Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությու

Հոկտեմբեր 9, 2026

Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր գործառույթը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն Ադրբեջանի՝ 2028 թվականին Համագործակցությունում նախագահելու որոշումը պատմական պահ է անվանել։

«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլը հարգարժան Իլհամ Հեյդարիչի որոշումն է՝ առաջին անգամ ստանձնել նախագահությունը 2028 թվականին։ Սա, անշուշտ, պատմական պահ է։ Այդ մասին ասել է նաև հենց նախագահը»,- ասել է նա:

Բելառուսի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր ուզբեկ գործընկեր Շավքատ Միրզիյոևին՝ 2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու Ուզբեկստանի համաձայնության համար։

«Վստահ եմ՝ ուզբեկ ընկերները, ինչպես միշտ, արժանավայել կկատարեն այս առաքելությունը: Բելառուսը ձեզ առավելագույն աջակցություն կցուցաբերի և ակտիվորեն կմասնակցի բոլոր գործընթացներին»,- վստահեցրել է Լուկաշենկոն։

—

Ռուբեն Ռուբինյանը հաստատել է հակաեկեղեցական հանձնաժողովի կազմը

Հոկտեմբեր 9, 2026

Այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը, որը պետք է քննի «եկեղեցում առաջացած ճգնաժամը», ինչպես նշում է իշխանությունը։

Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում.

«Հաստատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

Այսպիսով՝ այս հակաեկեղեցական հանձնաժողովը նախագահելու է ՔՊ-ական Արման Եղոյանը, հանձնաժողովի անդամներն են իշխանական  6 պատգամավորներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։

Կարդացեք նաև

  • Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ
  • Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի պնդումները, և ի՞նչ կփոխի Ալիևի հետ անկաշկանդ զրույցը
  • «Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել. Ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք սարի գլխին». Վարդանիձորի նախկին ղեկավար

Հիշեցնենք, որ այս քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր նախորդ շաբաթ, դրա մասին ավելի վաղ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ կանեն, որպեսզի Վեհափառ հայրապետին հեռացնեն կաթողիկոսական գահից։

Նշենք, որ խորհրդարանական 2 ընդդիմադիր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե հայտարարել են, որ այս հանձնաժողովը հակասահմանադրական է, հետևաբար՝ իրենք որևէ մասնակցություն չեն կարող ունենալ գործընթացին, փոխարենը՝ կանգնելու են եկեղեցու կողքին։

—

Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ. Էդ

Հոկտեմբեր 9, 2026

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում,կարծես «նոր ավետարան» հայտնաբերած լիներ։

Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում,կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ։

Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան։

Մեռանք նշելով ,որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է կարելի ասել վերապահումով ու իր մեկնաբանուլթյուններով։

Հազար ենք ասել,որ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակաել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ եւ իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:

Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։

Երբ Փաշինյանը խոսում էր Ալմաթիի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից եւ մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին ,չէ՞ր մտաբերում,որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար,ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով,այլ ոչ Ալմաթիի հռչակագիրը։

Իսկ տասնամյակներ շարունակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։

Ու փոխարեն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից ,հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս»։

—

«Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում տեսել այդ մարդուն, որն անհետացել է». Աս

Հոկտեմբեր 9, 2026

Քիչ առաջ 24 news լրատվականը գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով երեք անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներ են եղել: Նրանց հետ զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները:

Մեղրիի համայնքապետի պարտականությունները կատարող Արտավազդ Արզումանյանը 168.am-ին փոխանցեց, որ դեպքի մասին առավոտյան են լսել, և այս պահին դեռևս որևէ պաշտոնական  հաստատում կամ հստակեցում չկա։

«Մենք դիմել են համապատասխան մարմիններին, իհարկե, բանավոր, որևէ մեկը դեռ չի հաստատել, որևէ արձանագրում չեն արել։ Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում մարդու տեսել, ասում են՝ զինվորական համազգեստով, որն անհետացել է։ Կարող է լինել նաև տարբերակ, որ մեր զինվորներից մեկին են տեսել ու շփոթել են, չգիտեմ։

Դե, համապատասխան մարմինները տեղյակ են, հիմա համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, մանրամասն ներկայացվել է, թե գյուղի որ հատվածում են տեսել։ Ամեն դեպքում մեզ ասել են՝ դեռ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կստուգեն։ Մեզ այս պահին բան չեն ասել, մենք էլ սպասում ենք պատասխանի»,- նշեց Արտավազդ Արզումանյանը։

168.am-ին էլ ԱԱԾ մամուլի բաժնից կարճ ասացին.

«Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

—

«Ադրբեջանցի հանցագործին կգուրգուրեն, կփայփայեն, հետո Ռուբինյանի հետ շարադրութ

Հոկտեմբեր 9, 2026

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստն էր։

Նիստի մեկնարկից առաջ, դատարանի բակում Սամվել Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Առաջին հարցը, որին Սամվել Կարապետյանն անդրադարձավ, վերաբերում էր Շաքի գյուղ մտած զինված ադրբեջանցի զինվորին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «Ադրբեջանցին հանցագործ է, այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը» և այլք։

«Սրա մասին մենք զգուշացնում էինք նախընտրական փուլում, և ադրբեջանցիներն առաջին քայլերն են անում։ Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, ուրեմն՝ սա ավելի մեծ թափով կրկնվելու է։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա և անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքին։ Մենք մեր ձևով աջակցություն կցուցաբերենք այդ հերոս կնոջ ընտանիքին»,- նշեց Սամվել Կարապետյանը։

