CC: Armenian MPs urged to shun campaign

—

The European Court of Human Rights Rules against Armenia in favor of Avetyan u

—

From Charity to Statecraft: Pashinyan’s Framework Sparks Radical Pivot and Co

—

Turkish-Armenian church official sees Türkiye-Armenia normalization as path t

—

Anchoring the Wandering Tongue: Can Armenia Become a Living Haven for Western

—

«Ամեն ինչ լավ լինելու համար այս պահին որևէ հիմք չկա. Ադրբեջանը չի պատրաստվում

Հոկտեմբեր 19, 2026

Կառավարության անցնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր խաղաղության պայմանագրի մասին, հայտարարելով, որ պետք է նպատակ դնել ու մինչև 2031 թվականը ստորագրել այդ պայմանագիրը։

«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թվականը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին նա Կառավարության նիստից առաջ խոսել էր նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետ կրկին սահմանելով 2031 թվականը։

Կառավարության նիստից հետո էլ լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնելով այս միտքը՝ նա ասել էր.

Կարդացեք նաև

  • Վերջում վճարելու է Հայաստանի Հանրապետությունը. Մասնագետները՝ ՀԷՑ-ի պետականացման իրավական ռիսկերի ու ներդրումային միջավայրի վրա ազդեցության մասին
  • Աննա՛ Վարդապետյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դատվում հետամտելու հոդվածով
  • «Ցանկության դեպքում կարող են ամեն ինչ անել. Արցախցուն ադրբեջանական սպեցնազն առևանգել է, բայց տեսեք՝ ՀՀ-ում ինչպես են խոսում Մուսաևի մասին». Աշոտ Հարությունյան

«Ժամկետի վերաբերյալ նոր ընտրվել եմ վարչապետ, առաջիկա անելիքներս պետք է կոնկրետացնեմ։ Դե որովհետև, եթե այս տրամաբանությամբ նայենք, 2031 թվականին մանդատս ավարտվում է, բա ո՞ր թվի համար ասեմ։ Խորհրդարանի և այս ընտրությունների ժամկետը 5 տարի է, չէ՞, բա ի՞նչ թիվ ասեմ, 2041 թվական ասե՞մ»։

Ի՞նչ նախադրյալներ կան այսօր, որ խաղաղության պայմանագիրը կարող է մինչև 2031 թվականը ստորագրվել, և ի՞նչ երաշխիքներ կան, որ ստորագրումից հետո իսկապես խաղաղություն կլինի։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ընդգծեց՝ որևէ երաշխիք չկա։

«Չկա երաշխիք, որ այս պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը հետևողական է լինելու պայմանագրի կետերի իրագործմանը, քանի դեռ այդ երաշխիքները չկան, Ադրբեջանը պայմանագիրը չի ստորագրում՝ ներկայացնում է նոր պահանջներ։ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշելով՝ փորձում է այդ պայմանագիրն իր համար ավելի լավը ու շահավետ դարձնել։

Եթե մինչև այժմ պայմանագիրը չի ստորագրվել և վավերացվել, սա խոսում է այն մասին, որ չկան նման երաշխիքներ, և Ադրբեջանն էլ չի պատրաստվում բավարարվել այդ պայմանագրով և գրված կետերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ասած 2031 թվականի կամ ինչ-որ երաշխիքների մասին հայտարարությունները պարզապես դատարկ խոսակցություններ են։ Նա վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը չէ որոշողը, թե երբ պետք է ստորագրվի այդ պայմանագիրը, կամ թե ինչ պայմաններով պետք է ստորագրվի։ Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է պարզապես մարդկանց պոպուլիստական թեզերով կերակրելով և պայմանագրի մասին ինչ-որ խոստումներ տալով, թե ամեն ինչ լավ է լինելու։

«Ամեն ինչ լավ լինելու համար այս պահին որևէ հիմք չկա։

Հայաստանի իշխանություններն Ադրբեջանից որևէ պահանջ չունեն և չեն էլ կարող ունենալ, որովհետև կապիտուլյանտների իշխանություն են։ Այս հարաբերություններում Ադրբեջանը պայմաններ թելադրող է, իսկ ՀՀ իշխանությունը՝ կատարող։ Նրանք այդ համարձակությունը չունեն Ադրբեջանից ինչ-որ բան պահանջելու։

Իհարկե, հայկական կողմը պետք է ունենա պահանջներ և բազմաթիվ պահանջներ, սկսած արցախցիների՝ իրենց հայրենիքում հանգիստ ու անվտանգ ապրելու իրավունքից՝ մինչև ադրբեջանական կողմի տարատեսակ ռազմական հանցագործություններ, որոնց համար պետք է հայկական կողմը փոխհատուցումներ պահանջի, նաև մեծացնելու մեր սահմանների անվտանգությունը։ Հայկական կողմն ունի այդ պահանջները, բայց ՀՀ իշխանությունը չունի»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

—

Հարգելի՛ Եվրոպացիներ, Ձեր Միլիոնավոր Եվրոները Հասան Հայաստան, Իսկ Ո՞Վ Է Հաշվե

Հոկտեմբեր 19, 2026

«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ, ՁԵՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԵՎՐՈՆԵՐԸ ՀԱՍԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ։ ԻՍԿ Ո՞Վ Է ՀԱՇՎԵՏՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ։

COVID-19-ի համավարակը միլիոնավոր մարդկանց առողջության, հազարավոր բուժաշխատողների աշխատանքի և պետությունների ֆինանսական համակարգերի ծանր փորձությունն էր։ Այդ օրերին Հայաստանն էլ միջազգային գործընկերներից ստացավ հսկայական ֆինանսական աջակցություն։

ԹՎԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀՍՏԱԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ։

 92 միլիոն եվրոյից ավելի՝ 2020 թվականին Եվրոպական միության հայտարարած աջակցության փաթեթը Հայաստանին՝ համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման համար։

 472.41 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2020 թ. մարտի 11-ից մինչև 2021 թ. նոյեմբերի 17-ը Հայաստանի ստացած միջազգային ֆինանսական աջակցությունը՝ ըստ հրապարակված ուսումնասիրության։

 358.617 միլիոն դոլար՝ վարկային միջոցներ։

 113.739 միլիոն դոլար՝ դրամաշնորհներ։

 107.4 միլիարդ դրամ՝ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների նվազեցմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների համար հատկացված գումարը։

Այս թվերը տարբեր աղբյուրների և ֆինանսավորման ուղղությունների ցուցանիշներ են։ Դրանք չի կարելի մեխանիկորեն գումարել, քանի որ հնարավոր են համընկնումներ, իսկ միջազգային օգնությունը ներառել է ոչ միայն առողջապահությունը, այլև սոցիալական և տնտեսական ծրագրերը։

Բայց հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ ի՞նչ կոնկրետ արդյունք է ապահովել այդ հսկայական ֆինանսավորումը Հայաստանի քաղաքացիների համար։

ՀՀ կառավարության հրապարակած տվյալներով՝ COVID-19-ով հիվանդների բուժմանը ներգրավվել է 29 հիվանդանոցային բժշկական կազմակերպություն։ Դրանց թվում էր նաև «Մեդլայն Կլինիկ»-ը։
ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ «Մեդլայն Կլինիկ»-ի հիմնադիր տնօրենին վերագրվում է համավարակի ժամանակ 920 միլիոն դրամի փողերի լվացման կազմակերպումը։ Մեղադրանքը ենթակա է դատարանի քննության, և անձի մեղավորությունը հաստատված է համարվում միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հարց է առաջանում

Ո՞վ է իրականացրել ֆինանսական վերահսկողությունը, և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։

ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ…

Ձեր երկրներն ու քաղաքացիներն էլ ունեն իրենց խնդիրները՝ տնտեսական անորոշություն, էներգակիրների գներ, սոցիալական ծախսեր և պետական բյուջեի սահմանափակումներ։ Եվրոպայի ներսում բյուջետային առաջնահերթությունների շուրջ քննարկումներն ու տարաձայնությունները ևս ցույց են տալիս, թե որքան կարևոր է յուրաքանչյուր հանրային եվրոյի արդյունավետ օգտագործումը։

Եվ հենց այդ պատճառով միջազգային օգնության նկատմամբ հաշվետվողականությունը պետք է լինի ոչ թե ձևական պահանջ, այլ պարտադիր սկզբունք։

Երբ Եվրոպայի հարկատուների միջոցներն ուղղվում են Հայաստանին, նրանք իրավունք ունեն իմանալու՝ ինչ նպատակով են հատկացվել այդ միջոցները, ինչ արդյունքներ են ապահովել և ինչպես է վերահսկվել դրանց օգտագործումը։

Եվ Եվրոպացի՛ հարկատուները, Եվ Հայաստանցի՛ հարկատուները իրավունք ունեն պահանջելու հրապարակային և ստուգելի հաշվետվություն։

Հ.Գ.1․ Կոռուպցիան, սիրելի՛ քաղաքացիներ, պոզով-պոչով չի լինում։ Այն միշտ չէ, որ առաջին հայացքից տեսանելի է, բայց դրա հետևանքների համար վճարում են հասարակ մարդիկ։

Եվ եթե համավարակի ժամանակ հնարավոր փողերի լվացման գործով քննվում են հարյուրավոր միլիոնավոր դրամների շրջանառություններ, ապա հիշե՛ք՝ հանրային միջոցների հնարավոր չարաշահումների գինը վճարում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները՝ իրենց հարկերով և պետական պարտքի բեռով, այլև Եվրոպայի հարկատուները, որոնց միջոցներից Հայաստանին միլիոնավոր եվրոների աջակցություն է տրամադրվել։
Եվրոպացի՛ հարկատուներ, ձեր տրամադրած օգնության յուրաքանչյուր եվրոյի համար պահանջե՛ք հաշվետվություն։ Հայաստանի՛ քաղաքացիներ, ձեր հարկերի յուրաքանչյուր դրամի համար պահանջե՛ք նույնը , քանի որ կոռուպցիայի կասկածը սահմաններ չունի, իսկ հանրային փողերի նկատմամբ հաշվետվողականությունը պարտադիր է բոլորի համար։

Հ․Գ․2․ Իսկ ո՞ւր են գնացել այդ ենթադրյալ «լվացված» միլիոնները։ Գուցե հայտնվե՞լ են արտասահմանյան բանկային հաշիվներում, օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հաշիվներո՞ւմ, թե՞ անցել են ֆինանսական այլ շղթաներով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան քննությունը և ֆինանսական հետաքննությունը։

Եթե խոսքը հանրային միջոցների հնարավոր չարաշահման մասին է, ապա քննությունը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանում կատարված գործարքներով։ Անհրաժեշտ է պարզել նաև՝ որտե՞ղ են հայտնվել գումարները, ո՞վ է եղել դրանց վերջնական շահառուն, և արդյո՞ք միջոցների որևէ մասը դուրս է բերվել Հայաստանից։

Չէ՞ որ փողերի լվացման բացահայտումը միայն գումարի ծագումը պարզելը չէ, այլ նաև դրա ամբողջ ճանապարհն ու վերջնական հասցեատիրոջը բացահայտելը»:

—

COP17․ Բաքվի հեռավար քաղաքական պահանջներն ու Երևանի ուղիղ լռությունը Շիկահողո

Հոկտեմբեր 19, 2026

COP17-ի մեկնարկից օրեր առաջ Բաքուն, որը ներկայացված չէ համաժողովին, փորձել էր Հայաստանի դեմ օրակարգ պարտադրել՝ Մեծամորի ԱԷԿ-ից մինչև հանքավայրեր:

Եվ այս օրերին, երբ արդեն ընթանում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է առաջ մղել Մեծամորի ատոմակայանի, հայկական հանքավայրերի, օկուպացված Արցախի անտառների համատարած իբր հատումը, գետերի աղտոտվածության հարցերը, Սևանա լճի հետ կապված խնդիրը, նշելով, որ Սևանի տարածաշրջանը «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին մոտ է, ուստի այնտեղ առկա խնդիրները, դեգրադացիան իրենց ազդեցությունն են թողնում նաև Ադրբեջանի սահմանամերձ էկոհամակարգի վրա»:

«Կենսաբազմազանության հարցերով գագաթնաժողովը ստեղծվել է էկոհամակարգերի վիճակի ազնիվ գնահատման, այլ ոչ թե ընդունող պետության իմիջը «փայլեցնելու» համար։ Եթե Հայաստանը հայտարարում է միջազգային բնապահպանական երկխոսության պատրաստակամության մասին, ապա Սևանի, Արարատյան դաշտի, Ալավերդիի, Սյունիքի, Ամուլսարի և Մեծամորի խնդիրները պետք է հնչեն ամբիոններից, և ոչ թե մնան կուլիսներում։ Նույնը վերաբերում է նաև Ղարաբաղի անտառների, արգելոցների և գետերի ճակատագրին, որոնք ոչնչացվել են երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում։ Սրանք մեկ շղթայի օղակներ են՝ տարածաշրջանի կորցրած կենսաբազմազանության»,- գրել են ալիևյան ռեժիմի խոսափող հանդիսացող ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը պաշտոնապես շահագործման է հանձնվել հոկտեմբերի 10-ին, որից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվացրեցին ահազանգը, թե մտահոգություն է առաջացնում Ամուլսարի աշխարհագրական դիրքը, և, որ գետերը պետական սահմաններ չեն ճանաչում։

Կարդացեք նաև

  • Նախկինների աշխատանքով հպարտանալու արվեստը․ Որքա՞ն կորցրեց Հայաստանի տնտեսությունը Ամուլսարի պատճառով
  • Վերջում վճարելու է Հայաստանի Հանրապետությունը. Մասնագետները՝ ՀԷՑ-ի պետականացման իրավական ռիսկերի ու ներդրումային միջավայրի վրա ազդեցության մասին
  • Աննա՛ Վարդապետյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դատվում հետամտելու հոդվածով

Ըստ այդմ՝ Բաքվում շեշտում են, որ տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ բնապահպանական վերահսկողությունը պետք է լինի շարունակական և անկախ, այլ ոչ թե սահմանափակվի թույլտվությունների տրամադրումից առաջ իրականացվող առանձին ստուգումներով։

Ամուլսարի շահագործումը որոշակի մտահոգություն է առաջացնում նաև ՀՀ-ում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը, ամեն դեպքում, ազդեցություն ունենալու է շրջակա միջավայրի վրա:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի շահագործումը շրջակա միջավայրի վրա շատ փոքր ազդեցություն կունենա։ Հանքի շահագործման վերաբերյալ նախապես շրջանառվող բացասական պատմությունները հետազոտություններով առնվազն չեն հաստատվել։ Հանքն արդեն գործում է, թողարկում և արտահանում ունի։ Այս պահի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրում 1600 աշխատող կա, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել։ Ամուլսարի հանքը հաջորդ տարի առնվազն մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե։ Այս հանքի շահագործումը Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշում 1,5-2 տոկոս ազդեցություն է ունենալու»,- նշել է նա՝ շարունակելով, որ, եթե ուզում ենք կենսաբազմազանության հարց լուծել, պետք է փողի հարց լուծել:

«Երբ այդ շատ փողը վերցնենք ու դնենք սերունդների կրթության, առողջության, անտառների տնկման, ջրամբարների կառուցման վրա, Սևանից քիչ ջուր բաց թողնելու վրա, հանրային առողջության պահպանման վրա, այդ ժամանակ մեր և՛ երկրի, և՛ կենսաբազմազանության, և՛ սերունդների համար լավ կլինի»,- հանքերի շահագործման անհրաժեշտությունը հիմնավորել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ինչ վերաբերում է Բաքվի պահանջներին, ապա աբսուրդ է, երբ նման պահանջներ դնում է մի երկիր, որը մշակել է հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարերի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիր, որով նախատեսվում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործում. խոսքը Քելբաջարի (Քարվաճառ), Մարտակերտի և Զանգելանի (Կովսականի), շրջանների ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի մասին է։

Ավելին, 2024 թվականի նոյեմբերին Բաքվում անցկացված COP29-ի օրերին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր. 

