Նոյեմբեր 12, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես Սրբուհի Գալյանի արցունքներին չեմ հավատում. ավելին, համարում եմ կոկորդիլոսի արցունքներ: Ես դեմ եմ որևէ մեկին ուղղված անեծքներին, սպառնալիքներին, հայհոյանքներին, բայց Սրբուհի Գալյանը պիտի հասկանա, որ գոյություն ունի բումերանգի օրենքը, և մարդկանց գլխին սարքելը պատասխան է ունենում: Կալանավայրում նոյեմբերի 10-ին մահացած Արսեն Գևորգյանի գլխին սարքեցին, ուղարկեցին բանտ, ու իրենք մտածում են՝ մարդն այդ կալանքը պիտի հանգիստ ընդունի, լուտանքներն ու անեծքները, այդ զրպարտությունները շատ նորմալ պիտի տանի՞… Սրբուհի Գալյանը պիտի հասկանա, որ Արսեն Գևորգյանն իրենց բանդայի զոհն էր: Դատավորներն էլ պիտի հասկանան, որ շարունակ կալանք դակելով՝ այսպիսի պատմությունների մեջ են հայտնվում: Արսեն Գևորգյանը ո՛չ մանկապիղծ էր, ո՛չ գող ու ավազակ, ո՛չ էլ պետության դեմ հանցանք էր գործել: Սրբուհի Գալյանը չի՞ տեսել, որ իրենց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի հետ կապ ունեցող կայքն Արսեն Գևորգյանի մահվան մասին ինչ ցինիկ վերնագրով հոդված էր գրել: Արսեն Գևորգյանը երեխա չունե՞ր: Ամեն ինչ չա՛փ ունի: Այս իշխանությունը բոլոր առումներով մահաբեր է դարձել: Ես շատ լավ գիտեմ՝ Սրբուհի Գալյանի կողմից վերահսկվող մարդիկ ինչով են զբաղված դատարաններում: Այնպես որ, ես խոստանում եմ՝ իրենք էլ են պատասխանատվություն կրելու: Թող սպասեն:
Հիշեցնենք. 2019 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 44-օրյա հացադուլից հետո, մահացավ Մհեր Եղիազարյանը։ 2022 թվականի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ նախնական դատական նիստի ժամանակ, մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացավ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով մահացավ հղի կինը՝ Սոնա Մնացականյանը։ 2019 թվականին Եղեգնաձորում ծեծի ենթարկված ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո մահացավ 2023 թվականին, Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվեց 2025 թվականի սեպտեմբերի 23-ին… Օրեր առաջ՝ 2026 թվականի նոյեմբերի 10-ին, քրեակատարողական հիմնարկում մահացավ 46-ամյա, երկու անչափահաս երեխաների հայր Արսեն Գևորգյանը…
- Ես ուզում եմ հիշեցնել այս իշխանությունների ներկայացուցիչների վայնասունները, այսպես կոչված, «Հաց բերողի» մահվան վերաբերյալ, երբ վերջինս հիվանդանոցում էր մահացել, ոչ թե կալանավայրում: Նախկինները մեղավոր էին, իրենք՝ չէ՞:
- Ինձ վրա Քննչական կոմիտեի ղեկավարի հետ միասին Աննա Վարդապետյանի ղեկավարած դատախազությունը գործեր է կարում՝ առանց ինձ հարցաքննելու, ու շատ արագ ուղարկում են դատարան: Շինծու գործերով փորձում են բերանս փակել: Ինձ մեղադրում են դատական վճիռն ուշ կատարելու մեջ, երբ իրենց պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանն առհասարակ դատարանի վճիռ չեն կատարում: Քրեական գործերը հարուցված են, մեղադրանք չկա:
- Ռուսաստանը մտածում է, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն դեպքում Նիկոլը չէ, և երբ Հայաստանում իշխանության գան այլ ուժեր, Հայաստանն իր անդամակցությունը կվերականգնի ՀԱՊԿ-ում, և այս առումով Ռուսաստանն ավելի հեռատես է: Այսօր ԱԺ նախագահ Քըլըչի Ռուբենն ասում էր՝ ՀԱՊԿ-ի աշխատանքներին չեն մասնակցել, որովհետև Ջերմուկի դեպքերի ժամանակ օգնության չեն հասել ռուսները: Քըլըչի Ռուբենը սա ասելով՝ կա՛մ տգետ է, կա՛մ լավ էլ հասկանում է՝ ինչ է անում, ուղղակի հակառուսական հիստերիա է տարածում:
- Երբ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում ստորագրվեց ԱՊՀ ձևավորման մասին փաստաթուղթը, Լևոն Տեր-Պետրոսյանն այն ստորագրեց մի քանի վերապահումներով, որոնցից մեկն այն էր, որ Հայաստանը Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի ճանաչում, իսկ մյուսը՝ որ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը չի կարող համարվել միջպետական սահման: Այսինքն՝ Հայաստանը չի ճանաչել այդ սահմանները: Նիկոլ Փաշինյանն Ալմա Աթայի հռչակագրի մասին խոսեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ այն պատճառով, որ ինքն Ադրբեջանին էր տվել այնպիսի տարածքներ, որոնք երբեք Ադրբեջանինը չեն եղել, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը, Որոտան գյուղը և այլն: Ես միշտ քննադատել եմ ՀԱՊԿ-ն, բայց ճիշտը մեկն է. ՀԱՊԿ-ն չէր կարող Հայաստանին օգնել, որովհետև Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել էր մի հոդվածով, որով ՀԱՊԿ-ը օգնել չէր կարող: Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացված սահման չկար, որ այդ հոդվածով ՀԱՊԿ-ը մեզ օգներ:
Հիշեցնենք. 2021թ. մայիսին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել էր Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով, ՀՀ իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին՝ կազմակերպության պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով։ Սակայն 2-րդ հոդվածը նախատեսում է խորհրդակցություններ և օգնության հնարավոր միջոցների քննարկում, մինչդեռ 4-րդ հոդվածն է սահմանում ագրեսիայի ենթարկված անդամ պետությանը, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու պարտավորությունը։ Հայաստանը պետք է դիմեր 4-րդ հոդվածով՝ հավաքական պաշտպանության մեխանիզմը գործարկելու պահանջով։
2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի նոր հարձակումից հետո Հայաստանն արդեն դիմեց ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածի հիմքով, սակայն ակնկալվող ռազմական օգնություն այդպես էլ չստացավ։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նոր հարձակումից հետո Հայաստանն արդեն դիմեց ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածի հիմքով, սակայն ակնկալվող ռազմական օգնություն այդպես էլ չստացավ։ Հետագայում Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել, այդ թվում՝ ռազմական աջակցություն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու նպատակով։ Փաշինյանն ընդգծել է, որ դիմումը վերաբերել է նաև 2021 թվականի մայիսի ներխուժմանը։ ՀԱՊԿ-ը, սակայն, ռազմական օգնություն չտրամադրեց․ փոխարենը՝ Հայաստան ուղարկեց փաստահավաք առաքելություն։ ՀԱՊԿ-ին ուղարկված փաստաթուղթը, սակայն, հրապարակված չէ, միայն ելույթներում է ասվել, որ դիմել են:
- 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անընդհատ ասում էր՝ Նիկոլն Ադրբեջանին է նվիրելու նաև Տիգրանաշենը: ՔՊ-ականներն արձագանքեցին հայհոյանքներով, լուտանքներով, ցինիկ հարձակումներով: Երբ մարդիկ նախապես ասում են՝ Նիկոլը սա է անելու կամ այն՝ հօգուտ Ադրբեջանի, դա չի նշանակում՝ դա 1-2 օր հետո է տեղի ունենում: Հիմա, երբ ասում ենք՝ Նիկոլի վերարտադրվելու գինը 300.000 ադրբեջանցիներով Հայաստանը լցնելն է, չէինք ասում, որ դա լինելու է հունիսի 8-ին կամ դեկտեմբերի 15-ին: Հիմա նա բաց տեքստով Տիգրանաշենը Քյարքի է անվանում, խոսում հանձնելու մասին: Վաղը կարող է ասել՝ Վանաձոր չէ, Ղարաքիլիսա է, Սպիտակ չէ, Համամլու է կամ այդ անասնական ադրբեջանական «լու»-երը:
- Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի տարածքով ադրբեջանցին առանց հայ սահմանապահի ու մաքսավորի դեմք տեսնելու է անցնելու: Եթե սա Միջանցք չէ, ապա ի՞նչ է:
- Սրբուհի՛, գլուխդ դու ես պատին տալիս, երեսդ էլ՝ քարին: Եվ սա սպառնալիք չէ. ինքն էլ իրեն այդպես պաշտպանեց, երբ ընդդիմադիրների մասին ասաց՝ գլուխները պատին են տալիս:
- Սահմանադրությունից մեր Անկախության հռչակագրի ամբողջական դուրսգրումն ադրբեջանա-թուրքական տանդեմի պարտադրանքն է Նիկոլին: Եթե Սրբուհի Գալյանը նեղանում է կամ բորբոքվում, երբ մարդիկ մերժում են դա, թող գնա, սառը ջակուզի ընդունի: Պատվերն առաջին անգամ 2021թ. սեպտեմբերի 27-ին է հնչել՝ Ադրբեջանի բռնապետ Ալիևի շուրթերից:
- Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերին ու նրանց ասել՝ դուք պարտված երկիր եք ու Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարեք: Սա ինձ ընդդիմադիր պատգամավորներից են ասել:
- Հայաստանի Հանրապետությունում ամենահայտնի արևմտամետը՝ Արմեն Գրիգորյանը, երեկ հայտարարում է, որ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը պատրանք է. Եվրամիությունը մեզ չի էլ սպասում: Էս բարդ իրավիճակում գեղցի արտաքին քաղաքականություն վարելու, և՛-և՛ անելու համար էդ և՛-և՛-ի տերերը կարող են մեզ խիստ պատժել: Այսքան ռուսական տուրիստ է գալիս Հայաստան. Պուտինը մատի մի ճտտոցով կարող է կտրել, ինչպես տարիներ առաջ Թուրքիայի պարագայում արեց՝ մեծ վնաս պատճառելով Թուրքիայի զբոսաշրջային ոլորտին, տնտեսությանը:
- Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, ու Նիկոլը վազել էր Անթալիա, որ իրեն այնտեղ դիմավորեն մշակույթի փոխնախարարի մակարդակով: Ես տեսա՝ Ալիևին ու մյուսներին ինչպես դիմավորեցին, բայց Նիկոլի հետ կապված՝ ես նման բան չտեսա, միայն բանանը տեսա, որը Անթալիայի հյուրանոցում դրեց կոստյումի ծոցագրպանը…
- Հայաստանը մեր տարածաշրջանում արտադաշինքային պետություն դառնալ չի կարող. Դա մեր ուզելով չէ, ու Արմեն Գրիգորյանը դա շատ լավ հասկանում է: Հասարակությանը կերակրում են այն պատրանքներով, որ արտադաշինքային պետություն լինելու դեպքում մենք շահույթով ենք դուրս գալու: Չի՛ լինելու նման բան: Նախ, մենք ռուսական ռազմաբազա ունենք, որի դուրսբերումը մեզ վրա վատ հետևանքներ է ունենալու, և բացի դրանից էլ՝ ստորագրել ենք TRIPP-ի պայմանագիրը, որի անվտանգությունն իբրև թե պաշտպանելու է ինչ-որ ЧВК՝ մի 2000 ամերիկյան զինյալներ… Ու այս պարագայում խոսում են արտադաշինքային պետություն լինելո՞ւց: Արմեն Գրիգորյանի տերերը Նիկոլի տերերն էլ են. պետք եղավ՝ Նիկոլին կհանեն, իրեն կդնեն:
- Ամերիկացիները նաև այն ծրագիրն են առաջ տանում, որ Հայաստանը պիտի փակի Իրանի հետ սահմանը: Վաղն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից վերահսկվող զինյալները կփակեն Իրանի սահմանը:
- Մենք մտածում ենք՝ եթե Նիկոլը սիրաշահի թուրքերին, իրենք կհրաժարվե՞ն իրենց հակահայկական ծրագրերից: Բացառվում է:
- Ալե՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել: 6 տարի է անցել, մարդիկ չեն մոռացել, համացանցն՝ առավել ևս. էդպես որ սրտաճմլիկ ասում էր՝ գնացել էի Մոսկվա, բանակցում էի, որ պատերազմը կանգներ… Ո՞ւմ հետ էիր բանակցում… Պուտինի՞, որ աշխարհում ամեն ինչ տեսել է, բայց իր հայտնի հարցազրույցում բացահայտում է, որ զարմացել է նրանից, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին բանակցել է, որ պատերազմը կանգնի, երբ Ալիևն ընդամենն ուզել էր, որ ադրբեջանցիները Շուշիում ապրեն, իսկ Նիկոլն ասել է՝ ո՛չ: Պատերազմի 4-րդ օրվանից Անվտանգության խորհրդի բոլոր անդամներն Օնիկ Գասպարյանի զեկույցից հետո գիտեին՝ պատերազմը պարտվում ենք: Ալենը որ ստեր է հորինում, հո ամեն ինչ չոփով ծածկա՞ծ չէ, ինչպես Գյումրիում են ասում: Եթե դուք զինադադար չեք ուզել, ձեզ Պուտինը պետք է պարտադրե՞ր: Էլի եմ ասում՝ Պուտինն էս աշխարհում ոչնչից չի զարմանում, բացի Նիկոլի նման մարդկանցից: Ես դեռ չեմ ուզում բացահայտել, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսներն ինչ օգնություն են ցուցաբերել այն բանակին, որը Նիկոլը տարավ պարտության:
- Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս չի գա, բայց մեր անդամակցությունը կկասեցնեն հենց ԵԱՏՄ անդամ-երկրները: ՀԱՊԿ-ն դեռ նախերգանքն է:
- TRIPP-ը դասական պանթուրանական ծրագիր է, «Զանգեզուրի միջանցքը», որը իրականացնում են բիզնեսմեն Թրամփի դեմքով:
- Ես դեմ չեմ, որ ուկրաինացիներն ապրեն Հայաստանում, բայց չպետք է թույլ տալ, որ նրանք այստեղ հակառուսական ոռնոցներ բարձրացնեն: Ադրբեջանին 2020թ. նոյեմբերի 9-ին առաջինն ո՞վ շնորհավորեց՝ ճիվաղ Զելենսկին: Ես ռուս-ուկրաինական պատերազմում ոչ մեկի կողմից չեմ, բայց ինձ ապշեցնում են այն հայերը, ովքեր ուրախանում են Ուկրաինայի «հաղթանակով»: Գոնե ամոթ ունենան:
- Իրանում իշխանությունն ավելի շատ հոգևոր առաջնորդի ձեռքում է: Վելայաթին Խամենեիի խորհրդականն է, և նրա ասածը պետք է ընդունել որպես զգուշացում բոլորին, բայց հատկապես՝ մեզ: Նիկոլը կարող է ամեն ինչ անել ու թռնել: Դրա համար է Պուտինն ասում՝ հայ ժողովուրդը թող որոշի՝ ինչ անել: Վելայաթիի մեսիջն էլ էր ուղղված հայ ժողովրդին, և եթե մենք դա չենք հասկանում, դա Իրանի պրոբլեմը չէ, մեր պրոբլեմն է:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Nahapetian Zhanna. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/%d5%a1%d5%ac%d5%a5%d5%9b%d5%b6-%d5%b8%d5%9e%d6%82%d5%b4-%d5%a5%d5%bd-%d5%a7%d5%b7%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%a4%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%a3%d6%80%d5%ab%d5%a3/