Էրդողանը Միջերկրական ծովը բաժանում է ուժով․ Թուրքիայի դեմ հզոր կոալիցիա է ձևա

Նոյեմբեր 15, 2026

Ադրբեջանում «Մեծ Թուրանի» պանթուրքիստական նախագծի առաջմղման հետ կապված անսպասելի խնդիրների խորապատկերին Անկարայի նախագահական պալատի բարձրագույն օղակներում վերջնականապես ձևակերպվել է հերթական «հանճարեղ» գաղափարը՝ Միջերկրական ծովի մայրցամաքային շելֆի յուրացման հարցում ստեղծված դիվանագիտական փակուղին հաղթահարել ռազմական և քաղաքական ճնշման ուժեղացման միջոցով։

Բախվելով հարևանների համակարգային դիմադրությանը և Լևանտի հսկայական ածխաջրածնային հարստություններն օրինական կերպով յուրացնելու անհնարինությանը՝ թուրք պրոֆիլային պաշտոնյաներն ավելի լավ բան չեն մտածել, քան տարածքային հակամարտությունը վճռականության և ուժի ցուցադրման հարթություն տեղափոխելը։

Արդյունքում Արևելյան Միջերկրականում այժմ նոր զինված հակամարտություն է հասունանում, որտեղ Անկարայի հավակնություններին դեմ կգնա տարածաշրջանային մի ամբողջ կոալիցիա։

Լևանտի էներգետիկ Կլոնդայկը

Հիշեցնենք, թե ինչպես սկսվեց այս «շելֆի ճակատամարտը» Լևանտի ավազանի և Հերոդոտոսի իջվածքի խորջրյա ձորերում։ Ամենապրագմատիկ գնահատականներով՝ չուսումնասիրված ածխաջրածինների ծավալներն այստեղ կազմում են առնվազն 3,5 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ և մոտ 1,7 միլիարդ բարել հում նավթ։ Ներկայիս գներով՝ այս անձեռնմխելի ստորջրյա պաշարը գնահատվում է շուրջ 800-900 միլիարդ դոլար։

Այս ածխաջրածնային «կարկանդակի» հիմնական սերուցքն արդեն բաշխվել է գլխավոր խաղացողների միջև: Արևելյան Միջերկրական ծովի մայրցամաքային շելֆում միանգամից մի քանի գերհսկա հանքավայրեր են հայտնաբերվել՝ եգիպտական «Զոհրը» (մոտ 850 մլրդ խմ պաշար), իսրայելական «Լևիաթանը» (մոտ 620 մլրդ խմ), իսրայելական «Թամարը» (300 մլրդ խմ) և կիպրական «Աֆրոդիտեն» ու «Կալիպսոն»։

Այս հումքի հիմնական և ամենացանկալի շուկան պետք է դառնար Եվրամիությունը։ Բրյուսելը, որն ինքնակամ իրեն գցեց ամերիկյան հեղուկացված բնական գազի գերության մեջ և հրաժարվեց ռուսական էժան գազից, Լևանտի ավազանում փրկօղակ տեսավ։

Այս գազը նախատեսվում էր մատակարարել կամ Եգիպտոսի հեղուկացման գործարանների միջոցով, կամ Իսրայել-Կիպրոս-Հունաստան-Իտալիա երթուղով անցնող EastMed հավակնոտ խորջրյա գազատարի կառուցմամբ։Նախագիծը պետք է ընդմիշտ կապեր եվրոպական հարավն իսրայելական էներգետիկ առանցքին։ Սակայն այդ ծրագրերի ճանապարհին կանգնեց Անկարան, որն իր սեփական հայացքներն ուներ Միջերկրական ծովի քաղաքական և տնտեսական քարտեզի վերաբերյալ։

Կոալիցիայի «միջերկրածովյան վահանը»

Շելֆի նկատմամբ իրենց իրավունքները պաշտպանելու և Թուրքիային «կարկանդակի» բաժանումից հեռու պահելու համար Աթենքը, Նիկոսիան, Կահիրեն և Թել Ավիվը, Վաշինգտոնի լուռ աջակցությամբ, ձևավորեցին հզոր իրավիճակային դաշինք։

2019 թվականին այս կոալիցիան իրավաբանորեն ձևակերպվեց «Արևելյան Միջերկրական ծովի գազային ֆորումի» (EMGF) տեսքով, որտեղ Թուրքիային ցուցադրաբար և ընդգծված կերպով չհրավիրեցին։ Այդ դաշինքի գլխավոր «բազեն» ու ռազմական հովանավորը Ֆրանսիան էր, որը վաղուց Էրդողանի հետ անձնական պատերազմ էր վարում Աֆրիկայում ազդեցության համար։

Այս դաշինքի իրավական հիմքը ՄԱԿ-ի՝ 1982 թվականի Ծովային իրավունքի կոնվենցիան է (UNCLOS)։ Դրա նորմերի համաձայն՝ բնակչություն և սեփական տնտեսական կյանք ունեցող կղզիներն ունեն մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու ճիշտ նույնպիսի իրավունքներ, ինչպես մայրցամաքային տարածքները: Հետևաբար, բացառիկ տնտեսական գոտու սահմանները պետք է գծվեն ափերի միջև ընկած միջին գծի երկայնքով:

Սակայն այս ամենի հաշվարկներում հաշվի չէր առնվել աշխարհագրական գործոնը՝ հունական կղզիների անընդմեջ շղթան, որի մեջ մտնում են Հռոդոսը, Կարպաթոսը և հսկայական Կրետեն։ Դրանց պատճառով Հունաստանի և Կիպրոսի ծովային գոտիները միանում են Անատոլիայի հարավում։ Սա նշանակում է, որ հսկայական առափնյա գիծ ունեցող Թուրքիան հայտնվում է Անթալիայի նեղ ծոցի սահմաններում՝ զրկվելով Միջերկրական ծովի հարստությունների նկատմամբ հավակնություններ ներկայացնելու հնարավորությունից։

Զարմանալի չէ, որ Թուրքիան այս կոնվենցիան չի ստորագրել և, կանխատեսելով իրավիճակը, սկսել է կառուցել ժամանակակից ռազմածովային նավատորմ՝ ֆրեգատներով ու սուզանավերով, ունիվերսալ դեսանտային նավերով ու տախտակամածային անօդաչու թռչող սարքերով, իսկ հեռանկարում՝ նաև ավիակիրներով։

 «Կապույտ Հայրենիք» դոկտրինը

Քանի որ Թուրքիան UNCLOS-ը չի ստորագրել, ուստի կոնվենցիայի նորմերը համարում է անարդար։ Ի հակակշիռ արևմտյան մոտեցումների՝ թուրքական ծովակալությունն ընդունեց «Մավի Վաթան» («Կապույտ Հայրենիք») ռևիզիոնիստական դոկտրինը, որը հակասում է «Միջերկրածովյան վահանին»։

Անկարայի վարկածով՝ Թուրքիայի ցամաքային տարածքի մերձակայքում գտնվող հունական կղզիները սեփական մայրցամաքային շելֆ ունենալու իրավունք չունեն։ Թուրքական քարտեզներում այդ կղզիները հայտարարվել են պարզապես «ցամաքի ելուստներ»՝ առանց ծովային տնտեսական գոտիների իրավունքի։ Երկար ժամանակ այս դոկտրինը մնում էր միայն թղթի վրա, մինչև որ 2019 թվականին այն կիրառվեց Լիբիայում:

Տրիպոլիում գտնվող Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը, որը կործանման եզրին էր, խեղդվում էր ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարձակվող բանակի հարվածների տակ, որին այն ժամանակ աջակցում էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Երբ Սարաջին դավաճանեցին արևմտյան բոլոր գործընկերները, Էրդողանն առաջարկեց գործարք՝ ռեժիմի փրկությունը՝ աշխարհաքաղաքական փոխզիջման դիմաց։

Եվ թուրքերն իսկապես օգնեցին՝ Սիրիայից ուղարկելով ռազմական խորհրդականներ, սպառազինություն և իրենց հավատարիմ զինյալներին՝ Հաֆթարի Լիբիական ազգային բանակին հետ շպրտելով Տրիպոլիից։

Ռազմական օգնության դիմաց Սարաջը, փաստորեն, Անկարային հանձնեց Լիբիայի սուվերեն իրավունքները շելֆի նկատմամբ, իսկ դրա հետ զուգահեռ՝ Անկարան ստացավ նաև լիբիական տարածքում գտնվող պաշտոնական ռազմակայանները՝ Միսրատայի ռազմածովային բազան և Ալ-Վատիա ռազմավարական ավիաբազան։

2019 թվականին հուշագիր ստորագրելով՝ Անկարան և Տրիպոլին արհեստականորեն ուղիղ գիծ քաշեցին բաց ծովում՝ այն հայտարարելով իրենց ընդհանուր սահման։ Միևնույն ժամանակ, նրանք ամբողջովին անտեսեցին Կրետեն ու Հռոդոսը՝ Միջերկրական ծովը «կտրելով» կիսով չափ: Լիբիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը 2026 թվականի վերջին այս հուշագիրը ժամանակավոր թղթի կարգավիճակից տեղափոխեց մշտական միջազգային նախադեպի աստիճանի։

Այս համաձայնագիրը խաչ է դնում EastMed խողովակաշարի նախագծի վրա: Այժմ Լևանտից Եվրոպա ձգվող ցանկացած խողովակաշար կամ մալուխ պարտավոր է հատել թուրք-լիբիական հայտարարված գոտին, ինչն Անկարային տալիս է վետոյի իրավունք և շահավետ առևտրի հնարավորություն։ Ի պատասխան՝ «Միջերկրածովյան վահանը» դիմեց հակաքայլերի։ Եգիպտոսն ու Հունաստանն անմիջապես հակընդդեմ համաձայնագիր կնքեցին բացառիկ տնտեսական գոտիների վերաբերյալ, որը ֆիզիկապես կտրում է թուրքական միջանցքը, իսկ Կահիրեն միակողմանիորեն շարժեց իր ծովային սահմանները դեպի արևմուտք՝ զրոյացնելով Լիբիայի զիջումներն Էրդողանին։

Արևելյան Միջերկրական ծովում իրավիճակն արդեն իսկ ուղղակի զինված հակամարտության միտումներ ունի։ Հարցը միայն այն է, թե կոնկրետ ինչ ձևաչափով և երբ այն կբռնկվի։

ՍԵՐԳԵՅ ՄԱՐԺԵՑԿԻ

topcor.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/15/%d5%a7%d6%80%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d5%b8%d5%be%d5%a8-%d5%a2%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply