Մեր տարածաշրջանում ամենամեծ կեղծիքներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում արհեստածին Ադրբեջանում, իբր, քաղհասարակության և դրա ներկայացուցիչների առկայությունն է։
Հասարական նման խավ այդ երկրում ոչ միայն փաստացիորեն գոյություն չունի, այլ նաև քաղհասարակության անվան տակ հանդես են գալիս հիմնականում վարչախմբի պարագլխի աշխատակազմի և հավանաբար նաև հատուկ ծառայությունների հետ կապված անձինք և «հասարակական» կազմակերպություններ:
Հետևաբար, նույնիսկ քաղհասարակության առումով Ադրբեջան կոչվող կազմավորումն արհեստածին է՝ հերթական անգամ արհեստածին։
Իրանագետ Վարդան Ոսկանյան
—
Ընտանեկան թմրաբիզնես Շիրակում․ մարիխուանա, կանեփի բույսեր և մեթադոն
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ։
Հետագա միջոցառումներով ստացվեց նոր տեղեկություն, որ նրա հորեղբայրն ու ընկերը, համապատասխանաբար՝ Վահրամաբերդ գյուղի իր շինությունում և Ղանդիլյան փողոցի տանը նույնպես պահում են մեծ քանակի թմրանյութ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Համատեղ իրականացված վարույթային գործողությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս, իսկ 48-ամյա ընկերոջ տանը՝ ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ, պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։
Խուզարկություն կատարվեց նաև Գյումրիի 36-ամյա բնակչի տանը։ Հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով սրվակ, ընդհանուր 700 գրամից ավելի մարիխուանայով ապակե երեք տարա, կաթուցիչներ, կանեփի սերմ, սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։
Շենքի հետնամասում գտնվող տնակում էլ հայտնաբերվեց մոտ 200 գրամ մարիխուանա, կանեփի սերմ ու կաթուցիչներ։
36-ամյա տղամարդն ու հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է։
—
Երևանն ու Բաքուն աղմուկ չեն ցանկանում ՀՀ ներխուժած ադրբեջանցու շուրջ
Մինչ ՀՀ ներխուժած ադրբեջանցու թեմայով մի քանի օր ոչ պաշտոնապես քննարկվում էր Իշխանասարից վերջինիս անցումը, ՔՊ պատգամավորների մի ոչ պատահական դեմք՝ Անդրանիկ Քոչարյանը, տեղի ունեցածի համատեքստում երեկ խոսում էր սահմանային ուղեկալների խնդիրների մասին:
Սյունիքի հատվածում, այդ տեղանքին ամենամոտը, սահմանային ուղեկալները տեղակայված են ԱԱԾ սահմանապահ ուժերի կողմից, մասնավորապես՝ Կոռնիձորի, Խնձորեսկի հատվածից մինչև Ճակատեն:
Եթե անցումն իսկապես սահմանապահ ուղեկալների հատվածից է եղել, նշանակում է, որ ադրբեջանցին շատ ավելի մեծ տարածություն է անցել, որպեսզի հայտնվի Շաքի գյուղում:
Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենի տեղակալին էլ հենց այդ պատճառով նախօրեին ազատեցին պաշտոնից:
Ի դեպ, և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար:
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան
—
Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատ արձակվեց
Աշոտ Մինասյանը կալանքից ազատվեց Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման:
—
Մսի և ձվի գնաճ․ պարենային ապրանքները ՀՀ-ում մեկ տարում թանկացել են 6,2%-ով
Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ աճել են 6,2%-ով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 0,1%-ով։
Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հացաբուլկեղենը և ձավարեղենը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել են 2,7%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,5%-ով։
Բրինձն էժանացել է 3,9%-ով 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ, իսկ օգոստոսի համեմատ թանկացել է 0,8%-ով։ Ցորենի ձավարը թանկացել է 12,4%-ով տարվա ընթացքում և 0,8%-ով՝ ամսվա ընթացքում, հնդկաձավարը՝ համապատասխանաբար 10,6%-ով և 1,2%-ով, ալյուրը՝ 2%-ով և 0,2%-ով, հացը՝ 2,2%-ով և 0,5%-ով։
Մակարոնեղենը տարեկան կտրվածքով թանկացել է 6,7%-ով, սակայն մեկ ամսում էժանացել է 0,5%-ով։ Լոբին էժանացել է 4,1%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով՝ ամսվա ընթացքում, ոսպը՝ համապատասխանաբար 3,7%-ով և 0,5%-ով, իսկ սիսեռը թանկացել է 1,6%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով՝ ամսվա ընթացքում։
