Photo credit: Karen MINASYAN / AFP via Getty Images
—
Photo credit: Karen MINASYAN / AFP via Getty Images
—
Նոյեմբեր 3, 2026
Ֆինանսական համակարգում և անշարժ գույքի շուկայում համակարգային ռիսկերի կուտակումը խորանում է։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է գնալ բանկերի նկատմամբ ներկայացվող ֆինանսական պահանջների հերթական խստացման։
Վարկավորման բարձր աճի ու անշարժ գույքի շուկայի ակտիվացման ռիսկերի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով, անցած 3 ամսվա ընթացքում ԿԲ-ն երկրորդ անգամ է բարձրացնում կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը։ Վերջին անգամ բարձրացրեց հոկտեմբերին՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 2.25 տոկոսի չափով։
Մինչ այդ էլ բարձրացրել էր հուլիսի վերջին՝ 1.75 տոկոսից դարձնելով 2 տոկոս։
Հուլիսյան բարձրացումը նախատեսված էր կիրառել հաջորդ տարվա փետրվարից։ Բայց Կենտրոնական բանկը չսպասեց անգամ դրան ու շտապեց կրկին բարձրացնել՝ այս անգամ նախատեսելով այն կիրառության մեջ դնել հաջորդ տարվա մայիսից։ Վերջին բարձրացումից հետո, կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը գտնվում է պատմականորեն ամենաբարձր դիրքում։
Երեք ամսում կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափի կրկնակի փոփոխությունը վկայում է վարկային, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում կուտակվող ռիսկերի խորացման մասին։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Կենտրոնական բանկը հաճախ չի վերանայում այդ պահանջը։
Պատկերացնելու համար ասենք, որ մինչ վերջին 2 փոփոխությունները վերանայում տեղի էր ունեցել 2024թ. հոկտեմբերին ու կրկին խստացման ուղղությամբ։
Կապիտալի հակացիկլիկ բուֆերի բարձրացումը շարքային քաղաքացուն գուցե շատ բան չի ասում, բայց այն կարևոր ազդակ է վարկային ու անշարժ գույքի շուկայի մասնակիցների համար։ Դրանով, պարզ ասած՝ Կենտրոնական բանկը պարտադրում է բանկերին ավելի շատ ֆինանսական միջոցներ պահուստավորել, ավելի շատ ֆինանսական բարձիկներ ստեղծել՝ հնարավոր ցնցումներին ընդառաջ։ Վարկավորման ծավալների աճին զուգահեռ՝ ռիսկերի հավանականությունը մեծանում է՝ մեծացնելով ֆինանսական միջոցների կուտակման անհրաժեշտությունը։
Կապիտալի հակացիկլիկ բուֆերի բարձրացումը միջոց է մի կողմից՝ ցնցումների ժամանակ բանկային համակարգում անցանկալի երևույթները կանխելու, մյուս կողմից՝ բանկերի վարկային ախորժակը սահմանափակելու համար։
Վարկերի այսօրվա արագ աճն ու անշարժ գույքի ակտիվացումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում, վաղը կարող է Հայաստանը համակարգային խնդիրների առաջ կանգնեցնել։
Դրա հավանականությունը մեծանում է ոչ միայն վարկային ու անշարժ գույքի ակտիվությամբ պայմանավորված, այլև տնտեսական միջավայրում վերջին շրջանում ի հայտ եկած նոր ու առանձնահատուկ խնդիրների պատճառով։
Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ անդամությունից բխող տնտեսական ու ֆինանսական առավելություններից զրկվելու վտանգի առաջ, ինչը, օրերս հրապարակված Եվրասիակական միջկառավարական խորհրդի զեկույցի համաձայն, լուրջ իրարանցում կարող է առաջացնել ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ֆինանսական համակարգում։ Տնտեսական խնդիրները կահագնանան հատկապես գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում, որի հետևանքներին անդրադառնալով՝ ոչ վաղ անցյալում Կենտրոնական բանկի նախագահը չափազանց խիստ բնորոշում էր տվել։
Հնչող գնահատականների համաձայն, ԵԱՏՄ անդամությունից զրկվելը կարտահայտվի բավական խորը տնտեսական ակմամբ, դրսից եկող ֆինանսական միջոցների զգալի կորուստներով, գնաճային ճնշման կտրուկ ակտիվացմամբ, քաղաքացիների եկամուտների ու գնողունակության նվազմամբ, ինչպես նաև սոցիալական լարվածության խորացմամբ։
Սա ոչ այլ ինչ է, քան ճգնաժամային իրավիճակ։ Մի բան, ինչը մեծագույն ռիսկ է ֆինանսական համակարգի, վարկային ու անշարժ գույքի շուկաների համար։
Տնտեսական ու սոցիալական իրավիճակի վատացումը հանգեցնելու է քաղաքացիների եկամուտների նվազման, վճարունակության կորստին, ինչը մեծացնում է բանկային համակարգի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ռիսկը։ Վերջին տարիներին էապես ավելացել է քաղաքացիների վարկային ծանրաբեռնվածությունը՝ գերազանցելով նրանց եկամուտներին։ Տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ եկամուտների կորուստները շատերի համար կարող են դժվարություններ ստեղծել ֆինանսական պարտավորությունները ժամանակին կատարելու առումով։
Փլուզումը կարող է սկսվել հենց այդ պահից՝ իր հետ բերելով ծանր խնդիրների թե՛ բանկերի, թե՛ քաղաքացիների, ու թե՛ անշարժ գույքի շուկայի մյուս մասնակիցների համար։
Սա համակարգային ռիսկ է, որին Հայաստանը կարող է բախվել շատ մոտ ապագայում։ Սակայն այդ ռիսկն այսօր էլ շարունակում է խորանալ՝ մի կողմից՝ ագրեսիվ վարկավորման, մյուս կողմից՝ ներսից ու դրսից թելադրված անշարժ գույքի շուկայի ակտիվության, ինչպես նաև գների բարձրացման հետևանքով։
Չնայած հնչող զգուշացումներին ու կանխարգելող միջոցառումներին, բանկերը շարունակում են մեծ տեմպերով վարկավորում իրականացնել՝ խթանելով անշարժ գույքի շուկայի ակտիվությունն ու գների բարձրացումը։
Կասկած չկա, որ վերջին տարիներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում արձանագրվող այս միտումները մեծապես պայմանավորված են եղել ոչ այնքան բնականոն զարգացումներով, որքան արհեստածին գործոններով։ Այն քիչ կապ ունի հասարակության իրական վճարունակության հետ։ Այս տարիներին քաղաքացիների եկամուտների աճն անհամեմատ ավելի դանդաղ է տեղի ունեցել, քան նրանց վարկային բեռի կուտակումը։ Աճել է նաև պարտքի սպասարկման բեռը, որը թելադրված է եղել մի կողմից՝ հիփոթեքային, մյուս կողմից՝ սպառողական վարկերի շուկայից։ Բայց այն կանգ առնելու մտադրություն չունի։
