Ադրբեջանական էժան էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել

Նոյեմբեր 24, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Միացո՞ւմ, թե՞ սինքրոնացում: Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ ծավալվող քննարկումներում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը միջպետական էլեկտրացանցային կապերի հաստատմա՞ն, թե՞ էներգահամակարգերի սինքրոն աշխատանքի կազմակերպման մասին է։

Եթե խոսքը սինքրոնացման մասին է (իսկ պաշտոնական խոսույթը հենց դրա շուրջ է կառուցվում), ապա դրա հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է։ Խոսքը մի իրավիճակի հնարավոր ձևավորման մասին է, երբ երկրի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանի էներգահամակարգի աշխատանքի ռեժիմից և այնտեղ ընդունվող որոշումներից։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանին առհասարակ անհրաժեշտ այդ սինքրոնացումը։

Էլեկտրաէներգիայի առևտրի համար համակարգերի սինքրոնացումը բնավ պարտադիր չէ։ Կարելի է կառուցել միջպետական էլեկտրահաղորդման գծեր՝ հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայաններով՝ պահպանելով ազգային էներգահամակարգերի ինքնուրույնությունը։ Հենց այսպիսի մոդել է նախատեսված Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի միացման նախագծով։

Մինչդեռ սինքրոնացումը ենթադրում է հաճախականության համաձայնեցված կարգավորում, կարգավարական ծառայությունների աշխատանքի համակարգում։ Մեծանում են նաև համակարգային վթարների տարածման ռիսկերը։

Կա նաև խնդրի տնտեսական կողմը։ Ադրբեջանն արտադրում է գրեթե երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Հայաստանը՝ ունենալով բնական գազի սեփական պաշարներ։ Համեմատաբար էժան ադրբեջանական էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազմանը, սեփական արտադրական հզորությունների կրճատմանը, նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծային պարամետրերի վերանայմանը։

Ի՞նչ կլինի, եթե տարիներ անց, սեփական արտադրական հզորությունների կրճատման պայմաններում, քաղաքական կամ ռազմական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանը դադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Արդյո՞ք Հայաստանը կունենա բավարար արտադրական և պահուստային հզորություններ՝ էներգահամակարգն ինքնուրույն գործարկելու և ներքին պահանջարկը բավարարելու համար։

Հարցն առավել հրատապ է դառնում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համատեքստում։ 100 ՄՎտ մշտական բեռնվածությամբ տվյալների մշակման կենտրոնի տարեկան սպառումը համարժեք է Հայաստանում ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 9%-ին։ Իսկ Հրազդանի ԱԲ գործարանի հզորությունը 300 ՄՎտ-ի հասցնելու դեպքում, եթե այդ բեռնվածությունը լինի մշտական, խոսքը կլինի արդեն շուրջ 26%-ի մասին։

Ադրբեջանից ներմուծվող էլեկտրաէներգիայի հաշվին այդ պահանջարկը բավարարելու պարագայում էներգետիկ կախվածությունը կտարածվի նաև Հայաստանի թվային ենթակառուցվածքների վրա։

Առանձին խնդիր է տարածաշրջանի էներգահամակարգերի տեխնոլոգիական համատեղելիությունը։ Ադրբեջանը պատմականորեն ընդգրկված է Ռուսաստանի հետ կապված սինքրոն գոտում, իսկ Թուրքիան սինքրոնացված է եվրոպական էներգահամակարգի հետ։ Ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել տարածաշրջանի բոլոր երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը։ Եվ ի՞նչ տեղ է այս համակարգում հատկացվում Իրանին։

Միջպետական էլեկտրացանցային կապերի աշխարհագրության ընդլայնումը, իհարկե, կարող է հիմնավորված լինել։ Սակայն ցանկացած նման նախագիծ գնահատելիս Հայաստանի համար առանցքային պետք է լինի արտաքին մատակարարումների և միջպետական էլեկտրացանցային կապերի խափանման պայմաններում սեփական էներգահամակարգի կենսունակության ապահովումը»։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Jagharian Tania. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/25/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7%d5%aa%d5%a1%d5%b6-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab/

Leave a Reply