Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպում․ միջուկային տերությունների երկխոսութ

Նոյեմբեր 19, 2026

Աշխարհի երեք խոշորագույն միջուկային տերությունների ղեկավարները մեկ սեղանի շուրջ քննարկեցին համաշխարհային անվտանգության ապագան։ Նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը։

Բանակցությունների առանցքում միջուկային սպառազինությունների վերահսկողությունը, Ուկրաինայի և Իրանի շուրջ պատերազմական իրավիճակները, էներգետիկ անվտանգությունն ու միջազգային հարաբերությունների հետագա զարգացումն էին։ Հանդիպումը տեղի ունեցավ միջազգային լարվածության խորացման և համաշխարհային ուժային կենտրոնների միջև մրցակցության սրման պայմաններում։

Դրա նշանակությունը պայմանավորված էր ոչ միայն երեք պետությունների ռազմական և տնտեսական ներուժով, այլև այն հանգամանքով, որ նրանց միջև երկխոսության ցանկացած առաջընթաց կարող է ազդեցություն ունենալ միջազգային անվտանգության ամբողջ համակարգի վրա։

Առաջնորդների այցը Չինաստան կապված էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի հետ, որի շրջանակում Շենժենում հավաքվեցին 21 անդամ երկրների ներկայացուցիչները։ Սակայն, ինչպես և կարելի էր ակնկալել,  տնտեսական օրակարգը  ստվերվեց երեք միջուկային գերտերությունների ղեկավարների հանդիպմամբ։ Եռակողմ բանակցությունների գաղափարը հատկապես առաջ էր մղում Դոնալդ Թրամփը՝ այն դիտարկելով որպես միջուկային զինանոցների կրճատման և միջազգային հակամարտությունների կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորություն։

Կարդացեք նաև

  • Խաղաղությունն Ալիևի նման կոմպլեքսավորված ճիճուից թուղթ մուրալը չէ. Տիգրան Թորոսյան
  • Աուո՜ւ… կեղծ արևմտամետնե՛ր… Լա՞վ եք… Գրպանային ընդդիմություն են սարքում՝ Աննա Հակոբյանով… մեկ էլ  հո՜պ, կհայտնվի Տիգրան Ավինյանը. Անուշ Սեդրակյան
  • Մեդվեդևի հայտարարությունը՝ Փաշինյանի մոսկովյան այցերի շեմին. Երևանի և Մոսկվայի միջև անվստահությունը խորանո՞ւմ է

Չինաստանի արտգործնախարարությունը նոյեմբերի 16-ին պաշտոնապես հաստատեց հանդիպման անցկացումը՝ նշելով, որ առաջնորդները մտադիր են քննարկել համաշխարհային խաղաղության պահպանման և խոշոր տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության ամրապնդման հարցերը։ Սպիտակ տունն ու Կրեմլը նույնպես հաստատեցին եռակողմ հանդիպման կազմակերպումը։

Պեկինի համար սա հնարավորություն էր՝ ամրապնդելու Չինաստանի դերը՝ որպես համաշխարհային քաղաքականության կենտրոն և միջազգային անվտանգության հարցերում բանակցությունների կարևոր հարթակ։

Եռակողմ բանակցություններին նախորդեցին առաջնորդների երկկողմ շփումները։ Պուտինն ու Սի Ծինփինը նոյեմբերի 18-ին առանձին հանդիպում անցկացրին՝ քննարկելով ռուս-չինական ռազմավարական գործընկերությունն ու միջազգային օրակարգը։ Նոյեմբերի 19-ին Թրամփը նախ հանդիպեց Պուտինին, ապա՝ Սի Ծինփինին։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների շուրջ 40 րոպե տևած զրույցի հիմնական թեման Ուկրաինայի պատերազմն էր։

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի հաղորդմամբ՝ հանդիպումն ուներ նաև նախապատրաստական նշանակություն՝ հետագա եռակողմ բանակցությունների համատեքստում։

Պուտինը, ըստ ռուսական կողմի, հանդիպումից հեռացավ գերազանց տրամադրությամբ։ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև Հորմուզի նեղուցով անխափանությունն ու Իրանի միջուկային ծրագրի հարցերը։

Բուն եռակողմ հանդիպումը կայացավ Շենժենի «Քիլին Վիլլա» պետական նստավայրում և տևեց շուրջ 80 րոպե։ Հանդիպման բաց հատվածում Թրամփն ընդգծեց, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջուկային զինանոցների կրճատման և դրանց կիրառման ռիսկերի նվազեցման հարցում։ Սի Ծինփինը հայտարարեց, որ խոշոր տերությունների համագործակցությունը նպաստում է համաշխարհային խաղաղությանը, մինչդեռ նրանց առճակատումը կարող է հանգեցնել անկայունության։

Պուտինն իր հերթին՝ առաջարկեց քննարկել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական կապերը, պարենային ու էներգետիկ անվտանգությունը։ Բանակցությունների օրակարգում տեղ գտան նաև Ուկրաինայի պատերազմը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, միջուկային զենքի տարածման կանխարգելումը և միջազգային անվտանգության համակարգի ապագան։ Հայտարարություններից հետո բանակցությունները շարունակվեցին փակ դռների հետևում։

Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է խաղաղության մասին համատեղ հռչակագիր։ Դրանում ամրագրված են մի քանի հիմնական սկզբունքներ․

  • Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը հայտնել են ՄԱԿ-ի բարեփոխմանն իրենց հանձնառությունը, որպեսզի կազմակերպությունը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և կատարել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման իր հիմնարար առաքելությունը։
  • Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթամթերքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք նաև հաստատել են էներգակիրների կայուն մատակարարումների կարևորությունը։
  • Երեք պետությունների ղեկավարները նշել են, որ պետությունների համաձայնության սկզբունքն ու պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։ Նրանք համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանն ու նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
  • Առաջնորդները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն են վարելու միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխման շուրջ։