«Նավթը, գազը, քամին, արևը, ոսկին, արծաթը, պղինձը՝ այս ամենը բնական ռեսուրսներ են։ Չի կարելի երկրներին մեղադրել այդ ռեսուրսներն ունենալու համար։ Նույնպես չի կարելի նրանց մեղադրել այն բանի համար, որ այդ ռեսուրսները հանում են շուկա, քանի որ շուկան դրանց կարիքն ունի։

Ուստի իմ ուղերձը հետևյալն է․ որպես COP29-ի նախագահող երկիր՝ մենք, անշուշտ, վճռականորեն հանդես ենք գալու «կանաչ» անցման օգտին, և մենք դա անում ենք։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է իրատես լինենք»:

Իսկ այս օրերին Բաքուն հեռավար կարգով նաև ոչ բնապահպանական թեմաներ է պարտադրում COP17-ին:

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան ունի հստակ մանդատ, որի շրջանակում հումանիտար խնդիրներն ուղղակիորեն չեն ներառվում։ Սակայն կան թեմաներ, որոնք գտնվում են բնապահպանության և մարդու իրավունքների հատման կետում, և դրանք անհրաժեշտ է բարձրացնել Երևանի համաժողովի մասնակիցների առջև։

– Զանգվածային գերեզմանների կոորդինատները։ Սա հազարավոր անհետ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու հարց է՝ հումանիտար պարտավորություն, որի կատարումը տասնամյակներ շարունակ ձգձգվում է։

– Ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։ Ականները ոչ միայն մարդկանց համար սպառնալիք են, այլև բնապահպանական լուրջ ապակառուցողական գործոն։ Ականապատ հողը մեռած է․ դրա վրա անհնար է վերականգնել անտառները, զբաղվել գյուղատնտեսությամբ կամ վերադարձնել կորցրած կենդանական աշխարհը։ Քարտեզների փոխանցումն ուղիղ քայլ է դեպի տարածաշրջանի էկոլոգիական վերականգնում:

– Իրական համագործակցությունը։ Մինչդեռ այս հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցության փոխարեն առայժմ ականատես ենք լինում դրա խափանմանը»,- գրել է caliber.az-ը:

2024 թվականի նոյեմբերին Բաքվում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովի՝ COP29-ի շրջանակում Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս չի խորշել քաղաքական հարցեր բարձրացնել, այդ թվում՝ Հայաստանի հասցեին մեղադրանքներ՝ մոտ 1 միլիոն փախստականների հարցից մինչև Հայաստանի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի չկատարում:

Իսկ այսօր լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք COP17–ի շրջանակներում Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել այն հարցը, որ ադրբեջանցիները ներխուժելով Շիկահողի արգելոց, այնտեղ ծառահատումներ են իրականացնում, նա արձագանքել է.

«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կմ է, մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29743 քկմ տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը։

Այդ սահմանագծումից ներս կլինի Հայաստան, և մենք բոլոր աշխատանքները կկատարենք կենսաբազմազանության պահպանման համար, իսկ այդ սահմանից դուրս կլինի Հայաստանի Հանրապետությունից դուրս, հետևաբար՝ նաև մեր հետաքրքրությունից դուրս կլինի։ Ամեն երկիր ինքն իրավունք ունի որոշի, թե իր տարածքում ինչ է անում։

Կրկնում եմ, որ Հայաստանի տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է, այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ, որովհետև մենք չենք պատրաստվում 29.743 քառակուսի կիլոմետրից դուրս տարածքների համար որևէ գործողություն իրականացնել»:

Այստեղ լրագրողները հիշեցրեցին, որ խոսքը ՀՀ օկուպացված տարածքի մասին է, այսինքն, առանց սահմանազատման փաստացի որոշվում է դրա հայաստանապատկան լինել-չլինելը: Սա՝ առաջին: Եվ երկրորդ, Ադրբեջանը մինչև հիմա Հայաստանին մեղադրում է «օկուպացված տարածքներում ծառահատումների համար», խոսում վնասներից, այս դեպքում ինչո՞ւ Բաքվին ՀՀ իշխանությունները չեն պատասխանում, որ մեղավորներ չփնտրի և այսուհետ պատասխանատու լինի, որ «անտառներ չվերացվեն» օկուպացված Արցախի տարածքում:

Ի դեպ, ամիսներ առաջ Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցում, ծառերի հատման հարցը լրագրողները բարձրացրել էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ զրույցում:

«Երբ ինժեներական ամրաշինական կառույց է ստեղծվում այնտեղ, որտեղ պետք է ծառ կտրել, այն հատվում է։ Այնտեղ, որտեղ պետք է արհեստական, ոչ պայթուցիկ պատնեշ կառուցել ծառահատմամբ, դա իրականացվում է»,- ասել էր Էդվարդ Ասրյանը:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ նման գործողությունների անթույլատրելիության մասին հրապարակային հայտարարություններ չեն հնչում հայկական կողմից, քաղաքական խողովակներով փոխանցվո՞ւմ են արդյոք Ադրբեջանին, Ասրյանն առաջարկել էր դիմել համապատասխան կառույցներին: Եվ հիմա, փաստորեն, Հայաստանը նաև այս իրավունքից չի օգտվում:

Ավելին, ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խուսափում է «հատումներ» բառից՝ նախընտրելով իրավիճակը բնութագրել այսպես` «արգելոցի անտառային էկոհամակարգերը սահմանամերձ որոշ շրջաններում որոշակի վնասներ են կրել 2021 թվականի ռազմական հակամարտության հետևանքով»։ Եվ անգամ այս ձևակերպմամբ, ադրբեջանական գործողությունների մասին չի խոսվում:

Նիկոլ Փաշինյանն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը, իհարկե, խոսել է պատերազմի հետևանքներից կենսաբազմազանության վրա, և խաղաղության արդյունքներից, բայց առանց կոնկրետացումների: Իսկ քաղաքական հարցերը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանագծման գործընթացին և տարածաշրջանում ապաշրջափակմանը: Բայց սա՝ Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը, իսկ բուն միջոցառմանը միայն բնապահպանական հարցեր են բարձրացվել՝ շրջանցելով Ադրբեջանին, ինչն Ալիևը COP 29-ին չի արել:

Առանձին հարց է Երևանում անցկացվող «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի անդամ եվրոպական երկրների առաջնորդների բացակայությունը COP 17-ին:

COP 29-ի ժամանակ բարձր մակարդակով ներկայացված էր Իտալիան, Հունաստանը, Խորվաթիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Լեհաստանը, Մոլդովան և այլն: Իհարկե, կային եվրոպական երկրներ, որոնց առաջնորդները չէին մեկնել Բաքու: Ըստ էության, արտաքին քաղաքականության մեջ նման նրբություններն արժանի են ուշադրության, քանի որ տողատակում մեսիջային բան ունենում են:

—

«Ցանկության դեպքում կարող են ամեն ինչ անել. Արցախցուն ադրբեջանական սպեցնազն ա

Հոկտեմբեր 19, 2026

Դեռևս հոկտեմբերի 1-ին «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-ին Կառավարությանը փոխանցել էր Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։

Նամակները հավաքվել են Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Թեպետ այս օրը Կառավարությունից ասել էին, որ մեկամսյա ժամկետում գրավոր կարձագանքեն, սակայն անցնող Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակները ոչ թե կառավարությանը պետք է փոխանցեն, այլ ուղղակի ուղարկեն փոստային ծառայությունով։

«Չգիտեմ` ինչ որոշում է կայացվել, սակայն, ճիշտն ասած, տարօրինակ է` եթե նամակ կա, ապա ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել… Ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք։ Ես, չգիտեմ, մենք քննարկել ու ինչ-որ եզրակացության եկել ենք, թե չէ, սակայն այդտեղ նրբություններ կան. այսինքն, հազար նամակ տալ կառավարությանը, ասել` այս նամակները տարեք, ինչքանո՞վ է դա տրամաբանական։ Ենթադրում եմ, որ այն մարմինը, որին դիմել են, կքննարկի ու կպատասխանի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս ամենին զուգահեռ՝ օրեր առաջ անհետ կորածների և զոհվածների հարազատներն ԱԺ-ում հանդիպել էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և խմբակցության այլ պատգամավորների հետ՝ այս զգայուն թեման քննարկելու համար։

Կարդացեք նաև

  • Վերջում վճարելու է Հայաստանի Հանրապետությունը. Մասնագետները՝ ՀԷՑ-ի պետականացման իրավական ռիսկերի ու ներդրումային միջավայրի վրա ազդեցության մասին
  • Աննա՛ Վարդապետյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դատվում հետամտելու հոդվածով
  • COP17․ Բաքվի հեռավար քաղաքական պահանջներն ու Երևանի ուղիղ լռությունը Շիկահողում կատարվողի մասին․ տարածքը մերը չէ՞

Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը ևս մասնակցել էր այդ հանդիպմանը։ Նա նախաձեռնությունը լավն է համարում, սակայն արդյունավետության տեսակետից վստահ չէ, որ կկարողանան հարց լուծել, քանի որ հարցի լուծման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։