Այսօր էլ շարունակվում է ակտիվ վարկավորումն ու քաղաքացիների վարկային բեռի ծանրացումը։ Այս իրավիճակը պահանջում է մեծագույն զգուշավորություն։ Այլապես, տնտեսական միջավայրում կանխատեսող հնարավոր ցնցումների իրականանալու պարագայում մոտ ապագայում այն կարող է իսկական չարիք դառնալ՝ հանգեցնելով համակարգային փլուզումների։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—
Նոյեմբեր 3, 2026
Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10 տոկոսով, ապա կլինի մոտավորապես 0.8 տոկոս գնաճ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գազի գնի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել «ապոկալիպտիկ» կամ որևէ այլ տեսակի ոչ բնականոն տնտեսական սցենարի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին, անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին և գազի գնի՝ շուրջ 69 տոկոսով հնարավոր թանկացմանը, հայտարարեց, որ ՀՀ տնտեսությանն ապոկալիպսիս չի սպասում, իսկ բոլոր նրանք, ովքեր նման կարծիք ունեն, տնտեսությունից բան չեն հասկանում։
«10 տոկոսով գազի գնի թանկացումը մեր սպառողական գների ինդեքսի վրա կբերի 0.6 տոկոս գնաճ, իսկ հարակից ճյուղերը, որոնք օգտագործում են գազ վերջնական արտադրանքի համար, ապա նրանց արտադրանքի գների աճը կլինի 0.1–0.2 տոկոսի սահմաններում»,– այսօր ասաց Մարտին Գալստյանը։
Գալստյանն ավելացրեց, որ ՀՀ կենտրոնական բանկը գազի գնի սցենար չունի, քանի որ դրա համար հստակ պարամետրերի առկայություն է պետք։
«Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,– ասաց նա` ավելացնելով, որ ԿԲ–ն ուղղակի զգայունության որոշակի վերլուծություն է արել։
Իսկ թե ինչ զարգացումներ ու ինչպիսի սցենարներ կլինեն գազի գնի թանկացման հետ կապված, ԿԲ նախագահը դժվարացավ ասել։
—
Նոյեմբեր 3, 2026
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից փոփոխվող աշխարհակարգի բնորոշ գծերից մեկը։ Բավական է միայն ուշադրություն դարձնել երեք հակամարտությունների, որոնք ներկայումս գտնվում են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Իրանի, Եմենի և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին։
Դրանք բոլորն էլ խորը արմատներ ունեն. յուրաքանչյուրին նախորդել է ավելի քան տասնամյակ տևած քաղաքական հակադրություն, սակայն դրանք դեռևս հեռու են կարգավորումից։ Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում։
Ըստ լրատվամիջոցների՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։
Ենթադրյալ թիրախների թվում կարող են լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող օբյեկտները, բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանները, ինչպես նաև Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Նման գործողությունը կդառնա վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի վրա իրականացված երրորդ հարձակումը։ Իր հերթին, Իրանն անկասկած կպատասխանի՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին, Իսրայելում գտնվող թիրախներին, ինչպես նաև առևտրային նավագնացությանը։
Ուշագրավ է, որ զուգահեռաբար դիվանագիտական ջանքեր են գործադրվում՝ կանխելու ռազմական գործողությունների նոր փուլը, սակայն կողմերի միջև առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները կարծես պահպանվում են։ Իրանը ձգտում է պահպանել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, իսկ ԱՄՆ շարունակում է մտահոգություն ունենալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ուստի, նոր ռազմական առճակատման վտանգը պահպանվում է։
Զուգահեռաբար, Եմենում իրավիճակը շարունակում է սրվել։ Վերջին օրերին կառավարական ուժերի և հուսիների միջև բախումներն ավելի են ինտենսիվացել։ Սաուդյան ավիացիան բազմաթիվ հարվածներ է հասցրել հուսիների դիրքերին՝ փորձելով դուրս մղել նրանց առափնյա շրջաններից, որտեղից նրանք հարձակումներ են գործում Կարմիր ծովում գտնվող բեռնատար նավերի վրա։ Այս պահին ոչինչ չի վկայում այն մասին, որ մարտական գործողությունների ինտենսիվությունը կնվազի։ Ընդհակառակը, առաջիկա շաբաթների ընթացքում հակամարտությունը կարող է նոր թափով բորբոքվել: Թաիզ քաղաքի պաշարումը, հավանաբար ավելի կխստանա, իսկ հուսիները կարող են հարձակում սկսել նաև Ադենի ուղղությամբ։
Ցավոք, պատերազմն արդեն հանգեցրել է հումանիտար աղետի։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ընդամենը մեկ ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում մոտ 300000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Միաժամանակ՝ շուրջ 20 միլիոն բնակիչ կանգնած է սովի վտանգի առջև։ Քանի որ հակամարտության գոտին ընդլայնվում է, քաղաքացիական բնակչության վիճակն է՛լ ավելի կվատթարանա։
Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական գործողություններն արդեն հինգերորդ տարին է, ինչ շարունակվում են՝ առանց թուլանալու որևէ նշանի։ Ըստ որոշ գնահատականների՝ Ուկրաինան ունեցել է շուրջ 500000 կորուստ, այդ թվում՝ մոտ 150000 զոհ։ Վերջերս հակամարտության բնույթը սկսել է փոխվել. կողմերն ավելի հաճախ են դիմում հեռահար հարվածների։ Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թիրախավորում են Ուկրաինայի ռազմական նշանակության ենթակառուցվածքները, իսկ ուկրաինական ուժերը համակարգված կերպով հարվածում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտին՝ որոնք կարևոր դեր են խաղում ռուսական տնտեսության համար։
Հաշվի առնելով մարդկային կորուստներն ու ավերածությունները՝ այս փուլում ողջամիտ ռազմավարությունը պետք է առաջնահերթ կերպով ուղղված լինի հրադադարի հաստատմանը, այլ ոչ թե ռազմական գործողությունների վերսկսմանը կամ համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերին։ Ռազմական գործողությունների շարունակումը, գրեթե անկասկած, միայն կխորացնի կողմերի անզիջում դիրքորոշումը։ Ուստի, ներկա պահին օգտակար միջանկյալ քայլ կլիներ մի շարք համաձայնությունների ձեռքբերումը, որոնք ուղղված կլինեն մարտական գործողությունների դադարեցմանը կամ ծավալների կրճատմանը։ Սա կնպաստի վստահության ձևավորմանը և կարող է հիմք ստեղծել հետագա դիվանագիտական առաջընթացի համար։
