Թումանյանի ձեռագիրը, Փարաջանովի կորած լուսանկարը, Խաչվանքյանի գլխարկն ու 4 մի

Նոյեմբեր 15, 2026

168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, կրիպտոոլորտի փորձագետ, կոլեկցիոներ Հրաչյա Դանիելյանն է։

– Արտաքուստ ապրում եք տնտեսագիտության չոր աշխարհում։ Ինչպե՞ս ստացվեց, որ համատեղեցիք տնտեսագիտության չորությունն ու մշակույթի հուզականությունը՝ սկսելով զբաղվել հայտնի մարդկանց իրերի հայտնաբերմամբ և գնմամբ։

– Տնտեսագիտությունն ինչո՞ւ եք այդպես բնութագրում, գիտե՞ք՝ ինչքան փափուկ բաներ կան այնտեղ։ Փափուկ բաներից մեկն այն է, որ ոլորտն արագ զարգանում է, այդ թվում և կոնկրետ՝ կրիպտոոլորտը, և բավականին մեծ հնարավորություն է ստեղծվում թե՛ մեր, թե՛ այլ երկրների համար, որոնց հետ գործարարները համագործակցում են։

Կարդացեք նաև

  • Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև
  • Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով
  • Համակարգային ռիսկերի կուտակումը խորանում է. Կենտրոնական բանկը գնում է խստացումների

Իսկ թե ինչպես տնտեսագիտությունից եկա, դարձա կոլեկցիոներ, ապա դա եղել է ինքնաբերաբար։ Եղել է հոբբի, ինչպես կրիպտոոլորտը։ Կարծում եմ՝ ցանկացած կայացած մարդ մասնագիտությունը հոբբիով է սկսում։ Հիշենք Ազնավուրին, Քըրքորյանին։

Իմ դեպքում, կարծում եմ, գենետիկ է։ Պապիկս Հովհաննես Թումանյանի հետ որբանոց է ստեղծել Օշականում։ Դրանից հետո ստեղծվել է Ոսկեվազի միջնակարգ դպրոցը, որն այս պահին կրում է իր անունը։ Այդպես, մշակույթի, հայրենասիրության հետ կապված կամաց-կամաց գնացել ենք առաջ։ Ծանոթացել եմ տարբեր մարդկանց հետ, որոնք հավաքածուն հարստացրել են։ Լուսահոգի հայրս հայկական դրամների կոլեկցիա է թողել։

– Առաջին նմուշը, որ ձեռք եք բերել՝ Հովհաննես Թումանյանի ձեռագիրն է եղել։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ ճակատագիր։

– Ինձ էլ է հետաքրքիր։ Թումանյանն իմ ամենասիրելի բանաստեղծն է։ Նա Ամենայն Հայոց բանաստեղծն է, բայց կարծում եմ՝ տիեզերական բանաստեղծ է։ Եվ այնպես ստացվեց, որ ինձ մոտ հայտնվեց նրա «Հայոց գետեր» խաղ կոչվող ձեռագրերից մի քանի պատառիկ, որոնցից մեկ հատվածը նվիրեցի Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանին։ Հավաքածուում Սերգեյ Փարաջանովի, Ագուլեցու իրերից կան։

– Հետաքրքիր է, որ 30 տարի անհետացած Փարաջանովի նկարը Դուք եք գտել ու գնել։ Ինչպե՞ս ստացվեց։

– Ինձ գումարի դիմաց այդ նկարը տվեցին։ Ֆոտոնկար է՝ ստվարաթղթին փակցված։ Պազվեց՝ խոսքը Փարաջանովի հուղարկավորության նկարի մասին է։ Այն նվիրեցի նրա տուն-թանգարանին։

Ինչպես Փարաջանովի, այնպես էլ մյուս բոլոր մշակութային գործիչների դեպքում գործերի 90 տոկոսը կեղծ են, նույնիսկ դեպքեր կան, որ ունեն փաստաթուղթ, բայց ամեն դեպքում կեղծ են։ Այդ իսկ պատճառով ցույց եմ տալիս տարբեր մասնագետների, պետական և մասնավոր հիմնարկների։

Դեպք է եղել, որ մարդ բավականին թանկ գնով ձեռք է բերել Մինաս Ավետիսյանի աշխատանքներից,  բայց տարիներ անց իմացել է, որ փաստաթուղթը, որը տրամադրվել է, կեղծ է եղել։ Այդտեղ էլ բավականին մեծ հիասթափություն կա։