Միսը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 10,5%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,5%-ով։
Տավարի միսը թանկացել է 21,5%-ով տարվա ընթացքում և 0,5%-ով՝ ամսվա ընթացքում։ Խոզի միսն էժանացել է 0,9%-ով տարեկան կտրվածքով և 0,7%-ով՝ մեկ ամսում։ Ոչխարի և գառան միսը թանկացել են 15,6%-ով տարվա ընթացքում և 1,2%-ով՝ ամսվա ընթացքում, թռչնամիսը՝ համապատասխանաբար 4,8%-ով և 1,6%-ով։
Ձկան և ծովամթերքի գները 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ նվազել են 13,9%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 5,7%-ով։ Թարմ իշխանն էժանացել է 18,1%-ով տարվա ընթացքում և 6,5%-ով՝ ամսվա ընթացքում։
«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 11%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,2%-ով։
Պանիրը թանկացել է 7%-ով տարվա ընթացքում և 0,5%-ով՝ ամսվա ընթացքում, պաստերիզացված կաթը՝ համապատասխանաբար 8%-ով և 0,3%-ով, թթվասերը՝ 8,8%-ով տարվա ընթացքում, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։ Տնական պանիրը/կաթնաշոռը թանկացել է 6,7%-ով տարվա ընթացքում և 0,1%-ով՝ ամսվա ընթացքում, ձուն՝ համապատասխանաբար 23,8%-ով և 0,2%-ով։
«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները տարեկան կտրվածքով թանկացել են 2%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,4%-ով։ Կարագն էժանացել է 3,5%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով՝ ամսվա ընթացքում, բուսական արևածաղկի ձեթը տարեկան կտրվածքով թանկացել է 9,5%-ով, իսկ մեկ ամսում՝ 1%-ով։
Միրգը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 7,3%-ով, իսկ օգոստոսի համեմատ էժանացել է 6,9%-ով։
«Բանջարեղեն» խմբում գները տարեկան կտրվածքով աճել են 3,9%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 5,1%-ով։
«Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում սեպտեմբերին գների աճը տարեկան կտրվածքով կազմել է 5,2%, իսկ մեկ ամսում՝ 0,4%։ Շաքարավազը և շաքարը թանկացել են 4,5%-ով տարվա ընթացքում և 1%-ով՝ ամսվա ընթացքում, շոկոլադը՝ 6,3%-ով տարեկան կտրվածքով, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։
«Սուրճ, թեյ և կակաո» խմբում ընթացիկ տարվա սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ գներն աճել են 4,7%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,1%-ով։ Սուրճը թանկացել է 4,3%-ով տարվա ընթացքում և 0,1%-ով՝ ամսվա ընթացքում, թեյը՝ 5%-ով տարվա ընթացքում, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։ Կակաոն տարեկան կտրվածքով թանկացել է 16,8%-ով, սակայն մեկ ամսում էժանացել է 0,8%-ով։
Հանքային կամ աղբյուրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 3,2%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,1%-ով։
Ալկոհոլային արտադրանքից սեպտեմբերին օղին տարեկան կտրվածքով թանկացել է 10,8%-ով և 0,6%-ով՝ մեկ ամսում, գինին՝ համապատասխանաբար 1%-ով տարվա ընթացքում և 0,2%-ով՝ ամսվա ընթացքում, իսկ գարեջուրը՝ 5%-ով և 0,7%-ով։
Ծխախոտային արտադրանքը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 6,9%-ով, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։
Այլ խմբերում չներառված սննդամթերքը 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ թանկացել է 4,6%-ով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 0,5%-ով։
Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,4%, իսկ օգոստոսի համեմատ գներն աճել են 0,3%-ով։
Հայաստանում 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4,3% գնաճ, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ գներն աճել են 0,2%-ով։
—
Իրավիճակը լարվել է ԱԺ-ում․ պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայաստանի խորհրդարանի հերթական նիստում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի պատճառով ստիպված են եղել արտահերթ ընդմիջում հայտարարել։
Քաշքշուկը բռնկվել է այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը, ով ԱԺ ղեկավարությանը մեղադրել էր բյուջետային միջոցները վատնելու մեջ։ Ռուբինյանը ելույթը համարել է օրակարգից դուրս և անջատել նրա խոսափողը։
Երբ Ղազարյանը վերադարձել է իր տեղը, իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանը փորձել է մոտենալ նրան՝ «հարցեր պարզելու» համար։ Նրա ճանապարհը փակել է Ղազարյանի խմբակցության գործընկեր Վահինակ Վարդանովը։ Իրավիճակն ավելի է թեժացրել խմբակցությունների քարտուղարներ Վովա Հակոբյանի և Տիգրան Աբրահամյանի միջև ծագած վիճաբանությունը, ինչից հետո բախմանը միացել են նաև այլ պատգամավորներ, և սկսվել է ծեծկռտուք։
—
Հայ ոստիկաններն ուսումնասիրել են Ֆրանսիայի հատուկ ստորաբաժանումների աշխատանքը
ԵՄ ԹԱՅԵՔՍ առաքելության շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում էր։
Այցի նպատակն էր ծանոթանալ ճգնաժամային կառավարման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը, կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների աշխատանքային փորձին։
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր վարչությունում և Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրինությունում (CRS)։
Ազգային ժանդարմերիայի շարժական հատուկ ստորաբաժանումում հայկական կողմին ներկայացվել են ստորաբաժանման գործունեությունը, տեխնիկական միջոցներն ու սպառազինությունը, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։
Պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրեն Ժան-Սիրիլ Ռեյմոնի հետ։
CRS-ի կենտրոնական տնօրինությունում պատվիրակությանը ներկայացվել են հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կանխման նպատակով հատուկ ստորաբաժանումների մարտավարությունը։
Ներկայացվել են նաև ծառայողների հանդերձանքը, անհատական պաշտպանության և այլ հատուկ միջոցները։
Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի ծառայողներին Հայաստան գործուղելու և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել են համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությունների վերաբերյալ։
—
Սևանա լճում սիգի որսի լրացուցիչ չափաքանակ կսահմանվի
Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակությունը սահմանել լրացուցիչ 720 տոննա։
2026 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։
Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ https://surl.li/gthivb
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 818 555 (5301) հեռախոսահամարով։
—
Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգն
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։
Կարևորվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Խուդաթյանը նշել է, որ տեղի է ունեցել Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար կազմերի հետ։
—
Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանները կարդիականացվեն
Այս տարի լրանում է Երևանի Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։ Խորհրդանշական այս տարում նախատեսվում է նաև հրապարակի շատրվանների համալիր արդիականացում։
Շուրջ 20 տարի անց շատրվանների տեխնիկական համակարգերը զգալիորեն մաշվել են, իսկ դրանց հնարավորությունները՝ սահմանափակվել։ Գործող համակարգը չի ապահովում ժամանակակից ջրային, լուսային և ձայնային էֆեկտների լիարժեք կիրառություն, իսկ երաժշտական ծրագրի թարմացումը տեխնիկապես դժվար է։
Նոր նախագծի շրջանակում շատրվանների տեխնիկական համակարգերն ամբողջությամբ կարդիականացվեն՝ միջազգային երկարամյա փորձ ունեցող ֆրանսիական Aquatique Show International ընկերության ներգրավմամբ։
Արդյունքում կստեղծվեն ժամանակակից ջրային, լուսային և ձայնային նոր հնարավորություններ, իսկ շատրվանների ծրագիրը հնարավոր կլինի պարբերաբար թարմացնել՝ ներկայացնելով նոր շոուներ և բովանդակություն։
Այսպիսով, Հանրապետության հրապարակի շատրվանները կստանան նոր տեխնիկական հնարավորություններ՝ պահպանելով իրենց կարևոր տեղն ու դերը Երևանի գլխավոր հրապարակի կերպարում։
—