Նոյեմբեր 16, 2026
Նոյեմբերի 11-ին Անթալիայում կայացած Փաշինյան-Էրդողան հանդիպումից 5 օր անց սկսվեց իրագործվել մի քանի տարի առաջ ձեռք բերված հայ-թուրքական պայմանավորվածությունը: Թուրքական «HavaSosyalMedya» և «Aeroportist» ոլորտային հարթակները հաղորդում են, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության բեռնափոխադրումների ծառայությունը՝ «Turkish Cargo»-ն, նոյեմբերի 15-ին իրականացրել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը։
Նշվում է, որ տարածաշրջանային ղեկավարության և օպերացիոն թիմի համակարգմամբ իրականացված չվերթը նպատակ ունի երկու երկրների միջև ապահովել արդյունավետ և հուսալի բեռնափոխադրումներ՝ միաժամանակ ընդլայնելով ընկերության գլոբալ լոգիստիկ ցանցը։
2026 թվականի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր ուղևորատար չվերթեր է իրականացնում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով։ Հայաստանն ու Թուրքիան 2021-ի վերջին վերսկսել են հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացը, այս ընթացքում, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին՝ երկու երկրների ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ։ 2022-ին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը մինչև օրս կյանքի չի կոչվել։
Հիշեցնենք, ոչ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: «Այդ առումով կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին»,- ասված էր հաղորդագրությունում:
Այսօր ուժի մեջ մտած նախկին պայմանավորվածության իրագործումն ինքնին մի շարք հարցեր է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունավետության և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրական արժեքի վերաբերյալ։ Փաստացի 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի է կոչվում ոչ թե բանակցային գործընթացի բնականոն շարունակության, այլ երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումից հետո։
Սա նշանակում է, որ պայմանավորվածությունները տարիներ շարունակ մնում են չիրագործված, իսկ դրանց կատարման համար անհրաժեշտ քաղաքական կամքն այդպես էլ չի դրսևորվել։ Ստացվում է՝ պայմանավորվածությունների առկայությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ կողմերը պատրաստ են դրանք կյանքի կոչել։
Ավելին, եթե 2022 թվականին ձեռք բերված համաձայնության իրականացումը հնարավոր է դառնում միայն 2026 թվականին՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից օրեր անց, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդքան երկար ժամանակ պահանջվեց դրա համար, և ի՞նչ արդյունք է տվել այս ընթացքում ընթացող բանակցային գործընթացը։
Չէ՞ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր կողմերը պարբերաբար հայտարարել են երկխոսության, փոխըմբռնման և կոնկրետ պայմանավորվածությունների մասին, սակայն դրանց մեծ մասը կա՛մ մնացել է թղթի վրա, կա՛մ իրականացվել է մասնակիորեն։ Ըստ էության անհնար է խոսել բանակցությունների արդյունավետության մասին, երբ տարիներ առաջ ձեռք բերված նույնիսկ սահմանափակ պայմանավորվածությունները չեն դառնում հարաբերությունների բնականոն զարգացման հիմք։
Ստեղծվում է տպավորություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները փաստացի պահվում են չիրագործված վիճակում և ակտիվացվում միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում հայ-թուրքական գործընթացում առաջընթացի տպավորություն ստեղծել: Հատկանշականն այն է, որ բարձրաստիճան հանդիպումներից հետո գործարկվում են ոչ թե բովանդակային նոր պայմանավորվածություններ, այլ պարզապես կյանքի են կոչվում տարիներ առաջ ստանձնած պարտավորությունների առանձին դրույթներ։
Մինչդեռ նման քայլերը դժվար է ներկայացնել որպես նոր առաջընթաց, քանի որ խոսքը բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված նախկին համաձայնությունների ուշացած իրագործման մասին է։
Ուշագրավ է նաև այն, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայ-թուրքական ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ, իսկ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը բացելու՝ դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակում է չիրագործված մնալ։
Այսպիսով, չնայած հանդիպումներին, հայտարարություններին և առանձին ոլորտներում արձանագրվող քայլերին՝ հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերում էական տեղաշարժ չկա։ Ավելին՝ ստեղծված իրավիճակը վկայում է, որ գործընթացը դեռևս չի վերածվել փոխադարձ պարտավորությունների հետևողական իրականացման մեխանիզմի, և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակում են կախված մնալ քաղաքական պահի նպատակահարմարությունից։
Այս իրավիճակը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան մեծ է պաշտոնական խաղաղության հռետորաբանության և տարածաշրջանում իրական գործընթացների միջև եղած անջրպետը։ Երբ տարիներ առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն անգամ չեն իրագործվում առանց հերթական բարձրաստիճան հանդիպումների, իսկ հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերը մնում են չլուծված, դժվար է խոսել խաղաղության բնականոն, հետևողական և ինստիտուցիոնալ զարգացման օրակարգի մասին։
Փաստացի, խաղաղության մասին հայտարարություններն ու գործընթացի առաջընթացի վերաբերյալ քաղաքական գնահատականները չեն վերածվել իրական բովանդակության, քանի որ ՀՀ-ն չի իրականացրել սահմանադրական փոփոխություններ ու չի ստորագրվել հայ-ադրբեջանական փաստաթուղթը, իսկ առանձին, ուշացած քայլերը չեն կարող փոխարինել հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու փոխադարձ պարտավորությունների կատարմանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Nanijanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/17/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81/