Հաշվի առնելով այս հակամարտություններից յուրաքանչյուրում էսկալացիայի բարձր ռիսկը՝ ժամանակն է, որպեսզի առանցքային պետություններն ու միջազգային կազմակերպությունները դուրս գան ստվերից, ավելի ակտիվորեն ներգրավվեն իրավիճակի մեջ և առաջարկեն նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ՝ ռազմական գործողությունների դադարեցման հասնելու համար։
Վստահ եմ, որ հեռատես քաղաքական առաջնորդները կառաջարկեն համապատասխանաբար ընդունելի տարբերակներ։ Այնուամենայնիվ, գործել է պետք առանց հապաղելու. եթե իրավիճակի զարգացման ներկայիս ընթացքը շարունակվի, ապա ժամանակի ընթացքում այս հակամարտություններից յուրաքանչյուրն ավելի կսրվի՝ ձեռք բերելով տարածման մեծ վտանգներ» ։
—
Նոյեմբեր 3, 2026
Միջնորդները փորձում են դադարեցնել էսկալացիան
Վերջին օրերին Պակիստանը, Քաթարը և մի շարք այլ պետություններ ակտիվացրել են ջանքերը՝ ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Դիվանագիտական շփումները զարգանում են ամերիկյան ռազմական ներկայության աճի և Իսրայելի կողմից նոր հարվածներ նախապատրաստելու մասին հաղորդագրությունների համապատկերին։
Ամերիկյան The Wall Street Journal թերթի տվյալներով՝ միջնորդները ձգտում են հաղթահարել մի քանի ամիս տևած փակուղին։ Քննարկվող առաջարկների թվում են իրանական արտասահմանյան ակտիվների մասնակի ապասառեցումը՝ միջուկային ծրագրի շուրջ զիջումների դիմաց, միջազգային տեսուչների վերադարձը և հարստացված ուրանի պաշարների մի մասի հնարավոր փոխանցումը Ռուսաստանին։
Իրանի համար նման առաջարկները հեշտ չեն։ Չի կարելի միջուկային հարցը դիտարկել պատժամիջոցներից, ռազմական հարձակման սպառնալիքներից և նավթի արտահանման սահմանափակումներից առանձին։ Եթե Թեհրանից զիջումներ պահանջեն՝ առանց անվտանգության համոզիչ երաշխիքներ և տնտեսական թեթևացում առաջարկելու, կայուն համաձայնության հասնելը դժվար կլինի։
Միևնույն ժամանակ, ցանկացած փոխզիջումից հրաժարվելը նույնպես վտանգ է պարունակում։ Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ քաղաքական տարաձայնությունները կլուծվեն ռազմական միջոցներով։
Պակիստանը և Քաթարը բանակցությունների հիմնական ուղիներն են
Հատուկ նշանակություն է ձեռք բերել Իսլամաբադի դիվանագիտական ակտիվությունը։ Հոկտեմբերի 20-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի ղեկավարության հետ։ Այցը տեղի է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցություններից հետո։ Քաթարը շարունակում է մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առաջարկների փոխանցմանը։ Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։
Իրանական տեսանկյունից մի քանի միջնորդների մասնակցությունն օգտակար է. այն թույլ է տալիս պահպանել շփումները նույնիսկ այն ժամանակ, երբ ուղղակի բանակցություններն արգելափակված են։ Պակիստանը Վաշինգտոնի և Թեհրանի հետ հաղորդակցման ուղիներ ունի, իսկ Քաթարը տարածաշրջանային ճգնաժամերում միջնորդության փորձ ունի։
Սակայն միջնորդները չեն կարող փոխարինել հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը։ Եթե Վաշինգտոնն Իրանից պահանջում է նախ համաձայնել ամերիկյան պայմաններին, իսկ Թեհրանը պնդում է ռազմական սպառնալիքի նախնական վերացման և սահմանափակումների ռեժիմի փոփոխման հարցում, ապա բանակցությունները կարող են մնալ փոխադարձ պահանջների փոխանակում։
Ամերիկացիները մեծացնում են ճնշումը
Միաժամանակ Միացյալ Նահանգները մեծացնում է ռազմական հնարավորությունները տարածաշրջանում։ Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու ավիակիր հարվածային խմբերին կարող է միանալ երրորդը, ինչպես նաև ծովային հետևակայիններով լրացուցիչ նավերը։ Դա ընդլայնում է Վաշինգտոնի հնարավոր գործողությունների շրջանակը՝ ուժի ցուցադրումից մինչև լայնածավալ ռազմական գործողություն։
Իսրայելը, ըստ հրապարակումների, դիտարկում է նաև հարվածների վերսկսման տարբերակները և վերանայում հավանական թիրախների ցանկը։ Ընդ որում, կոնկրետ ծրագրերի մասին տեղեկությունները հիմնականում ստացվում են քննարկումներին ծանոթ աղբյուրներից և չեն նշանակում, որ հարձակման մասին քաղաքական որոշումն արդեն ընդունված է։
Կարևոր է ռազմական պատրաստվածությունը չխառնել պատերազմի անխուսափելիության հետ։ Նավերի տեղակայումը կարող է ծառայել որպես բանակցային ճնշման միջոց, բայց միևնույն ժամանակ նվազեցնում է քաղաքական մանևրի ժամանակը և մեծացնում է մյուս կողմի մտադրությունները սխալ գնահատելու ռիսկը։
Իրանի համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում հակամարտության հնարավոր ընդլայնումն էներգետիկ ենթակառուցվածքների, նավահանգիստների, տրանսպորտային հանգույցների և այլ օբյեկտների վրա, որոնցից կախված է բնակչության առօրյա կյանքը։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար վտանգը կայանում է պատասխան գործողությունների, ռազմական օբյեկտների սպառնալիքի և ամբողջ տարածաշրջանում ճգնաժամի հնարավոր տարածման մեջ։
Հորմուզի նեղուցը դիմակայության կենտրոնական հարցն է
Վաշինգտոնի և Թեհրանի միջև գլխավոր տարաձայնությունը կապված է ոչ միայն միջուկային ծրագրի, այլև Պարսից ծոցում անվտանգության պայմանների հետ։ ԱՄՆ-ը պնդում է, որ վերսկսվեն բանակցությունները միջուկային հարցի շուրջ, մինչդեռ Իրանը հետագա պայմանավորվածությունները կապում է ռազմական ճնշման դադարեցման և ծովային շրջափակման խնդրի լուծման հետ։
Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Նրա խոսքով՝ Իրանն առաջարկել է վերսկսել նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ ամերիկյան ծովային շրջափակումը վերացնելու պայմանով։ Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ դիվանագիտական ալիքը վերջնականապես փակված չէ։ Այնուամենայնիվ, տարաձայնությունները քայլերի հաջորդականության վերաբերյալ, թե ինչը պետք է տեղի ունենա առաջինը՝ շրջափակման վերացո՞ւմը, թե՞ նավարկության վերականգնումը, մնում են լուրջ խոչընդոտ։
