168: Պուտինը պետք է ասեր՝ հայ ժողովուրդ, Նիկոլը ծախել է ձեզ, թող Եվրոպան էլ գ

Սեպտեմբեր 25, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան Գագիկ Համբարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան իր զինծառայողներով ու նրանց ընտանիքների՝ այնտեղ ապրելով՝ շատ մեծ օգուտ են տալիս Գյումրիին: Խոսքը ՌԴ շուրջ 5000 քաղաքացիների մասին է, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ և ապրում են ոչ միայն ռազմաբազայի տարածքի հանրակացարաններում, այլև ռազմաբազայի շուրջ գտնվող 2 խոշոր թաղամասերում, Մուշ և Անի թաղամասերում տներ են վարձում, օգտվում են տաքսիներից, ռեստորաններից, խանութներից, այլ սպասարկման սրահներից: Ռազմաբազայի դուրսբերումը շատ մեծ սոցիալական խնդիր կառաջացնի Գյումրի քաղաքում:
  • Մարդիկ կարող են մտածել, որ նոր սերնդի պատերազմների այս դարում ռազմաբազայի լինելն այնքան էլ մեծ խնդիր չի լուծի, բայց խնդիրն այն է, որ ռուսական ռազմաբազայի առկայությունը զսպիչ լուրջ գործոն է Թուրքիայի համար: Չմոռանանք, որ անկախացումից ի վեր Թուրքիան 2 անգամ ցանկացել է հարձակվել Հայաստանի վրա, և, օրինակ, 1992 թվականին, ռուսական ռազմաբազայի առկայությունն ու գեներալ Շապոշնիկովի բանակցություններն են դա կանխել: Եվ սրա մասին ոչ միայն ժամանակակիցներն են պատմում, այլև օտարազգի դիվանագետները՝ Հունաստանի դեսպան Քրիսանթոպուլոսը, արևմտյան մամուլը: 

Հիշեցնենք. ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Քրիսանթոպուլոսը (1993–1994 թթ.) իր «Կովկասյան տարեգրություն. Պետականաշինություն և դիվանագիտություն Հայաստանում, 1993-1994» հուշագրությունում ներկայացրել է անկախության առաջին տարիներին Հայաստանում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակը և դիվանագիտական կուլիսները։ Նրա հուշերից ամենաաղմկահարույց և հայտնի բացահայտումն այն է, որ 1993 թվականի հոկտեմբերին Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան։ Քրիսանթոպուլոսը հայտնել է, որ Մոսկվայում ընթացող սահմանադրական ճգնաժամի (Բորիս Ելցինի և Գերագույն խորհրդի միջև բախումների) օրերին Թուրքիան մտադիր էր օգտվել առիթից և հարձակվել Հայաստանի վրա։ Ըստ պլանի՝ եթե Մոսկվայում հակաելցինյան ուժերը հաղթեին, Թուրքիան Նախիջևանի սահմանին կազմակերպելու էր կեղծ սահմանային սադրանքներ, իսկ Արաքսի հունով տեղակայված թուրքական 3-րդ դաշտային բանակը ներխուժելու էր Հայաստանի տարածք՝ «քրդական ահաբեկիչներին հետապնդելու» պատրվակով։ Սակայն, քանի որ Ելցինը ճնշեց խռովությունը, այդ ծրագիրը տապալվեց:

Կարդացեք նաև

  • Բաքուն սեղմում է օղակը Փաշինյանի շուրջ. Նոր պահանջներ, այդ թվում՝ գեներալներին առնչվող
  • Անկախության տոնը՝ թվերով․ կազմակերպիչն էլի ֆավորիտ մատակարարն էր, որին վստահվել էր նաև Վարդավառի, հեծանվավազքի ու COP 17-ի կազմակերպումը
  • Դա բարբարոսական միջամտություն է, ամոթ է մեր ազգին. մեր ազգը չպետք է լռի, չպետք է թույլ տա նման բաներ. Մերուժան Տեր-Գուլանյան
  • Հայ-թուրքական սահմանը դե յուրե ռուս-թուրքական սահման է, որովհետև ձևավորվել է Կարսի և Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրերի հիման վրա: Նիկոլի՝ իշխանության գալուց առաջ թուրքերը երբեք չեն ակնարկել, որ նոր սահմանազատում պետք է իրականացվի ու փոխվի հայ-թուրքական սահմանը, բայց դեռևս 2022թ. ապրիլի վերջին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ պետք է փոխվի հայ-թուրքական սահմանը: Այն ժամանակ այս իշխանությունը հակադարձեց դրան: Բայց թուրքերի նպատակը, փաստորեն, հարցը դաշտ նետելն էր: Ենթադրաբար, թուրք-ադրբեջանական տանդեմը Նիկոլի հետ համատեղ պատրաստվում էին արդեն Արցախի հայաթափման գործընթացին, թուրքերը հասկացան, որ դա կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ հաշվի առնելով, որ 1 տարի հետո պետք է Արցախը լրիվ դատարկվի, և որոշեցին, որ առժամանակ կանգնեն։ Կրկնում եմ՝ ռուսական դրոշներն այս պահի դրությամբ զսպում են թուրքերին:
  • Չմոռանանք, որ նույն Թուրքիայի իշխանությունները բազում տարիներ միջազգային հանրության, սեփական հանրության ականջը լցնում էին ապատեղեկատվությամբ, իբրև թե Հայաստանի տարածքում գործում են քրդամետ զինված անջատողական խմբավորումներ… Չմոռանանք, որ այդ նույն պատճառաբանություններով Թուրքիան հարձակում էր և՛ Սիրիայի վրա, և՛ Իրաքի հյուսիսային շրջանների վրա:
  • Հիշեցնենք. Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2022 թվականի մայիսին խոսել էր հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման (դեմարկացիայի) և հստակեցման անհրաժեշտության մասին՝ դա կապելով Արաքս գետի հունի բնական փոփոխությունների հետ։ Չավուշօղլուն նշել էր, որ քանի որ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներ անցնում են Արաքս գետով, վերջին տասնամյակների ընթացքում հեղեղումների և բնական պատճառներով գետը որոշակիորեն փոխել է իր հունը։ Այդ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտություն է առաջացել վերահաստատել և ճշգրտել սահմանագիծը։ Ավելին, Մեվլութ Չավուշօղլուն այդ նույն օրը լրագրողների հետ զրույցում խոսել էր հայ և թուրք բանագնացների առաջիկա հանդիպման մասին։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նշել է, թե հանդիպման ընթացքում խոսելու են առաջիկայում արվելիք քայլերի մասին, և պնդել էր, թե հայերի հետ համաձայնություն կա հայ-թուրքական սահմանի ճշգրտման մասին։ Նա հիշեցրել էր, որ, օրինակ, Ադրբեջանի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն է ձեռք բերվել։

Իհարկե, այդ օրերին ՀՀ ԱԳՆ-ից՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացրել էին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, նման հարց օրակարգում չկա, բայց 2018-ից հետո մենք բոլորս համոզվել ենք, որ Փաշինյանի և իր խմբակի կողմից արված բոլոր հայտարարությունները սուտ ու կեղծիք են եղել և տեղի է ունեցել այն ամենը, ինչի մասին հայտարարել են Թուրքիայից և Ադրբեջանից:  

  • Ռուսական դրոշը, որ այս պահին կանգնած է հայ-թուրքական սահմանին, թուրքերին կոնկրետ զսպում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ կոնկրետ գործողություններ անելու համար:
  • Թուրքերը սովոր են հարևան երկրներին մեղադրել քրդական անջատողականներին հովանավորելու և նրանց ռազմաբազաները տեղակայելու մեջ և դրանով իրավական հիմք են ստեղծել հարևան երկրների՝ Սիրիայի, Իրաքի վրա հարձակվելու համար: Նույնը հիմա կփորձեն Հայաստանի վերաբերյալ անել:
  • Թուրքերը հիմա նաև չեն խորշի դոլարային էքսպանսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ՝ գույք և բիզնեսներ ձեռք բերելով: Թուրքական իշխանությունն այժմ նաև այս ճանապարհով է փորձում Հայաստանում ուժեղացնել իր ազդեցությունը: Ներկայիս արտգործնախարար Ֆիդանը լավ գիտի՝ թուրքական ինչ հայտնի բիզնեսմեններ կապ ունեն նախկինում իր ղեկավարած արտաքին հետախուզական ծառայության հետ: 
  • Նիկոլն Էրդողանի գիրքն անցյալ տարի այնպես էր կրծքին սեղմել, ասես իր ընտանեկան Աստվածաշունչն էր… Որևէ արդյունք հայ հասարակության համար կա՞ դրանից: Հիմա էլի ՄԱԿ-ի ամբիոնից սահմանների մասին է խոսում: Արդեն 2 թե 3 տարի ասում են՝ հայ թուրքական սահմանը բացվելու է 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Ինձ համար բացարձակ անհետաքրքիր է՝ էդ սահմանով հնդիկը, պակիստանցին, թե բանգլադեշցին կանցնեն… Կոնկրե՛տ ասա՝ մե՞զ ինչ դրանից:
  • Անգամ այն ժամանակ, երբ մենք հաղթող երկիր էինք, Թուրքիան մի միլիմետր առաջ չգնաց իր ծրագրերն իրականացնելու համար: Իսկ հիմա, երբ մենք պարտված ենք, Փաշինյանն Էրդողանի կրտսեր եղբոր հրահանգներն է կատարում, բա Էրդողանինը ոնց կկատարի… Ես մարդիկ գիտեմ, ովքեր 25 տարի է՝ Թուրքիայում են ապրում, հիմա հետ են գալիս: Նաև հայկական դպրոցներն են փակում Թուրքիայում: Ոչ մի առաջընթաց չկա հարաբերություններում, Թուրքիան իր ծրագրերն է առաջ մղում: Այնքան պարապ են, որ ամեն տարի Նիկոլն ու Էրդողանը նստած՝ Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերն են քննարկում, լուսանկարվում: 
  • Պերմյակովի հրեշավոր դեպքը Գյումրիում և ներկայիս զարգացումները ռուսական ռազմաբազայի դեմ. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ այդ սարսափելի դեպքից տարիներ անց, երբ մենք հիմա վերլուծում ենք, շատ մեծ հարցականներ ենք տեսնում: 7 հոգանոց ընտանիքից 6-ին ավտոմատով սպանում են, ու կողքը ապրող ոչ ոք ձայն չի՞ լսում: Ո՞նց կարող էր Ավետիսյանների հորեղբոր աղջիկը, որ նույն բակում էր ապրում, ձայն չլսել: Ո՞նց կարող էին 7-ից 6 չափահաս մարդու նույն դիրքով սպանել: Ո՞նց կարող էր մի հոգին դա անել… Ավետիսյանների ընտանիքի դեպքից հետո որոշ հակառուսական շրջանակներ, որոնք այսօր սատարում են այս իշխանություններին, այդ դեպքի օրերին խառնված էին ու Գյումրիի փողոցներում վազվզում, բախումներ էին հրահրում, 102-րդ ռազմաբազայի մոտ միտինգներ էին անում…

Այսօր արդեն կարելի է ենթադրել, որ այդ ամեն ինչի հեղինակն այն ուժերն էին, ովքեր մինչև հիմա ջանում են դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից: Կրկնում եմ, հիշեք՝ ովքե՞ր էին խառնված, ովքե՞ր էին վազվզում քաղաքի փողոցներով, գոռգոռում՝ հակառուսական տրամադրություններ սերմանելով հանրության մեջ, ովքե՞ր էին փորձում միտինգներ կազմակերպել ռազմաբազայի մուտքի մոտ, դատախազության մոտ, ովքե՞ր էին բախումներ հրահրում… մենք բոլորս շատ լավ հիշում ենք, բոլոր այդ ուժերը հիմա ջանադրաբար պաշտպանում են այս իշխանություններին: Ես երբեք չեմ արդարացնում որևէ հանցագործություն, բայց եթե նույնիսկ, նույնիսկ…  Ռազմաբազայի տարածքում տեղի են ունենում ինչ-որ իրադարձություններ, հանցագործություն։ Դրանից առաջ էլի է եղել հանցագործություն, դրանից հետո էլ… Մեր հասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ ցանկացած ռազմաբազա և մեծ բանակ իրենից ներկայացնում է մեծ ընտանիք, կենդանի օրգանիզմ, որտեղ ամեն ինչ էլ կարող է պատահել։Բայց նայենք միջազգային փորձին։ Դուք գիտեք, որ Ճապոնիայում տեղակայված են ամերիկյան խոշորագույն ռազմաբազաները: Ճապոնական Օկինավայում գտնվում են ամենախոշոր ամերիկյան բազաները, սակայն ամերիկացի զինվորների կողմից կատարված հանցագործությունները երբեք այս աստիճանի չեն թմբկահարվում և չեն օգտագործվում տեղացիների կողմից՝ հակաամերիկյան հիստերիա հրահրելու համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք հիմա Հայաստանում՝ հակառուսական հիստերիան էլ ավելի մեծացնելու առումով, դրանք նույն կենտրոններից հրահրվող և նույն կենտրոններից պատվիրված գործողություններ են։ Ես էլի եմ կրկնում՝ ես ռուսամետ չեմ, իմ բազմաթիվ հարցազրույցներում քննադատել եմ Հայաստանի Հանրապետության և ընդհանուր առմամբ հայերիս նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Բայց խնդիրն այն է, որ նման կապրիզներով ու արհեստական լարվածությամբ մենք ոչ մի օգուտի չենք հասնելու։

Մենք պետք է փորձենք խնդիրները կարգավորել բանակցությունների և երկխոսության միջոցով։ Ես կրկնում եմ՝ մենք Եվրոպայի կենտրոնում չենք ապրում, որ ասեմ՝ այս կողմից ավստրիացիներն են, էն կողմից՝ չեխերն ու գերմանացիները…

Հիշեցնենք. 2015թ. հունվարին Գյումրիում տեղում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներ, իսկ 6 ամսական մանկահասակ երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, մահացավ հիվանդանոցում մեկ շաբաթ անց: Հանցագործը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն էր: Ոճրագործությունից հետո նա փորձել էր հատել հայ-թուրքական սահմանը, սակայն ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից։ Գործը քննվեց առանձին մասերով։ Ռուսական կողմը նրան դատապարտեց դասալքության և զենքի հափշտակության համար, իսկ Հայաստանի դատարանը 2016թ. օգոստոսին Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ զանգվածային սպանության համար։ Ռուսական և հայաստանյան ԶԼՄ-ները գրում էին, որ «Գյումրիում Ավետիսյանների սպանությունը կարող է արտասահմանյան հատուկ ուժերի դիվերսիան լինել»: Կարծիքներ էին հնչում, որ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը միայնակ չի գործել, և, որ առաջին բառերը, որ նա ասել է իրեն ձերբակալած սահմանապահներին՝ եղել են «ես չեմ սպանել»-ը և «2 pepsi cola, 2 շաուրմա» արտահայտությունները: Այդ օրերին շատերն էին առաջ քաշում այն վարկածը, որ այդ հրեշավոր սպանությունը մեկ մարդ, այն էլ՝ առանց դրդապատճառի,  չէր կարող իրականացնել: Այդ օրերին Պատերազմի և զինված ուժերի վետերանների հանձնաժողովի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը հարցազրույցում ասել էր. «Այո, ես՝ որպես զինվորական, իսկապես դժվար եմ պատկերացնում, որ ոմն երիտասարդ զինվորիկ այդպես սառնասրտությամբ, շատ հմուտ մարդասպանի նման, կարողացել է հեշտությամբ կրակել, դանակահարել 7 մարդու և այդ ամենը անծանոթ տանը՝ գիշերով։ Եվ ամենակարևորը, առանց որևէ դրդապատճառի։ Այդ պատճառով էլ ինձ թվում է, որ այս ամենն ավելի շատ նման է պլանավորված գործողության, որի նպատակն է եղել պայթեցնել հայ հասարակությունը և տրամադրել Ռուսաստանի դեմ»: Նա չէր բացառել Պերմյակովին հիպնոսի միջոցով այդ հրեշավոր գործում ներքաշելու վարկածը:

  • Այն ժամանակ Ավետիսյան ընտանիքի հետ կատարված դեպքից հետո տեղի ունեցող ու հիմա բարձրացված հակառուսական հիստերիան նույն կենտրոնից է ղեկավարվում:
  • Մենք միշտ արևելքում ենք գտնվել ու շրջապատված են արևելյան երկրներով: Մենք Մեծ Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մասն ենք, և որքան էլ ասենք՝ Եվրոպա ենք, մենք Եվրոպա չենք դառնա: 
  • Ցավոք, պետք է արձանագրենք, որ Նիկոլի ընտրազանգվածը, որը նստած է նմանատիպ ժեխնյուզերի վրա, հավատում է ամեն հիմարության, ինչպես, օրինակ, քարոզում են, թե մեր իրական թշնամին ոչ թե Թուրքիան և Ադրբեջանն են, այլ Ռուսաստանը: Եթե չգիտեն, ասեմ: Երբ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագրի մասին խոսում են և անընդհատ թմբկահարում, թե Խորհրդային Ռուսաստանը մեր տարածքները նվիրեց թուրքերին, թող նույն այդ մարդիկ գնան և նայեն, թե ինչ էր անում մեր «սիրելի Արևմուտքը» դրանից մի քանի օր առաջ՝ Լոնդոնի կոնֆերանսում, և ում հաշվին էր պայմանագրեր կնքում։

Եթե չգիտեն, հիշեցնեմ. Ռուսաստանը Հայաստանի շուրջ որոշումներ կայացրեց այն բանից հետո, երբ մեր սիրելի Արևմուտքը՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, Լոնդոնի կոնֆերանսում վերջնականապես թաղեց Հայկական հարցը և հրաժարվեց Սևրի պայմանագրի հայկական կետից։ Վե՛րջ։

Եվ գիտե՞ք, պատահական չէ, որ Արևմուտքն իր հակառուսական քաղաքականությունը Հայաստանում վարում է հենց ֆրանսիացիների ձեռքերով։

Ցավոք, Նիկոլի պատվիրատուները շատ լավ գիտեն, որ մենք ապուշ ռոմանտիկներ ենք: Նույն ֆրանսիացիները չէի՞ն 1878թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հեղինակները, Հայկական հարցը միջազգայնացնողներ նու թուրքերի հետ առուծախի առարկա դարձնողները, Կիլիկայում հայերին թուրքերին հանձնողները,  երբ թուրքերը 2-րդ անգամ ցեղասպանեցին մեզ, Պրահայում 2022թ. Նիկոլի թիկունքին կանգնած՝ Արցախը Ադրբեջանին հանձնողները: Բա որ Ֆրանսիան էդքան կողմ է ու ամեն ինչ անում է, որ ռազմաբազան դուրս գա, ինչի՞ չի ասում՝ մեր լեգիոնների մի մասը տեղը կբերենք, Ֆրանսիայի դրոշները կդնենք, ու թող Թուրքիան փորձի քայլ անել: Արևմուտքի թիվ մեկ գործընկերը մեր տարածաշրջանում Թուրքիան է, և վերջ:

  • Իրականում Թրամփի ուղի ասվածը նույն Զանգեզուրի միջանցքն է, որի հեղինակը Թուրքիան է. Էրդողանն ասում է, որ այդ տարածքներում տանելու է նեոպանթուրանական և նեոօսմանյան քաղաքականություն: Դա նշանակում է հարևան այն երկրների վրա հաստատել ազդեցություն, որոնք եղել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Թուրքերը մեծ ազդեցություն ունեն Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Սիրիայում, Իրաքում, Վրաստանում: Թուրքերի նպատակը Ռուսաստանը կործանելն է: Մոռացե՞լ եք, թե Չեչենական պատերազմի ժամանակ ինչպես էին թուրքերն օգնում չեչեններին: Ռուսաստանում չերքեզներ կան, ատում են ռուսներին: Նրանց միջոցով է Թուրքիան ուզում կործանել Ռուսաստանը: Երկրորդ պետությունը, որը Թուրքերը նպատակադրվել են քանդել, Իրանն է, երրորդը՝ Չինաստանը, որտեղ կոմպակտ ապրում են ույգուրները, որը Թուրքիայի պատմական հայրենիքն է: Ամերիկացիներն ու թուրքերն այս առումով համագործակցում են: Եվ ամերիկացիներին պետք էր իրենց դեմքով «Զանգեզուրի միջանցքը» նվիրել թուրքերին: Հիմա էլ ասում են՝ երկաթուղին տանք ղազախներին, լավ հարաբերություններ ունենք նրանց հետ: Ե՞րբ դարձանք ղազախների հետ լավ, չգիտեմ: Երևի այն ժամանակ, երբ իրենց Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ծագումով արցախցի Լևոն Միրզոյանի անվան փողոցները վերանվանեցին: Իսկ նա այն մարդն էր, ով ղազախներին սովորեցրեց նստակյաց կյանքի: Հիմա դա ելույթ է ունենում ու ասում՝ Թուրքախոս պետությունների կազմակերպության անդամ, մահմեդական երկիր Ղազախստանի հետ մենք լավ հարաբերություններ ունենք:
  • Սիմվոլիզմը թուրքական դիվանագիտության ամենակարևոր ուղղություններից մեկն է: 
  • Նիկոլն ու Ալիևը մտածում էին՝ բլոկադայի արդյունքում արցախահայությունը կլքի Արցախը. չստացվեց: Ու մեկ տարի հետո հարձակվեցին Արցախի վրա՝ վերջնականապես հայաթափելով այն:
  • Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունն ինձ համար անհասկանալի է: Պատմական էքսկուրսների սիրահար Ռուսաստանի նախագահ Պուտինը ո՞նց կարող է մոռանալ, որ ամենաշատ պատերազմները Ռուսաստանը վարել է Թուրքիայի հետ, ու Էրդողանին ընկեր անվանել:
  • Ուկրաինացի ազգ չկա, իրենք պատմական մալոռուսներն են: Նրանց հատուկ համոզել են, որ իրենք առանձին ազգ են, ավստրոհունգարացիներն ու լեհերը: Ռուսները թույլ տվեցին, որ նրանք մտնեն իրենց արանքը:
  • Պուտինը, գալով իշխանության, մի անգամ փրկեց Ռուսաստանը կործանումից՝ Չեչենական 2-րդ պատերազմի ժամանակ հաղթելով, պատեպատ տվեց ու կարգի հրավիրեց Վոլգայի ափին գտնվող երկու մահմեդական հանրապետություններին՝ Թաթարստանին ու Բաշկիրիային, կարգի հրավիրեց յակուտներին: Բայց գոնե իր պետական ու ազգային շահը հաշվի առնելով՝ Պուտինը չպետք է թույլ տար, որ Փաշինյանն իրենց դուրս շպրտեր Արցախից: Պետք է դիմեր հայ ժողովրդին ու ասեր՝ ձեր երկրի ղեկավարը Եվրոպա է գնում, ծախել է ձեզ, նա արհամարհում է իր իսկ դրած ստորագրությունը, մենք Արցախում այլևս անելիք չունենք, դե թող իր ասած Եվրոպան էլ գա ու ձեզ պաշտպանի: Մնաց մինչև վերջ, այնքան, որ Արցախը Նիկոլը հանձնեց ու գցեց հենց ռուսների գրպանը: 
  • Ես գիտեմ Ալեն Սիմոնյանն ում տանն է թաքնվել 44-օրյա պատերազմից հետո: 
  • Պուտինն է փրկել Նիկոլին՝ 2020թ. նոյեմբերի 17-ի իր հարցազրույցով, երբ ասաց՝ Փաշինյանը դավաճան չէ: Ալենը դրանից հետո գլուխը հանեց: Անդրանիկ Միհրանյանն էլ բացահայտեց, որ Ռուսաստանը թույլ չի տվել, որ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո գործողություններ լինեն, ու փրկել է նրան: Պուտինը պետք է թույլ չտար, որ Հայաստանը դառնար հակառուսական պլացդարմ, իր ազգային շահերը հաշվի առնելով՝ չպետք է թույլ տար, որ այս աղետները լցվեին մեր գլխին: Պուտինը չգիտի՞՝ ում շահերն են սպասարկում Գոդ Նիսանովը, Զախար Իլիևը, Աղալարովները: Կամ Պատրիարք Կիրիլի շուրջը լցված լնգուլավազները չգիտե՞ն՝ ովքեր են: Մեհրիբան Ալիևան դարձել է Պատրիարք Կիրիլի ընկերուհին: Սաղ օրը Սերգիև Պասսադում է, հարցեր են լուծում: 
  • Գոնե Բալթյան թեմի առաջնորդ Էդիկ Միրզախանյանն ու Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը հասկացա՞ն, որ Նիկոլն իրենց օգտագործել է ու հիմա դեն է նետում: 
  • Մեր հասարակության գլուխը պետք է մտցնել, որ Նիկոլն աղանդավոր է: Նա իրեն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է հայտարարում, բայց դուք ՀԱԵ քանի՞ հետևորդ գիտեք, որ իրենց էջերում տեղադրում են «Կյանքի խոսքի» քարոզները: Նիկոլը դա արել է, բոլորիս մոտ կան այդ փաստերը, երբ նա իր ֆեյսբուքյան էջում քարոզում, պրոպագանդում էր դրանց: ՀԱԵ նկատմամբ իր արշավով նա իր ատելությունն է արտահայտում մեր Եկեղեցու դեմ, քանի որ ինքը բողոքական է: ԱԽՔ-ի Ալենն ասում է՝ ժողովուրդը մեզ մանդատ է տվել: Ալե՛ն, գլուխդ պատին ես տվել: Քո ղեկավարն է ասել՝ մեծամասնությունը 50%+1 մանդատն է: 50.3 %-ը մեծ է 49.7%-ից: Ալենը ստում է: Ժողովուրդը ոչ մի մանդատ չի տվել Եկեղեցու, կաթողիկոսի դեմ հարձակման համար: 
  • Նիկոլի միջոցով գլոբալիստները փորձում են վերացնել 1800-ամյա մեր եկեղեցին: Նիկոլի ուշքնումիտքն Էջմիածնի գանձերն են, որ դրանք հայտնվեն բողոքականների ձեռքում: 
  • Ո՞ւմ միջոցով ես եկեղեցին մաքրում, Նիկոլ, Բենթլի Կճոյանի՞, թե՞ պիղծ Արման Սարոյանի, ով հոգևորականի կնոջ հետ հարաբերություն էր ունեցել ու քանդել վերջինիս ընտանիքը: 
  • Կփորձեն հակաեկեղեցական շարժման վրա ռեսուրսներ մսխել, որ մարդիկ չկենտրոնանան Տիգրանաշենի ու այլ տարածքների հանձնման վրա:
  • Սասուն Միքայելյանը, բացահայտելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետական սահմաններ չի ունեցել Ադրբեջանի հետ, բացահայտեց 2 բան՝ որ Նիկոլը ստում է, որ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիայով Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանը ճանաչվել է որպես պետական սահման, և Սասուն Միքայելյանն արձանագրեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրից հետո Նիկոլի կողմից Ադրբեջանին հողերը հանձնելը պետական դավաճանություն են ու հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ: Որովհետև եթե չկա պետական սահման, դու ո՞ւմ հողերն ես տվել: Սասուն Միքայելյանը բացահայտեց՝ ինչ են խոսում ՔՊ-ի գրասենյակներում:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Karakhanian Suren. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/09/26/168-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a1%d5%bd%d5%a5%d6%80%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d6%80%d5%a4-%d5%b6%d5%ab/

Leave a Reply