Կարդացեք նաև

  • Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի պնդումները, և ի՞նչ կփոխի Ալիևի հետ անկաշկանդ զրույցը
  • Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Փաշինյանի թիմի համար դասալիք է․ իրավապաշտպան
  • Ադրբեջանից արտահանձնման պահանջ չկա, եթե այս զինվորին տանք, նա Ադրբեջանում դատվելու է. Նիկոլ Փաշինյան

Սամվել Կարապետյանի խոսքով՝ առաջին հերթին սահմանը հատած զինված ադրբեջանցին պետք է պատասխան տա օրենքի ամբողջ խստությամբ, և ամեն ինչ պետք է անեն, որպեսզի նման հանցագործներին օգտագործեն հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։

«Իմ պատկերացմամբ, իշխանություններն այդ զինված ադրբեջանցուն մի հատ կգուրգուրեն, կփայփայեն։ Հետո մի շարադրություն գրող ունեն, կնստեն իրար կողքի, հետաքրքիր մի շարադրություն կգրեն կտան ադրբեջանցու ձեռքը։ Ռուբինյանը շարադրություն գրող է, եկել է, իսկ շարադրության թեման լինելու է՝ «ինչպես կործանել Հայաստանը»։ Կտան այս մարդուն, կտանի ու տեղ կհասցնի, ինչպես արեցին Արցախի հետ՝ Արցախն էլ շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին»,- հավելեց Սամվել Կարապետյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որը նա արեց ԱԺ ամբիոնից, որ, եթե «Աստված ոչ անի, հայ զինվոր մոլորվի ու հայտնվի Ադրբեջանում, ապա այնտեղ հայ զինվորին կսարքեն Բեն Լադեն», Սամվել Կարապետյանն ասաց, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հայ զինվորը չմոլորվի ու հայտնվի ադրբեջանական կողմում, քանի որ իշխանություններն այդ ամենն այնպես են ներկայացնում, իբրև թե դրա հետ գործ չունեն։

«Բա որտե՞ղ է Պաշտպանության նախարարությունը, նախարարության այդքան գեներալները, թող ճիշտ կազմակերպեն զինվորների ծառայությունը, որպեսզի զինվորները չմոլորվեն։ Մենք բոլորս գիտենք, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է։ Ալիևն ասել է, Փաշինյանն էլ փորձում է դրանով վախեցնել ընդդիմությանը։

Երբ մենք համախմբվեցինք, ես նույնիսկ դիմելու եմ, որ ՔՊ-ականներն էլ դիմեն մեզ, քանի որ իրենք էլ դարձել են Փաշինյանի կամակատարները։ Ցավ եմ ապրում, որ այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ, որոնք իրավունք չունեն այս պայմաններում մնան Փաշինյանի կամակատարները»,- շեշտեց Սամվել Կարապետյանը։

Հարցին՝ զինված ադրբեջանցուն դիվերսանտ համարո՞ւմ է, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ նրան համարում է շատ մեծ հանցագործ, հետևաբար՝ եթե շատ մեծ հանցագործ է, ապա դրա վրա ցանկացած անուն կարելի է դնել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

«Մասնավոր հիմնարկներից պահանջում են հանել Արցախի դրոշը. ԱԳՆ կայքից Արցախի բաժ

Հոկտեմբեր 9, 2026

Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։

«Էջը կա, բովանդակությունը՝ ոչ։ 

Վերջին գիրքս՝ Small States, Russia and the West (Routledge, 2025), և այլ ակադեմիական հետազոտություններ իրականացնելիս բազմաթիվ անգամ հղում եմ արել այս էջին և ուղիղ մեջբերումներ կատարել այնտեղ հրապարակված պաշտոնական ձևակերպումներից։

Իսկ հիմա այդ բովանդակությունը չկա։ Այն ոչ թե խնամքով արխիվավորել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով Հայաստանի Հանրապետության ժամանակակից քաղաքական պատմության արտաքին քաղաքականությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Ըստ էության, ջնջել են քաղաքական-ինստիտուցիոնալ հիշողության մաս։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ»,- գրել էր Էդուարդ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

  • Իրենք կարող են տարբեր մեկնաբանություններ տալ, բայց մեկնաբանությունը մեկն է՝ իրենք վախկոտ են․ Մետաքսե Հակոբյան
  • «Խնդիրը բնավ Արցախի ներկայացուցչության շենքի մեջ չէ. արցախցիներին «ցավեցնելու» գիծը վաղուց են անցել. կարող ենք հանդիպել նույնիսկ այգում». Մետաքսե Հակոբյան
  • «Պետք է լուծվի Արցախի ԱԺ նախագահի հարցը, որը կունենա քաղաքական հենարան, հակառակ դեպքում անհնարին է  լինելու օրակարգում պահել Արցախի հարցը». Մետաքսե Հակոբյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նույնպես անդրադարձել էր այս խնդրին՝ հիշեցնելով, որ 10 տարի առաջ գրել էր՝ կանցնեն տարիներ, և բազմաթիվ նյութեր Ապրիլյանի մասին կանհետանան։

«Հիմա անհետանում է շատ ավելի մեծ հատված՝ Արցախի պատմությունը»։ Կից Սամվել Մարտիրոսյանը դրել էր նաև տարիներ առաջ իր արած հետազոտության արդյունքները։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ բոլորն էլ արդեն գիտեն այն նպատակը, ինչի համար Հայաստանի իշխանությունը բոլոր հնարավոր տեղերից ջնջում է Արցախի անունը։ Նրա կարծիքով՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում Ադրբեջանից տարբեր խողովակներով, նաև Ադրբեջանի նախագահի կողմից արվող հայտարարությունները, ակնհայտորեն նկատվում է, որ Ալիևը շտապում է։

