168: «Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ին

Հոկտեմբեր 28, 2026

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ.

Հարավային Կովկասն հսկայական գեոպոլիտիկ շինհրապարակ է հիշեցնում, որտեղ իրականում ոչ թե պարզապես ճանապարհներ են նախագծվում, այլ ազդեցության նոր սահմաններ։

Այս հողակտորի վրա հենց հիմա ճակատ-ճակատի են բախվում հինգ հավակնոտ լոգիստիկ նախագծեր, և յուրաքանչյուրի հետևում կանգնած է իր գլոբալ տերը՝ սեփական քսակով ու քաղաքական շահերով.

a. TRIPP նախագիծը (Trump Route for international Peace and Prosperity)։

b. Անակլիայի խորջրյա նավահանգիստը Վրաստանում- «Միջին միջանցքի» ծովային դարպասը, ուր ակտիվորեն մուտք է գործում չինական պետական կապիտալը։

c. Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը- Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի՝ արդեն աշխատող ու ժամանակով փորձված կապը։

d. Արաքսի միջանցքը- ցամաքային երթուղի, որը կառուցում են Արաքս գետի հարավային ափով՝ գնացքներն ու բեռնատարները Հայաստանի շրջանցմամբ բաց թողնելու համար։

e. Թուրքմենստան-Իրան-Թուրքիա երկաթգիծը- հարավային ուղի, որը թույլ է տալիս Կենտրոնական Ասիայի և Չինաստանի բեռներին ցամաքով շրջանցել Կասպից ծովը։

Թղթի վրա ամերիկյան TRIPP նախաձեռնությունը, որի շուրջ համաձայնագիրը հենց այս օրերին բուռն քննարկվում էր հայկական խորհրդարանում, ներկայացվում է որպես «խաղաղության և բարօրության ուղի»։

Բայց եթե մի կողմ դնենք քաղցրալեզու դիվանագիտական փաթեթավորումն ու միացնենք քննադատական մտածողությունը, ակնհայտ է դառնում. մեր առջև ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ կոշտ քաղաքական գամբիտ։

Ավելին, TRIPP-ը իր ներկայիս տեսքով զրկում է Հայաստանին ձայնի իրավունքից և դե-ֆակտո վերածվում է պանթյուրքական աշխարհաքաղաքական դաշինքի գլխավոր գործիքի՝ միմյանց կապելով Բաքուն ու Անկարան՝ ամերիկյան ֆինանսական փաթեթավորման ներքո։

Եկեք հասկանանք, թե ինչու է այս նախագիծը գեղեցիկ հնչում միայն իշխանական քարոզիչների շուրթերից, հենվելով գլոբալ և ռեգիոնալ բեռնափոխադրումների իրական թվերի վրա։

1. Պարզ տնտեսագիտություն. իրական բեռնահոսքն ընդդեմ եկամտաբերության պատրանքի

TRIPP-ի գլխավոր տնտեսական խնդիրն այն է, որ այն չափազանց թանկ է, իսկ կատաղի մրցակցության պայմաններում դրանով տեղափոխելու բան առանձնապես չկա։ Սյունիքի դաժան ժայռերում զրոյից ժամանակակից երկաթուղի, ավտոմայրուղի կառուցելը, էլեկտրահաղորդման գծեր ու խողովակներ քաշելը, ըստ տարբեր գնահատականների, կարժենա ավելի քան 2.4 միլիարդ դոլար։

Հույսն այն է, որ ծախսերը կփոխհատուցվեն լայնածավալ տարանցման հաշվին։ Բայց եկեք նայենք Արևելքի (Չինաստան և Կենտրոնական Ասիա) ու Արևմուտքի (Եվրոպա և Թուրքիա) միջև բեռների շարժի իրական վիճակագրությանը.

1.1 «Միջին միջանցքի» թռիչքային աճը։ Ռուսաստանի շրջանցման շնորհիվ Տրանսկասպյան երթուղին բում է ապրում. վերջին տարում դրանով կոնտեյներային փոխադրումների ծավալները թռիչք են գործել 93%-ով, իսկ ընդհանուր բեռնահոսքը Կասպից ծովով գերազանցել է 4.1 միլիոն տոննան։ Ադրբեջանի բոլոր տրանսպորտային միջանցքներով տարեկան կտրվածքով արդեն տեղափոխվում է ավելի քան 13.3 միլիոն տոննա բեռ։ Բաքուն պաշտոնապես հայտարարում է Արևելք-Արևմուտք տարանցումը տարեկան 15 միլիոն տոննայի հասցնելու նպատակի մասին։

1.2 Բայց ԲԹԿ-ն ամբողջ «ցամաքային» վերմակը քաշում է իր վրա։ Երկաթուղին մասշտաբային վերակառուցումից հետո բաց է գրեթե ողջ հզորությամբ։ Այժմ այն կարող է սպասարկել է տարեկան 5 միլիոն տոննա բեռ, իսկ ռազմավարական նպատակը 17 միլիոնն է։ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից հոսքերն արդեն գնում են այս ռելսերով։ Անգամ վերակառուցումից հետո, սակայն, այն զգալիորեն թերբեռնված է։ Ինչո՞ւ պետք է բիզնեսը բեռները վերաուղղորդի դեռ կառուցվող TRIPP, որի մեկնարկային նախագծային հզորությունը մինչև 2028 թվականը կկազմի ընդամենը համեստ 2 միլիոն տոննա, եթե կա թերբեռնված ու աշխատող երթուղի։

1.3 Անակլիան խլելու է ծովային ծավալները։ Վրաստանում թեժ աշխատանքներ են ընթանում Անակլիայի նավահանգստում։ Առաջին փուլը կմեկնարկի մինչև 2029 թվականը և միանգամից կտա 7.8 միլիոն տոննա թողունակություն ՝ հետագայում մինչև մի քանի տասնյակ միլիոն տոննա աճի հեռանկարով։ Եվրասիական մեծ բեռները ծովով կգնան Վրաստանով։ TRIPP-ի համար պարզապես ազատ ապրանքային բազա չի մնալու։

1.4 Գնային պատերազմներ Իրանի հետ։ Իրանն ու Ադրբեջանն արդեն ակտիվորեն օգտագործում են իրենց Արաքսի միջանցքը։ Քանի որ այնտեղ չկան օտարերկրյա բաժնետերեր և մասնավոր ներդրողներ, Բաքուն ու Թեհրանը կարող են սահմանել ցանկացած սակագին, թեկուզ վնասով աշխատել հանուն քաղաքական միավորների։ Ամերիկյան TRIPP Development Company-ն, կապված լինելով արևմտյան ներդրողների հանդեպ կոշտ պարտավորություններով, պարտավոր է շահույթ ցույց տալ. նրանք դժվար թե կարողանան սակագներով մրցել իրանական պետական կապիտալի հետ։

