գալիս։ Կարծում են, թե Գագիկ Ծառուկյանից խլելու են՝ իրենց տան։ Բայց արդեն տեսել ենք, թե ինչքանով են այդ գույքերն ու բիզնեսն անցնում ժողովրդին։ Հովիկ Աբրահամյանի հայտնի առանձնատունն էլ էին բռնագանձում՝ ապօրինի գույքի անվան տակ, որ բաժանեին ժողովրդին։ Հիմա այն ո՞ւմ է պատկանում՝ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։ Իսկ դրա վաճառքից ստացված գումարը տնօրինում է ոչ թե պետությունը, այլ Հովիկ Աբրահամյանը։

Վաղը նույնը լինելու է նաև այն բիզնեսների ու սեփականությունների հետ, որոնք այսօր խլում են։ Քանի դեռ իշխանությունն իրենց ձեռքում է՝ կխլեն, բայց դա անհետևանք չի մնա։ Այսպիսի բացահայտ կամայականությունները չեն կարող անպատիժ անցնել։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված ևս հայցեր են գնացել միջազգային դատարան։ Մի օր դրանց վերաբերյալ լինելու են վճիռներ ու ի վնաս Հայաստանի։

Բայց դա չէ, որ այսօր անհանգստացնում է իշխանություններին։ Նրանք սեփական իշխանությունը պահելու ու ընդդիմադիր օջախները չեզոքացնելու խնդիր են լուծում։ Տարօրինակ չէ, որ Գագիկ Ծառուկյանից հետո՝ անցել են Ռոբերտ Քոչարյանին։ Սերժ Սարգսյանի անունն է սկսել շոշափել Նիկոլ Փաշինյանը։ Բոլորին սպառնում են նստեցնել «թոշակի վրա»։

Ու այս ամենն անում են թալանը վերադարձնելու անվան տակ։  «Թալանը» վերադարձնելուց մի մարդ է խոսում, ով 8 տարի պետական բյուջեն դրել է սեփական գրպանի տեղ ու ծախսել, ինչպես կամեցել է։ Գաղտնի վարձատրել է պետական պաշտոնյաներին, բացահայտումից հետո էլ, տարբեր անվանումներով շարունակել է միլիարդներ բաժանել։ Միլիարդներ են բաժանել բյուջեից, որպեսզի փողոցից իշխանության եկած, տուն ու տեղ չունեցող իշխանավորները պետության հաշվին բնակարանների տեր դառնան։ Կարծում են՝ բյուջեի թալանը միայն բյուջեից ուղղակի փող գողանալն է։ Սա էլ բյուջեի թալան է, որը տարիներ շարունակ արել են։

Ուրիշների «թալանն» են իբր բացահայտում ու հետ բերում, իսկ ո՞վ պետք է բացահայտի ու հետ բերի իրենց թալանածը։ Հայտնի ԱՆԻՖ-ի գործը, որի հետևանքով պետությանը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է պատճառվել, տարիներ անց էլ մնում է օդից կախված։ Ոչ մի պատասխանատու կամ մեղավոր չկա, չնայած բոլորն էլ գիտեն, թե ովքեր են պատասխանատուներն էլ, մեղավորներն էլ։

Նախկին նախագահներին քրեական հետապնդումներով ու քաղաքական հաշվեհարդարներով սպառնացող Նիկոլ Փաշինյանն արդարանում է, թե ինչպե՞ս է, որ ինքն 8 տարի Հայաստանի վարչապետ է, բայց միլիոնատեր չէ։

Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ միլիոնատեր չէ։ Ո՞վ պիտի բացահայտի՝ միլիոնատե՞ր է, թե՞ չէ, երևի սեփական դատախազությունն ու իրավապահ մյուս կառույցները, որոնք անվերապահ կատարում են իր անգամ անօրինական հրահանգները։ Ոչ մի իշխանության ղեկավար չի ասում, թե իր իշխանության տարիներին միլիոններ է կուտակել։

Միլիոնատե՞ր, իսկ գուցե միլիարդատե՞ր է Նիկոլ Փաշինյանը, դա էլ հետո կերևա։ Այս ընթացքում, հատկապես պատերազմից անմիջապես հետո, քիչ լուրեր չեն շրջանառվել նրա կամ նրա ընտանիքի անդամների անվան հետ կապված։ Ու ոչ մի նշանակություն չունի՝ այդ լուրերը հերքվե՞լ են, թե՞ ոչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Lilit Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/28/168-7-4-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80%d5%9d-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Leave a Reply