Իրանի համար Հորմուզի նեղուցը ոչ միայն տնտեսական ուղի է, այլև ռազմավարական զսպման գործոն։ Համաշխարհային տնտեսության համար սա էներգառեսուրսների մատակարարման կարևորագույն միջանցքներից մեկն է։ Երկարատև ընդհատումները կարող են բարձրացնել նավթի գները, փոխադրումների և ապահովագրության արժեքը, այնուհետև ազդել սպառողների վրա շատ երկրներում։
Բայց նեղուցը որպես ճնշման գործիք օգտագործելը նաև հակառակ կողմն ունի. այն ուժեղացնում է միջազգային անհանգստությունը և կարող է այլ պետություններին մղել ԱՄՆ-ի հետ ավելի սերտ ռազմական համագործակցության։ Հետևաբար՝ կայուն լուծումը պետք է ապահովի նավարկության անվտանգությունը և միաժամանակ հաշվի առնի կողմերի փոխադարձ պարտավորությունները։
Արաղչիի նախազգուշացումը և նոր հակամարտության գինը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի շուրջ կամ տարածաշրջանի այլ հատվածներում հետագա էսկալացիան կվտանգի խաղաղ բնակչությանը, պետությունների բարեկեցությունն ու համաշխարհային տնտեսությունը։ Նա նաև Թեհրանի պատրաստակամությունը կապել է ռազմական սցենարից ԱՄՆ-ի հրաժարվելու հետ։ Նման հայտարարությունները միաժամանակ ընկալվում են որպես նախազգուշացում և որպես դիվանագիտության համար տարածություն պահպանելու փորձ։ Թեհրանը ձգտում է ցույց տալ, որ նոր հարվածն անպատասխան չի մնա։ Սակայն լայնածավալ պատասխան հարվածի սպառնալիքն ինքնին չի երաշխավորում հակառակորդի զսպումը. այն կարող է ուժեղացնել հարևան երկրների մտավախությունները և արագացնել հակամարտության նախապատրաստումը։
Հատկապես վտանգավոր է, եթե ռազմական դիմակայությունն ազդի Պարսից ծոցի պետությունների էներգետիկ օբյեկտների վրա։ Նույնիսկ հարձակումների սահմանափակ շարքը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել՝ պատասխան հարվածներ, նավագնացության նոր սահմանափակումներ, էներգակիրների գների աճ և հակամարտության աշխարհագրության հետագա ընդլայնում։ Նման իրավիճակում տնտեսական կորուստներ կկրեն ոչ միայն կառավարություններն ու ռազմական կառույցները, այլև սովորական ընտանիքները՝ Իրանում, արաբական երկրներում և Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։
Ի՞նչ կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում
Հնարավոր է երեք հիմնական սցենար
Առաջինը բանակցությունների շարունակությունն է՝ առանց արագ համաձայնության։ Պակիստանն ու Քաթարը պահպանում են կապի ուղիները, կողմերը փոխանակվում են առաջարկներով, սակայն պատրաստ չեն հրաժարվել հիմնական պահանջներից։ Ռազմական լարվածությունը շարունակում է բարձր մնալ, սակայն անհապաղ լայնածավալ հարձակումից հնարավոր է խուսափել։
Երկրորդը սահմանափակ պայմանավորվածությունն է: Կողմերը կհամաձայնեցնեն ծովային շրջափակման, նավագնացության, ստուգումների և հետագա միջուկային բանակցությունների գործողությունների հաջորդականությունը: Սա չի վերացնի բոլոր հակասությունները, բայց կարող է ստեղծել նոր պատերազմը կանխելու մեխանիզմ։
Երրորդը դիվանագիտության ձախողումն է և հարվածների վերսկսումը։ Եթե բանակցություններն արդյունք չտան, իսկ կողմերից մեկը որոշի, որ հետագա սպասումը վատթարացնում է իր վիճակը, ռազմական սցենարն ավելի իրական կդառնա։ Այս դեպքում հետևանքները կարող են ավելի լայն լինել, քան գործողության սկզբնական նպատակները:
Իմ կարծիքով՝ ամերիկյան ուժերի տեղափոխման փաստը չի ապացուցում, որ հարվածն անխուսափելի է։ Սակայն ռազմական ուժերի ավելացման, կոշտ հրապարակային հայտարարությունների և բանակցությունների համաձայնեցված պայմանների բացակայության համադրությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում, որում նույնիսկ սահմանափակ միջադեպը կարող է լայնածավալ էսկալացիայի առիթ դառնալ։
Իրանի համար ներկա պահն ընտրություն է դիվանագիտական բարդ փոխզիջման և նոր ավերիչ պատերազմի ռիսկի միջև։ Բանակցությունները չպետք է ընկալվեն որպես կապիտուլյացիա, բայց երկխոսությունից հրաժարվելը չի կարող համարվել անվտանգության ինքնուրույն ռազմավարություն։
ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է հաշվի առնեն, որ ռազմական գործողությունը կարող է հանգեցնել պատասխան գործողությունների և տարածաշրջանային անկանխատեսելի հետևանքների։ Իրանի ղեկավարությունն, իր հերթին, պետք է գնահատի ոչ միայն զսպման հնարավորությունները, այլև էսկալացիայի գինը երկրի բնակչության և տնտեսության համար։
Մերձավոր Արևելքում խնդիրների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վրա հույս դնել պետք չէ, հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը՝ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին քաղաքական և դիվանագիտական օգնության համար։
Միջնորդական ջանքերն առայժմ դիվանագիտական ելքի հնարավորություն են թողնում, բայց պայմանավորվածության պատուհանը կարող է նեղանալ, եթե ռազմական ճնշումը շարունակի աճել։ Նոր պատերազմը կանխելու իրական հնարավորություն կլինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերը համաձայնեն քննարկել ոչ միայն հակառակորդին ներկայացվող պահանջները, այլև անվտանգության փոխադարձ երաշխիքները, սահմանափակումների վերացումը և լարվածության նվազեցմանն ուղղված ստուգելի քայլերը։
ԲԵՀՐՈՒԶ ԶԱՐԻՖԻԱՆ
fondsk.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Նոյեմբեր 3, 2026
Ադրբեջանի նախագահին մերձակա քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ճգնաժամի պատճառներին:
Նա մի կողմից՝ նկատում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այստեղ խնդիր չկա, քանի որ քաղաքական փոխգործակցությունը, աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, տնտեսական շահը, տրանսպորտային և էներգետիկ նախագծերն իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերի համատեքստում: Մյուս կողմից՝ քաղաքագետն իր գրառման մեջ նշում է.