Ինչ վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող գերիներին հասցեագրված նամակներին, Աշոտ Հարությունյանն ասաց՝ եթե Կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունենա այդ նամակները փոխանցելու, ապա կփոխանցի։

«Կարծում եմ՝ ցանկության դեպքում կարող են ամեն ինչ անել։ Սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նրանք չեն անում, ամբողջ խնդիրը սա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։

Աշոտ Հարությունյանի խոսքով՝ միջազգային ասպարեզում հատկապես վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է  գերիների վերադարձի հարցը։ Եթե միջազգային հանրությունը պնդում է, որ Բաքվում ապօրինի պահվող գերիները պետք է վերադառնան հայրենիք, սակայն ՀՀ իշխանությունը դրան չի արձագանքում՝ մարդիկ սկսում են մտածել՝ գուցե գործ ունեն ոչ հայկական իշխանության հետ։

«Կարո՞ղ է մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք մոռացել են, թե Սահմանադրության առջև ինչ երդում են տվել։ Մարդիկ գերեվարվել են, մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել։ Մեր հայրենակիցներին Բաքվում պահելով՝ Ադրբեջանը թույլ է տալիս միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

Մեր զրուցակիցը հիշեցրեց ադրբեջանական կողմից Արցախում բազմաթիվ առևանգումների դեպքերը, օրինակ՝ 2023 թվականի օգոստոսի 1-ին, երբ առևանգեցին 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանին, որին օրեր անց ներկայացրեցին որպես «ահաբեկիչ»։

«Այդ մարդուն իրականում ադրբեջանական սպեցնազն առևանգել է, թե չէ այդ մարդը 100 տարի այդ տարածքով քայլել է, տեղանքին ծանոթ է, չէր կարող մոլորվել, մարդուն ուղղակի ստիպել են մոլորվել։ Բայց դուք տեսեք՝ զուգահեռ Հայաստանում ինչպես են խոսում ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվոր Մուսաևի մասին, ով ակնհայտ հանցագործություն է արել Շաքիում։

Բայց Բեգլարյանին առևանգել ու տարել են, զոռով գլխին ինչ-որ բան են հագցրել, թե բա՝ «ահաբեկիչ» է, բոլորն էլ գիտեն, որ այդ ամենն ադրբեջանական կողմի անիմաստ հաչոցներն էին։ Եթե ադրբեջանական կողմի զինվորականն անցել է մեր դիրքը և հայտնվել գյուղի տարածքում, սա արդեն «չեպե» է։ Սա իհարկե շատ խիստ վերաբերմունքի ու գնահատականի պետք է արժանանա, և այդ զինվորը չպետք է վերադառնա, որովհետև ինքը հանցագործ է»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։

—

Աննա՛ Վարդապետյան, իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դատվում հետամտելու հոդվածով

Հոկտեմբեր 19, 2026

ՀՀ քրեական օրենսգրքում հոդվածներ կան, որոնք զարմանալիորեն չեն  կիրառվում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամների, նրանց համակիրների նկատմամբ: Բոլոր դեպքերում դրանք դիտվում են կամ քաղաքական գնահատական, կամ չեն էլ դիտարկվում ընդհանրապես, կարծես ոչինչ չի էլ եղել:

Օրինակ, քրեական օրենսգրքում իրար հետևող հոդվածներ կան` 196-րդը և 196.1-րդը:

ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածը վերնագրված է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, իսկ 196.1 հոդվածն արդեն պատասխանատվություն է սահմանում հետամտելու համար, որի սահմանումը տրված է հենց նույն հոդվածի 1-ին մասում:

Ըստ օրենսդրի` հետամտում է համարվում անձին հետևելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար և անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել:

Կարդացեք նաև

  • Վերջում վճարելու է Հայաստանի Հանրապետությունը. Մասնագետները՝ ՀԷՑ-ի պետականացման իրավական ռիսկերի ու ներդրումային միջավայրի վրա ազդեցության մասին
  • «Ցանկության դեպքում կարող են ամեն ինչ անել. Արցախցուն ադրբեջանական սպեցնազն առևանգել է, բայց տեսեք՝ ՀՀ-ում ինչպես են խոսում Մուսաևի մասին». Աշոտ Հարությունյան
  • COP17․ Բաքվի հեռավար քաղաքական պահանջներն ու Երևանի ուղիղ լռությունը Շիկահողում կատարվողի մասին․ տարածքը մերը չէ՞