«Այս ամենից տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունը խախտել է ձեռք բերված պայմանավորվածություններն այդ ժամանակահատվածի վերաբերյալ։  Այսինքն՝ այն, ինչը պետք է անեին այս ժամանակահատվածում՝ Արցախի հարցի փակում, բոլոր տեղերից Արցախի անվան ջնջելը, նաև կանխել միջազգային հարթակներում բոլոր գործընթացները, չեն հաջողել։ Այս անհաջողության մեջ դերակատարություն են ունեցել նաև մեր կողմից տարվող գործընթացները, որոնք իրականացնում ենք շատ սուղ միջոցներով ու պայմաններով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ մոտ 2 ամիս առաջ իշխանությունը հստակ պահանջներ ներկայացրեց Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ, պահանջեց Արցախի կառավարման մարմինների ոչնչացումը, ճնշումներ այս կառույցների ներկայացուցիչների նկատմամբ և այլն։ Այդ ամենի հստակ արձանագրումն այն է, որ առ այսօր Արցախի ԱԺ-ն չի ընտրում ԱԺ նախագահ։

«Ցավոք, այսօր մեր մեջ կան որոշ մարդիկ, որոնք ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն են և որոնք ամեն կերպ ամեն բան անում են, որպեսզի չկարողանանք ընտրել։ Դրանով իրենք օգնում են այս իշխանությանը, իսկ այս իշխանությունն Ադրբեջանի առջև իրենց պարտքն ու պահանջը կատարած կլինեն Արցախի մասով։ Բնականաբար, ԱԳՆ կայքից Արցախի բաժնի հեռացումը սպասելի էր, միանշանակ սա Բաքվի պահանջն է։ Ցավոք, ոչ միայն կայքերից, այլև տարբեր վայրերից են հեռացնում Արցախի դրոշը, նաև մասնավոր հիմնարկների դեմ են պահանջ դնում, որ հանեն Արցախի դրոշը»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախից որոշ մշակութային արժեքներ, որոնք հաջողվել է փրկել, այժմ դրանց պահպանման համար պայմաններ են պետք, գոնե շենք, որտեղ դրանք կդնեն, այսօր այդ հնարավորությունը չկա։ Հետևաբար, այդ արժեքները ոչնչացման եզրին են։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ պատգամավորների կամ այլ անձանց կողմից Արցախի մասին տեղեկատվության արխիվացման հնարավորություններին, Մետաքսե Հակոբյանը փոխանցեց, որ կան տարբեր կազմակերպություններ, նաև անհատներ, որոնք իրենց հնարավորությունների սահմանում փորձում են այդ գործընթացն իրականացնել։

«Ցավով, պետք է արձանագրեմ, որ դրա համակարգողը պետք է լիներ ներկայացուցչությունը կամ գոնե Արցախի կառավարությունից մնացած ներկայացուցիչները, սակայն դրան էլ պատճաշ ուշադրություն չի դարձվում։

Ինչ վերաբերում է Արցախի 30 տարիների պատմությանը, արխիվներին, ապա 2023 թվականի քաոսի ժամանակ, եթե արխիվի մի մասը որևէ մեկին հաջողվել է փրկել, այսօր դա համարում է իր սեփականությունը և պահում իր մոտ։ Կրկին որևէ լծակ չկա ամեն ինչ համակարգելու ու այդ փրկված արխիվն ընդհանրացնելու։ Մենք այսօր չգիտենք, թե Արցախի Հանրային հեռուստաընկերության արխիվն ինչ վիճակում է, որ մասը կա, որը՝ չէ։

Ամեն ինչ պարզ է՝ իշխանությունն ամեն ինչ անում է՝ ճզմելու, ոչնչացնելու Արցախի պատմությունը։ Ցավոք, նույնը նկատում ենք ընդդիմադիր որոշ ուժերի մոտ, որոնք խուսափում են Արցախի անունը տալ, որպեսզի հաճելի լինեն հասարակության այն հատվածին, որոնց Նիկոլը համոզել է, որ Արցախը Հայաստանի համար բեռ էր»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

—

«Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել. Ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք ս

Հոկտեմբեր 9, 2026

Չնայած այն հանգամանքին, որ ԱԱԾ-ն՝ Ազգային անվտանգության ծառայությունը, հերքում է, որ Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի Կուրիս գյուղում բնակիչներից մեկը 3 ադրբեջանցիների է տեսել, այնուամենայնիվ, շատերի մոտ կասկածը մնում է, որ իսկապես ադրբեջանցիները կարող են հայտնվել այդ գյուղում։

Մեղրիի շրջանի Վարդանիձոր գյուղի նախկին վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանը լսել է, որ հարևան գյուղում նման բան է տեղի ունեցել, ասում է՝ըստ իրեն հասած լուրերի՝ բնակիչներից մեկն է տեսել 3 հոգու, հարցեր է տվել, սակայն վերջիներս տարօրինակորեն խուսափել ու անհետացել են։

