Ի՞նչ է նշանակում «Գամբիան ընդդեմ Մյանմայի» գործով Արդարադատության միջազգային

Նոյեմբեր 20, 2026

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է․

«Ի՞նչ է նշանակում «Գամբիան ընդդեմ Մյանմայի» գործով Արդարադատության միջազգային դատարանի աննախադեպ որոշումն Արցախի համար։

2026թ-ի նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Մյանման ցեղասպանություն է իրականացրել ռոհինջա ժողովրդի դեմ։

Վճիռը Արցախի մասին չէ, բայց սահմանում է չափանիշներ, որոնցով, կարծում եմ, պետք է գնահատվեն Ադրբեջանի գործողությունները․

1. «Հակաահաբեկչական» պիտակը արդարացում չէ։ Մյանման էլ իր գործողությունները ներկայացնում էր որպես պայքար զինված խմբավորման դեմ։ Դատարանը մերժեց այդ բացատրությունը, քանի որ դա զինվորին ու խաղաղ բնակչին չէր տարբերակում, իսկ զոհերն ու ավերածությունները շատ էին գերազանցում ռազմական անհրաժեշտությանը։ Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19-ի հարձակումը նույնպես անվանեց «հակաահաբեկչական միջոցառում», իսկ Արցախի պետական ինստիտուտները՝ «ահաբեկչական»։ Պիտակը չի փոխում արարքի էությունը։

2. Պատերազմի փաստը ցեղասպանությունը որևէ կերպ չի կարող քողարկել։ Դատարանը հստակեցրեց, որ զինված հակամարտության համատեքստը, նույնիսկ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխանությունը, չի բացառում ցեղասպանությունը։ Վճռորոշը դրդապատճառը հետևյալն է՝ ոչնչացնել խումբը՝ որպես այդպիսին։ Հետևաբար «սա պատերազմի հետևանք է» արդարացումը հարցը չի փակում։ Պատերազմը համատեքստ է, ոչ թե արդարացում։

3. Ղեկավարի ատելության խոսքը ապացույց է։ Դատարանը նշեց, որ ատելության խոսքն առավել ծանր կշիռ ունի, երբ այն հնչեցնում են բարձրաստիճան պաշտոնյաներ կամ այն կազմակերպում է պետությունը, և հատուկ ընդգծեց քարոզի ու բռնության ժամանակային զուգադիպությունը։ Արցախի դեպքում Ադրբեջանի նախագահի խոսքերը, այդ թվում՝ «շների պես կքշենք» հայտարարությունը, «İti qovan»՝ «շներ քշող» անունով անօդաչուն, դպրոցական դասագրքերը և այլն, դրա վառ ապացույցն են։ Այս ամենը տարիներ շարունակ արձանագրել են ՄԱԿ-ի հանձնաժողովներն ու Եվրոպայի խորհրդի մարմինները, իսկ ՄԱԿ-ի դատարանը դեռ 2021 թ. Ադրբեջանին պարտավորեցրել էր կանխել հայերի դեմ ատելության հրահրումը։ Խոսքը մտադրության հայելին է։

4. Տեղահանումը և վերադարձի ճանապարհը փակելը մտադրության նշաններ են։ Դատարանը նշեց, որ բռնի տեղահանումն ինքնին ցեղասպանություն չէ։ Բայց երբ տները այրվում են, քանդում են, մարդկանց հասկացնում են, որ վերադառնալու տեղ չկա, իսկ դատարկված տարածքը բնակեցվում է այլ բնակչությամբ, դա վկայում է տարածքը խմբից «մաքրելու» մտադրության մասին։ Արցախում իր առավել, քան 3000ամյա հայրենիքը լքեց ողջ հայ բնակչությունը։ ՄԱԿ-ի դատարանը դեռ 2023 թ. նոյեմբերին Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել նրանց անվտանգ վերադարձը։ Երբ ժողովուրդը չի կարող վերադառնալ, տեղահանումը դառնում է վերջնական։

5. Մտադրությունը գնահատվում է ամբողջական համատեքստով։ Դատարանը չպահանջեց գտնել ուղղակի հրաման։ Մտադրությունը կարելի է եզրակացնել բոլոր փաստերի համադրությունից, և այն կարող է գոյակցել այլ նպատակների հետ։ Իսկ եթե պետությունը փակում է տարածքը և չի համագործակցում ՄԱԿ-ի առաքելությունների հետ, դատարանն ավելի լայն է հենվում անուղղակի ապացույցների վրա։ Արցախի դեպքում ամբողջական պատկերն է՝ իննամսյա շրջափակում առանց սննդի ու դեղորոյքի, ռազմական հարձակում, ողջ բնակչության հեռացում, ղեկավարության ձերբակալում, հուշարձանների ոչնչացում։ Առանձին դրվագները հատվածներ են, միասին՝ դրանք քաղաքականություն են։

6. Գործը կարող է հարուցել ցանկացած պետություն։ Գամբիան Մյանմայից հազարավոր կիլոմետր հեռու է և անմիջական տուժող չէր։ Գամբիան դիմեց դատարան՝ որպես Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից, և գործին միացան ևս 11 պետություն։ Սա նշանակում է, որ Արցախի հարցը կարող է դատարան ներկայացնել Կոնվենցիայի ցանկացած մասնակից, ոչ միայն Հայաստանը։ Ցեղասպանությունը երկկողմ վեճ չէ, այլ հանցագործություն ողջ մարդկության դեմ։

7. Արդարադատությունը նշանակում է վերադարձ և հատուցում։ Դատարանը պարտավորեցրեց Մյանմային ապահովել ռոհինջաների անվտանգ, կամավոր ու արժանապատվությամբ վերադարձը, գույքի վերադարձը, անհայտ կորածների որոնումը, տուժածների վերականգնումը, խտրականությունից պաշտպանությունը և փոխհատուցումը, ընդ որում՝ ոչ միայն անհատներին, այլ ողջ խմբին։ Մյանմարը պարտավոր է նաև քննել ու պատժել մեղավորներին։ Արցախցիների համար օրակարգն նույնն է՝ վերադարձ, գույք, անհայտ կորածներ, գերիների ազատում։ Ճանաչումն առանց վերադարձի կիսատ արդարություն է։

Հ․Գ․Անպատժելի ցեղասպանությունը կրկնվում է։

Այս որոշումը ևս ցույց է տալիս, որ արդարադատությունը ուշանում է, բայց հնարավոր է։

Արցախի հայության պարագայում ևս՝ արդարադատություն ոչ միայն հնարավոր է, այլև՝ ՊԱՐՏԱԴԻՐ>։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Vorskanian Yeghisabet. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/21/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6/

Leave a Reply