Միջազգային մամուլի գնահատականներում հանդիպման խորհրդանշական նշանակությունը հիմնականում առանձնացվում է դրա գործնական արդյունքներից։

Reuters-ը, հղում անելով փորձագետներին, նշում է, որ Ուկրաինայի, Իրանի, միջուկային սպառազինությունների և առևտրի հարցերում խոր տարաձայնությունների պատճառով էական համաձայնությունների հավանականությունը մեծ չէր։

AP-ն հանդիպումը բնութագրում է որպես պատմական շրջադարձի հնարավորություն, որը կարող է վերածվել նաև ընդամենը խորհրդանշական դիվանագիտական իրադարձության։ Իսպանական El País-ը, իր հերթին, ուշադրություն է հրավիրում Չինաստանի դիվանագիտական հաջողության վրա՝ ընդգծելով, որ Սի Ծինփինին հաջողվել է մեկ հարթակում հավաքել Վաշինգտոնի և Մոսկվայի ղեկավարներին՝ դրանով իսկ ցուցադրելով Պեկինի աճող միջազգային ազդեցությունը։

Միաժամանակ միջազգային մամուլում մտահոգություն կա, որ երեք մեծ տերությունների միջև հնարավոր պայմանավորվածությունների քննարկումից դուրս կարող են մնալ փոքր պետությունների շահերը։ Այսպիսով, հանդիպման գնահատականներում գերակշռում է այն մոտեցումը, որ դրա նշանակությունը նախևառաջ երկխոսության նոր հարթակ ստեղծելն է, ոչ թե առկա հակասությունների վերացումը։

Այնուամենայնիվ, երեք միջուկային տերությունների ղեկավարները, չնայած միմյանց հետ ունեցած լուրջ հակասություններին, պատրաստակամություն ցուցաբերեցին ուղիղ երկխոսություն ծավալել և որոշակի կարմիր գծեր վերահաստատել։ Սակայն սա դեռևս չի նշանակում, որ ձևավորվել է նոր աշխարհաքաղաքական համաձայնություն։ Թրամփի համար հանդիպումը հնարավորություն էր՝ ցուցադրելու, որ կարող է բանակցել միաժամանակ Մոսկվայի և Պեկինի հետ ու միջազգային ասպարեզում հանդես գալ որպես հակամարտությունների կարգավորման նախաձեռնող։

Պուտինի համար կարևոր էր Ռուսաստանի միջազգային դերակատարության վերահաստատումն ու Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսության պահպանումը, իսկ Սի Ծինփինի համար՝ Չինաստանի դիրքերի ամրապնդումը՝ որպես համաշխարհային ուժային կենտրոն։ Միևնույն ժամանակ միջուկային զինաթափման հարցում կողմերի շահերը տարբեր են․ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցները զգալիորեն գերազանցում են Չինաստանի զինանոցը, ինչի պատճառով Պեկինը մինչ այժմ խուսափում է հավասար պայմաններով սպառազինությունների սահմանափակման բանակցություններից։

Հետևաբար, հանդիպումն, ըստ միջազգայնագետների,  կարելի է համարել դիվանագիտական հաջողություն, բայց ոչ լուրջ հակասությունների հաղթահարում։

Իրանի և Ուկրաինայի ուղղություններով հետագա զարգացումները կարող են դառնալ երեք երկրների երկխոսության արդյունավետության առաջին փորձությունը։ Իրանի հարցում Վաշինգտոնի, Մոսկվայի և Պեկինի շահերը որոշակի առումով համընկնում են․ երեք երկրներից ոչ մեկին ձեռնտու չէ Մերձավոր Արևելքում անկառավարելի լարումը, հատկապես Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով։ Չինաստանի համար կարևոր է էներգակիրների անխափան մատակարարումը, Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցության պահպանմամբ, իսկ ԱՄՆ-ը փորձում է կանխել Իրանի միջուկային ներուժի կիրառման հնարավորությունը։

Սակայն այս ընդհանրությունները դեռևս բավարար չեն Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա հակասությունները հաղթահարելու համար։ Ուկրաինայի հարցում ևս արագ հանգուցալուծման ակնկալիքները չափազանցված են։

Թրամփի և Պուտինի երկխոսությունը կարող է աշխուժացնել բանակցային գործընթացը, իսկ Չինաստանը կարող է որոշակի դեր ունենալ դրա առաջմղման գործում։ Այնուամենայնիվ առանց Կիևի և եվրոպական երկրների մասնակցության՝ որևէ պայմանավորվածություն դժվար թե ապահովի երկարաժամկետ խաղաղություն։ Հատկանշական է նաև, որ Չինաստանը Ուկրաինայի հակամարտությունը դիտարկում է որպես եվրոպական անվտանգության խնդիր, ինչը սահմանափակում է Պեկինի դերն ու ազդեցությունն այս հարցում։

Հարավային Կովկասի համար երեք գերտերությունների հանդիպումն ունի առանձին նշանակություն։ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսության աշխուժացումը, նոր համաձայնություններն էական են նաև Հարավային Կովկասի ու Հայաստանի համար, որտեղ ՌԴ-ն և այլ կենտրոններ գուցե սկսեն այլ կերպ դիրքավորվել ու որոշակիորեն փոխել ներկայումս հաստատված ստատուս-քվոն։  Այս համատեքստում ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության ապագան քննարկելու համար  Ռուսաստան է մեկնելու հենց այս բանակցություններից հետո։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Tatoyan Vazgen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83-%d5%bd%d5%ab-%d5%ae%d5%ab%d5%b6%d6%83%d5%ab%d5%b6-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba/

Leave a Reply