2. Մեծ աշխարհաքաղաքականություն. «խաղաղության» փոխարեն՝ վառոդի տակառ

Տարածաշրջանին կայունություն խոստանալով՝ Վաշինգտոնն իրականում լուծում է իր խնդիրները՝ կառուցել «սանիտարական կորդոն» և մեկուսացնել Իրանին ու Ռուսաստանին։ Բայց այս խաղում ԱՄՆ-ն ակամա ( իսկ գուցե՝ կամա) խաղաց Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) օգտին։

2.1 Պանթյուրքական երազանք՝ ամերիկյան հաշվին։ Դարեր շարունակ Անկարան ու Բաքուն երազել են ուղիղ, անխոչընդոտ ցամաքային կապի մասին, որը կմիավորեր թյուրքական աշխարհը Ստամբուլից մինչև Կենտրոնական Ասիա։ Հայկական Սյունիքը նրանց համար միշտ եղել է աշխարհագրական արգելք։ Եվ ահա պարադոքսը. հենց ամերիկյան փողերն ու TRIPP-ի իրավական պաշտպանությունն են այդ երազանքն կյանքի կոչում։ Թուրքիան արդեն սկսել է Կարս-Դիլուջու ճյուղի կառուցումը 15 մլն տոննայի համար, որպեսզի միանա Նախիջևանին ու ապագա TRIPP միջանցքին։ Պանթյուրքական նախագիծն ստանում է կատարյալ քողարկում. միջանցքն աշխատելու է ԱՄՆ դրոշի ներքո, իսկ դրանից օգտվելու են Բաքուն ու Անկարան։

2.2 Հարևանների զայրույթը։ Իրանը TRIPP-ի մեջ տեսնում է էկզիստենցիալ սպառնալիք։ Ամերիկյան կառույցների և, հնարավոր է, անվտանգության ծառայությունների հայտնվելը Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանին Թեհրանում զայրութ է առաջացնում։ Իրանցի պաշտոնյաներն արդեն բացահայտ ակնարկում են. եթե իրենց սահմանների մոտ հայտնվի ամերիկյան ենթակառուցվածք, այդ միջանցքը կդառնա լեգիտիմ թիրախ ցանկացած սրման դեպքում։ Տարածաշրջանը «բարօրության» փոխարեն ստանալու է ռազմական գործողությունների պոտենցիալ գոտի։

3. Սուվերենությունը՝ վաճառքի. ինչպե՞ս է տարանցող Հայաստանը կորցնում ձայնի իրավունքը

Այս պատմության մեջ ամենատխուր եզրակացությունը վերաբերում է այն երկրների սուբյեկտայնությանը, որոնց տարածքով անցնում են երթուղիները։

3.1 Հայաստան. վերահսկողություն միայն թղթի վրա։ Երևանի ռեժիմը հավաստիացնում է մեզ, որ մաքսատունն ու սահմանները 42-կիլոմետրանոց հատվածում կմնան հայկական։ Այո, իրավաբանորեն թղթի վրա դա այդպես է շարադրված։ Բայց կառավարող ընկերությունում ունենալով ընդամենը 26% բաժնետոմս (ԱՄՆ-ի 74%-ի դիմաց)՝ Հայաստանը վերածվում է սոսկ վարձակալի։ Որոշել, թե ով է անցնելու ճանապարհով, ինչպիսին են լինելու սակագներն ու ուր է գնալու շահույթը, իրականում կորոշեն Վաշինգտոնում։ Հայաստանը Սյունիքը տվեց արտաքին կոնսորցիումի կառավարմանը 49 տարով՝ դառնալով պատանդ ԱՄՆ-ի ու Իրանի միջև օտար պատերազմում և, փաստացի խաղալով Բաքվի ու Անկարայի դաշինքի օգտին։

3.2 Վրաստան. հրաժեշտ մոնոպոլիային, բայց սուվերենության պահպանում։ Մինչև 44-օրյա պատերազմը ևTRIPP-ի մեկնարկը Վրաստանը Կովկասում տարանցման տիրակալն էր. բոլոր ճանապարհներն անցնում էին նրանով։ Նոր նախագիծն խարխլում է այդ մոնոպոլիան է՝ Թբիլիսիին զրկելով ռեգիոնալ տնտեսական և քաղաքական ազդեցության լծակների մի մասից։ Հարկ է նաև շեշտել սակայն, որ ԲԹԿ-ում Վրաստանը իր տարածքով անցնող բոլոր ենթակառուցվածքների տերն է, իսկ Անակլիայում, ի տարբերություն TRIPP-ի, ունի 51% մասնաբաժին։

3.3 Իրան. ինքն իր տերը։ Այս ֆոնին Իրանը ցույց է տալիս, թե ինչ է իսկական սուվերենությունը։ Իր երթուղիներում (Արաքսի միջանցքում) Թեհրանը սեփականությունը չի կիսում ոչ մեկի հետ։ Այո, պատժամիջոցների պատճառով այնտեղ չեն գնում արևմտյան փողերը, բայց Իրանը պահպանում է գործելու բացարձակ ազատություն։ Նա կարող է փակել ճանապարհը ցանկացած պահի, մինչդեռ Երևանն ու Թբիլիսին ստիպված են հարմարվել ԱՄՆ-ի ու Չինաստանի շահերին։

Վերջաբանի փոխարեն

TRIPP նախագիծը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես են սուվեևենությունը, տնտեսությունը և ազգային շահերը զոհաբերվում աշխարհաքաղաքականությանը։ Դրա լոգիստիկ արժեքը խիստ կասկածելի է, իսկ գեոպոլիտիկ ռիսկերը՝ հսկայական։ Ունենալով ընդամենը 2 մլն տոննա համեստ մեկնարկային հզորություն՝ արդեն 5 մլն տոննայով աշխատող ԲԹԿ-ի և կառուցվող մեգա-Անակլիայի ֆոնին, այս նախագիծը Վաշինգտոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար։

Հայաստանի համար ԱՄՆ-ի ֆինանսա-քաղաքական հովանոցի տակ թաքնվելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքը ( և ոչ միայն) կվերածվի օտարերկրյա անկլավի, որը սպասարկում է Բաքվի ու Անկարայի պանթյուրքական շահերը, իսկ Հայաստանի տաևածքը կարող է դիտվել լեգւտիմ թիրախ Իրանի համար։

Ապագայի համար լոգիստիկ պատերազմներում հաղթելու են նրանք, ովքեր տեր են կանգնում սեփական շահերին, այլ ոչ թե նրանք, ովքեր իրենց հողը վարձով են տալիս աշխարհի հզորներին։

Եվ մենք հաղթողների շարքում չենք…»:

—

Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ը. Ընդդիմությունը դեմ քվեարկեց

Հոկտեմբեր 28, 2026

Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։

Այս համաձայնագիրն ուղղված է Հայաստանի տարածքով (մասնավորապես՝ Սյունիքով) մուլտիմոդալ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը նաև Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