«Ես այնքան խոսեցի մեր երկրի սահմանների պաշտպանությունից, ինձ հեռացրեցին աշխատանքից, առաջիկայում ես կրկին մասնակցելու եմ ընտրություններին և հույս ունեմ, որ կընտրվեմ և այդ հարցերը կբարձրացնեմ։ Առաջին հերթին պետք է կարևոր լինի իմ ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը, հետո՝ Կառավարության որոշումները, ինձ բացարձակապես իրենց որոշումները չեն հետաքրքրում։

Այնպես չէ, որ այս ամենը մեզ համար նորություն է։ Ամիսներ առաջ Սյունիքում մի 8 հոգու հանդիպեցի, կասկածեցի, ԱԱԾ-ն եկավ ստուգեց ու գնաց, պարզվեց՝ այլ երկրի քաղաքացիներ էին։ Կասկածում եմ, որ այդ մարդիկ վարձկաններ են, Ադրբեջանի կողմից վարձատրվում են, գալիս են Սյունիք, նկարահանումներ են անում ու վաճառում Ադրբեջանին, նույնիսկ ռուսներ ու քրդեր են եղել։

Կարդացեք նաև

  • Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ
  • Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի պնդումները, և ի՞նչ կփոխի Ալիևի հետ անկաշկանդ զրույցը
  • Ռուբեն Ռուբինյանը հաստատել է հակաեկեղեցական հանձնաժողովի կազմը

Դրանց հարցնում եմ՝ ովքե՞ր եք, մեկն ասում է՝ ալպինիստ եմ, մեկն ասում է՝ դուրս եմ եկել լվացվելու, բա ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք սարի գլխին։ Կապիկություններ են անում, էլի, բա սա իմ երկիրն է, թույլ չեմ տա, որ ազատ ինչ-որ մեկը գա ու պտտվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վլադիկ Գևորգյանը։

Ըստ մեր զրուցակցի, Կուրիսում այդ ենթադրյալ ադրբեջանցիներին տեսել է բնակիչներից Սլավիկը։

«Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել, լուրեր հասան, որ իրավապահները այնտեղ են»,- ընդգծեց Վլադիկ Գևորգյանը։

Կուրիսի հարևան գյուղի՝ Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազինյանն էլ 168.am-ին փոխանցեց, որ լրահոսից է դեպքի մասին իմացել։

«Իմ իմանալով՝ Կուրիսում մի քանի բնակիչ է ապրում, այնտեղ ծանոթ-բարեկամ չունեմ։ Մանկապարտեզի հարցերով եմ զբաղված, վարչական ղեկավարի հետ չեմ էլ խոսել»,- շեշտեց Նռնաձորի վարչական ղեկավարը։

Կուրիսի նախկին ղեկավարն էլ ասաց, որ առհասարակ տեղյակ չէ, թե ինչ է կատարվել գյուղում։

«Ինչ է  տեղի ունեցել, տեղյակ չեմ։ Ես այս պահին Մեղրիում չեմ, ժողովների եմ մասնակցում Մեղրիից դուրս»,- 168.am-ին ասաց Արմեն Անտոնյանը։

Նշենք, որ ժամեր առաջ 168.am-ի հետ զրույցում ԱԱԾ լրատվականից պաշտոնապես հերքել էին, որ Կուրիս ադրբեջանցիներ են մտել։

—

Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի

Հոկտեմբեր 9, 2026

Այս օրերին քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներ քննարկման թեմա են դարձրել՝ արդյոք ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվոր Նասիմի Ռահիմ օղլու Մուսաևի գործողությունները Շաքի գյուղում դիվերսիա՞ են, թե՞ ոչ:

Ընդ որում, և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակների՝ նրա դիվերսանտ լինել-չլինելու պնդումներն այնքան էլ հիմնավոր չեն, եթե չասենք՝ անհաջող:

Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. 

«Գնահատական եմ տալիս, ասում եմ՝ հանցագործություն է արել, ընդ որում՝ մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։

Կարդացեք նաև

  • Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ
  • Նիկո՛լ, դե լսի՝ ինչն ես հանձնել
  • «Ասացին՝ մեր Սլավիկն է տեսել. Ա՛յ շան տղաներ, գիշերվա ժամին ի՞նչ գործ ունեք սարի գլխին». Վարդանիձորի նախկին ղեկավար

Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արե՞լ է, թե՞ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել, բայց դիվերսիա՞ է արել, դիվերսա՞նտ է, այդ ո՞ր երկրում է լսված, որ զանգեն, ասեն՝ մի հատ դիվերսանտ ենք ուղարկել»:

Միաժամանակ, նա շեշտել է, թե ինքը գործը վարող քննիչը չէ, իսկ ադրբեջանցի զինվորի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտված չէ:

Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Փաշինյանը գնահատական տալիս կատարվածին, երբ նախաքննությունը շարունակվում է, և դեռ կան պարզաբանման ենթակա հանգամանքներ։ Եթե քննությունը չի ավարտվել, ապա կատարվածի ամբողջական պատկերը դեռ պետք է պարզվի։ Հետևաբար՝ քաղաքական հայտարարությունը չի կարող փոխարինել քննության արդյունքներին և իրավական գնահատականին։

Մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Նասիմի Մուսաևը դիվերսանտ չէ, քանի որ ձերբակալության ժամանակ չի դիմադրել։ Սա ևս բավարար հիմնավորում չէ։

Ի՞նչ է դիվերսիան, և և ինչո՞ւ չդիմադրելը վճռորոշ հանգամանք չէ:

Դիվերսիան կամ խափանարարությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։

Դասական ռազմական իմաստով դիվերսիան հակառակորդի թիկունքում իրականացվող գործողություն է, որն ուղղված է հակառակորդի ռազմական ներուժին, ենթակառուցվածքներին կամ այլ կարևոր օբյեկտներին վնաս հասցնելուն։ Դիվերսիոն գործողություն կարող է իրականացնել նաև մեկ անձ. պարտադիր չէ, որ գործի կազմակերպված խումբ։ Հետևաբար, ձերբակալության ժամանակ չդիմադրելը հիմք չէ անձին դիվերսանտ չհամարելու համար։ Չդիմադրելու հանգամանքը կարող է տարբեր բացատրություններ ունենալ։ Անձը կարող էր անակնկալի գալ, հայտնվել մի իրավիճակում, երբ դիմադրելու հնարավորություն չուներ, զենք կամ զինամթերք չունենալ, դիմադրությունն անիմաստ համարել կամ սեփական որոշմամբ հանձնվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Հնարավոր է նաև, որ նա դիվերսիոն առաջադրանք չի ունեցել։ Սակայն սրանք միայն հնարավոր վարկածներ են, և դրանցից որևէ մեկը չի կարելի հաստատված համարել առանց փաստերի։

Մյուս կողմից՝ զենքով ՀՀ սահմանը հատելը, սահմանային արգելապատնեշները հաղթահարելը կամ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելը դեռ ինքնին չի նշանակում, որ կատարվածը դիվերսիա է։ Դրա համար անհրաժեշտ է պարզել գործողությունների նպատակը, մտադրությունը և բնույթը։

Այսինքն՝ ադրբեջանցի զինծառայողի գործողությունները դիվերսիա՞ են, թե՞ ոչ՝ գնահատելու համար անհրաժեշտ է պատասխանել մի շարք հարցերի։

Ի՞նչ նպատակով է նա հայտնվել Հայաստանի տարածքում։ Ի՞նչ գործողություններ է կատարել և ի՞նչ մտադրություն է ունեցել։ Արդյո՞ք Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում կատարել է դիվերսիոն-հետախուզական առաջադրանք կամ տվյալներ հավաքել։ Արդյո՞ք կապ է ունեցել այլ անձանց հետ կամ գործել է արտաքին ուղղորդմամբ։ Ի՞նչ հանգամանքներում է հայտնաբերվել և ձերբակալվել, և ինչո՞ւ չի դիմադրել։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տա քննությունը։ Եվ եթե ապացույցները վկայեն դիվերսիոն գործողության մասին, ՀՀ համապատասխան մարմինները չպետք է թաքցնեն այդ հանգամանքը։ Իսկ եթե իրականում՝ շեշտում եմ՝ իրականում, պարզվի, որ կատարվածը չի համապատասխանում դիվերսիայի հատկանիշներին, ապա չպետք է նաև հակառակ՝ չհիմնավորված պնդումներ անել։

Մեկ այլ խնդիր է Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանցի զինծառայողի արարքները ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների հետ նույն հարթության վրա դիտարկելու մոտեցումը: Եթե պարզվի, որ ադրբեջանցի զինծառայողի գործողությունները պայմանավորված են եղել ազգային ատելությամբ, այդ հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ արարքի իրավական գնահատման համար։ Սակայն ազգային ատելության շարժառիթը պետք է հաստատվի ապացույցներով, այլ ոչ թե ենթադրվի միայն անձանց ազգային պատկանելությունից ելնելով։

Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաև ռազմական հանցագործության հնարավորությանը։ Հռոմի ստատուտը սահմանում է պատերազմական հանցագործությունների տեսակները։ Դրանց թվում են, մասնավորապես, զինված հակամարտության պայմաններում պաշտպանվող անձանց նկատմամբ կատարված որոշ ծանր արարքներ, պատանդ վերցնելը և քաղաքացիական անձանց դեմ դիտավորյալ հարձակումները։

Սակայն Շաքիի դեպքը պատերազմական հանցագործություն որակելու համար բավարար չէ միայն արձանագրել, որ հայ կնոջ ուղղությամբ կրակել են կամ երեխաները պատանդ են պահվել։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք այդ արարքները կապված են եղել զինված հակամարտության հետ, և առկա՞ են համապատասխան հանցակազմի մյուս իրավական տարրերը։

Եթե այդ կապը կամ ռազմական հանցագործության մյուս պարտադիր տարրերը բացակայում են, դա դեռ չի նշանակում, որ անձի գործողությունները չեն կարող առաջացնել քրեական պատասխանատվություն այլ հիմքերով։ Կնոջ վրա կրակելը, երեխաներին պատանդ վերցնելը կամ այլ բռնի գործողություններ կարող են դիտարկվել որպես ծանր հանցագործություններ՝ կախված քննությամբ հաստատված փաստերից։ Ազգային ատելության շարժառիթն էլ առանձին ապացուցման ենթակա հանգամանք է։

Այս համատեքստում կարևոր է հիշել 2014 թվականի հունիսին այսօր օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած դեպքը, երբ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը հատել էին այն ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքը, օրեր շարունակ շրջել, նկարահանումներ իրականացրել:

Դիվերսիոն գործողությունների հետևանքով սպանվել էր 17-ամյա Սմբատ Ցականյանը, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, իսկ նրա կինը՝ Կարինե Դավթյանը, վիրավորվել էր։ Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: Դատավարության արդյունքում Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Նրանց մոտ, ըստ գործի վերաբերյալ հրապարակումների, հայտնաբերվել էին զենք, զինամթերք և հետախուզական նշանակության սարքեր։ Այս հանգամանքներն էական նշանակություն ունեին նրանց գործողությունների բնույթը գնահատելու հարցում։

