«Վզին դրել են»՝ շուտով Կիրանց-Ոսկեպար ճանապարհի և Ազատամուտի հարակից հատվածնե

Նոյեմբեր 16, 2026

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շարունակում է պնդել՝ 2024թ. Տավուշում՝ Կիրանց գյուղում տեղի ունեցածը ոչ թե սահմանազատում ու սահմանագծում էր, այլ ՀՀ իշխանության հերթական զիջումն Ադրբեջանին։ Ավելին, անցնող տարիները ցույց են տվել, որ իշխանությունը հերթական անգամ խաբել ու մոլորության մեջ է գցել ժողովրդին։ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ գործընթացների արդյունքում թշնամին Ջերմուկի ու այլ հատվածներում օկուպացված տարածքներից դուրս կգա, բայց դուրս չի եկել։

«Այն, ինչ կատարվել է Կիրանցում, ցավոք, դեռ վերջին զիջումները չեն, որ արվելու են իշխանության կողմից։ Այնտեղ կա մեկ հատված՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածն է, և մեր ունեցած որոշակի ինֆորմացիայով՝ այդ հատվածն էլ են տալու Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ ասել է, որ Վերին Ոսկեպարի հատվածից էլ է զիջումներ անելու, Ազատամուտի հարակից հատվածներից։

Այսօր Երևանի վարչական տարածքի չափ տարածք Ջերմուկում օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Տարբեր հատվածներում թշնամին մխրճվել է մեր տարածքներում և  դուրս գալու որևէ ծրագիր չունի, հակառակը՝ ամրաշինական աշխատանքներ է կատարում՝ դրանով փաստելով, որ այս տարածքներից դուրս գալու ո՛չ նպատակ ունի, ո՛չ էլ ցանկություն։ Դրանով թքում է այս իշխանությունների երեսին՝ ասելով՝ այն, ինչ նրանք ասում են, թե սահմանազատում են անում, ոչ մի սահմանազատում էլ չի լինում։ Միլիարդավոր մանաթի գործ են անում, այդ ամենը կառուցում են նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը գնա կարմիր լենտը կտրի՞։ Նիկոլ Փաշինյանի նոր խոսույթն անոնսավորում է նոր տարածքների զիջում»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Գառնիկ Դանիելյանը։

Կարդացեք նաև

  • Եթե Ալիևի պահանջը կատարվի, մեզ սպասվում են նոր պահանջներ. վաղը կարող են պահանջել մեր տարածքների անունները փոխել. Միքայել Մալխասյան
  • «Մանվել Գրիգորյանի նախկին օգնականներն այսօր իրենց հետ են. երկրում իշխանափոխություն լինի, մեծաբերանները կդառնան «կուռկուռի ձագ»». Մեսրոպ Մանուկյան
  • Ալե՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել… Արմեն Գրիգորյանի տերերը Նիկոլի տերերն էլ են. պետք եղավ, Նիկոլին կհանեն՝ իրեն կդնեն. Գագիկ Համբարյան

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այս ամենի համատեքստում Տավուշում մեր տրամաբանող հայրենակիցները մտածում են, որ իրենց անվտանգությունը զրոյացվում է, հատկապես, եթե Ոսկեպարի վերը նշված հատվածն էլ զիջեն թշնամուն, սա նշանակում է, որ գյուղն ամբողջությամբ հայտնվում է շրջափակման մեջ։ Այդ պայմաններում այնտեղ կենսական որևէ գործունեություն ծավալելը դառնալու է հրաշքի նման մի բան, և վերջնարդյունքում լինելու է արտագաղթ։

Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց Գորիս-Կապան ճանապարհի զիջումը և հռետորական հարց հնչեցրեց՝ արդյո՞ք այդ ճանապարհը թշնամու հսկողության տակ հայտնվեց սահմանազատման ու սահմանագծման արդյունքում։ Իհարկե, ո՛չ, մեկ գիշերվա մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան որոշեցին, որ այն այլևս հայկական տարածք չէ, և զիջեցին։ Նույնը տեղի ունեցավ նաև Կիրանցում։

«Լկտիաբար ստում են մեր հայրենակիցներին. ասում էին՝ Կիրանցի տարածքից տանք, որ Բերքաբերի տարածքից ստանանք։ Ո՞ւր է, Բերքաբերի տարածքից բան ստացե՞լ են, սա ֆարս էր, ոչ թե սահմանազատում ու սահմանագծում։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ժամանակավոր հրադադար է՝ ո՛չ այդ մի քանի մետրանոց պատն է փրկելու, ո՛չ էլ փշալարը։ Եթե Ադրբեջանը որոշի հարձակվել Հայաստանի վրա, իր համար ձեռնտու է, քանի որ ունի էշելոնացված պաշտպանական համակարգ, ունի ականապատված տարածք, բուֆերային համակարգ, զարգացնում է եռաշերտ պաշտպանական համակարգ։ Իսկ մեզ մոտ խոսակցություն կա, որ այնպես անեն, մարտական դիրքում զինվորներին փամփուշտներ չտան՝ բանակում դժբախտ դեպքերը կանխելու համար։ Այսինքն՝ մարդը պետք է պաշտպանի տարածք՝ առանց փամփուշտի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Մեր զրուցակիցն իրատեսական չի համարում Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ ասելով, թե Ալիևը շարունակում է խոսել այն մասին, որ այն, ինչ Ադրբեջանը ստացել է պատերազմի արդյունքում, դեռ ամենը չէ, ինչ ուզում են Հայաստանից։ Ալիևը նաև խոսում է այն մասին, որ այլևս մեքենաներով են մտնելու Հայաստան։

