«Իշխանությունը մանիպուլացնում է՝ ուլտիմատում է դրված Սահմանադրությունից հանել

Նոյեմբեր 15, 2026

ՀՀ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բազմիցս հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում չի լինելու, քանի որ իշխանության տրամաբանությամբ այն «կոնֆլիկտածին» է։ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ Հռչակագրից չեն հրաժարվելու, սակայն այն չի լինելու նոր Սահմանադրությունում։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանի բնորոշմամբ՝ առանց այլևայլ մեկնաբանությունների, սա նշանակում է, որ այս իշխանությունը հրաժարվում է Անկախության հռչակագրից, պարզապես մանիպուլացնում են, թե «չի լինելու, բայց չենք հրաժարվում»։

«Իրականում ամբողջ խնդիրն այն է, որ իրենք խնդիր են տեսնում Անկախության հռչակագրում և ամեն ինչ անում են, որ Սահմանադրությունից այն հանեն։ Ակնհայտ է՝ այս իշխանության դեմ հստակ պահանջ է դրված Սահմանադրությունից առհասարակ հանել Անկախության հռչակագիրը, և վերջ․ ուլտիմատումի ձևով նման պահանջ է դրված։ Հիմա սրանք էլ մտածում են, թե ինչ եղանակով կարող են այդ ամենն անել, որ խուսափեն ժողովրդի ցասումից։

Մեր Սահմանադրական դատարանը որոշել է, որ Անկախության հռչակագիրը պահանջներ չի ներկայացնում։ Անկախության հռչակագիրը մեր անկախության ծննդյան վկայականն է, որից այս իշխանությունն ուզում է մեզ զրկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Մխիթարյանը։

Կարդացեք նաև

  • Եթե Ալիևի պահանջը կատարվի, մեզ սպասվում են նոր պահանջներ. վաղը կարող են պահանջել մեր տարածքների անունները փոխել. Միքայել Մալխասյան
  • «Սատարում ու միանում ենք համազգային շարժմանը, պատրաստակամ ենք մեր մասնակցությունը բերել ազգանվեր բոլոր նախաձեռնություններին». «Պառլամենտական սերունդ» հ/կ
  • Ալե՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել… Արմեն Գրիգորյանի տերերը Նիկոլի տերերն էլ են. պետք եղավ, Նիկոլին կհանեն՝ իրեն կդնեն. Գագիկ Համբարյան

Նախկին պատգամավորը փոխանցեց, որ «Պառլամենտական սերունդ» ՀԿ-ն, որտեղ ընդգրկված են մոտ 150 նախկին պատգամավորներ, այդ թվում՝ ԳԽ նախկին պատգամավորներ, պատրաստել են հայտարարություն, որը կհրապարակվի երկուշաբթի օրը։ Հայտարարությունը համազգային համախմբմանը միանալու և Անկախության հռչակագրի մասին է։

«Մենք հեղինակել ենք Անկախության հռչակագրի վերաբերյալ հայտարարությունը, և այն ժամանակ ամենամիստիկ ու մութ երազներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ ՀՀ-ում կգա մի ղեկավար, որը կհրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօրվա նման եմ հիշում, թե Անկախության հռչակագիրն ինչ դեբատների արդյունքում է ծնվել. ամեն մի ստորակետի ու տողի համար օրերով ու շաբաթներով քննարկումներ են եղել։

Իհարկե, այն ժամանակ էլ են եղել տարակարծություններ, նորից եմ ասում՝ ամեն մի բառի համար երկար քննարկումներ ենք ունեցել բոլորով, և եղել է կոնսենսուս, ու Անկախության հռչակագիրը բոլորիս կողմից միաձայն ընդունվել է՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից։ Ուզում եմ ասել, որ Հռչակագիրը մեծ ջանքերի գնով է ստեղծվել։ Իմ գործընկերների անունից էլ վստահաբար կարող եմ ասել՝ վստահ ենք, որ եղել ենք այն սերունդը, և հպարտ ենք, որ նման փաստաթուղթ ենք ստեղծել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մեխակ Մխիթարյանի բնորոշմամբ՝ այն հույզերն ու ցանկությունները, որոնք ունեցել են 1990 թվականին՝ Հռչակագիրն ընդունելիս, չեն կարող այսօր հենց այնպես անցնել կամ անտեսվել, դրա համար էլ պայքարելու են, որպեսզի այդ հզոր ու կարևոր փաստաթուղթը մնա։

Ինչ վերաբերում է հանրաքվեին, Մեխակ Մխիթարյանն ասաց, որ հասարակության մեծ մասը Սահմանադրության նրբերանգներին չի տիրապետում, հետևաբար՝ նման ապատիայի պայմաններում, երբ հանրաքվե տեղի ունենա, մարդկանց մի մասը չի իմանա՝ ինչին է «այո» ասելու։ Հանրության մի մասն էլ առհասարակ Սահմանադրությամբ հետաքրքրված չէ, դրա համար այս պահին այդքան էլ վստահ չեմ, որ այդ հատվածը կարող է ըմբոստանալ։ Մեր խնդիրը պետք է այն լինի, որ կարողանանք ժողովրդին հասցնել ճիշտ գաղափարը. լուրջ աշխատանք է պետք։

Ինքս չեմ բացառում, որ սոցիալական բնույթի խնդիրների հետ կապված՝ ժողովուրդն ընդվզի, որն էլ դառնա սոցիալ-քաղաքական բունտ»,- ընդգծեց Մեխակ Մխիթարյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Bedik Zaminian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/15/%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%ac%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%9d-%d5%b8%d6%82/

Leave a Reply