– Դուք ևս մեկ անգամ կեղծ ձեռագիր եք գնել։

– Այո՛, կապված էր Եղիշե Չարենցի ձեռագրի հետ։ Մանկավարժական համալսարանում  ցուցահանդես էր, մի անվանի ձեռագրագետ, մշակութաբան ինձ ասաց, որ Չարենցի ձեռագիրն իր կարծիքով՝ կեղծ է։  Բոլորի աչքի առջև այդ ձեռագիրը ոչնչացրեցի, որովհետև առհասարակ կեղծ բաներ չեմ սիրում։

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում հավաքածուն համալրելիս, շա՞տ գումար են պահանջում։

– Կան մարդիկ, որ մեծ գումար են պահանջում։  Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նման բաների պահանջարկը քիչ է։ Ինչո՞ւ է այդպես, որովհետև նկարների դեպքում կարելի է վերավաճառել, իսկ ձեռագրերի դեպքում փաստացի դառնում ես դրանց վերջին տերը։ Պահանջարկը բավականին քիչ է, որովհետև թանգարաններն ունեն սահմանափակ բյուջե, հովանավորներն էլ սովորաբար ուշադրություն չեն դարձնում, բայց ձեռագիրն, ինձ թվում է՝ նկարներից պակաս կարևորություն չունի։

– Որո՞նք են վերջին ձեռագրերը, որ ձեռք եք բերել։

– Ռոզի Արմենի, Մարտիրոս Սարյանի ձեռագրերն են։ Առանձնացրել ու ինձ հետ հարցազրույցի համար բերել եմ մի քանի ձեռագրեր․ առաջինը Սիլվա Կապուտիկյանի ձեռագիրն է, որտեղ մեր բանաստեղծուհին 2003թ․ մեմուարներում գրել է իր և մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանի հանդիպման մասին՝ Գրողների միության շենքում։ Այդտեղ նա պատմում է, թե ինչի մասին են խոսել։ Խոսքը վերաբերում է հայրենասիրական մի էպիզոդի։ Հաջորդը Երվանդ Քոչարի ձեռագիրն է։ Լսելով Օֆելյա Համբարձումյանի կատարումները՝ պատգամել և խնդրել է, որ ճակատագիրը տա հնարավորություն, որպեսզի նրա կիսանդրին իր ձեռքով քանդակվի։ 1973թ․ ապրիլ ամսին է գրվել։ Երրորդը մեր համով-հոտով բանաստեղծ Համո Սահյանի բանաստեղծությունն է՝ նվիրված Եղիշե Չարենցին․

Ամեն, ամեն երեկո,

Քո մատներով ոսկրացած

Թակում ես մեղմ հովի հետ

Լուսամուտս կիսամութ

Որպես երազ ու խորհուրդ։

Երբ մի ձայն է  նվազում

Գիշերներում խնկահոտ,

Թվում է, թե դու հեռվից

Դեռ կանչում ես աչքդ թաց

Քո երգերին կիամութ։

– Այս ձեռագրերը ձեռք եք բերել Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում բնակվողներից, և ովքե՞ր են նրանք։

– Մարդիկ կան, որ ուզում են ինֆորմացիան փակ մնա, մասնավորապես խոսքը սերունդների մասին է։ Խոսքը ոչ թե այս երեք ձեռագրերի վերաբերյալ է, այլ առհասարակ։ Հոգեբանական հետաքրքիր պահեր է պարունակում։

Դեպքեր են լինում, որ սերունդները ստիպված վաճառում են, բայց ցանկանում են, որ այդ ինֆորմացիան փակ մնա։ Լինում է, որ աուկցիոններից, սերունդներից, ՀՀ տարածքից դուրս են դրանք, ու ձեռք ենք բերում։

– Կա՞ մի նկար, ձեռագիր, որի համար շատ մեծ գումար եք վճարել, և կա՞ այնպիսի ձեռագիր կամ անձ, ում պատկանող որևէ իր կցանկանայիք ունենալ։

– Հետաքրքիր է, որ իմ երազանքներն իրականանում են։ Միշտ ուզել եմ Կարպ Խաչվանքյանին պատկանող որևէ մասունք ունենալ և վերջերս նվեր ստացա նրա օրիգինալ գլխարկը։ Դրանից հետո նվեր ստացա Ջիվան Գասպարյանի օրիգինալ դուդուկը։ Միկրոքանդակագործ Էդվարդ Տեր-Ղազարյանը բրձնի քառորդ հատիկով քանդակել է Քարահունջը։ Սա նույնպես ինձ մոտ է։ Ցանկանում եմ թանգարան բացել, սակայն աջակցություն է պետք, որովհետև ծանր աշխատանք է։

– Այս ամենին զուգահեռ, որպես կրիպտոոլորտի փորձագետ, հասցրել եք նաև գիրք գրել։

– Այո, այն կոչվում է «Խորհրդավոր կրիպտոաշխարհ»։ Գրել եմ 8 տարի առաջ։

– Ի՞նչ է սովորեցնում… այն, թե ովքեր կարող են մուտք գործել այդ աշխարհ, ովքեր՝ ո՞չ։

– Ընդհանուր ինֆորմացիա է՝ կրիպտոաշխարհի հետ կապված։ Ներկայացված է մեծանուն հայերի դերը բանկերի, կրիպտոոլորտում։ Ներկայացված է այն, թե ինչպես վարվել, գնել-չգնել։ Խոսվում է  ռիսկերի մասին։ Մարդը, գիրքը կարդալով, ինֆորմացիա ստանալու հնարավորություն ունի և հասկանում է, թե դա ընդհանրապես ինչպես է աշխատում։

– Ովքե՞ր կարող են մուտք գործել այդ աշխարհ, կա՞ն մարդիկ, որոնց հակացուցված է։

– Այն մարդիկ, ովքեր ունեն ձեռք և աչքեր։ Գրեթե բոլորը կարող են մուտք գործել և աշխատել։ Եթե մարդն իր թուլությունների դեմ չի կարող պայքարել՝ մեծ կորուստներ կունենա, եթե նույնիսկ կրիպտոաշխարհ չմտնի։ Նախքան կրիպտոկարգավորման օրենսդրական փոփոխությունները՝ դեպքեր են եղել, երբ անձը փոխկապակցված է եղել կրիպտոակտիվներով զբաղվող որևիցե այլ անձի հետ, այդ իսկ պատճառով բանկային հաշիվն արգելափակվել է, և այդ մարդուն այլևս բանկում չեն սպասարկել։

Այսպես պահպանողական-պահպանողական, վերջապես մեր պետությունը հասկացավ, որ այդ ոլորտը բավականին մեծ առավելություններ ունի և կարող է ծառայել մեր երկրի շահերի բարձրացմանը։

Կան պետություններ՝ Սալվադորը, Նիգերիան, Ջամայկան, որոնք բանկային, այսպես ասած, քոիններ են թողարկում (CBDC)։ Ռուսաստանն էլ ունի էլեկտրոնային ռուբլի։ Այսինքն, բանկերը սեփական կրիպտոակտիվն են թողարկում։ 260 պետություն ունենք՝ 3 պետություն այդ գործընթացն ավարտին է  հասցրել և շարունակվելու է։ Կենտրոնական բանկը պահպանողական կառույց է և շատ դանդաղ,  ռիսկերը հաշվի առնելով՝ ոլորտն ինտեգրեց դասական ֆինանսական համակարգին։

– Այս «աներևույթ փողերն» ի՞նչ օգուտներ և վնասներ կարող են տալ տնտեսությանը։

– Եթե խոսենք օգուտներից, ապա դրանք ոլորտային մեծ հնարավորություններն են՝ ներդրումներ, տարբեր երկրների հետ արագ, ցածր միջնորդավճարով փոխանցումներ, ապակենտրոնացված համակարգ, որն այլ երկրի վերահսկողության ներքո չի գտնվում, ինչը բավականին մեծ բան է։  Օգուտներից է՝ հայրենադարձությունը, նայեք, թե ինչքան ընկերություններ են դրանով զբաղվում, ինչքան աշխատատեղեր են ստեղծվում։ Մասնագետներ կան, որ իրենց համար տարբերություն չկա՝ Ճապոնիայո՞ւմ են նստած աշխատում, թե՞ Հայաստանում։ Բնականաբար, հայերի համար նախընտրելի է Հայաստանից աշխատելը։ Մարդիկ գալիս են, ՀՀ-ում աշխատում են և իրենց վճարումները ստանում են կրիպտոակտիվներով։