Ավելին, երբ 2020 թվականի դեկտեմբերին նրանք վերադարձվել էին Ադրբեջան, որոշ ժամանակ անց Շահբազ Գուլիևը 2022 թ.-ին Xural TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենց Քարվաճառ է ուղարկել այն ժամանակվա փոխվարչապետ, «Փախստականների կոմիտեի» նախագահ Ալի Հասանովը:

«Մենք Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհ ենք ընկել Ալի Հասանովի աշխատասենյակից։ Ձեռքներս զենք, նռնակ տվեցին ու ճանապարհեցին: Մինչ այդ` ես հրաշալի կյանք եմ ունեցել, խանի նման եմ ապրել: Ինձ զանգեցին, ասացին՝ «դու պետք ես պետությանը», ու ուղարկեցին: Ինձ մենակ էին ցանկանում ուղարկել: Ասացի՝ Դիլհամն այդ տեղերը լավ է ճանաչում: Այդ ժամանակ Դիլհամը բռնված էր. Շամքորում ոստիկանություն էր ընկել և բանտում էր: Նրան բերեցին՝ որպես ուղեկից: Հասան Հասանովն էլ մեզ հետ եկավ»,- ասել է նա:

Գուլիևը նաև պատմել էր, որ 1992 թվականից ի վեր իրենք պարբերաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտությամբ, դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Քարվաճառի դեպքի համատեքստում հատկանշական է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևողական պահանջը՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու կամ փոխանակելու վերաբերյալ, հարցը հասել էր մինչև ՌԴ ղեկավարություն, բայց ապարդյուն:

Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան կարևոր է նման իրավիճակներում պարզել ոչ միայն անձի անմիջական գործողությունները, այլև դրանց հնարավոր կազմակերպիչների, նպատակների և համատեքստի հարցերը։

Ի դեպ, ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումից շատ չանցած սկսվել էր «օգոստոսյան մինի պատերազմը», իրավիճակը լարված էր և՛ արցախյան թևում, և՛ տավուշյան:

Վերադառնալով Շաքիի դեպքին՝ չպետք է շտապել վերջնական գնահատական տալու հարցում՝ Նասիմի Մուսաևը դիվերսա՞նտ է, թե՞ ոչ։ Բայց նույնքան անընդունելի է նաև դիվերսիայի վարկածը բացառել միայն այն պատճառով, որ նա չի դիմադրել ձերբակալության ժամանակ։

Այս հարցում առանցքայինը քննության որակն ու արդյունքներն են։ Եթե առկա են դիվերսիոն-հետախուզական գործունեության մասին վկայող փաստեր, դրանք պետք է բացահայտվեն և իրավական գնահատական ստանան։ Եթե նման փաստեր չկան, ապա հանրային քննարկումը չպետք է փոխարինի ապացույցներին։

Հատկապես կարևոր է, որ Հայաստանը հաշվի առնի նաև Ադրբեջանի գործելակերպը։ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողներին, որոնք Բաքվի իշխանությունների կողմից ներկայացվել են որպես դիվերսանտներ կամ ահաբեկչական գործողությունների մասնակիցներ, առաջադրվել են ծանր մեղադրանքներ և նշանակվել երկարատև ազատազրկման պատիժներ։ Ադրբեջանական կողմը դիվերսանտ է ներկայացրել նաև անզեն հայ քաղաքացիական անձանց։ Հետևաբար, պետք է բացառվեն ինչպես չհիմնավորված մեղադրանքները, այնպես էլ հնարավոր դիվերսիոն գործողության հանգամանքները թերագնահատելը։ Պետք չէ շտապել ադրբեջանցի զինծառայողի գործողությունների գնահատման հարցում՝ ո՛չ նրան դիվերսանտ հայտարարելու, ո՛չ էլ այդ վարկածը բացառելու առումով։ Բայց առավել ևս պետք չէ շտապել փաստաբանի դեր ստանձնել՝ նրա գործողություններն արդարացնելու հարցում։

Հայաստանի անվտանգային շահը պահանջում է ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից բխող շտապ եզրակացություններ, այլ ամբողջական քննություն և հստակ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել, ինչ նպատակով է Մուսաևը հատել սահմանը, ինչ հանգամանքներում է գործել, և արդյոք նրա գործողությունները որևէ կերպ կապված են եղել հնարավոր դիվերսիոն առաջադրանքի հետ։

Թե որքանով է Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում՝ Ալիևի հետ հյուրասիրության սեղանի շուրջ անկաշկանդ զրույցի ընթացքում, ապահովել կամ չապահովել Հայաստանի շահերը, դեռ կիմանանք։

—

Մեկ ազգ, երկու պետությո՞ւն․ Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր մակ

Հոկտեմբեր 9, 2026

Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պրոֆիլային հանձնաժողովը բացահայտել է սոցցանցերում մանրակրկիտ ծրագրված հարձակում, որի նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարումն ու Բաքվի ու Անկարայի միության պառակտումն էր։

Այս սյուժեն լույս է սփռում «մեկ ազգի» ոչ անամպ հարաբերությունների վրա (Հեյդար Ալիևի փոխաբերական արտահայտությամբ) և ուրվագծում հերթական պառակտումների նոր հորիզոններ (հեռանկարներ)։

Եվ այսպես, օրենսդիր իշխանության մի ամբողջ ճյուղ, որն ապրիորի կախված է գործադիր իշխանությունից, հայտարարում է համակարգված տեղեկատվական արշավի մասին, որը ծավալվում է Թուրքիայի տարածքից և այդ երկրի սոցցանցերի օգտագործմամբ։ Համենայնդեպս, Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում օգտագործվում են վերը նշված ձևակերպումները:

Հանձնաժողովը պնդում է, որ արշավը կազմակերպվել է «որոշակի կենտրոնների» կողմից և հետապնդում է երեք նպատակ՝ վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին, խաթարել քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և խորացնել պառակտումը հասարակության մեջ։ Բաքվի վարկածի համաձայն՝ հարձակումն իրականացվում է իրական և կեղծ հաշիվների միջոցով՝ թիրախավորված գովազդի կիրառմամբ։

Կարդացեք նաև

  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
  • Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Փաշինյանի թիմի համար դասալիք է․ իրավապաշտպան

Իմիջիայլոց, նկատենք, որ հարևան ու բարեկամ (գոնե՝ խոսքով և հռչակագրերով) պետության համար, ցանկության դեպքում, բավական դժվար կլիներ «խաթարել» այնպիսի դժվար չափելի բան, ինչպիսին ադրբեջանցիների վստահությունն է սեփական պետական ինստիտուտների նկատմամբ։ Դա մոտավորապես նույնքան դժվար է, որքան մութ սենյակում սև կատու փնտրելը։ Բայց, այնուամենայնիվ, բոլորը խաղում են իրենց դերերը։

«Ցավով պետք է արձանագրենք, որ ադրբեջանական և թուրքական հասարակություններում, որոնք մշտապես հավատարիմ են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, այս նենգ արշավին աջակցում են նաև բարի մղումներով գործող մի շարք մարդիկ։ Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ նման գործողություններն իրավական պատասխանատվություն են ենթադրում Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն, արշավը դեռ շարունակվում է»,- նշվում է համապատասխան հայտարարության մեջ։

Արշավի մասնակիցների մասին տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի պրոֆիլային պետական մարմիններին։ Հանձնաժողովը երկու երկրների քաղաքացիներին կոչ է արել «ուշադիր լինել, չհավատալ կեղծ տեղեկատվությանը նման զգայուն ժամանակահատվածում»։

Հատկանշական է, որ խորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունն ադրբեջանական կողմի առաջին անդրադարձը չէ տեղեկատվական սպառնալիքների թեմային։

Նախագահ Իլհամ Ալիևը, սեպտեմբերի 17-ին ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարներին, մատնանշել է արտասահմանյան մեդիակառույցների աճող ակտիվությունը, որոնք գտնվում են թյուրքական երկրների սահմաններից դուրս, բայց ֆինանսավորում են ստանում «հայտնի կենտրոններից»՝ օտար պատմություններ և արժեքներ սերմանելու համար։ Նա ԹՊԿ անդամ երկրներին կոչ է արել միասնաբար հակազդել նման գաղափարական դիվերսիաներին։

Աներկբա ակնարկն ակնհայտ է։ Դատելով ամենից՝ խոսքը Բաքվի կողմից Անկարայի հասցեին արված մի տեսակ զգուշացման մասին էր՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Քիթդ ու ձեռքերդ մի խոթիր մեր գործերի մեջ»։ Պետք է ասել, որ նման մեսիջները վերջին շրջանում առատորեն հասցեագրվում են Ադրբեջանի թե մերձավոր, և թե հեռավոր որոշ հարևաններին։

Այստեղ հետաքրքիր է, թե ինչո՞վ կարող էր Ադրբեջանը սպառնալ հենց Թուրքիային տվյալ դեպքում։

Գուցե Անկարայի աշխարհաքաղաքական նախագծերին չմասնակցելով և «Միջին միջանցքից» դուրս գալո՞վ, թե՞ էներգետիկ ոլորտում ներդրումները դադարեցնելով։ Բայց նման հեռանկարը չափազանց ցավոտ կլիներ նաև հենց Ադրբեջանի համար, որն էլ կարող է շահել բացառապես իր ռեսուրսային ներուժի և աշխարհագրորեն շահավետ տարանցիկ դիրքի հաշվին։

Այնուամենայնիվ, հարկ կլիներ նախ պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում՝ զերծ մնալով վերջնական եզրակացություններից: Եթե սա ընդամենը մի «վեճ» է, որտեղ «սիրահարները կռվում, հետո հաշտվում են», ապա պատկերը մեկն է։

Նման բան նախկինում էլ է եղել։ Օրինակ՝ 2015 թվականին թուրքական Turksat արբանյակային օպերատորն ակնհայտորեն դժգոհություն էր հայտնել Բաքվի դեմ, որը մերժել էր ադրբեջանական Azerspace արբանյակի համատեղ շահագործման առաջարկը։ «Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց նույնը չի ստանում եղբայրական երկրից»,- այդ ժամանակ դժգոհությամբ հայտարարեցին Անկարայում։

Հինգ տարի անց թուրքերն անգնահատելի ռազմական և կազմակերպչական օգնություն ցուցաբերեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այդ թվում՝ թուրք դիվանագետների՝ միջազգային բոլոր հարթակներում Բաքվի դիրքորոշման լիովին պաշտպանությամբ։

