168: Մահ կամ իշխանություն

Նոյեմբեր 12, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում և դրան հաջորդած իշխանական ցինիզմը եթերում և սոցիալական ցանցերում մեր պետական, քաղաքական ու հանրային կյանքի դեգրադացման, ապաբարոյականացման հերթական դրսևորումն էր, որը, դժբախտաբար, երիտասարդ մարդու կյանք արժեցավ։

Ողբերգությունից հետո իշխանությունների, իրավապահ ու դատական համակարգերի հասցեին հնչած բոլոր գնահատականները՝ մահաբեր, մարդասպան, մարդակեր և այլն, միանգամայն տեղին են, հիմնավոր, նույնիսկ՝ մեղմ։ Բայց, ցավոք, դրանք որևէ գործառույթ, քաղաքական կյանքի, իշխանության վարքագծի փոփոխության վրա որևէ ազդեցություն չունեն։ Իշխանությունը շարունակելու է քաղաքական դրդապատճառներով, շինծու գործերով մարդկանց ազատազրկել, աչք չի թարթելու, եթե քաղբանտարկյալների թիվը տասնյակների փոխարեն հաշվի հարյուրներով։ Ավտորիտար իշխանության բնույթն է այդպիսին։

Բայց շատ ավելի վտանգավոր է մեկ այլ իրողություն։ Որքան էլ հնչի հակամարդկային, Արսեն Գևորգյանի մահը նպաստելու է իշխանության ավտորիտար բնույթի խորացմանը և ծառայելու է իշխանության պահպանման նպատակին։ Երիտասարդ մարդու մահը կալանավայրում չբարձրաձայնվող ուղերձ է բոլոր նրանց, ում մտքով կանցնի քաղաքական գործունեություն ծավալել և համաձակվել որպես ոչ իշխանական թեկնածու առաջադրվել որևէ մակարդակի ընտրություններում։ Եթե մինչև հիմա իշխանություններին հակադրվելը սպառնում էր քաղաքական հետապնդմամբ, ազատազրկմամբ, սնանկացմամբ և այլ դրսևորումներով, ապա այլևս դա նաև կարող է լինել մահացու։

Խոսքը ոչ թե Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների, դավադրության տեսության, այլ քաղաքական մթնոլորտի ու քաղաքականապես ակտիվ մարդկանց համար իշխանությունների դեմ հանդես գալու հոգեբանական արգելքների մասին է։ Սա իշխանության համար շատ շահեկան իրողություն է, որովհետև քաղաքական հետապնդումների, ազատազրկումների, ունեզրկման նկատմամբ ընդդիմադիր գործիչներն այլևս իմունիտետ են ձեռք բերել, ռեպրեսիվ այդ գործիքակազմն արդեն նույն արդյունավետությունը չունի առնվազն հոգեբանական իմաստով։  Իսկ երբ արդեն կա նաև ընտրություններին մասնակցելու և մահվան միջև ուղիղ կապի նախադեպ, ապագայում ցանկացած մարդ առնվազն ենթագիտակցորեն հաշվի է առնելու դա։

Կարդացեք նաև

  • Քաղաքական «խցանումներ»՝ Երևանի խցանումների քննարկումների համատեքստում
  • Ալե՛ն, ո՞ւմ ես էշի տեղ դրել… Արմեն Գրիգորյանի տերերը Նիկոլի տերերն էլ են. պետք եղավ, Նիկոլին կհանեն՝ իրեն կդնեն. Գագիկ Համբարյան
  • Սա ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հայ-ռուսական հարաբերությունների հարցն է. Քաղաքագետ

Հայաստանում ընտրություններն իշխանության ձևավորման գործառույթ չունեն։ Ընտրություններն ամբողջությամբ վերածվել են գործող իշխանության վերարտադրության միջոցառման։ Այդ պայմաններում այլևս գործում է փոխաբերական իմաստով «մահ կամ իշխանություն» բանաձևը, այսինքն՝ կամ իշխանության թեկնածու ես, կամ կարող ես մահանալ։ Ի տարբերություն «մահ կամ ազատություն» կարգախոսի, այս բանաձևն ամենևին լիրիկական չէ և գործող իշխանության այլասերման պայմաններում ամեն օրվա հետ մեծացնում է այդ երկընտրանքից հատկապես մահվան հավանականությունը։

Հարություն Ավետիսյան




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Boris Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/168-%d5%b4%d5%a1%d5%b0-%d5%af%d5%a1%d5%b4-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Leave a Reply