Օրենսդիրն առանձնացրել է նաև այն դեպքը, երբ այդ արարքը պետք է ավելի խիստ պատժվի, օր. երբ դա կատարվել է` անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ:

Համանման մոտեցում կա նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հանցակազմի հետ կապված, որը ստացել է հետևյալ ձևակերպումը` ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով:

Չենք կարող անտեսել, որ քրեական օրենսգիրքը որևէ ձևով չի տարբերակել, թե այդ արարքը քաղաքական գործի՞չ է կատարել, թե՞ այլ գործունեությամբ զբաղվող (օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը պետական պաշտոնյա է, բայց պարզ չէ, թե արդյո՞ք նաև քաղաքական գործիչ է.- Ա.Վ.) անձ: Մենք նույնիսկ չգիտենք, թե օրենքի իմաստով ով է համարվում քաղաքական գործունությամբ զբաղվող և ով է պետական գործիչ:

Օրինակ՝ մեր երկրում «մեծարգո» դիմելաձևը յուրացրած պաշտոնյան երբ ուզում է իր ընտրազանգվածին դուր գալ, սկսում է իր ընդդիմախոսներին վիրավորել ու սպառնալ, դա գնահատում է՝ որպես քաղաքական խոսույթ, իսկ երբ իրեն են նույն կերպ պատասխանում, ապա կամ դիմում է դատարան գումարի պահանջով, կամ էլ իրավապահներն անվերապահորեն համարում են, որ «մեծարգոյի» նկատմամբ կա՛մ ատելության խոսք կա, կա՛մ թշնամանք, կա՛մ էլ բռնության կոչ, կա՛մ նման անհեթեթ մի բան:

Ազատ խոսքի և քաղաքական բանավեճի քրեականացումն իրականացվեց եվրոպական արժեքներ քարոզող քաղաքական իշխող ուժին սպասարկող իրավապահ համակարգի կողմից` եվրոպական համայնքի լուռ համաձայնությամբ, որոնց բարոյական արժեքները կարծես թե սովորական արժույթի նման ունեն տվյալ պահին համապատասխան կուրս` երբեմն բարձրանում են, երբեմն՝ իջնում:  

Հիմա՝ հարց այս երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. ի վերջո, քրեական իրավունքում մասնագիտացված մարդ է…

  • Եթե ինչ-որ մեկը փողոցում պատահական մարդու հարցուփորձ անի վերջինիս ծնողների մասին, արդյո՞ք դա կարող է դիտվել հետամտում կամ հոգեկան տառապանք, եթե այդ հետաքրքրասերը «մեծարգոն» չէ կամ ՔՊ կուսակցության մի ուրիշ անդամ, իսկ հետաքրքրության օբյեկտը՝ իրենց հիվանդ երևակայության արգասիք հարձակումը՝ Հայ Առաքելական եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ: 
  • «Գնացեք այդ մարդուն հարցրեք՝ Դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ». Հայաստանի քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի այս հորդորը հետամտո՞ւմ է, թե՞ չէ: 
  • Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ «մեծարգոյից» կամ նրա ընտանիքի անդամներից հետաքրքրվեն, թե ով ում հետ ինչ արյունակցական կապ ունի:

Բոլոր դեպքերում ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական օրենքով արգելված արարք կատարելու համար պատասխանատվության համար չի նախատեսել բացառություն որևէ մեկի համար՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը սկզբից հայտարարի, թե դա քաղաքական հայտարարությո՞ւն է, թե՞ բռնության ու ատելության կոչ:

Հարցն ինքնանպատակ չի, քանի որ երկու տարի առաջ այս երևույթների նախանշանները կային՝ ինչպես իշխող կուսակցության ձևավորած ենթամշակույթից, այնպես էլ՝ քրեական օրենսգրքի միջոցով իրենց արժանապատվությունը փրկել փորձող իրավապահպանների վարքագծից:

Հ.Գ. Իսկ ընդհանուր առմամբ կա ոսկե կանոն մարդկային հարաբերությունների համար` մի՛ վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանա, որ քեզ հետ վարվեն:

—