—

«Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը,

Հոկտեմբեր 28, 2026

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան։ Անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չեն երաշխավորում, որ առավելագույն մանդատներ ստացած կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ։

Մինչև նոյեմբերի 4-ը կհրապարակվի Կնեսեթի 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը։

Մինչև նոյեմբերի 11-ը նախագահ Հերցոգը՝ խորհրդակցություններից հետո, կառավարության ձևավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Ընդ որում, նա պարտավոր չէ ընտրել ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին։ Հիմնական չափանիշն այն է, թե թեկնածուն որքանո՞վ է ի վիճակի կոալիցիա ձևավորելու։

Առաջին թեկնածուն կառավարություն ձևավորելու համար ստանում է 28 օր, որը կարող է երկարաձգել ևս 14 օրով։

Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի։ Վերջինս կունենա ևս 28 օր։

Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, նախաձեռնությունը նախագահից կանցնի Կնեսեթին, և 61 պատգամավորի գրավոր աջակցություն ստացած որևէ պատգամավոր, կստանա ևս 14 օրը՝ կոալիցիա ձևավորելու համար։

Եթե այդ դեպքում էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։

Մինչ այդ՝ Նաթանյահուի գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները։
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. խորհրդարանական մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են։

Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու, հատկապես, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այս անգամ արաբական կուսակցությունները շատ մանդատներ են ստանում: Դա զգալի ազդեցություն կարող է գործել ինչպես Իսրայելի կառավարության ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային հետագա քաղաքականության վրա:

Կարելի է ասել, որ կա՛մ արաբական ուժերի մանդատները էական դեր կխաղան Իսրայելի հաջորդ վարչապետի համար, կա՛մ Նաթանյահուի և Այզենկոտի ճամբարները կփորձեն միմյանց միջև համաձայնության գալ, կամ էլ՝ որոշ ժամանակ հետո կանցկացվեն նոր ընտրություններ»:

—

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ»

Հոկտեմբեր 28, 2026

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական աճի դանդաղումն ուղեկցվում է ճյուղերի միջև տարբերությունների խորացմամբ։

    Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ի 6.9% աճի հիմնական «հենարանը» ծառայություններն են, իսկ շինարարությունը շարունակում է ընդլայնվել բարձր տեմպով։ Միաժամանակ, արդյունաբերությունում երկրորդ ամիսն անընդմեջ արձանագրվել է անկում, գյուղատնտեսության իննամսյա արտադրանքը նվազել է 4.8%-ով, իսկ առևտրի աճը մնացել է թույլ։ Այս պատկերը մտահոգիչ է աճի երկարաժամկետ կայունության տեսանկյունից, քանի որ ծառայությունների և շինարարության ակտիվացումը չի ուղեկցվում արտադրական ոլորտների համարժեք ընդլայնմամբ։
  • Արտահանման օգոստոսյան թույլ վերականգնմանը հաջորդած սեպտեմբերի անկումը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժը կայուն բնույթ չի ստացել։ Սեպտեմբերին արտահանումը նվազել է 18.6%-ով, ինչի հետևանքով հունվար-սեպտեմբերի անկումը հասել է 8.0%-ի՝ ներմուծման 9.5% աճի պայմաններում։ Ապրանքային կառուցվածքում թանկարժեք քարերի և մետաղների արտահանման կրճատումը միայն մասամբ է փոխհատուցվում հանքահումքային արտադրանքի աճով։ Ուշադրության է արժանի նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման 35.2% նվազումը հունվար-օգոստոսին։ ՌԴ սահմանափակումների ազդեցության պայմաններում այս զարգացումները մեծացնում են արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի բազմազանեցման կարևորությունը։
  • Բյուջեի հավելուրդի սեպտեմբերյան ավելացումը զուգակցվել է ծախսերի ներդրումային բաղադրիչի հետագա կրճատմամբ։ Հունվար-սեպտեմբերին ընթացիկ ծախսերն աճել են 17.5%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նախորդ տարվա մակարդակից նվազել են 23.8%-ով։ Ուստի հավելուրդի ավելացումն ինքնին բավարար հիմք չէ բյուջետային զարգացումները դրական գնահատելու համար։ Եթե ծախսերի այս հարաբերակցությունը պահպանվի, պետական ներդրումների կրճատումը կսահմանափակի տնտեսության արտադրական հնարավորությունների ընդլայնումը և հետագա աճի հիմքերի ամրապնդումը։
  • Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը։ Հունվար-սեպտեմբերին պլանավորված կապիտալ ծախսերից չի իրականացվել 222.4 մլրդ դրամը կամ պլանի 39.8%-ը։ Ընդհանուր ծախսերի 302.9 մլրդ դրամի թերակատարումը և եկամուտների 166.0 մլրդ դրամի գերակատարումը ձևավորել են պլանային ու փաստացի հաշվեկշիռների 468.9 մլրդ դրամի տարբերություն։ Այս պայմաններում բյուջեի հավելուրդի գնահատման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախատեսված պետական ներդրումների զգալի մասը հաշվետու շրջանում չի իրականացվել։
  • Ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում աճի որակի համար կարևոր է նաև դրանց ուղղվածությունը։ Սեպտեմբերին վարկերի աճի արագացմանը զուգահեռ ռեզիդենտներին տրամադրված միջոցների աճի ամենամեծ նպաստումը բաժին է ընկել ծառայություններին, մինչդեռ արդյունաբերության նպաստումը մնացել է փոքր։ Իսկ ֆինանսավորման ընդլայնման երկարաժամկետ արդյունքը կախված կլինի նաև նրանից, թե որքանով այն կվերածվի նոր արտադրական կարողությունների։ Դրամական փոխանցումները շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն դրանք ունեն տատանողական բնույթ, ինչի մասին խոսում է նաև օգոստոսի զուտ ներհոսքի անկումը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

—

Ում դիմել ենք գերիների հարցով, Բաքվից ասել են՝ հեռու գնացեք, պետք է ուղիղ աշխ

Հոկտեմբեր 28, 2026

Հայաստանը դիմել է 3-րդ երկրներին` Բաքվում պահվող հայ գարիներին այցելելու կամ նրանց հարցերով զբաղվելու համար, սակայն դեռ ոչինչ չի ստացվում։Այդ մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։

Պատգամավորին հետաքրքրում էր այն, որ մեկ տարի է` միջազգային որևէ կազմակերպություն չի այցելել հայ գարիներին, ու որևէ առաջընթաց չկա նրանց ազատ արձակելու ուղղությամբ։ Բացի այդ, 3–րդ երկրներին ուղղված ՀՀ իշխանությունների դիմումները չեն աշխատել, ու նրանք հրաժարվել են որևէ առաքելություն իրականացնել։