«Սրանից խաղաղության հո՞տ է գալիս, կամ որտեղի՞ց է գերագույն գլխավոր տգետն այդ խաղաղությունը տեսել։ Այսօր Արցախում էլ է խաղաղություն, բայց հայ չկա, Ալիևի պատկերած խաղաղությունը հենց այս կոնցեպտի մեջ է։ Եթե այս ամենը մեր իշխանությունը տեսնում է, ուրեմն իրենք կա՛մ վերջացած տգետներ ու տականքներ են և չեն հասկանում, թե ինչ են անում, կա՛մ լավ էլ հասկանալով, համագործակցելով՝ երկիրը տանում են կազմաքանդման»,- շեշտեց նա։

Խոսելով Փաշինյանի կողմից Ալիևի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու խնդրից՝ Գառնիկ Դանիելյանը նշեց՝ սա հայ ժողովրդի արժանապատվության հարցն է, Սահմանադրությունը երկրի ծննդականն է։ Ցեղասպան երկրի պահանջով փոխում են այդ ծննդականը, սա նույնն է, որ թշնամին ստիպի փոխել հայրանունը, անունը, ազգանունը։

«Ամեն անգամ մահակը վերցրած՝ խփում են, և Նիկոլ Փաշինյանի «վզին դրել» են, որ արագի մեջ պետք է Սահմանադրությունը փոխի։ Եթե սա մեր ժողովուրդը պետք է կուլ տա, ուրեմն վերջացած ենք, ուրեմն խոսելու բան չկա։

Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցներն իմանան, թե «շան գլուխը» որտեղ է թաղված. անհատապես մարդկանց հետ խոսելը կարևոր է։ Կան մարդիկ, որոնք այս իշխանություններին քվե են տվել, բայց նրանց այս օրակարգին դեմ են։

Նիկոլ Փաշինյանը «ցուգցվանգի» մեջ է, նա երկու տարբերակ ունի՝ կա՛մ զբաղվի «անասնագողությամբ»՝ չեմ կարծում, որ սա իրեն կհաջողվի, կա՛մ էլ ճնշումներ գործադրի, բանտերում նստեցնի, հալածի, բայց էլի չի հաջողելու, կամ էլ պետք է գնա արտահերթ ընտրությունների, որը կրկին իր համար վտանգավոր է, որը կարող է լինել վերջնական ու ճակատագրական»,- նշեց նախկին պատգամավորը։

Նա հույս հայտնեց, որ ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացը կշարունակվի նաև առաջիկայում, ի վերջո կգերակայի միասնության, մեկտեղվելու գաղափարը՝ առանց միմյանց նախանձելու, մեկը մյուսի «բոստանը քար գցելու»։ Եթե այս իրավիճակում ցանկություն կա հաջողության հասնելու, ապա պետք է միաբանված լինեն՝ այլընտրանք գոյություն չունի։

«Կարծում եմ՝ մեզ առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվելու։ Նիկոլ Փաշինյանն անձի երկվություն ունի, կարող է առավոտյան մի բան ասել, կեսօրին՝ մեկ այլ բան։ Նույն կրքոտ հետևողականությամբ պաշտպանում էր այն թեզը, թե առանց միջնորդների հնարավոր է պատերազմ լինի, հիմա հակառակն է ասում։ Եթե այսօր տարբեր քաղաքական գաղափարներ ունեցող ուժերը միավորվել են, սա նշանակում է, որ երկրի վիճակն իսկապես ծանր է։ Պետք է կարողանանք մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենցից շատ բան է կախված։ Իհարկե, ընդդիմությունն էլ ունի բացթողումներ, դրա արդյունքում է, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն իշխանության է։ Նիկոլ Փաշինյանը որքան տեսնում է, որ ընդդիմությունը ճիշտ «մեխին է խփում», այնքան «ծիկերի» մեջ է ընկնում և սխալներ գործում։ Հիմա ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է, Նիկոլ Փաշինյանի թիմում ճաքեր են լինելու, ինչպես հիմա է լինում։

Ճիշտ կազմակերպվելու դեպքում մենք հնարավորություն ենք ունենալու հաջողություն արձանագրելու։ Հակառակ դեպքում, եթե հիասթափություն լինի, ապա այն մեր հասարակության համար ճակատագրական է լինելու»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Nahapetian Zhanna. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/17/%d5%be%d5%a6%d5%ab%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6%d5%9d-%d5%b7%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d5%be-%d5%af%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d5%bd%d5%af%d5%a5%d5%ba%d5%a1%d6%80/

Leave a Reply