Ադրբեջանի մասնակցությունը Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափին Թուրքիայի սրտով չէ՞
«Ճգնաժամը ցույց տվեց, որ Թուրքիայում դժկամությամբ են ընդունել Ադրբեջանի մասնակցությունը Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափին։ Նշվում է, որ այդ քայլով Ադրբեջանը խարխլում է Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ)։ Սակայն պետք չէ իրավիճակին նայել բացառապես թուրքական տեսանկյունից, հակառակ դեպքում՝ հնարավոր է չտեսնել ամբողջական պատկերը։
Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափն առաջին հերթին ծառայում է տարածաշրջանի պետություններին, հնարավորություն է տալիս լուծել սահմանային վեճերը, բարձրացնել տարածաշրջանային ինտեգրման մակարդակը, մեծացնել տարածաշրջանի երկրների անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև՝ նպաստում է Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում հավասարակշռության ապահովմանը: Կենտրոնական Ասիայի ձևաչափը չի փոխարինում ԹՊԿ-ին։ Ընդհակառակը՝ Կենտրոնական Ասիայի խորհրդակցական ձևաչափին Ադրբեջանի մասնակցությունը բարձրացնում է Թյուրքական պետությունների կազմակերպությունում ընթացող գործընթացների արդյունավետությունը»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Բաքու-Անկարա հարաբերություններում առաջացած լարվածությանն առնչվող իր դիտարկումներում շատ ավելի հեռուն է գնացել:
Նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է, որ այսօր, թուրք-ադրբեջանական միջպետական հարաբերությունների սրման պատճառները վերլուծելիս, չենք կարող անտեսել այն հանգամանքը, որ նեոօսմանյան գաղափարախոսության մեջ իսլամական համատեքստը գերիշխող դեր է խաղում, այն դեպքում, երբ թուրանիզմը զբաղեցնում է ստորադաս՝ պրագմատիկ դիրք։
«Թեև արտաքուստ երկու հայեցակարգերն էլ ծառայում են որպես ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքներ (հատկապես Ռեջեփ Թայիբ Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման ժամանակաշրջանում), դրանց կշիռը, նպատակներն ու գաղափարական հիմքերը սկզբունքորեն տարբեր են։
Նեոօսմանիզմն իր էությամբ հիմնված է Օսմանյան կայսրության կրոնական և մշակութային ժառանգության վրա։ Եվ այստեղ իսլամը գլխավոր միավորող տարր է:
■ Քաղաքակրթական առաջնորդություն։
Նեոօսմանիզմը ձգտում է Թուրքիային ներկայացնել որպես ողջ իսլամական (առաջին հերթին՝ սուննիական) աշխարհի առաջնորդ և պաշտպան։ Սա ուղղակիորեն հղում է օսմանյան սուլթանի՝ բոլոր մուսուլմանների խալիֆի կարգավիճակին։
■ Աշխարհագրական առաջնահերթություն։
Հիմնական ուղեգիծը Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա և Բալկաններ է, այսինքն, դեպի այն տարածաշրջաններ, որոնք պատմականորեն մտել են Օսմանյան կայսրության կազմի մեջ և ունեն զգալի մուսուլմանական բնակչություն։
■ Ներքին և արտաքին լեգիտիմություն։
Իսլամական արժեքներն ԱԶԿ-ի կողմից օգտագործվում են երկրի ներսում պահպանողական ընտրազանգվածի համախմբման և արտերկրում «փափուկ ուժի» ձևավորման համար (բարեգործության, մզկիթների կառուցման և կրոնական կրթության միջոցով)։
Թուրանիզմը (կամ պանթյուրքիզմը) հենվում է թյուրք ժողովուրդների էթնիկ, լեզվական և մշակութային միասնության գաղափարի վրա։ Պատմականորեն երիտթուրքերի թուրանիզմը հակադրվում էր օսմանիզմին, քանի որ առաջնային տեղում դնում էր ազգը, այլ ոչ թե հավատարմությունը դինաստիային և իսլամին։ Ժամանակակից նեոօսմանիզմում տեղի է ունեցել այս գաղափարների համադրություն, որը հայտնի է՝ որպես «թուրք-իսլամական սինթեզ»։
■Պրագմատիկ ընդլայնում։
Թուրանիզմն Անկարայի կողմից օգտագործվում է որպես Կենտրոնական Ասիայում և Կովկասում ազդեցության գործիք՝ Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով: Այդ տարածաշրջանները չեն մտել Օսմանյան կայսրության կազմի մեջ, և այնտեղ զուտ «օսմանիստական» մոտեցումը չի գործում, և դրա փոխարեն կիրառվում է թյուրքական եղբայրության գաղափարը:
■Քաղաքական դաշինք։
Թուրանիզմի տարրերի ներառումը պետական հռետորաբանության մեջ հատկապես նկատելի դարձավ ԱԶԿ-ի (Էրդողան) և «Ազգայնական շարժում» կուսակցության (Դևլեթ Բահչելի) միջև քաղաքական դաշինքի կնքումից հետո։
Ամփոփում
Այս հարաբերակցությունը կարելի է բնութագրել որպես հիերարխիկ սինթեզ։ Նեոօսմանիզմը կլանել է թուրանիզմը՝ զրկելով այն XX դարասկզբի արմատական աշխարհիկ բնույթից։ Այսօր Թուրքիայի պաշտոնական դոկտրինում թյուրքական ինքնությունը դիտարկվում է իսլամի պրիզմայով. թյուրք ժողովուրդներն ընկալվում են ոչ թե պարզապես որպես էթնիկ ազգակիցներ, այլ որպես «իսլամական աշխարհի առաջապահ ուժ և պաշտպաններ»։ Իսլամական համատեքստն է թելադրում գլոբալ նպատակները, իսկ թուրանիզմը հետխորհրդային տարածքում ապահովում է կոնկրետ աշխարհաքաղաքական շահերի առաջմղումը»,- շարունակել է Զուլֆուգարովը:
Բաքվի վախերը Հաքան Ֆիդանից
Բայց Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը սրանով չի սահմանափակվել: Զուլֆուգարովը մեկ այլ գրառման մեջ շեշտել է, որ երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Մևլութ Չավուշօղլուն էր, արտաքին քաղաքական հարթությունում Ադրբեջանի հետ խնդիրներ չկային:
Չավուշօղլուն Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 2015 թ. նոյեմբերից մինչև 2023 թվականի հունիսը, եթե չհաշվենք դրանից առաջ պաշտոնավարման կարճ ժամանակը: Այսինքն, 2020 թվականի հուլիսյան մարտերի և Արցախում սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ նա է եղել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Եվ պետք է ասենք, որ բավականին ակտիվ է եղել այդ օրերին: Մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 13-ին Չավուշօղլուն հայտարարել է, որ «այն, ինչ արեց Հայաստանը, անընդունելի է»։
«Մենք տեսնում ենք, որ հակամարտության նոր գոտիներ ստեղծելով՝ Հայաստանը ցանկանում է ուշադրությունը շեղել այլ վայրերի վրա, հատկապես՝ այն տարածքներից հեռու, որոնք նա արդեն օկուպացրել է: Բայց ինչպիսի լուծում էլ Բաքուն նախընտրի օկուպացված տարածքների և Ղարաբաղի հարցում, մենք կաջակցենք Ադրբեջանին»,- հայտարարել էր նա։
