Նոյեմբեր 19, 2026
Հոկտեմբերի 29-30-ն Անկարայում տեղի ունեցավ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) հերթական՝ XXIII գագաթնաժողովը՝ «Թյուրքական դարաշրջան. միասնություն լեզվով, մտքով և գործով» խորագրով։ Գագաթնաժողովի գլխավոր ինտրիգն ու տարբերակիչ առանձնահատկությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունն էր։ Թուրքիա մեկնելուց հրաժարվելու և միջոցառմանը չմասնակցելու պաշտոնական պատճառ նշվեց նրա աշխատանքային խիտ գրաֆիկը, այդ թվում՝ մարզիկների պարգևատրման արարողությունը։
Ինչպես 2025 թվականին, երբ Ալիևը չէր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, այս անգամ ևս Բաքուն ոչ երկիմաստ դիվանագիտական ազդանշան հղեց՝ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում վերջին առնվազն երկու ամիսներին նկատվող «հույզերի ճգնաժամի» համատեքստում։ Իրավիճակը հարթելու համար բավարար չեղավ նաև Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի հրաժարականը, որը քննադատել էր Ադրբեջանի պետական ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու արգելքը։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի 31 քաղաքացի ներառվել է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) ցուցակում՝ սոցիալական ցանցերում Բաքվի հասցեին հնչեցրած քննադատական հրապարակումների պատճառով։ Ալիևի հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում թուրք-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում։
Նրա խոսքով՝ թեև երկրները կարող են բոլոր հարցերում համակարծիք չլինել, այնուամենայնիվ, ի վիճակի են քաղաքակիրթ ձևով «նստել և քննարկել սեփական խնդիրները», ինչպես վայել է նման սերտ դաշնակիցներին։
Թեև առանց Թուրքիայի անունն ուղղակիորեն հիշատակելու՝ Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ խստորեն զգուշացնում են մոտ և հեռավոր հարևաններին՝ զերծ մնալ երկրի ներքին գործերին միջամտելուց։ Միևնույն ժամանակ, երկկողմ կապերի որևէ, անգամ ժամանակավոր սառեցման մասին խոսք լինել չի կարող։ Պետության ղեկավարի փոխարեն՝ Անկարա էր մեկնել արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որը նախագահությունն Ադրբեջանից փոխանցեց Թուրքիային։
Նա վերահաստատեց Ադրբեջանի հավատարմությունը «թյուրքական ինտեգրմանը» և համագործակցության համատեղ մեխանիզմները զարգացնելու պատրաստակամությունը։ Դա միանգամայն տրամաբանական է, քանի որ երկու երկրներն այնքան սերտորեն են կապված քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, որ դժվար թե դիմեն որևէ իսկապես կտրուկ քայլի։
Ոչ պակաս խոսուն էր նաև Հանրապետության տոնի առթիվ Իլհամ Ալիևի՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հղած շնորհավորանքը, որն ուղեկցվում էր Թուրքիայի ժողովրդին ուղղված ջերմ մաղթանքներով։ «Թյուրքական աշխարհի ընտանեկան շրջապատում տեղ չկա պառակտման, տարանջատման կամ հակամարտությունների համար։ Մենք միասնական ենք, մենք միասին ենք և, Աստված տա, եղբայրներ կմնանք մինչև դարերի վերջ»,- հավաստիացրել էր թուրք առաջնորդը՝ ուղղակիորեն չհիշատակելով Ադրբեջանը։
Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով՝ գագաթնաժողովի մասնակիցները ստորագրեցին համանուն հռչակագիրը և աջակցեցին ԹՊԿ-ի 2027-2031 թվականների նոր ռազմավարության մշակմանը։ Այն կոչված է դառնալու «Թյուրքական աշխարհի տեսլական-2040» հայեցակարգի իրականացման հաջորդ փուլը, ինչպես նաև արտացոլելու թյուրքական պետությունների միջև ռազմավարական գործընկերության, հավերժական բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի մշակման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
Բացի մշակութային և լեզվական ընդհանրություններից՝ աստիճանաբար ձևավորվում է նաև ավելի սերտ ինտեգրման առևտրատնտեսական հիմքը։ 2002-2025 թվականներին ԹՊԿ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն աճել է գրեթե 20 անգամ՝ 871 միլիոնից հասնելով շուրջ 17 միլիարդ դոլարի։
Սակայն Բաքվում, և ոչ միայն այնտեղ, հազիվ թե պատրաստ լինեն Թուրքիային զիջելու գաղափարական առաջնորդության դերը, հատկապես՝ սոցիալ-տնտեսական խնդիրների, հասարակական-քաղաքական պառակտման խորացման և մի շարք աղմկահարույց սկանդալների պայմաններում, որոնց թվում են նաև մի քանի ներդրումային հիմնադրամների վերջին փլուզումները։ Գագաթնաժողովի մասնակիցների ելույթները ոչ միշտ էին վկայում նրանց առաջնահերթությունների լիակատար համընկնման մասին։