Միրզոյանի վստահեցմամբ` գերիների հարցը ՀՀ իշխանությունների մշտական օրակարգի մասն է, շատ զգայուն հարց է, որի դեպքում կոնկրետ արդյունքն է կարևոր, որը հիմա չկա, դրա համար իմաստ չկա այդ մասին խոսել։

«Սա է դառը իրականությունը. դիմել ենք ու չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, քանի որ աշխատելու ենք նրանց հետ։ Անընդհատ թմբկահարում եք` իբր ձև կա, ու մենք չենք անում»,– հայտարարեց նախարարը։

Նա վստահեցրեց, որ ոչ թե 3–րդ երկրներն են ՀՀ իշխանություններին ասել` «մեզնից հեռու խաղացեք», այլ 3-րդ երկրներին է ասվել այլ ուժերի կողմից, որ հեռու մնան այդ հարցից։

«Մենք ունենք այստեղ ճանապարհ, որն ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- եզրափակեց Միրզոյանը` վստահեցնելով, որ Հայաստանը գերիների հարցով դիվանագիտական մեկուսացման մեջ չի հայտնվել։

—

168: ԹՐԻՓՓ-ով Նախիջևանի հատվածի ճանապարհը նեղ է. խոսքը կոնցենսիոն իրավունքի մ

Հոկտեմբեր 28, 2026

Երկաթգծի համար կօգտագործվի նույն տարածքը, որով խորհրդային տարիներին անցել է երկաթգիծը։ Այն կունենա շուրջ 42 կմ երկարություն, կանցնի Արաքսի հովտով, և այդ հատվածում մասնավոր հողեր չկան։ Այս մասին ԱԺ ամբիոնից, խոսելով TRIPP-ի մասին, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, դրա կոնկրետ երթուղին դեռ վերջնականապես որոշված չէ։ Այն անցնելու է հարավային հատվածով։ Պարզապես Նախիջևանի հատվածում միացման հատվածը շատ նեղ է, դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա»,- ասաց փոխվարչապետը։

—

Անդրանիկ Քոչարյանը հուշել է 44-օրյայում պարտության համար բանակի և Փաշինյանի պ

Հոկտեմբեր 28, 2026

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարցերում թույլ է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջների, զեկույցի ներկայացման նախապես հայտարարված տարբեր ժամկետների խախտումներ, որոնց բազմիցս անդրադարձել ենք:

2022թ. փետրվարին ստեղծված հանձնաժողովի զեկույցն ԱԺ նախագահը՝ այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը, ստացել է 2025թ. սեպտեմբերի 3-ին: Դրանից հետո Սիմոնյանի և Քոչարյանի միջև իրավական վեճ սկսվեց: Ի վերջո, ԱԺ նախկին նախագահն այն ուղարկեց ԱԺ առաջին բաժին, պնդելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքը կոնկրետ ժամկետներ է սահմանել, որոնք անցել են, այսինքն, լիագումար նիստում 44-օրյայի զեկույցը ներկայացնելու իրավական հիմքեր չկան:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին՝ հայտարարեց, որ զեկույցն իրավական տարընթերցումների պատճառով հայտնվեց ԱԺ առաջին բաժնում, և կարող էր Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի զեկույցի օրինակով ներկայացվել:

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանին փոխարինած Վիլեն Գաբրիելյանը ևս այն կարծիքին է, որ 44-օրյայի զեկույցն ԱԺ առաջին բաժնում է հայտնվել օրենքի սխալ մեկնաբանման պատճառով, որին ինքը չի ծանոթացել:

Կարդացեք նաև

  • Դիկտատորը՝ ուղիղ եթերում   
  • Աննա Հակոբյան, բա կրթեք ձեր նշանակած վախեցնողներին․ Անուշ Պողոսյան
  • «Թրամփի երթուղին»՝ Հայաստանի հարավի բնական պաշարների նշանառությամբ

Եվ Անդրանիկ Քոչարյանը, և Վիլեն Գաբրիելյանը գտնում են, որ թույլատրելի սահմանում հանրությանը պետք է ներկայացվի 44-օրյային առնչվող փաստերի «ծրարը»:

Այստեղ, սակայն, կա շատ կարևոր հանգամանք. ցանկությունը քիչ է, որոշողը Նիկոլ Փաշինյանն է:

Օրերս Radar Armenia-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը հաստատել է մեր այս պնդումը՝ 44-օրյայի զեկույցի թույլատրելի հատվածի հանրայնացումը քաղաքական որոշման հարց է:

«44-օրյայի զեկույցը քնել է ԱԺ առաջին բաժնում, մի օր կարթնանա։ Ես ուզում եմ, որ քննիչ հանձնաժողովի զեկույցում առկա եզրակացությունը հանրայնացվի։ Դա քաղաքական որոշման խնդիր է, և այդ որոշումը չպետք է ուշանա։ Ուշ թե շուտ այդ զեկույցը քնած վիճակից կարթնանա։

Զեկույցի տարբեր հատվածներ տարբեր բովանդակություններ ունեն՝ գաղտնիության տեսանկյունից՝ գաղտնի, հույժ գաղտնի: Այսինքն, այդտեղ կան թեմաներ, որոնք պիտի գաղտնազերծվեն, որ կարողանանք հանրայնացնել:

Բայց եզրակացությունը տալիս է հարցի պատասխանը, թե մենք ինչի ենք պարտվել, ինչ վիճակ էր՝ սկսած մեր պահեստներից, պատրաստվածությունից, սպառազինությունից, կադրային քաղաքականությունից, մեր ներդաշնակումից: Ամեն ինչ կա այնտեղ՝ ռազմաօդային, հակաօդային, դրոն, ինքնաթիռ, դրանց վիճակը, պատերազմի ընթացքում դրանց կիրառման թերությունները, հետախուզություն:

Եվ վերջապես կան բաներ, որոնք ունեն արտաքին քաղաքական բացահայտումներ, այդտեղ խնդիրներ կան, որոնք պիտի մնան դեռ գաղտնի»,- մանրամասնել է նա:

Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, հասկացնում է, որ հանրությունը 44-օրյա պատերազմի պարտության պատճառներին և քաղաքական զեկույցի շեշտադրումներին հնարավորություն չունի ծանոթանալու միայն Նիկոլ Փաշինյանի պատճառով: Ամիսներ առաջ ԱԺ-ում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ զեկույցը չի հրապարակվում, Փաշինյանն ասել էր.

«Հիմա էլ եկել են, թե՝ բա քննիչ հանձնաժողովի զեկույցը… ասենք, ձեզ պարզ չի՞՝ հես ա էդ էլ ինչ-որ ձևով պիտի հրապարակվի»:

Դրանից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ խոսում է 44-օրյա պատերազմի մասին, և այլևս չկա որևէ նրբություն, որը չի քննարկվել: Այսինքն, պատերազմի թեման կամ էջն առնվազն այս պահին Փաշինյանը փակել է:

Իսկ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ եղած Անդրանիկ Քոչարյանն իր վերևում հիշատակված հանձնաժողովում ճկուն կերպով, ըստ էության, փորձել է ցույց տալ ռազմական և քաղաքական ղեկավարության պատասխանատվության «գոտիները», երբ թվարկում է այն հարցերը, որոնց անդրադարձ կա եզրակացության մեջ:

Արդյո՞ք երկրի ղեկավարը և պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը չպետք է տիրապետի երկրի ռազմական և ոչ ռազմական պահեստների վիճակին, բանակի պատրաստվածության մակարդակին: Իհարկե՝ այո: Մինչդեռ պատերազմից հետո Փաշինյանը խոստովանել էր, որ 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:

2022 թվականին 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանի միջոցով անդրադարձել էր Փաշինյանի հայտարարությանը՝ մասնավորապես նշելով. 

«ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման» պետական ծրագրում նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը:

Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել՝ ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի: 44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ»:

Իսկ Անդրանիկ Քոչարյանի հիշատակած՝ զինված ուժերում կադրային քաղաքականության համար առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու, ինչը ՔՊ-ական պատգամավորն անուղղակի է մատնանշել:

Մենք ուսումնասիրությունների շարք ենք ներկայացրել պատերազմից հետո, որտեղ անդրադարձել ենք իշխանափոխությունից հետո ՊԲ-ում և ՀՀ ԶՈՒ-երում 44-օրյայից առաջ ոչ պատահական կադրային փոփոխություններին և սխալ նշանակումներին:

Ներկայացրել ենք, թե 2018-ից հետո ի՞նչ կադրային փոփոխություններ են արվել ռազմական հետախուզության և օպերատիվ կառավարման ոլորտներում, ինչպես նաև՝ 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի ԱԱԾ-ներում կադրային ինչ փոփոխություններ են եղել, ինչ իրադարձություններ են դրանց նախորդել և հաջորդել և այլն:

Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցներում կասկածի տակ է դրել պատերազմից առաջ ձեռք բերված որոշ զենք-զինամթերքի «որակը» կամ պիտանիությունը: Նա, մասնավորապես, հարցազրույցներից մեկում ասել էր. 

««Օսա-ԱԿ»-ների հետ կապված, երբ խնդիրը հավաքագրեցինք, այդ նյութերն ուղարկել ենք Գլխավոր դատախազություն, որովհետև այնտեղ տեսել ենք լուրջ կոռուպցիոն սխեմաներ։ Դատախազությունը, չգիտեմ՝ քննե՞լ է, թե՞ հանձնարարել է քննություն իրականացնող մարմնին, որ արձանագրումները նաև հետևանքներ ունենան»:

Նշենք, որ Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրների նոր խմբաքանակով ՀՀ զինված ուժերը համալրվել էր 2019 թվականին:

168.am-ն Անդրանիկ Քոչարյանի հայտարարության առնչությամբ 2025 թվականի հոկտեմբերին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ե՞րբ են ուղարկվել համապատասխան նյութերը դատախազություն, ի՞նչ ընթացք է տրվել դրանց, կա՞ քրեական վարույթ հարուցված, եթե այո՝ երբ է հարուցվել:

Գլխավոր դատախազությունն իր պատասխան գրության մեջ հայտնել էր.

«Ի պատասխան հարցման՝ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված հանգամանքը քրեական վարույթի նախաքննության փուլում քննության առարկա է դարձվել: Նշված քրեական վարույթի նախաքննությունն ընթանում է գաղտնի»: Այլ մանրամասներ Դատախազությունը չի հայտնել:

168.am-ը գրել է, որ 44-օրյայի զեկույցին կցվել է նաև Սու-30-ների հետ կապված Անդրանիկ Քոչարյանի մի քանի էջանոց նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:

Քոչարյանը տարբեր առիթներով նաև կասկածի տակ է դրել այն զինամթերքի պիտանիությունը, հատկապես որը հայտնի է՝ որպես «անպիտան հրթիռ», որոնց անպիտան լինելն իշխանությունները չեն ապացուցել, հրաժարվել են կրկնակի փորձաքննությունից:

«Անպիտան հրթիռների» գործով դատավարությունը դեռ չի ավարտվել, որով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթ, և այլք:

Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ևս նշել է, որ 44-օրյայի զեկույցում անդրադարձ կա սպառազինության ձեռքբերմանը և ձեռքբերման պլանների փոփոխությանը, դրան հաջորդում է հետևանքների գնահատումը:

Ուշագրավ է այն, որ քննիչ հանձնաժողովի զեկույցին Անդրանիկ Քոչարյանի շնորհիվ կցվել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերլուծությունը, բացի այն, ինչ նա խոսել է երկու հարցաքննությունների ընթացքում:

Գեղամ Մանուկյանն առանց փակագծեր բացելու մեզ ասել է, որ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել:

Իսկ Անդրանիկ Քոչարյանի՝ Radar Armenia-ին տված հարցազրույցում ուշագրավ ևս մի դրվագ կա. նա 44-օրյա պատերազմի պարտության պատճառների համատեքստում առանձնացրել է արտաքին քաղաքական խնդիրները:

Թե որքանո՞վ է զեկույցում խոսվում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի մատնանշած դիվանագիտական թերի աշխատանքը, կամ՝ այն, որ ի գիտություն չի ընդունվել պատերազմի 4-րդ օրը մարտական գործողությունները 2-3 օրվա ընթացքում դադարեցնելու առաջարկ-զգուշացումը, որ «յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Կամ՝ որքանո՞վ է անդրադարձ կատարվել պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը մերժելու Փաշինյանի որոշմանը, արտաքին գերատեսչության աշխատանքին և այլն, ժամանակը ցույց կտա: Մի բան հստակ է՝ պատերազմը վարում է պետությունը, և դրա համար չի կարող միայն բանակը պատասխանատու լինել՝ անկախ նրանից, թե Փաշինյանը գործել է որպես վարչապե՞տ, թե՞ գերագույն հրամանատար: 

Վերադառնալով զեկույցին՝ նշենք, որ այն չի կարող ամբողջական պատկեր տալ պատերազմի մասին, երբ ի պաշտոնե առանցքային պաշտոնյաներ չեն հարցաքննվել, այդ թվում՝ Արցախի և ՀՀ ԱԱԾ տնօրենները, ՊԲ երկու հրամանատարները:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը կարո՞ղ է ասել՝ որքանո՞վ է Փաշինյանի հետ համաձայնեցրել հարցաքննվողների ցուցակը, քանի որ մշտապես դժգոհել է մեր «ցուցակից», որտեղ նշվում էին առանցքային պաշտոնյաների անուններ, որոնք պիտի կանչվեին Քննիչ հանձնաժողով:

Հ.Գ. Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը հոդվածում հիշատակված հարցազրույցում, անդրադառնալով այսօր հաստատված համարվող խաղաղությանը, ուշագրավ և տողատակ ունեցող հետևյալ ձևակերպումն է արել:

«Կա տեսակետ, թե խաղաղությունը պետք է խնամել: Ես մեկ այլ տեսակետի կողմնակից եմ՝ խաղաղությունը պետք է պաշտպանել: Թվում է, թե նույն բանն է, բայց՝ ոչ: Խաղաղությունը պաշտպանելու համար մեր անվտանգային միջավայրը պետք է օր օրի զարգանա: Եվ միայն պաշտպանությունից հետո խաղաղությունը խնամքի կարիք ունի»:

—

«Թրամփի երթուղին»՝ Հայաստանի հարավի բնական պաշարների նշանառությամբ

Հոկտեմբեր 28, 2026

Մինչ Բաքվում դժգոհում են ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի»՝ Սյունիքի հատվածում որևէ երթևեկության բացակայությունից, Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Թրամփի երթուղին՝ հանուն խաղաղության և բարգավաճման» (TRIPP) համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը, որը կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի ծայրահեղ հարավով կապելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև՝ Թուրքիայի հետ:

Չնայած TRIPP նախաձեռնության նկատմամբ ընդդիմադիր պատգամավորների չեզոք կամ բացասական վերաբերմունքին՝ գործընթացի դրական արդյունքի վերաբերյալ կասկածները բացառված են, և շինարարական աշխատանքները, այնուամենայնիվ, կսկսվեն նոր՝ 2027 թվականի գալուստով, կամ նույնիսկ ավելի շուտ, խոստանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ երթուղու բացումը կհեշտացնի Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ սահմանների հատումը: Բացի ավտոմոբիլային ճանապարհից և երկաթուղուց՝ Սյունիքի մարզով կարող են անցկացվել նավթագազային զարկերակներ։ Միևնույն ժամանակ Հայաստանը կպահպանի սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը՝ պարտավորվելով արդյունավետ կառավարել սահմանները, և իրավասու է պահպանել ֆիզիկական ներկայությունը սահմանային հսկողության բոլոր կետերում:

«Մեր և Ադրբեջանի միջև կա նաև ընկալում, որ արգելված բեռներ չեն տեղափոխվի, օրինակ՝ զենք-զինամթերք կամ վտանգավոր քիմիական նյութեր»,- վստահեցրել է Միրզոյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում գովազդելով TRIPP պայմանագրի նախագիծը: Նրա խոսքով՝ առկա է բեռների և ապրանքների հստակ ցանկ, որոնք համաձայնեցված են համապատասխան փաստաթղթերում Երևանի և նրա գործընկերների միջև, և Ադրբեջանն այդ առումով, իբր, բացառություն չի լինի, հասկացրել է հայկական դիվանագիտության ղեկավարը: Կան նաև ապրանքների կատեգորիաներ, որոնց տեղափոխումը պահանջում է նախնական համաձայնեցում։

Կարդացեք նաև

  • Դիկտատորը՝ ուղիղ եթերում   
  • Վազգեն Սարգսյանը երբեք Մեղրին հանձնելուն կողմ չի եղել. Իրանի դեմ օգտագործվելու պրիզը՝ Սյունիքը՝ Ալիևին, միլիոնները՝ Թրամփի ընտանիքին, մեր առաջ էլ մի ոսկոր կնետեն. Լևոն Զուրաբյան  
  • Աննա Հակոբյան, բա կրթեք ձեր նշանակած վախեցնողներին․ Անուշ Պողոսյան

Բացի այդ, Հայաստանի կառավարության օրակարգում է դեպի Կապան և Մեղրի երկաթուղային երթուղու վերականգնումը: Ենթադրվում է, որ դա կօգնի այնտեղի հանքերի աշխատանքին։ Հայաստանի իշխանությունները «շահագրգռված են, որ երկրում մոտ ապագայում աշխատի նաև Մեղրիի երկաթգիծը, ինչպես նաև այդ ճյուղի շարունակությունը մինչև մետալուրգիական Կապան և Զանգեզուրի կոմբինատ»,- հոկտեմբերի 7-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդային տարիներին երկաթուղին Երևանից Երասխով և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունով անցնում էր մինչև Մեղրի, ապա արդեն Ադրբեջանական ԽՍՀ տարածքից (Մինջիվան կայարանից)՝ «Անդրկովկասի Տրանսսիբից» ճյուղը մեկնում էր հայկական Կապան (գրեթե 40 կմ): Այս գիծը չի աշխատում 1990 թվականից։

1970-ականների վերջին ԽՍՀՄ Միջխորհրդարանական միությունում հավանության արժանացած նախագիծ էր առաջարկվում՝ Կապանից մինչև ադրբեջանական Աղդամ կայարան (մոտ 130 կմ երկարությամբ) գիծը Գորիս, Լաչին և այն ժամանակվա Ստեփանակերտ (ԼՂԻՄ վարչական կենտրոն) տարածքով երկարացնելու համար։

Սակայն նախագիծը չիրականացավ՝ հիմնականում այդ գծի կառավարման շուրջ Բաքվի և Երևանի վեճի պատճառով։ Բաքվում պնդում էին, որ այն պետք է կառավարվի ադրբեջանական երկաթուղիների կողմից, ինչպես դա վերաբերում էր Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև ընկած հատվածին՝ Մեղրիի շրջանում՝ Հայաստանի հեռավոր հարավում (մոտ 40 կմ երկարությամբ)։ Երևանում առաջարկում էին ապագա գծի համատեղ կառավարում, ինչին Բաքվում չէին համաձայնում։

Փաշինյանի կարծիքով՝ մինչև Կապան շարժումը վերականգնելը «միանգամայն իրատեսական է այն բանից հետո, երբ վերջնականապես խաղաղություն հաստատվի Ադրբեջանի հետ։ Երկաթուղին կարևոր է նաև Զանգեզուրի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների լիարժեք աշխատանքի համար՝ հաշվի առնելով նաև այնտեղ ավտոճանապարհների ներկայիս ծանրաբեռնվածությունը»: Հատկանշական է, որ Փաշինյանը նկատի ունի Կապանի շրջանի հետ Ադրբեջանի տարածքից հաղորդակցության «սովետական» տարբերակի վերսկսումը… 

Նա նաև պարզաբանել է, որ դա «միանգամայն հնարավոր կդառնա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին համաձայնագրերի հիման վրա, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից։ Այդ ժամանակ Ադրբեջանը հնարավորություն կստանա Նախիջևանի հետ հաղորդակցվելու Սյունիքի տարածքով, իսկ Հայաստանը՝ Արարատի և Սյունիքի մարզերի միջև՝ Նախիջևանի տարածքով»:

Հաղորդվում է, որ Հայաստանի կառավարությունն արդեն մրցույթ է հայտարարել Երասխից մինչև Նախիջևանի սահման՝ սահմանային երկաթուղային հանգույցի վերականգնման համար:

Ինչ վերաբերում է նշված մետալուրգիական օբյեկտներին, ապա հարկ է հիշեցնել, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը վաղուց է Կապանի մոտակայքում շահագործում Շահումյանի խոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Հանքավայրին կից գործող այս լեռնահարստացման կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան ևս վերամշակում է ոսկի պարունակող հանքաքարը՝ Մեղրիի շրջանի հյուսիսում գտնվող Լիճքվազ-Թեյ հանքավայրում տարբեր «հազվագյուտ քարերի» և այլ մետաղական հումքի արդյունահանմամբ: 

Կապանի մոտակայքում բազմամետաղային հանքաքարերի ընդհանուր հետախուզված պաշարները  ներկայումս գնահատվում են մոտ 20 մլն տոննա, պոտենցիալ պաշարները՝ առնվազն 28,5 մլն տոննա: Այստեղ հանքաքարը պարունակում է պղինձ (միջին պարունակությունը՝ մոտավորապես 1,55%), ոսկի (միջին պարունակությունը՝ 0,0945-4,3 գ/տ՝ կախված տեղանքից), արծաթ (մոտ 8,02 գ/տ), ինչպես նաև ցինկ, բիսմութ, մոլիբդեն, տարբեր «հազվագյուտ նյութեր»։ Հաշվի առնելով Անդրկովկասի համար «Թրամփի երթուղու» դերի մասին Փաշինյանի հայտնի կարծիքը՝ չի բացառվում, որ նշված շտեմարաններն առարկայորեն հետաքրքրում են ամերիկյան կորպորացիաներին այնպես, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի այլ շրջաններում։ 

ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Աննա Հակոբյան, բա կրթեք ձեր նշանակած վախեցնողներին․ Անուշ Պողոսյան

Հոկտեմբեր 28, 2026

Հոկտեմբերի 25-ին Մարտունի քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է՝ չնայած տեղի ունեցող լայնածավալ ճնշումներին։

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը և՛ ընտրությանների ընթացքում, և՛ նախընտրական շրջանում եղել է Մարտունի քաղաքում և իրավիճակի վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։ Նրա բնորոշմամբ՝ մարտունեցիները շիտակ մարդիկ են, օբյեկտիվ մոտեցում ունեն համայնքապետի և համայնքի զարգացման աշխատանքների նկատմամբ։

«Այս տարիների ընթացքում մարտունեցիները շատ թերացումներ էին արձանագրել։ Պետք է փաստենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածուն, որը հաղթեց ՔՊ-ին, բավականին առաքինի, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է։ Կարծում եմ՝ մարտունեցիները տվեցին օբյեկտիվ գնահատական։

Կարդացեք նաև

  • Դիկտատորը՝ ուղիղ եթերում   
  • «Թրամփի երթուղին»՝ Հայաստանի հարավի բնական պաշարների նշանառությամբ
  • Անդրանիկ Քոչարյանը հուշել է 44-օրյայում պարտության համար բանակի և Փաշինյանի պատասխանատվության «գոտիները»

Այլ հարց է, երբ դիտարկում ենք ՏԻՄ ընտրությունները. ընդդիմադիր կուսակցությունները բավականին լուրջ խնդիրներ ունեին՝ սկսած ավագանու նախընտրական ցուցակները կազմելուց, ավարտած այն լայն բռնաճնշումներով, որն իրականացվում էր իշխող թիմի կողմից։ Հասարակ խնդիր ունեին, օրինակ՝ ավագանու ցուցակները լրացնելու, որովհետև մարդիկ, որոնք անգամ կիսում էին ընդդիմադիր ուժերի կարծիքները, վախենում էին կորցնել աշխատանքը և հրաժարվում էին ընդգրկվել ցուցակներում, հատկապես՝ գյուղական համայնքներում։ Մարտունիում իշխող Փաշինյանի ՔՊ-ի ավագանու ցուցակը 80 և ավելի անդամներ ուներ, իսկ ընդդիմադիր կուսակցության ցուցակում ընդամենը 23 հոգի էր»,- մանրամասնեց Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Մարտունի քաղաքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ամփոփման ժամանակ օգտագործվել է բացառապես վարչական ռեսուրս. խմբերով տարել են բժշկական կենտրոնի աշխատակիցների, մանկապարտեզների աշխատակիցների, մարդկանց հստակ հանձնարարականներ են տվել հանդիպմանը մասնակցելու համար։ Եղել են նաև դեպքեր, երբ հիմնարկի տնօրենը կանչել է աշխատակցին և հանձնարարել, որ ՔՊ թեկնածուների նկարները տեղադրի իր ֆեյսբուքյան էջում, ինչը բռնաճնշման կլասիկ ձևերից է։

«Օրեր առաջ Աննա Հակոբյանը խոսում էր վախի մթնոլորտի մասին։ Իսկ արդյո՞ք վախեցնողները տգետներ են, ինչպես նա էր ասում։ Իհարկե, ուրեմն թող սկսեն կրթել այդ վախեցնողներին, ովքեր այս իշխանության օրոք նշանակված տնօրեններ են, մարզպետներ, վարչության պետեր, և այդ ցանկը կարելի է բերել մինչև լիազոր մարմին՝ նախարարություններ»,- հավելեց Անուշ Պողոսյանը։

Մեր զրուցակիցը նաև մասնագիտական դիտարկումներ արեց սեպտեմբերի կեսերին Սյունիքի մարզի Ծավ գյուղում ջրի մեջ հայտնաբերված սնդիկի վերաբերյալ, որը հայտնաբերել էր բնակիչը։ Նա նշեց, որ այս ամենը խոսում է պատկան մարմինների տոտալ անտարբերության մասին, քանի որ այդ գյուղում, ըստ հրապարակումների, 2024 թվականից ջրի որակի ուսումնասիրություն տեղի չի ունեցել։

«Մենք չգիտենք, թե բնակիչները քանի՞ տարի կամ քանի՞ ամիս են սնդիկով աղտոտված ջուրը խմել։ Իրականում զավեշտ է, երբ դրա մասին բարձրաձայնում է բնակիչը, և դրանից հետո միայն լինում առողջապահության նախարարի և տեսչական մարմնի արձագանքը։ Այս դեպքում տարօրինակն այն էր, որ արագ սկսեցին հերքումները. այսինքն՝ առողջապահության նախարարության ենթակայության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ՊՈԱԿ-ը պարզաբանում է, որ դա իր գործառույթը չէ, այնուհետև նույնն ասում է տեսչական մարմինը։ Առողջապահության նախարարությունը մոռանում է, որ ինքն ունի սահմանադրական պարտավորություն՝ պահպանել բնակչության առողջությունը»,- շեշտեց Անուշ Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջարկին՝ դեղերի գրանցման և գների վերաբերյալ, Անուշ Պողոսյանն ասաց, որ ի պատիվ «Ուժեղ Հայաստանի», առողջապահության նախարարությունը սկսեց աշխատել։