2020 թ. սեպտեմբերի 30-ին Թուրքիայի այդ ժամանակվա արտաքին գործերի նախարարը Anadolu-ին տված հարցազրույցում շեշտել էր, որ Թուրքիան Ադրբեջանին պատրաստ է աջակցել թե՛ բանակցային սեղանին, թե՛ դրանից դուրս, որտեղ որ Ադրբեջանը որոշի:
Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 6-ին, Չավուշօղլուն մեկնել էր Բաքու՝ որպես թուրքական աջակցության գործնական քայլ:
Շուշիի հռչակագիրը ևս ստորագրվել է Չավուշղլուի պաշտոնավարման ընթացքում:
Ի դեպ, Թոֆիկ Զուլֆուգարովի՝ Չավուշօղլուի վերաբերյալ գրառման տակ հիշատակել էին նաև Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի անունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Աքարը հուլիսյան մարտերի օրերին սպառնացել էր պատժել Հայաստանին և հետո լուրջ դերակատարում է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաղթանակն ապահովելու հարցում:
Խնդիրն այն է, որ Թուրքիայի արտաքին գործերի գործող նախարար Հաքան Ֆիդանի գործունեությունից դժգոհող ադրբեջանական քաղաքական, փորձագիտական որոշ շրջանակներ, որոնք նույնիսկ նշում են նրա քրդական արմատների մասին, մոռանում են, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT), և 44-օրյա պատերազմից ոչ անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից պարգևատրվել էր, ըստ էության, 2020թ. պատերազմում կատարած առաքելության համար ևս:
Իր պարգևը վերցնելիս Հաքան Ֆիդանն ասել էր՝ ընդունում է այն հանուն իրենց ընկերների, նրանց անունից, որոնք Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում նահատակվել են Էրդողանի հրամանները կատարելիս:
Իսկ այս օրերին, երբ Բաքվի և Անկարայի հարաբերություններում լարվածություն է նկատվում, ինչպես նշեցինք, ադրբեջանական քաղաքական, փորձագիտական, մեդիա որոշ շրջանակներ սկսել են թիրախավորել Ֆիդանին, մեղադրելով նրան, թե փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն ազատել Ադրբեջանի դիրքորոշման կախվածությունից:
Ավելին, qafqazinfo.az-ը նույնիսկ Ֆիդանին մեղադրել էր Ադրբեջանում հեղաշրջման փորձ նախապատրաստելու, երկրի ներքին գործերին միջամտելու համար: Սակայն թուրքական կողմի արձագանքից հետո հոդվածը հեռացվել էր:
Նշենք, որ այս ընթացքում և՛ Ֆիդանն է եղել Բաքվում, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը՝ Թուրքիայում: Արդյո՞ք այս հանդիպումներում քննարկվել են այս թեմաները: Հնարավոր է, բայց դրանց շրջանառումն ամբողջովին չեն մարում: Կարո՞ղ ենք ասել, որ սա ինչ-որ առումով խոսում է նաև Հաքան Ֆիդանից Բաքվի վախերի մասին:
Մի առիթով հենց ադրբեջանական կողմում են զգուշացրել, որ Ֆիդանը կադրային դիվանագետ չէ և չի ներկայացնում փոխզիջումների և արարողակարգային քաղաքավարության դպրոցը: Այսինքն, նա համարվում է անվտանգային համակարգի «կադրային պրոդուկտ», և արտաքին գերատեսչություն ղեկավարելով՝ չի հրաժարվել ուժային կամ հետախուզական համակարգերին հատուկ մոտեցումներից, հետախուզական մտածելակերպից, այլ դրանք ընդամենը դիվանագիտական ձևով օրինականացրել է:
Համապատասխան վերլուծության մեջ Ֆիդանը համարվել էր Էրդողանի «գաղտնիքների պահապանը»: Եվ դեռ որքա՜ն տեղեկություններ կարող է ունենալ Ֆիդանն Ալիևի ընտանիքի և 44-օրյա պատերազմի մասին…
—
Նոյեմբեր 3, 2026
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների շարունակությունը և Թեհրանի՝ հակամարտության աշխարհագրությունն Արևմտյան Ասիայի սահմաններից դուրս ընդլայնելու մասին հայտարարությունը տարածաշրջանային անվտանգության նոր իրողություններ են ձևավորում։
Նոյեմբերի 3-ին Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն ամերիկյան զինուժի հասցրած հարվածները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ իրանա-ամերիկյան հակամարտությունը դեռևս չի ստացել քաղաքական հանգուցալուծում, ռազմական գործողությունների դադարեցումը չի վերածվել կայուն անվտանգության պայմանավորվածության։
Հատկանշական է, որ Վաշինգտոնը հարվածները ներկայացնում է որպես սահմանափակ պաշտպանական գործողություն, այլ ոչ թե լայնածավալ պատերազմի վերսկսում, մինչդեռ Թեհրանը հայտարարում է, որ ցանկացած նոր ագրեսիայի պատասխանը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն։
Այսպիսով, ռազմական զսպման տրամաբանությունը պահպանվում է բանակցային գործընթացի հետ զուգահեռ, սակայն կողմերի միջև ուժի կիրառման շեմը շարունակում է մնալ անկայուն։ Իրանական կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան զգուշացրել է, որ եթե նոր պատերազմ սկսվի, «հակամարտության աշխարհագրությունը չի սահմանափակվի միայն Արևմտյան Ասիայի տարածաշրջանով»:
Ակրամինիան հավելել է, որ Իրանի զինված ուժերն ակտիվորեն թարմացնում են իրենց թիրախների ցանկը՝ հակառակորդի բոլոր տեսակի ակտիվներին հարվածելու համար:
Նա ասել է, որ հակամարտության վերսկսման դեպքում ԱՄՆ «հաստատությունները, սարքավորումները, անձնակազմը և շահերը հասանելիության ցանկացած վայրում կարող են թիրախներ դառնալ» իրանական զինուժի համար: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, թե տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ Թեհրանը Վաշինգտոն է ուղարկել իր «ուժեղ և ռացիոնալ պատասխանն» ամերիկյան առաջարկներին, ապա հավելել է, որ պատերազմը կանխելու հարցում գնդակն այժմ ԱՄՆ-ի դաշտում է:
Մոհամմադ Ակրամինիայի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հայտարարություններում առկա է ռազմավարական կարևոր շեշտադրում։
Թեհրանը ոչ միայն զգուշացնում է ամերիկյան ռազմական օբյեկտներին և շահերին հարվածելու հնարավորության մասին, այլև փորձում է Վաշինգտոնին հասկանալի դարձնել, որ նոր պատերազմի գինը չի սահմանափակվելու Իրանի տարածքով կամ Պարսից ծոցի ռազմական ենթակառուցվածքներով։
Հակամարտության աշխարհագրության ընդլայնման մասին հայտարարությունը ենթադրում է նաև ամերիկյան տարածաշրջանային ներկայության, դաշնակիցների և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների նկատմամբ ճնշման հնարավորությունը։ Իրանի համար սա կարևոր բանակցային լծակ է։
Միաժամանակ, Թրամփի՝ պատերազմի վերսկսումը չբացառելու և Քոլանգ լեռան միջուկային օբյեկտին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ևս չի հրաժարվում ռազմական ճնշումը որպես բանակցային գործիք օգտագործելուց։