Իր հերթին՝ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի ղեկավարը կարևորեց թյուրքական համերաշխությունը կոնկրետ ձեռքբերումների վերածելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով ամրապնդել համագործակցությունը կիբեռանվտանգության, արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների և թվային առևտրի ոլորտներում։
Բացի այդ, Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկեց մշակել թվային առևտրի միասնական հարթակ և թյուրքական միասնական մեծ լեզվական մոդել, որը կընդգրկի օղուզական, կիպչակյան և կարլուկյան լեզվախմբերը։ Հատուկ ընդգծելով «Միջին միջանցքի» ռազմավարական նշանակությունը՝ Թուրքիայի առաջնորդը հանդես եկավ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման օգտին։
Իր թուրք գործընկերոջ նման՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը ևս անդրադարձավ «Միջին միջանցքի» նշանակությանը և կոչ արեց ակտիվացնել թյուրքական քաղաքակրթության ընդհանուր ժառանգության պահպանմանն ուղղված աշխատանքները։ Ի տարբերություն միավորման որոշ այլ մասնակիցների՝ Աստանայում կարծում են, որ ԹՊԿ-ն չպետք է վերածվի ռազմական դաշինքի։
Ղազախստանի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանին «ԹՊԿ+» ձևաչափին մասնակցելու հրավիրելը կամ դիտորդի կարգավիճակով ներգրավելը թույլ կտար ամրապնդել կազմակերպության միջազգային դիրքերն ու հեղինակությունը։ «Որքանով ես եմ հասկանում, որևէ պաշտոնական հրավեր չի եղել։ Այդուհանդերձ, անշուշտ, այս թեման հավանաբար կհայտնվի մեր շփումների օրակարգում, այդ թվում՝ Աստանայի և Աստանայից մեր ընկերների հետ»,- այս կապակցությամբ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի մասնակցությունը նման կազմակերպության աշխատանքներին լիովին հասկանալի, նպատակահարմար և բնական կլիներ։ Հավանաբար, այս հարցը հետագայում ևս զարգացում կունենա։
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն իր ելույթում ընդգծեց թյուրքական երկրների տնտեսական ներուժը և կոչ արեց խորացնել համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, կապի և այլ ռազմավարական ոլորտներում։
Միջոցառման մյուս մասնակիցների նման՝ նա նույնպես կարևորեց «Միջին միջանցքի» նշանակությունը և հայտարարեց Կասպից ծովում գտնվող Թուրքմենբաշի նավահանգստի ենթակառուցվածքները համատեղ տարածաշրջանային լոգիստիկ նախաձեռնությունների իրականացմանը տրամադրելու պատրաստակամության մասին։ Բերդիմուհամեդովն անդրադարձավ նաև ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման, երիտասարդ սերնդին աջակցելու, կլիմայի փոփոխության խնդիրների լուծման և ԹՊԿ-ի ու Միավորված ազգերի կազմակերպության միջև համագործակցության ամրապնդման կարևորությանը։
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը բարձր գնահատեց Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիայի միջազգային հեղինակության ամրապնդումը՝ ընդգծելով երկրի քաղաքական, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական ձեռքբերումները։ Նա կարևորեց նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդումը, մասնավորապես՝ կառուցվող Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղին «Միջին միջանցքի» հետ կապելու անհրաժեշտությունը։
ԹՊԿ-ի գլխավոր քարտուղար է դարձել Ուզբեկստանի արտաքին գործերի փոխնախարար Միրվոհիդ Ազիմովը, որը մի քանի տարի աշխատել է Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունում։ Հաջորդ բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի կունենա 2027 թվականին՝ Տաշքենդում։
Հոկտեմբերի 30-31-ը Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության հովանու ներքո Անկարայում տեղի ունեցավ նաև «Թյուրքական աշխարհի երկխոսություն» միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների ավելի քան հարյուր ներկայացուցիչներ։ Հավանաբար, Ռուսաստանի և Եվրասիայի՝ թյուրքական ժողովուրդներով բնակեցված այլ պետությունների՝ դիտորդի կարգավիճակով հնարավոր ներգրավումը նման միջոցառումների օրակարգը կդարձնի ավելի հագեցած ու բազմազան։ Հազիվ թե պատահական լինի, որ որոշ դիտորդներ նկատում են ԹՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի օրակարգերը համադրելու միտումը։
Անդրեյ Արեշև
infoshos.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Markos Nalchajian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%e2%80%a4-%d5%a1%d5%ad%d5%b8%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b3%d5%b8%d6%82/