«Տարիներ շարունակ ես խոսել եմ մեր երկրում դեղերի գների ու դեֆիցիտի, դեղերի գնագոյացման խնդիրների մասին։ Հայաստանը նույնիսկ գրանցված դեղերի դեպքում չունի ռեֆերենս փրայզ, այսինքն՝ կողմնորոշիչ գնացուցակների առկայություն, որը դեղերի մասին օրենքով պարտադիր պահանջ է։ Դրա կատարողը առողջապահության նախարարությունն է, և նա պետք է ստեղծեր «ռեֆերենս փրայզը»։ Ինչո՞ւ չեն ստեղծում, քանի որ ներկրողներին դա դուր չի գա, և, այսպես ասած, որոշել են, որ դա չպետք է լինի։ Եթե դա արվեր, մենք կունենայինք դեղերի աստիճանական կարգավորում ու իջեցում և չէինք ունենա այնպիսի վիճակ, երբ Վրաստանը դարձել է դեղորայքային տուրիզմի կենտրոն»,- ընդգծեց Անուշ Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ երբ «Ուժեղ Հայաստանը» սկսել է այս նախագիծը մշակել, հավանաբար առողջապահության նախարարությունն ունեցել է ներքին տեղեկատվություն դրա մասին, ուստի արագ կառավարության որոշում դրեցին՝ սահմանելով հեշտ ընթացակարգեր ոչ միայն եվրոպական դեղերի, այլև տարբեր այլ երկրների համար, օրինակ՝ Եգիպտոսից, ԱՄԷ-ից և այլն։ Սակայն այս պահին դժվար է ասել՝ կառավարության այդ որոշումը կընդունվի՞, թե՞ ոչ։ Եթե չընդունվի, կնշանակի, որ պարզապես «խաղում» են ընդդիմության հետ։

«Եթե մեր երկիրը չունենա ռեֆերենս փրայզ, ապա ազատականացված 5-օրյա ժամկետում գրանցված դեղերը ներկրողները կարող են շրջանառել այն տոկոսներով, որոնք իրենք են դնում, և դրանից դեղերի գներն առանձնապես չեն կարող փոփոխվել»,- եզրափակեց բժիշկ-փորձագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:




—

Գյումրիում ապրող Շիրակի գավառապետը որ գիրք կարդար, կիմանար, որ էդ «իվանների»

Հոկտեմբեր 28, 2026

«Հայ-ռուսական հարաբերություններում նոր լարվածություն է հասունանում. պատճառն ու առիթը Շիրակի ՔՊ-ական գավառապետն է, որը Գյումրիի օրվա միջոցառումներից հետո իր խոսքում ռուսներին արհամարհական «իվաններ» անվանումն է տվել»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Գյումրիի օրվա միջոցառումներից հետո Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քննադատել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով՝ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն»:

Այս արտահայտությունը միջազգային և դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Մասնավորապես՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ գրառման մեջ «իվանների» հիշատակումը ակամա հիշեցնում է նացիստական բառապաշարը և կարող է ազգային թշնամանք հրահրել:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի խոսքերը որակեց որպես «նեոնացիստական կարգախոս» և նշեց, որ նա դրանով նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին, իսկ ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Վլադիմիր Ջաբարովն առաջարկեց արգելել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

Կարդացեք նաև

  • Իվան չլինի, Ռաշիդ լինի…Մարզպետին հարցրե՛ք…Մեր թիմից ոչ ոք Ռուսաստանի ու ռուս ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունք չունի. Սարիկ Մինասյան
  • «Հյուսիսային Կորեայից 5 է պակաս. հո մեծ-մեծ փրթելո՞վ չէ, հարգելի անգրագետներ». Գառնիկ Դանիելյան
  • Կառավարության պարտքը սպասարկելու համար կպահանջվի մի քանի միլիարդ դոլար

«ՔՊ-ն ու էդ գավառապետը՝ կոնկրետ Շիրակի մարզպետը, ով Գյումրիում է ապրում, որ գիրք կարդար, կիմանար, որ իր ասած այդ «իվանների» շնորհիվ է, որ 1921 թվականի ապրիլի 22-ին Գյումրին՝ այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլը, և Ալեքսանդրապոլի ողջ գավառը, որ էսօրվա Շիրակի մարզն է, ամբողջությամբ ազատագրվել ու մաքրվել է թուրքական զորքերից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս նկատեց՝ եթե չլինեն այդ «իվանները», տվյալ դեպքում՝ Խորհրդային Ռուսաստանը, Ալեքսանդրապոլը չէր լինի հայկական, քանի որ իրենց պահանջով են 1921 թվականի ապրիլի 22-ին թուրքերը դուրս եկել Ալեքսանդրապոլից, որովհետև հայ-թուրքական պատերազմի արդյունքում 1920 թվականի նոյեմբերին թուրքերը գրավել էին Ալեքսանդրապոլը և ողջ Ալեքսանդրապոլի գավառը:

«Ալեքսանդրապոլի պայմանագրով, որը կնքվեց 2020 թվականի դեկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը, նրանք մնում էին այնտեղ, և միայն Հայաստանի խորհրդայնացումից և Խորհրդային Ռուսաստանի պահանջից հետո՝ 2021թ. ապրիլի 22-ին թուրքերը լքեցին Ալեքսանդրապոլը։

Էլ չեմ ասում, որ էդ նույն «իվանները»  1992 և 1993 թվականներին առնվազն 3 անգամ թույլ չեն տվել և կանխել են թուրքական առաջխաղացումը, իսկ ըստ Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի, մեջբերում եմ, «չափավոր հարվածը Հայաստանի ուղղությամբ»,-ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:

Նա նշեց՝ Շիրակի գավառապետը թող իմանա, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայության արդյունքում է նաև, որ իր մարզի բնակիչները և հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ գոնե սպառնալիք չեն զգացել Թուրքիայից։

«Իսկ ՔՊ-ն ներողություն խնդրելու կամ քննադատելու փոխարեն մի հատ էլ ասում են՝ կատակ է արել, կարող էր Իվանի փոխարեն «Ռաշիդ» ասել: Էդ մի օր չեղավ՝ «Իլհամ» ասեք, ի՞նչ է այն Հաջիևի անունը՝ «Հիքմեթ» ասեք…»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ սա հիմարագույն հայտարարություն է, և անթույլատրելի է նման բան անելը:

«Սա հերթական անգամ ցույց է տալիս էս մարդկանց և՛ տգիտությունը, և՛ պետական պաշտոն զբաղեցնելու անունակությունը, և՛ հակառուսական ու հակահայկական բնույթը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

—