Իրանա-ամերիկյան դիմակայության հետևանքները, սակայն, արդեն վաղուց դուրս են եկել երկկողմ հարաբերությունների շրջանակից։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ և առևտրային համակարգի ռազմավարական հանգույցներից է, և դրա նկատմամբ վերահսկողության հարցը Թեհրանի համար վերածվել է արտաքին քաղաքական ազդեցության կարևորագույն գործիքներից մեկի։
Նեղուցում նավագնացության խափանումները, ամերիկյան ծովային շրջափակման շարունակությունը կամ Իրանի կողմից պատասխան գործողությունները կարող են ուղղակիորեն ազդել էներգակիրների միջազգային շուկաների և ծովային հաղորդակցությունների վրա։
Միաժամանակ, Իրանի հայտարարությունները՝ Իրաքի հյուսիսում հակակառավարական քրդական խմբավորումների հնարավոր ներգրավման, ինչպես նաև հակամարտության աշխարհագրությունն ընդլայնելու վերաբերյալ, վկայում են, որ Թեհրանը ռազմական սպառնալիքները դիտարկում է տարբեր ճակատների տրամաբանությամբ։ Սա նշանակում է, որ նոր էսկալացիայի դեպքում անվտանգության խնդիրների առջև կարող են կանգնել շատ երկրներ։
Հարավային Կովկասի պարագայում այս զարգացումներն առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ տարածաշրջանում հաղորդակցությունների վերակազմավորման գործընթացն ընթանում է արտաքին ուժերի ռազմավարական մրցակցության պայմաններում։ Վաշինգտոնի մասնակցությամբ TRIPP նախագծի առաջմղումը, Թուրքիայի և Ադրբեջանի՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի շուրջ ունեցած հավակնությունները, ինչպես նաև Իրանի՝ իր հյուսիսային սահմանների աշխարհաքաղաքական նշանակությունը պահպանելու ձգտումը փոխկապակցված գործընթացներ են։
Իրանի համար Հայաստանի հետ սահմանը միայն հարևան երկու պետությունների միջև սահմանագիծ չէ։ Այն Իրանի՝ դեպի Կովկաս և Եվրասիական տնտեսական տարածք դուրս գալու, հյուսիսային հաղորդակցությունները պահպանելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական մեկուսացում թույլ չտալու կարևորագույն գործոններից է։
Հետևաբար՝ Սյունիքում նոր հաղորդակցային ենթակառուցվածքի ձևավորումը, հատկապես՝ ամերիկյան ինստիտուցիոնալ և տնտեսական ներգրավվածությամբ, Թեհրանի կողմից դիտարկվում է նաև իր ազգային անվտանգության երկարաժամկետ հաշվարկների տեսանկյունից։ Իրանի մտահոգության հիմքում, ըստ էության, ոչ թե հաղորդակցությունների ապաշրջափակումն է, այլ այն հարցը, թե այդ գործընթացի արդյունքում ինչպիսի ուժային և վերահսկողական համակարգ է ձևավորվելու իր հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ։
Իրանի դիրքորոշման ինստիտուցիոնալ բնույթը հատկապես ակնհայտ դարձավ TRIPP-ի շուրջ հայ-իրանական քննարկումների ընթացքում։ Սեպտեմբերի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց, որ Թեհրանը ցանկանում է, որ նախագծի իրականացման շրջանակում ձևավորվի հատուկ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի քննարկել առաջացող խնդիրները և կառավարել անվտանգության ռիսկերը։
Դեսպանը բացահայտ նշել էր ամերիկացիների՝ հայ-իրանական սահմանին հնարավոր ներկայության նկատմամբ Իրանի մտահոգությունը՝ ընդգծելով, որ այդ մտահոգությունները փարատելու լավագույն ճանապարհը մշտական վերահսկողական և խորհրդակցական մեխանիզմի առկայությունն է։
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան պայմանավորվածություններն այս տեսանկյունից պահանջում են ավելի մանրամասն դիտարկում։ ԹՐԻՓՓ համաձայնագրի բոլոր դրույթների համադրությունը ցույց է տալիս, որ TRIPP-ը միայն ճանապարհային կամ երկաթուղային նախագիծ չէ, այլ երկարաժամկետ կառավարման, ներդրումային և ենթակառուցվածքային համակարգ։ Հետևաբար, Իրանի հարցադրումները վերաբերում են ոչ միայն սահմանային անվտանգությանն առնչվող ձևակերպումներին, այլև նախագծի կառավարման ամբողջ ճարտարապետությանը։
Մի կողմից՝ համաձայնագրում Հայաստանի ինքնիշխան լիազորությունների պահպանումը հստակ ամրագրված է, մյուս կողմից՝ նախագծի կառավարման ընկերությունում ամերիկյան կողմի վերահսկիչ մասնաբաժինը, 49-ամյա զարգացման իրավունքները, երրորդ կողմերի ներգրավման հնարավորությունը և առանձին ենթակառուցվածքային ընկերությունների ձևավորումը ստեղծում են հարցեր, որոնց պատասխանը միայն ինքնիշխանության մասին ընդհանուր դրույթներով հնարավոր չէ տալ։
Ո՞վ է իրականացնելու օպերատիվ կառավարումը, ինչպիսի՞ տեղեկատվական համակարգեր են գործելու, ի՞նչ սահմաններ են ունենալու մասնավոր օպերատորների լիազորությունները, ինչպե՞ս են վերահսկվելու անվտանգության ընթացակարգերը, և ի՞նչ երաշխիքներ են գործելու, եթե տարածաշրջանում ֆորսմաժորային իրավիճակներ լինեն։
Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության շահերին։ Հատկապես կարևոր է, որ հայ-ամերիկյան պայմանավորվածությունները չվերածվեն Իրանի հետ հարաբերություններում նոր անվստահության աղբյուրի։
Անկախ նույնիսկ ԹՐԻՓՓ պրոյեկտից, իրանա-ամերիկյան դիմակայության ներկայիս փուլը Հայաստանի համար առաջ է բերում ոչ թե մեկ առանձին, այլ խնդիրների ամբողջություն։ Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, և Իրանը գործնականում ընդլայնի հակամարտության աշխարհագրությունը, Հարավային Կովկասը կարող է հայտնվել ավելի մեծ ուժային մրցակցության ազդեցության ներքո։
Այդ պայմաններում TRIPP-ի իրականացումը պահանջելու է շատ ավելի բարձր մակարդակի քաղաքական հաշվարկ։ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե արտաքին խաղացողների միջև հավասարակշռության մասին չոր հայտարարություններ անելն է, այլ թույլ չտալը, որ նրանց հակասությունները վնասեն մեր անվտանգությանը։ TRIPP-ի իրական արժեքը կախված է նրանից, թե արդյո՞ք այս ճանապարհները կամրապնդեն Հայաստանի ինքնիշխանությունը՝ առանց Իրանի հետ հարաբերությունները փչացնելու և ՀՀ-ն մեծ տերությունների բախման հարթակ դարձնելու։
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Իրան-ԱՄՆ դիմակայության հետագա խորացումն ու աշխարհագրական ընդլայնումն ուղղակիորեն հավասար են TRIPP նախագծի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության աճին։ Որքան սրանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմաքաղաքական հակամարտությունը, այնքան Իրանն ավելի կոշտ ու անհանդուրժող դիրքորոշում կորդեգրի իր հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ցանկացած ներկայության նկատմամբ։
—
Նոյեմբեր 3, 2026
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն Արևելյան մշակութային կենտրոնի ղեկավար և ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լանա Ռավանդի-Ֆադային է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հակամարտության զարգացումը, հետագա սրման հավանականությունն ու իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները, այդ թվում՝ ԱՄՆ-ում ընտրություններից հետո հնարավոր հարվածները։
Քննարկվել է Իրանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական ակտիվությունը, ինչպես նաև Թեհրանի պատասխան հարվածների աշխարհագրության հնարավոր ընդլայնումը՝ ուղղված ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, հիջաբի թեմային, Թուրքիայի և Իրանի հասցեին հնչող մեղադրանքներին, ինչպես նաև գործող իշխանության կայունության հարցին։
Քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին անձամբ մասնակցելուց հրաժարվելու հարցը։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ադրբեջանի իշխանությունների կոշտ դիրքորոշմանը։
Ծրագրի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում հիջաբ կրելու հարցի հետ կապված հանրահավաքները, տեղի ունեցող գործընթացներում Թուրքիայի և Իրանի հնարավոր դերակատարությունը, ինչպես նաև Անկարայի և Բաքվի հարաբերությունները։
Առանձին ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական հարաբերությունների արդիական հարցերին, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք, նրա խոսքով, 30 տարի շարունակ հնարավորություն չեն ունեցել վերադառնալու իրենց «հայրենի վայրերը»։
Քննարկվել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, ըստ որի՝ Բաքուն պատրաստ է վերջակետ դնել Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրման հարցը։
Բացի այդ, ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սոցիալական ցանցերում հրապարակումների համար իրականացվող ձերբակալություններին, Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վիճակին, Հայաստանում ժողովրդավարության և քաղաքական ազատությունների հարցերին, ինչպես նաև երկրի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին։
Հայկ Դերզյան
—
Նոյեմբեր 3, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Նշենք, որ 2014 թվականի իշխանափոխությունից հետո շարունակել է Լյովոչկինը քաղաքական գործունեությունը՝ որպես պատգամավոր։ 2026 թվականի նոյեմբերի դրությամբ հասանելի տեղեկություններով՝ նա շարունակում է մնալ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր։ Խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ նա ընդգրկված է «Կյանքի և խաղաղության հարթակ» պատգամավորական խմբում։ Հիմնականում բնակվում է Ուկրաինայից դուրս։ Լրագրողական հետաքննություններում նրա գտնվելու վայրի հետ կապված հիշատակվել են Ֆրանսիան, Նիսը և Վիեննան։ 2022-ին՝ ռուսական լայնածավալ ներխուժման նախօրեին, նա մեկնել էր Ուկրաինայից։ Նրա ֆրանսիական անշարժ գույքը շարունակում է մնալ լրագրողական ուշադրության կենտրոնում։ 2026-ի մարտի 23-ին Hromadske-ն, հղում անելով ֆրանսիական Le Figaro-ին, հայտնել է, որ Ֆրանսիայում դատելու են Լյովոչկինի առանձնատան կառուցապատման հետ կապված կապալառուին։
Հիշեցնենք. Բենիամին Նեթանյահուի օրոք՝ 4 տարում Իսրայելում տեղի ունեցան 5 խորհրդարանական ընտրություններ՝ 2019թ. ապրիլի 9, 2019թ. սեպտեմբերի 17, 2020թ. մարտի 2, 2021թ. մարտի 23, 2022թ. նոյեմբերի 1: Երբ հասարակությանը երկար ժամանակ իշխանությունները պարտադրում են ապրել ընտրական ճգնաժամի պայմաններում, քաղաքական օրակարգն աստիճանաբար կենտրոնանում է ոչ թե պետական քաղաքականության, այլ այդ իշխանության պահպանման շուրջ։ Ընդ որում, ընտրությունների կրկնությունը պարտադիր չէ, որ մեծացնի իշխանության լեգիտիմությունը, սակայն այն խորացնում է հասարակական բևեռացումը։
Մանրամասները՝ տեսանյութում:
—
The Russian Foreign Ministry awarded on Tuesday a medal to Armenia’s ambassador to Russia, Gurgen Arsenian, amid persistent rumors about the Armenian government’s decision to recall him.
The ministry said Arsenian received its For Cooperation badge of honor from Russian Deputy Foreign Minister Mikhail Galuzin “for his contribution to the development and strengthening of Russian-Armenian relations.” The two men also discussed “a number of issues on the bilateral and regional agenda,” it said in a short statement.
Armenia’s traditionally close relationship with Russia has steadily deteriorated in the last several years as Prime Minister Nikol Pashinian sought to reorient his country towards the West. The process accelerated this spring when Moscow began pressuring Yerevan to quickly choose between seeking to join the European Union and remaining part of a Russian-led trade bloc.
Some Armenian media outlets claimed this summer that Arsenian has objected to Pashinian’s pro-Western foreign policy and will lose his post as a result. The ambassador dismissed those “gossips” in late August. The Hraparak daily insisted last month that his dismissal is a forgone conclusion.
“Our sources say that a special farewell event for the ambassador will be organized at the Russian Foreign Ministry in the near future,” it wrote. “Although the Russian side initially had certain reservations regarding Arsenian, they subsequently found common ground, which, in all likelihood, became the reason for his dismissal.”
A wealthy businessman, Arsenian was posted to Moscow two years ago despite having no diplomatic experience. The 66-year-old had held seats in Armenia’s parliament for much of the previous 24 years. He joined Pashinian’s political team after supporting former Presidents Serzh Sarkisian and Robert Kocharian during their tenures.
—