«Ադրբեջանի մոտ արդեն պատերազմի թեժ պահին սկսել էին սպառվել սպառազինության և զինամթերքի պաշարները։ Թուրքիան բեռնատար ինքնաթիռներով զինամթերք էր տեղափոխում՝ ինչպես իր պահեստներից, այնպես էլ՝ դաշնակից որոշ երկրներից, և փոխանցում դրանք։ Մենք զոհաբերում էինք ամեն ինչ, մենք մեր սեփական ԱԹՍ-ներից էլեկտրոնիկան հանում էինք և տալիս Ադրբեջանին, որովհետև նրանք արդեն չէին կարողանում կռվել»,- հենց այդպես են նկարագրում այդ իրադարձությունները թուրք զինվորականները։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մենք մտանք Լիբիա, այդպես կվարվենք նաև նրանց (Իսրայելի) հետ։ Չկա մի բան, որ մենք չենք կարող անել»,- Ռեջեփ Էրդողանի այս աղմկահարույց հայտարարությունը՝ իր հարազատ սևծովյան Ռիզե նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կառույցի նիստում, նույնպես ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Բաքվում։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հենց Ղարաբաղն է վերածվել չարաբաստիկ «կռվախնձորի»՝ երկկողմ հարաբերություններում խնդիրներ ծնող ձգանի։ Փորձագիտական և մեդիա հանրության մի ներկայացուցիչ նշել է. «Այդպես հաճախ է լինում գործընկերների, նույնիսկ հարազատների միջև։ Նրանք միասին գործ են արել, բայց հետո շահառուն սկսում է ծանրաբեռնվել իրեն օգնողի հետ շփումներից։ Յուրաքանչյուր բառի մեջ նախատինք է երևում, յուրաքանչյուր գործողության մեջ՝ անշնորհակալության ակնարկ»։

Սկզբունքորեն, իրադարձությունների դիտարկվող զարգացումը ծրագրավորված էր հենց պատմության ընթացքով և միանգամայն բնական էր։ Աջակցելով Ադրբեջանին՝ Թուրքիան Բաքվին դուրս բերեց միջազգային այնպիսի մակարդակ, որը գրավելով՝ ադրբեջանցիները սկսեցին «շարժել» արդեն թուրքական շահերը։

Հարավային Կովկասը, հեքիաթային Բոլիվարի նման, «երկուսին չի տանի»։ Եղբայրության մասին ինչպիսի կախարդանքներ էլ հնչեն հանրության առջև, կոնֆլիկտային ներուժը կանխորոշված է և Թուրքիայի, և Ադրբեջանի տարածաշրջանային հավակնություններով։ Ըստ երևույթին, Թուրքիայում Ռուսաստանի չարակամները «շուտ էին շտապում», երբ անկեղծորեն ուրախանում էին 2025 թվականի ամռանը Մոսկվայի և Բաքվի միջև տեղի ունեցած վիճաբանությամբ։

Փորձագետները պատահական չէ, որ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճգնաժամը վերջին երեք տարիներին գրեթե կասկադային փլուզման բնույթ է ստացել՝ համենայն դեպս, մեդիա ոլորտում:

Դա նկատելի է նաև Բաքվի հեռուստատեսության եթերում պարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգությունների ժամանակ՝ թուրքական կողմի հասցեին հնչող անաղմուկ կշտամբանքներով։ Ակնհայտ են նաև պատասխան կշտամբանքները Բաքվի հասցեին՝ Իսրայելի հետ նրա սերտ կապերի և ՄԱԿ-ում Նեթանյահուի ռեժիմի բոյկոտը սատարելուց Ադրբեջանի հրաժարվելու համար։

Այն ժամանակ, երբ առանձին փորձագետներ շարունակում են շեփորել «անխախտ եղբայրության» մասին, մեդիատարածությունում փոխհրաձգություններն ու բանավեճերը խամրում են թուրքական «կենտրոններից» Կասպից ծովի ափեր եկող համակարգված տեղեկատվական հարձակման մասին ադրբեջանցի օրենսդիրների վերոհիշյալ հայտարարության համապատկերին։

Դա հակամարտությունը տեղափոխեց որակապես նոր մակարդակ՝ երկու հանրապետությունների ուժային կառույցների ներգրավմամբ, որոնք կոչված են հետևել տեղեկատվական ոլորտին և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Խոսքը հարաբերությունների՝ «մասնագիտական տոտալ անվստահության մակարդակ» սուզվելու մասին է, ինչպես շատ ճշգրիտ նշել է ինտերնետ-հանրություններից մեկի հեղինակը։ Կարևոր է միայն մեկ բան՝ անվստահությունը «սերմանվում է» քամու նման, որը, հայտնի է, կարող է իսկական փոթորիկ առաջացնել։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում հոկտեմբերի 29-30-ին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների հերթական հանդիպման նախաշեմին։ Այսպիսով, շահագրգիռ կողմերի մոտ պանթուրքիստական հռետորաբանության որոշակի մեղմացման թեկուզ փոքր, բայց հնարավորություն ստեղծվեց՝ հարցի նկատմամբ գրագետ և հավասարակշռված մոտեցման պայմանով։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Նիկո՛լ, դե լսի՝ ինչն ես հանձնել

Հոկտեմբեր 9, 2026

«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են Ադրբեջանի բռնապետ Ալիևի նոր սպառնալիքները հայ ժողովրդի հասցեին, Հայաստանի նկատմամբ տարածքային, ժողովրդագրական և մշակութային պահանջները, ադրբեջանցի դիվերսանտի՝ Հայաստանի տարածք ներթափանցումը, նաև՝ այս վարչախմբի անատամ ու թուլամորթ պատասխանն այդ ամենին։

Մանրամասները՝ տեսանյութում




—