Իսկ վնասների վերաբերյալ ասեմ, որ կանխարգելիչ քայլեր անում ենք, բայց մարդիկ, այո՛, դառնում են խաբեության զոհ, ինչպես դասական ֆինանսների, բանկերի դեպքում։ Կանխարգելիչ միջոցառումներով շատ հաջող ձևով արդեն ԿԲ-ն է զբաղվում, ՆԳՆ-ն։ Իմ կարծիքով՝ ավելի ճիշտ է՝ կանխարգելենք, քան արգելենք։ Եթե արգելենք, օգուտներից ենք զրկվում, բայց ինչո՞ւ զրկվենք, եթե այդպիսի լավ հնարավորութուններ է մեզ ընձեռում կրիպտոաշխարհը։

– Ինձ թվում է՝ շատերն են այսօր ցանկանում մուտք գործել այդ աշխարհ, բայց կնշե՞ք ռիսկի երեք գործոն, որոնց պետք է ուշադրություն դարձնեն։

– Անգրագիտությունից մտնում և բավականին մեծ գումարներ են կորցնում, ապատեղեկատվության զոհ են դառնում։ Մասնագետների հետ չեն խորհրդակցում, գրքեր չեն կարդում և մտնում են, դառնում խաբեության զոհ։ Մասնակցում են նաև նեդրումային շատ վատ ծրագրերի, ինչ-որ բուրգերի մասնակից են դառնում։ Հս․ Կորեայում գտնվող «Լազարոս» հաքերային խումբը, որ էքսկլյուզիվ խումբ է՝ պետական հովանավորչությամբ, վերջերս կոտրել է Binance (կրիպտոարժույթների աշխարհի խոշորագույն հարթակ) համակարգը և 4 միլիարդ դոլար գումար է գողացել այնտեղից։ Բայց քանի որ ամերիկյան մեծ կազմակերպություն է՝ օգտատերերի գումարները փոխհատուցվել են ապահովագրական ընկերության աջակցությամբ, և ոլորտի վրա թեթևակի շղարշ ընկավ, որոշակի նվազումներ տեղի ունեցան, Բիթքոինը 6 տոկոսով արժեզրկվեց։

Ինչպես ցանկացած ֆինանսական ոլորտ՝ մեր ոլորտն էլ այդպիսի հարձակումների է ենթարկվում։

– Այսինքն, պետք է ունենալ մինիմալ գիտելիքներ։

– Այո, հատկապես այսօր առկա են բավականին շատ ինֆորմացիոն աղբյուրներ՝ այդ ամենին տիրապետելու համար։

– Հայաստանը պատրաս՞ստ է պայքարել խարդախությունների դեմ, իրականացնել կարգավորումներ։

– Այո, պատրաստ է, քանի որ ունենք լավ մասնագետներ։ԿԲ-ն վերջապես գնաց կարգավորման ճանապարհով։ Օրինակ, Չինաստանում ամբողջովին արգելված է ոլորտը, ենթադրում եմ՝ պատճառը մարդկանց մեծ քանակն է։ Պետությունն ուզում է, որ իր արժույթով այդ ամենը կարգավորվի, կողքից արտաարժույթներ չներդրվեն և պետության անդորրը չխախտվի։ Բայց քանի որ մեր երկիրն ունի սահմանափակ ռեսուրսներ, կարծում եմ, որ ոլորտն ամեն դեպքում մեզ բավականին մեծ դիվիդենտներ է բերելու։

– Կարո՞ղ ենք հետևություն անել, որ գալիս է էլեկտրոնային, աներևույթն փողերի ժամանակաշրջանը։

– Ոչ, բայց այդ ժամանակաշրջանը կինտեգրվի դասական համակարգերին։ Չի փոխարինի։ Երբ կանխիկ գումարը ստեղծվեց՝ ոսկին և արծաթն արդեն գոյություն ունեին, չէ՞։ Դրանք հիմա էլ գոյություն ունեն։ Ուղղակի կդառնա օգնող ձեռք և մեծ հնարավորություններ կբացվեն։ Բայց չեմ կարծում, որ փոխարինի։ Համենայնդեպս, մենք դա չենք տեսնի։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Arsine Chaltikian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/15/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b1%d5%a5%d5%bc%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80%d5%a8-%d6%83%d5%a1%d6%80%d5%a1%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d5%be%d5%ab-%d5%af%d5%b8%d6%80%d5%a1/

Leave a Reply