«Նոր Զովք»-ում հացի արտադրությունը կասեցվել է խախտումների պատճառով

«Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում ստուգմամբ հայնաբերվել են սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

—

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ 8-10 աստիճանով

Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։


Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։


«Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին -4․․․-6 աստիճան ցուրտ։ Պայմանավորված այս հանգամանքով հորդորում ենք նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք»,- նշում են կենտրոնից:

—

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 53 հազար անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստա

2026 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 53 039 անձ դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։


Այս մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։


ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 32 690 անձի։ Եվս 14 344 անչափահաս քաղաքացիություն է ստացել անձնագրավորման շրջանակում։


Նախարարը նաև հիշեցրել է, որ քաղաքացիություն ստանալու դիմումների ներկայացման ամբողջ գործընթացն արդեն իրականացվում է թվային հարթակում։


Բացի այդ, նոյեմբերի 1-ին Հայաստանում ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի ձևակերպման թվային գործընթացը։

—

Աբդուլ Էլ-Սայեդը հաղթել է Սենատի ընտրություններում և հայտարարել ՀՀ-ին աջակցել

Դեմոկրատ Աբդուլ Էլ-Սայեդը հաղթանակ է տարել Միչիգան նահանգում անցկացված ԱՄՆ Սենատի ընտրություններում՝ պարտության մատնելով Հանրապետական կուսակցության թեկնածու Մայք Ռոջերսին։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։


Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ Սենատում ընտրված առաջին մահմեդական ամերիկացին։ Նա կզբաղեցնի սենատոր Գերի Փիթերսի տեղը, որն ավելի վաղ հայտարարել էր Կոնգրեսից հեռանալու մասին։


Նախընտրական արշավի ընթացքում Էլ-Սայեդն ստացել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությունը։ Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նա երախտագիտություն է հայտնել իրեն սատարելու համար և ընդգծել, որ Միչիգանի հայ համայնքը նահանգի կարևոր մասն է կազմում։


«Ես հպարտ եմ այս պայքարում ANCA-ի աջակցությամբ։ Միչիգանի ամերիկահայերը մեր մեծ նահանգի թանկագին մասն են։ Շարունակվող վայրագությունների ֆոնին Թրամփի վարչակազմի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմական օգնությունը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- հայտարարել է քաղաքական գործիչը։


Նա նաև խոստացել է, որ որպես սենատոր հանդես կգա հանուն հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի։


«Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղությունը, արժանապատվությունը, անվտանգությունն ու ինքնորոշումը»,- ընդգծել է Էլ-Սայեդը։


ANCA-ի հոկտեմբերի 1-ի հայտարարության համաձայն, կազմակերպությունն աջակցել է թեկնածուին նախընտրական արշավի շրջանակներում։ Դրանում նաև նշվում է, որ Միչիգանի հայ համայնքն ԱՄՆ-ում հնագույններից ու խոշորագույններից մեկն է։ Դրա պատմական կենտրոններն են շարունակում մնալ, մասնավորապես, Սաութֆիլդի Սուրբ Հովհաննես և Դիրբոռնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցիները։

—

ՀԱՊԿ ՀԱԽ-ը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրության 25-րդ հոդվածի կ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը՝ համապատասխան օրակարգի հաստատման դեպքում։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը լրագրողներին հայտնել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում։


Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի տեսնում ՀԱՊԿ վերադառնալու հնարավորությունը։


«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, ապա այդ հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդում։ Մասնակցության սառեցման մասին որոշումը Հայաստանի որոշումն է։ Իսկ մեր երկրների ղեկավարների՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա ՀԱԽ-ի նիստից հետո», — ասել է Մասադիկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ առկա է Ռուսաստանի Դաշնության ներկայացրած որոշման նախագիծը՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին։ «Դա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ներկայությանը, բայց դրա աշխատանքներին [արդեն երրորդ տարին] չմասնակցելուն», — հավելել է նա։

—

Փաշինյանը Գևորգ Պապոյանին 3 օրով գործուղում է Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 3 օրով գործուղվում է Շվեյցարիա։


Որոշմանմեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝


1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (ք. Ժնև)՝ Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։


2. Գևորգ Պապոյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։


3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։

—

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և ԵՄ-ը

 


Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը։ Այդ մասին ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել։


«ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման կարևոր նախապայմաններից են անվտանգ կենսաչափական անձնագրերի և նույնականացման հուսալի համակարգերի ներդրումը, որոնք թույլ կտան կանխել կեղծիքները և պաշտպանել անձնական տվյալները։


Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն իրականացվում է հստակ կառուցվածքային գործընթացի շրջանակում՝ ներառելով առանցքային ոլորտներում բարեփոխումների հստակ հենանիշներ, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան, իրավապահ գործունեությունը և մարդու իրավունքները։ Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրումը շոշափելի առաջընթաց է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։


ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են այս կարևոր իրադարձության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։


Եվրոպական միությունն ուրախ է աջակցել այս կարևոր բարեփոխմանը՝ Հայաստանի համար «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում։


Առաջիկա տարում բազմոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կհատկացվի ավելի քան 6 միլիոն եվրո, իսկ Լիտվայի ՆԳ նախարարության կողմից իրականացվող 2 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի միջոցով տրամադրվում է տեխնիկական աջակցություն։ 


Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ Այն հիմնված է գործողությունների ծրագրի վրա, որը ներառում է բարեփոխումների հստակ նպատակներ չորս ուղղությամբ՝


Ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն


Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում


Հասարակական կարգի և անվտանգության հարցեր


Ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքներ


Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը հրապարակվել է 2026 թվականի մայիսին և հասանելի է հետևյալ հղումով՝ shorturl.at/Nm9XD»,-նշված է հաղորդագրությունում։

—

ՄԻԵԴ․ Ադրբեջանը պատասխանատու է հայ զինծառայողի սպանության և խոշտանգման համար

 


Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող Մարդու իրավունքների եվրոպականդատարանի վճիռը վերջնական է դարձել․ Ադրբեջանի դիվանագիտական բողոքներն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձն արդյունք չեն տվել։ Այս մասին նշվում է գործը վարած իրավաբանների թիմի  հայտարարության մեջ։ 


«Մեր գնահատմամբ՝ այս արդյունքը կարևորիրավական հենարան է զինված հակամարտությունների ընթացքում տուժած անձանց և նրանց ընտանիքների պաշտպանության համար։


2026 թվականի նոյեմբերի 2-ին Մեծ պալատի հինգ դատավորներից բաղկացած կազմը մերժել է «Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը Մեծ պալատ փոխանցելու՝ Ադրբեջանի կառավարության դիմումը։ Այդպիսով, Դատարանի՝ 2026 թվականի հունիսի 18-ի վճիռը դարձել է վերջնական և պարտադիր կատարման։ Դիմումատուները զինծառայողի ծնողներն ու քույրն են, որոնք ՄԻԵԴ էին դիմել 2016 թվականի ապրիլի 13-ին։ Նրանց շահերը ներկայացրել է իրավաբանական թիմը՝ հանձինս Արա Ղազարյանի, Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Արտակ Զեյնալյանի, Հասմիկ Հարությունյանի և Սիրանուշ Սահակյանի։


Վիրավոր և անպաշտպան զինծառայողի խոշտանգումն ու սպանությունը չեն կարող արդարացվել պատերազմով։ Դատարանը հաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը և ճանաչել նաև ընտանիքի անդամների սեփական իրավունքների խախտումը։ Ադրբեջանի ժխտումներն ու Մեծ Պալատին ուղղված բողոքը չեն փոխել այս արդյունքը։


2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշի մերձակայքում մայոր Հ. Թ.-ի զինվորական մեքենան հայտնվել էր ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման տակ։ Նա վիրավորվել էր և այլևս չէր կարողացել ինքնուրույն տեղաշարժվել կամ պաշտպանվել։ Դատարանը հաստատել է, որ այդ վիճակում ադրբեջանցի զինծառայողները նրան խոշտանգել և սպանել են գլխատման եղանակով։ Արձանագրվել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի և 3-րդ հոդվածով սահմանված խոշտանգումների արգելքի խախտումներ։


Դատարանը նաև առանձին գնահատել է ընտանիքիտառապանքը։ Հարազատի դաժան սպանությունը, մարմնի խեղումը և մարմնի բացակայող մասերըհետ ստանալու ու պատշաճ հուղարկավորությունկազմակերպելու անհնարինությունը ծնողների և քրոջ համար առաջացրել էին ծանր ուշարունակական հոգեկան տառապանք։ Այսհանգամանքներում Դատարանը ճանաչել է նաևնրանց իրավունքների խախտումը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված նվաստացուցիչվերաբերմունքի պատճառով։


Ադրբեջանը փորձել է հերքել իր զինծառայողներիներգրավվածությունը և բացառել իրպատասխանատվությունը՝ վկայակոչելով տարածքինկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Դատարանը հաստատել է, որ զինծառայողը գտնվելէ ադրբեջանական ուժերի փաստացի իշխանությանու վերահսկողության ներքո։ Ադրբեջանի վարկածինհակասել են նաև հենց ադրբեջանականպաշտոնական հայտարարություններն ուհրապարակված տեսանյութերը։ Մերժվել է նաև այնառարկությունը, թե ընտանիքը նախ պետք է դիմերադրբեջանական իշխանություններին․ Դատարանըհաշվի է առել հայ դիմումատուների համար առկագործնական և համակարգային խոչընդոտները և արձանագրել, որ Ադրբեջանը չի ապահովում էթնիկհայերի համար իրավական պաշտպանության որևէարդյունավետ միջոց։


Վճռի հրապարակումից հետո Ադրբեջանն իր դժգոհությունն էր արտահայտել նաև դիվանագիտական մակարդակում։ 2026 թվականի հունիսի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանական կողմը վճիռը որակել է անարդար և կողմնակալ՝ առարկելով, մասնավորապես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանման և դրա մարմիններին վերաբերող ձևակերպումների դեմ։ Ադրբեջանի դժգոհությունն ու գործը Մեծ պալատ փոխանցելու փորձը չեն փոխել գործի վերջնական իրավական և արդար արդյունքը։


Վերջնական վճռի կատարումը վերահսկելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։


Տեղեկացնում ենք նաև, որ մեր իրավաբանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գանգատներ, որոնցով ակնկալում ենք նոր դատական ակտեր», – նշված է հայտարարության մեջ։

—

Ֆինանսավորման 44% ավելացում՝ ՆԳՆ-ում բարեփոխումների շարունակման համար

Միգուցե մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՞։ Նման հարցով հոկտեմբերի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը։


Պատգամավորը, մասնավորապես, հարց բարձրացրեց, թե ինչ պետք է պատահած լիներ, որ Կառավարությունը որոշեր ՆԳՆ-ին տրամադրվող հատկացումներն ավելացնել ավելի քան 40%-ով։


Խորհրդարանականի խոսքով՝ նախորդ տարիներին գերատեսչությունն աջակցություն է ստացել նաև արտերկրից, մասնավորապես՝ Փրկարար ծառայությունը։ Նա հետաքրքրվեց՝ արդյոք նման ֆինանսական հոսքերը հաշվի առնվո՞ւմ են։


«Զուտ այն նպատակով, որ միևնույն ծրագրերը պետբյուջեից կրկնակի չֆինանսավորվեն»,- պարզաբանեց Ղազարյանը։


Նախարարն իր հերթին վստահեցրեց, որ ՆԳՆ-ում բարեփոխումները սկսվել են դեռևս մի քանի տարի առաջ, և բյուջետային ֆինանսավորման 44%-ով ավելացումն անհրաժեշտ է դրանց բնականոն շարունակությունն ապահովելու համար։


«ՆԳՆ-ն զբաղվում է ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ բոլորի անվտանգության ապահովմամբ»,- նշեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ միջազգային ֆինանսավորման մասին իրեն ոչինչ հայտնի չէ։

—

Verelq: Ոստիկանները ձերբակալել են թմրամիջոց տեղադրող երիտասարդներին

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ երկու երիտասարդ Ֆանարջյան փողոցից Լեփսիուսի փողոց տանող հատվածում թմրամիջոց են տեղադրում։


Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված վայր։ Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները դիմել են փախուստի, իսկ նրանցից մեկն այդ ընթացքում գրպանից փաթեթներ է նետել։


Համայնքային ոստիկանները նրանց հետապնդել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը։


Պարզվել է, որ Երևանի բնակիչ 19-ամյա և 20-ամյա երիտասարդները 250 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով 20 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոց են ձեռք են բերել, որը պատրաստվում էին տեղադրել, ինչը, սակայն, չի հաջողվել։


Փաթեթների մի մասը հայտնաբերվել է 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ, իսկ մնացածը՝ Ֆանարջյան փողոցի այն հատվածում, ուր փախչելու ընթացքում նետել էր 19-ամյա երիտասարդը։


Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները կալանավորվել են։

—